Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

Անահիտ Հովսեփյան
15/05/2026
- 15 Մայիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
7
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայիսի 8-ին «Ազգում» տպագրված «Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը» հրապարակման շարունակությունը:

«Ո՞ր պայմանների պարագայում Ադրբեջանը պատրաստակամ կլինի ԼՂ հայերի հետ մասնակցել խաղաղության ֆորումին» հարցն ուղղեցինք շվեյցարացի պատգամավորներին: «Շվեյցարական խաղաղության նախաձեռնություն հանուն ԼՂ-ի» հանձնախմբի  համանախագահ Էրիհ Ֆոնթոբելն ի պատասխան մեր հարցի, ասաց. «Ադրբեջանն ինքնակամ սեղանի շուրջ բանակցելու չի նստի: Միջազգային ճնշում է հարկավոր: Այդ է պատճառը, որ ակտիվ ենք՝ միջազգային հանրությանը հիշեցնելու 2023-ին իր ձեւակերպածը, թե այստեղ խնդիր կա, որ լուծման է կարոտ»: «Ո՞րը պետք է լինի Ձեր հաջորդ քայլը: Ինչպե՞ս հասնել նրան, որ հաջորդ նիստին ֆորումի, ԼՂ-ի հայերի իրավունքների թեմայի հանդեպ հետաքրքրությունն աճի» հարցրինք պարոն Ֆոնթոբելին: «Լավ եւ արդարացի հարց է: Ամեն անգամ մտածում ենք, թե քաղաքական արդի հնարավորություններն մեզ ինչ են ընձեռում: Մեր մեծ նպատակն է, որ սույն հարցն աշխարհում ամեն տեղ միջազգային հանրության ուշադրության առանցքում լինի, հիշեցնենք, թե 2023-ի հոկտեմբերին ինչ էր ասում: Դրանից օրեր անց Գազայի իրադարձությունները եղան, եւ ԼՂ-ի հանդեպ մեդիայի ուշադրությունը կորսնվեց, մինչ օրս: Լռելու իրավունք չունենք, փոխարենը պետք է անընդհատ եւ ամենուր թեմայի մասին բարձրաձայնել՝ հույս տածելով, որ երբեւիցե Արցախի խնդրի հանդեպ եղած բոցը կտարածվի: Կարեւոր է, որ ոչ միայն մենք Շվեյցարիայում ակտիվ լինենք, այլեւ դուք՝ Հայաստանում՝ համարձակ գործելով: Լավ կլիներ, որ բոլոր կողմերը, կուսակցությունները միասնական մի գործի լծվեին»:

Շվեյցարացի պատգամավոր «Շվեյցարական խաղաղության նախաձեռնություն հանուն ԼՂ-ի» հանձնախմբի  համանախագահ Շտեֆան Մյուլլեր- Ալթերմատը պատասխանելով մեր՝ վերոնշյալ հարցին, ասաց. «Պարզ է, որ Ադրբեջանն ինքնակամ խաղաղության ֆորումի չի մասնակցի եւ Ղարաբաղի հայերին չի ընդունի՝ իբրեւ բանակցությունների խոսակից: Դրա համար անհրաժեշտ է միջազգային զգալի ճնշում: Եվրոպական կողմից հազիվ թե տնտեսական կապերը թուլացնելու ցանկություն լինի, պատժամիջոցները դժվար թե ճնշման միջոց լինեն: Բարեբախտաբար Ադրբեջանի ռեժիմը արդեն բացասականին՝ քննադատությանը դյուրագրգիռ է արձագանքում: Պետք է հետագա հավելյալ ճնշում կիրառել՝ եվրոպական խորհրդարանի վերջին բանաձեւի ոճով: Ադրբեջանին պիտի հասկացնել տալ կատարածը, ոճրագործների վրա ավելի վատ որեւէ բան չի ազդում: Խաղաղության ֆորումը Բաքվի համար հնարավորություն պետք է լինի խաղաղություն հաստատելու իր հանձնառությունը ցույց տալու համար»: Շվեյցարիա- Հայաստան ընկերակցության պատվո նախագահ, Շվեյցարիայում հայկական եւ հայամետ ընկերակցությունների խորհրդի նախագահ Սարգիս Շահինյանը, որ Գառնիկ Քերքոնյանի, Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության հետ մարտի 18-ին Ժնեւում հրավիրված ասուլիսում քննադատելով Շվեյցարիայի գործադիրի՝ մեկ տարի անց ֆորում չգումարելու իրողությունը, ապրիլի 30-ի նիստը գնահատում է որպես շվեյցարական օրենսդիրի ամուր հանձնառության փաստ: «Ազգում» գրել ենք՝ այդ ասուլիսում Շահինյանը եւ Քերքոնյանը հաղորդեցին, որ ԼՂ ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը բողոք է ներկայացրել SOCAR Trading SA-ի դեմ Շվեյցարիայում՝ ԼՂ հայության դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու գործում առկա դերակատարության համար: Դատարանն ընդունել է հայցը: Սարգիս Շահինյանը մեզ հետ զրույցում ընդգծում է, որ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի ելույթը՝ իրենց իրավունքների ոտնահարումը դիտարկել մարդու իրավունքների տեսանկյունից, հետապնդել ինքնորոշման իրավունքը, ընկալելի է եղել: Նաեւ ինքն է ելույթում ինքնորոշման մասին խոսել, նկատել տվել Կոսովոյի եւ Արեւելյան Թիմորի՝ Շվեյցարիայի ճանաչումը: Շահինյանն առաջարկել է նորացված բանաձեւով դիմել ԱԳՆ-ին, Շվեյցարիայի ԵԱՀԿ նախագահությունը հաշվի առնելով հիշեցնել Մոսկվայի մեխանիզմի մասին, որը ժամանակին ներկայացրել էր Ֆիլիպ Գալֆայանը: Նիստից ստացած տպավորությունների մասին խոսելով Շահինյանը կարծիք է հայտնում է, թե «պատգամավորները կարծես թե հակված էին ավելի շատ տեղեկություններ հավաքելու, քան դիրքորոշումներ ներկայացնելու»: Թե ինչ պիտի լինի  հաջորդ քայլը, առաջիկայում ի՞նչ աշխատանք են նախատեսում, դեռ ուրվագծման կարիք ունի:

Շվեյցարահայ համայնքի անդամ, տարբեր հակամարտություններում, միջնորդական առաքելություններում իր գիտելիքը ներդրած փորձագետ Աննա Հեսս Սարգսյանին հարցրինք նիստից իր տպավորության, արդյունքի մասին: «Արդյունքը պիտի չափել սահմանված նպատակին համապատասխան: Նպատակը Շվեյցարական խաղաղության նախաձեռնության շրջանակներում արցախցիների այսօրվա խնդիրների մասին բարձրաձայնումն էր՝ ակնկալիքով, որ հետագա քայլեր կլինեն: Արդյունավետ է այն առումով, որ հարթակը կա, եւ արցախցիները կարողանում են իրենց հոգսերի մասին խոսել: Եթե դիտարկենք այն տեսանկյունից, որ վերադարձ լինելու է՝ վաղը, ապա արդյունավետ չի կարելի համարել: Բայց մեր նպատակն այն է, որ հնարավորինս կարեւոր ֆորմատներով Արցախի, արցախցիների ձայնը, մտահոգություններն ու խնդիրները լսելի դարձնենք: Դա հաջողվեց»: «Հայությունը, շվեյցարահայությունն ինչպե՞ս պիտի օգնի, որ Արցախին ուղղված Շվեյցարիայի օրենսդրի, հանրության մարդասիրական հայացքը շարունակական լինի» մեր հարցին ի պատասխան Աննա Հեսս Սարգսյանը նախ ուշադրություն սեւեռեց շվեյցարական ժողովրդավարական՝ առանձին անկախ գործող համակարգի վրա: «Եթե ԱԳՆ-ն շատ զգույշ է, հարգում է ՀՀ-ի եւ Ադրբեջանի՝ ֆորում հրավիրելը մերժելու, այն անպատեհ համարելու փաստը եւ դրանով հարցը փակում, օրենսդիրը շարունակում է իր գործը՝ առանց ճնշման ենթարկվելու: Եթե հաշվի առնենք, որ պառլամենտական Շվեյցարիայում ժողովրդի ընտրած պատգամավորներն օրակարգ են բերել ԼՂ հարցը, արդեն ներկայացուցչական է որոշակի չափով եւ շատ կարեւոր: Հավանական է, որ ֆորումը չլինի, բայց կարեւոր է  հետեւյալ ուղերձը՝ պառլամենտականները ոչ միայն հարթակ են տրամադրում արցախցիների ձայնը լսելի դարձնելու համար, այլ ցույց են տալիս նաեւ, որ պարտադիր չէ, որ պատերազմ ուզենաս Արցախի մասին խոսելով: Այն պարագայում, որ թե՛Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս արդեն չի խոսվում Արցախի մասին, Շվեյցարիայում խոսվում է: Շվեյցարիայի պառլամենտականները հազարումի հարց ունեն օրակարգում, մեր գործը պետք է լինի Արցախի հարցն օրակարգում պահելը, հնարավորինս հստակ քայլեր ձեռնարկել  կարեւոր երեք հարցերի լուծման ուղղությամբ՝ վերադարձ (որն այսօր իրականանալի չէ՝ քաղաքական, աշխարհաքաղաքական, ռազմական տեսանկյունից), գերիների ազատում եւ մշակութային ժառանգության պաշտպանություն: Շվեյցարահայությունն անընդհատ պիտի սնուցի պառլամենտի օրակարգը՝ վերոհիշյալ երեք հարցերի մասին արծարծմամբ, փոքր քայլերով: Մեծ հավակնություններով նպատակների իրականացումն իրական չէ: Օրինակ՝ Շվեյցարիայում ի՞նչ մեխանիզմներ կան, որ կկասեցնեն նյութական եւ ոչ նյութական ժառանգության ոչնչացումը: ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Շվեյցարիան չնայած  օրակարգում չունի Արցախի, ՀՀ- Ադրբեջան թեմաները, սակայն ոչ ֆորմալ՝ գերիների հարցով կարելի է համատեղ աշխատել: Փոքր քայլեր հնարավոր է անել: Հայություն ասվածը շատ լայն է, ենթատեքստները՝ տարբեր են, եթե Հայաստանի կառավարության, ղեկավարության օրակարգում այս հարցերը լինեին, բնականաբար շվեյցարահայության գործն ավելի հեշտ կլիներ: Հիմա փաստորեն շվեյցարահայությունն աշխատում է վակուումի մեջ, մեզ միակ աջակցող ուժն այս պահին Շվեյցարիայի պառլամենտականներն են, Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը:

Շվեյցարահայ համայնքի անդամ քաղաքագետ Վիգեն Չըթրյանի կարծիքով « ամենակարեւորն այդ աշխատանքի մեջ Արցախի հայության իրավունքներու հարցը ողջ պահելն է, շարունակել արծարծելը: Թե՛ Շվեյցարիայի խորհրդարանի այդ խումբը, թե՛ Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը շատ մեծ,  հսկայական կարեւորության աշխատանք կտանին: Այն հիմնված է իրավունքի եւ արդարության գաղափարի վրա, որ այսօր աջակցության խիստ կարիք ունին: Կանկնկալեի, որ ազգային ժողովի ավելի մեծաթիվ պատգամավորներ եւ լրագրողներ ներկա ըլլային այդ հանդիպման: Հուսով եմ հաջորդ քայլերուն կիրականանա»:

«Մեր անակնկալիքն իրականացաւ, Արցախի ներկայացուցիչներու պատուիրակութիւնն ընդառաջելով Զուիցերիոյ խորհրդարանի հրաւէրին, ցոյց տուաւ, որ Արցախի հարցը փակուած չէ: Եւ իբրեւ Զուիցերիոյ խորհրդարանի որոշումին արձագանք՝ պատրաստ է զայն լիակատար իրագործել», նիստի վերաբերյալ կարծիք հայտնեց Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ Մարիո Նալբանդյանը: «Այլ երկիրներու խորհրդարաններ կրնան Զուիցերիոյ որոշումին զօրակցութեան որոշումներ ընդունիլ. անգամ մը եւս արձանագրել, որ Արցախի հարցը չի կրնար լուծուած համարուիլ մարդկութեան դէմ յանցագործութեամբ, Ադրբեջանին ճնշել, որ ֆորումին մասնակցի»: «Ո՞րն է առաջիկա ամենահրատապ քայլը Արցախի իրավունքների վերականգնման նպատակին հասնելու համար» մեր հարցին ի պատասխան Նալբանդյանը նախ արցախցիների կազմակերպումը եւ համախմբումն է կարեւորում: Ապա՝ «միջազգային հանրութեան եւ քաղաքական շրջանակներուն իրազէկ պահել իրենց ոտնահարուած իրաւունքներուն մասին՝ իբրեւ ցեղասպանութեան ենթարկուած ժողովուրդ եւ միջազգային օրէնքի համաձայն՝ իր վերադարձի իրաւունքը իրականացնելու անզիջող վճռակամութիւն ունեցող: Ցեղասպանութիւնը միայն զանգուածային սպանդ եւ մահ չþենթադրեր. յանցագործութիւն է նաեւ ցեղասպանութիւն կատարելու փորձը: Իսկ արցախցիներու վերադարձի իրաւունքն ամրագրուած է թէ՛ Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումով եւ թէ՛ շուրջ հինգ տասնեակ պետութիւններու եւ միջազգային կազմակերպութիւններու հրապարակային դիրքորոշումներով»:

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ Գառնիկ Քերքոնյանը «իրատեսական է» գնահատում նիստից ակնկալիքը: «Առաջնային նպատակը՝ Արցախի ժողովրդի իրավունքների հարցը մնա միջազգային օրակարգում: Փորձեցինք քննարկել եւ գտնել գործնական այնպիսի մեխանիզմներ, որ նույնիսկ առկա քաղաքական իրողությունների եւ օբյեկտիվ դժվարությունների պայմաններում կարող են խաղաղության նախաձեռնությունը տեղափոխել գործնական հարթություն: Մեզ համար կարևոր էր ոչ միայն քաղաքական հայտարարությունների մակարդակը, այլ նաեւ կոնկրետ քայլերի ձեւավորումը՝ միջազգային ներգրավվածության, երկխոսության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Որպեսզի խաղաղության ձեւաչափը կայանա, անհրաժեշտ է սկսել թեկուզ փոքր, բայց գործնական քայլերից, քանի որ հաճախ շատ դժվար է ապահովել հակամարտության բոլոր կողմերի քաղաքական կամքը միաժամանակ: Այդ պատճառով կարեւոր է, որ նման հարթակները շարունակեն գործել: Նույնիսկ, եթե սկզբնական փուլում դրանք կենտրոնանան ավելի փոքր եւ հումանիտար բնույթի հարցերի վրա: Այդպիսի համագործակցությունը կարող է աստիճանաբար ձեւավորել վստահության նվազագույն մթնոլորտ, ճանապարհ բացել ավելի լայն քննարկումների համար: Շատ կարեւոր է, որ այս նախաձեռնությանն աջակցություն հայտնեն հնարավորինս շատ միջազգային կառույցներ, խորհրդարանական շրջանակներ, իրավապաշտպան կազմակերպություններ»:

Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը Բեռնի նիստից հետո Բաքվում հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու, արցախցիների հիմնարար իրավունքների ճանաչման, հուշարձանների պաշտպանության պահանջով նամակ էր հանձնել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենին, որ մայիսի 4-ին Երեւանում մասնակցում էր Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ համաժողովին: Ի պատասխան մեր այն հարցի, թե Ադրբեջանը ո՞ր պայմանով, ինչի՞ դիմաց կհամաձայնի մասնակցել ֆորումին, բանակցել արցախցիների հետ, ՔՀՄ կազմակերպության հանրային պաշտպանության ղեկավար Ջոյել Վելդքամփն ասաց. «Ադրբեջանի քաղաքականությունն Արցախի հայերի հանդեպ ցեղասպանական էր եւ է: Բոլոր գործողությունները ցուցիչն էին այնտեղ հայ բնակչության կազմաքանդման: Մենք չենք ակնկալում, որ Ադրբեջանն ինքնակամ համաձայն կլինի Արցախի հայերի ներկայացուցիչների հետ մասնակցելու խաղաղության ֆորումին: Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը՝ մասնավորապես ԱՄՆ, ԵՄ-ն եւ ՌԴ-ն ճնշեն Ադրբեջանին, որ հրաժարվի ցեղասպան քաղաքականությունից, կատարի Միջազգային դատարանի որոշումը՝ ապահովի արցախահայերի անվտանգ, անարգել, արագ վերադարձը: Այդ իրավիճակում Շվեյցարիայի կողմից կազմակերպվող խաղաղության ֆորումը՝ միջազգային աջակցությամբ և վերահսկողությամբ, կլինի կենսունակ միջոց Ադրբեջանի եւ արցախահայերի միջեւ՝ մանրամասների մասին բանակցելու համար: Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը դրան չի նպաստում: Սակայն այն կարող է արագ փոխվել: Գրեթե 5 տարի է, ինչ ԱՄՆ-ն, ՌԴ-ն եւ ԵՄ-ն ձգտում են հզորացնել Ադրբեջանին, որ թեեւ կատարելագործվել է հասարակայնության հետ կապերի հարցում, բայց  մնում է պարանոիդ, ցեղասպան, ընտանեկան բռնապետություն: Ադրբեջանը չի լինի երկարաժամկետ հուսալի գործընկեր ԱՄՆ-ի, ՌԴ-ի կամ ԵՄ-ի համար, կգա այն օրը, երբ այս տերությունները կունենան ընդհանուր շահագրգռություն՝ Ադրբեջանին վերահսկելու հարցում: Երբ դա լինի, անհրաժեշտ կլինի, որ վերադարձի իրավունքը Հարավային Կովկասի միջազգային օրակարգում լինի: Հավատում ենք, որ Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությունը միջոց է՝ ԼՂ հարցն օրակարգում պահելու համար»:

ԵՄ քաղաքական վերնախավը Երեւանում էր, կրկնում էր եվրոպական արժեքներին հավատարմության, դրան խարսխված քաղաքականության մասին: Կարծես մոռացվում է, որ այդ արժեքները քրիստոնեական են: Բարձրաձայն չխոսվեց Արցախի, այնտեղից բռնագաղթի ենթարկված հայերի իրավունքների, Բաքվում պահվող գերիների ազատարձակման, քրիստոնեական մեր ժառանգության ոչնչացման կասեցման մասին: Այս պայմաններում ինչպե՞ս պիտի արցախցին լսելի դարձնի իր իրավունքի մասին պահանջը: Մեր այս երկրորդ հարցին Ջոյել Վելդքամփի պատասխանը շատ հանգամանալից է. «Արցախահայերի համար չափազանց դժվար է իրենց ձայնը լսելի դարձնելը ոչ թե այն պատճառով, որ նրանք վատ են կատարում այդ աշխատանքը, այլ՝  նրանց հարցը չի արժանանում մեծ տերությունների հավանությանը: Քրիստոնեական արժեքներն ու մարդու իրավունքների արժեքը նվազ նշանակություն ունեն ամերիկյան և եվրոպական արտաքին քաղաքականության մեջ: Այնուամենայնիվ, շատ տպավորված էի մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ կազմակերպված ցույցերով, բազմաթիվ այլ գործունեությամբ, որ Արցախի համայնքի առաջնորդներն ու նրանց համախոհները ձեռնարկեցին դրան նախորդող շաբաթներին: Արցախահայերը չպետք է հուսահատվեն, երբ նման ցույցերը արագ արդյունք չեն երեւակում: Նրանք պետք է շարունակեն իրենց ձայնը լսելի դարձնել եւ ռազմավարական պահն օգտագործեն՝ աշխարհին հիշեցնելու իրենց արդարացի պահանջների մասին: Նրանք պետք է կառուցեն համայնքային նոր ինստիտուտներ, պահպանելով արդեն  ունեցածները, հատկապես՝ իրենց սահմանադրական կառավարումը: Նրանք պետք է շարունակեն արդարադատության համար դիմել միջազգային ատյաններին, օրինակ՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգի մեջ գործողներին: Ամենակարևորը՝ նրանք պետք է պատրաստվեն երկարատև պայքարի: Քաղաքացիական հասարակության ինստիտուտը հանձնառու է երկարաժամկետ աջակցել այս գործին, մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ նրանք միայնակ չեն պայքարում»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Արեւմտյան Ադրբեջան» մտացածինի շուրջ արդեն հիշողության մշակույթ են ձեւավորում

Հաջորդ գրառումը

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Արեւմտյան Ադրբեջան» մտացածինի շուրջ արդեն հիշողության մշակույթ են ձեւավորում

15/05/2026
Հաջորդ գրառումը

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026

Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։ Դեսպանատնից ուրբաթ օրը աշխատողներին համոզել են կասեցնել բողոքը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական