Պետերբուրգի մասնագետները սկսում են Սիրիայում Պալմիրայի «Հաղթական կամար»-ի վերականգնումը, այս մասին գրում է ՀՌՈ վՏՉՏրՑՌ-ին (որից էլ թարգմանաբար վերցրել ենք նյութը)՝ հղում անելով Սանկտ Պետերբուրգի քաղաքային վարչությանը:
«Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նյութական մշակույթի պատմության ինստիտուտի Փրկարարական հնագիտության կենտրոնի կողմից միավորված մասնագետների խումբը սկսում է վերականգնել Սիրիայում ահաբեկիչների կողմից ավերված Պալմիրայի «Հաղթական կամարը»»,-գրում է վարչությունը:
Ծրագիրն իրականացվում է Ռուսաստանի աշխարհագրական համայնքի հովանու ներքո՝ ՌԴ պաշտպանության նախարարության մասնակցությամբ:
2021-ի վերջին Սիրիայում արշավախումբ էր աշխատում, որի կազմում ընդգրկված էին հնագետներ, վերականգնողներ, երկրաբաններ, դիզայներներ, որոնք մշակել են առաջիկա աշխատանքների պլանը: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նյութական մշակույթի պատմության ինստիտուտի (CSA IIMK RAS) Փրկարարական հնագիտության կենտրոնի ղեկավար Նատալյա Սոլովյովայի խոսքով՝ մասնագետները որոշել են, թե որտեղից ՝ պետք սկսել եւ ինչ սարքավորում է անհրաժեշտ տեղում: Նախագծի իրականացմանը կմասնակցեն ռուս փորձագետները եւ նրանց սիրիացի գործընկերները, գիտական եւ հասարակական կազմակերպություններ:
Նշվում է, որ առաջին փուլում հնագետները կկատարեն պատմական հուշարձանի պահպանված հատվածի գույքագրում՝ սկանավորման եւ լուսանկարահանման միջոցով: Երկրաբանները կորոշեն, թե ինչ նյութից է կառուցված շենքը, քանի որ վերականգնման համար նախընտրելի է օգտագործել օրիգինալ բաղադրիչներ: Սպասվում է, որ Պալմիրայի «Հաղթական կամար»-ի վերականգնումը կտեւի մոտ երեք տարի:
«Պետերբուրգի գիտնականները, պատմաբանները, հնագետները, վերականգնողները մեծ փորձ ունեն հնագույն հուշարձանների պահպանման եւ վերականգնման գործում: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նյութական մշակույթի պատմության ինստիտուտի մասնագետներն արդեն մեծ աշխատանք են կատարել ուսումնասիրության վրա»,- ասել է վարչության ղեկավար Ալեքսանդր Բեգլովը:
Նշենք, որ արդեն մի քանի տարի վերականգնում են Սիրիայի ավերված հուշարձանները: Առաջին փորձը հին Պալմիրայի ողջ տարածքի 3D մոդելի ստեղծումն էր եւ աշխարհագրական տեղեկատվական համակարգի՝ GIS «Պալմիրայի» մշակումը: Այն պարունակում է ամբողջ պատմական տեղեկատվությունը այս նշանավոր հուշարձանի մասին մինչեւ այն ավերածությունները, որոնց ենթարկվել է այն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2020 թվականի օգոստոսին Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նյութական մշակույթի պատմության ինստիտուտը Սիրիայի թանգարանների եւ հնությունների վարչությանը նվիրաբերել է ներկայիս Պալմիրայի 3D մոդելը: Ռուս գիտնականները Պալմիրա են մեկնել 2016 թվականին եւ լրացուցիչ՝ 2019 թվականին:
2015 թվականի մայիսին ԻՊ ահաբեկիչները գրավեցին Պալմիրան՝ վաղ ժամանակաշրջանների ամենահարուստ քաղաքներից մեկը՝ Դամասկոսի եւ Եփրատի միջեւ ընկած սիրիական անապատի օազիսում, որի հնագիտական վայրերը 1980 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում են: 2016 թվականի մարտի վերջին սիրիացի զինվորականները ռուսական ավիացիայի աջակցությամբ ազատագրեցին քաղաքը, սակայն 2016 թվականի դեկտեմբերին Պալմիրան կրկին անցավ ծայրահեղականների ձեռքը: 2017 թվականի մարտի 2-ին Պալմիրան մաքրվել է զինյալներից, որոնք ականապատել էին նրա պատմական հատվածն ու բնակելի թաղամասերը:
Ահաբեկիչները, ցավոք, ոչնչացրել են առանցքային հնագույն շինությունները, ինչպիսիք են Բելի եւ Բաալշամինի տաճարը, «Հաղթական կամար»-ը եւ Զենոբիայի սյունը՝ ամենակարեւոր նվիրական արձանագրությամբ, մեծ թվով աշտարակներ եւ ստորգետնյա դամբարաններ, ուշ միջնադարյան Ֆախր Էդ Դինը մասամբ ավերվել է: Բացի այդ, Պալմիրայի երկրորդ օկուպացիայի ժամանակ վնասվել է Տետրապիլոնը եւ թատրոնը:
Աղբյուրը՝ Риа новости
Ռուսերենից թարգմանեց՝ Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԸ