Պարոնայք, դրոշ «հանեմ-դնեմ» ակցիայի ժամանակը չէ

41

Խորհրդարանական «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններն ապրիլի 5-ին նախաձեռնած հանրահավաքից հետո նոր ցույցերի կամ երթերի մասին ոչինչ չեն խոսում կամ հայտարարում: Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ապրիլի 5-ին խիստ խրոխտ տոնով հարթակից հայտարարում էր, թե ծրագիր էլ ունեն, քայլերի հաջորդականությունն էլ են լավ պատկերացնում: Իրականությունը սակայն այն է, որ վերոնշյալ հանրահավաքից հետո ընդդիմադիրները դրոշը «հանեմ-դնեմ» ակցիան են իրականացնում: Տպավորություն է, թե ընդդիմության թիվ մեկ գործառույթը դրոշ տեղադրելն ու դրա մասին ոգեցունց ճառ արտաբերելն է: Իհարկե, վատ է, որ դրոշի արժեքն ու կարեւորությունը չգիտակցող մարդիկ կան, բայց մյուս կողմից զայրացնող է, որ ընդդիմադիրների դարդուցավը մեզ համար օրհասական այս պահին դրոշ «հանեմ-դնեմ» ակցիան է:

Խորհրդարանական ընդդիմությունը, որ դե ֆակտո եւ դե յուրե մնացած բոլոր ուժերից ավելի շատ է պատասխանատու պետության անվտանգային հարցերում, հենց այն ուժն է, որ պետք է հակակշռի ու «խելքի բերի» իշխանություններին, բայց օրախնդիր հարցերը հրապարակ բերելու ու պատկան մարմինների օձիքները քաշելու փոխարեն շարունակում է դրոշի հանում-դնումը, շարունակում ամենատարբեր պիտակները տալ իշխանության ներկայացուցիչներին: Իշխան Սաղաթելյանն, օրինակ, ասում է, թե «հա՛մ հարիֆ ես, հա՛մ դավաճան ես, հա՛մ էլ պետք է հեռանաս, որ երկիրը փրկենք»: Սաղաթելյանը, որ 2018-ի ապրիլյան վերադասավորումներից հետո մի որոշ ժամանակահատված աշխատել է Փաշինյանի կաբինետում ու նրանից մարզպետի մանդատ ստացել, Փաշինյանից իշխանությունից զրկելու գործնական քայլերի մասին որեւէ խոսք չի ասում: Ինչից հետո հասարակությունը, մարդիկ արդարացի հարց են տալիս՝ գուցե նման օրակարգ իրականում չունե՞ն նրանք:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ