Պայքարիր եւ կհասնես

108

Թալինցի տասնյոթ պատանիներ, պարմանուհներ եւ հզոր ուժի երիտասարդներ 2022 թվականի հունիսի 18-ին մի քանի ժամում իրար հետեւից սպորտային ռեկորդներ սահմանեցին: Բոլոր անհավանական հաջողությունները ըստ կարգի արձանագրվել են, եւ ռեկորդակիրների անունները, հուսանք, շատ շուտով տեղ կգտնեն Գինեսի ռեկորդների գրքում կամ հայկական «Դյուցազնագրքում»: Հայ նորընծա դյուցազունների կողքին կան փորձառուներ, որոնց անունները բազմիցս արձանագրվել են Գինեսի գրքում, եւ հիմա նրանք գերազանցեցին իրենց իսկ սահմանած ռեկորդները կամ հանդես եկան նորատիպ մարզանքներով:

Նրանցից Ռոման Սահրադյանի գլխավորությամբ շուրջ յոթը ամիս մարզվող՝ տարբեր տարիքի մարզիկներն անհավանական արդյունքներ ցուցադրեցին տարբեր վարժություններում: Նման արդյունքների հասնելը հնարավոր է դարձել Թալինում անցյալ տարեվերջին «Դյուցազնատուն» խորհրդանշական անվամբ մարզասրահի հիմնումով: Այն բացվել եւ գործում է «Hi-Am» հիմնադրամի աջակցությամբ, որն ի թիվս սոցիալական աջակցության, մշակութային եւ այլ նախաձեռնությունների, հատուկ ուշադրություն է դարձնում կրթական  ուղղվածության գործողություններին: Մարմնավարժական դաստիարակության այս դպրոցի հոգեւոր հայրն ու ոգեշնչողը հայկական «Դյուցազնագրքի» հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանն է, Իջեւանի գինու, կոնյակի գործարանն էլ իր բաժին ներդրումն ունի այս ծրագրի իրագործմանը:

Այսքան կարճ ընթացքում 10-12 տարեկանից սկսյալ մինչեւ հասուն երիտասարդ տասնյոթ մարզիկների՝ ռեկորդներ կատարելուն նախապատրաստելը ֆանտաստիկայի ժանրից են համարում: Բազում հյուրերի եւ թալինցիների, հովանավոր կազմակերպությունների ներկայացուցիչների աչքի առաջ տեղացի մարզիկները ցուցադրեցին իրենց գերմարդկային ուժն ու կարողությունը: Հարկ է մեկ առ մեկ թվել այս սպորտային «հրավառության» բոլոր մասնակիցներին, որոնց՝ հաջողությանը հասնելու կամային հատկությունները, համառությունն ու ջանադրությունն ուղղորդելով՝ Ռոման Սահրադյանը հասել է գերազանց արդյունքի: Վերջինս կրթությամբ պատմաբան է եւ դասավանդում է դպրոցում, լավ գիտե իր անելիքը՝ հայրենիքի սիրով եւ պատվախնդրությամբ տոգորուն սերնդին կրթելուն համահավասար ամրացնել նաեւ մանկանց ու նորահաս երիտասարդների մարմնի ուժը, դիմակայելու կորովը, հաղթելու վճռականությունը: Յուրաքանչյուրի «գինեսյան» վարժության ընթացքում, երբ նկատվում էր մարզիկի հոգնածությունը, լսվում էր մարզչի մեղմ ձայնով ասած, բայց համոզիչ հորդորը՝ «Պայքարի՛ր, պայքարի՛ր»: Ու հենց այդ պայքարի, սեփական անձի կարողություններն առավելագույնս բացահայտելու եւ ի գործ դնելու շնորհիվ էր, որ մեկը մյուսին հաջորդելով՝ ռեկորդներ սահմանվեցին:

Ռոմանն ինքը պտտաձողի վրա գոտկատեղի շուրջ անընդմեջ ետ պույտներ կատարելով մեկ րոպեում ՝ թարմացրեց իր իսկ սահմանած ռեկորդը:  Տաթեւ Մանուկյանն  առաջինն է, որ պտտաձողից երկու ձեռքով կախ դրությունից պահեց իր մարմնի ծանրությունը՝ բացահայտորեն գերազանցելով Գինեսի հանձնաժողովի սահմանած նվազագույն սանդղակը: Մի այլ՝ մեզանում քիչ հայտնի վարժությունում, որ ունի «ռուսական շրջադարձ եւ արտակորում առաջ» անվանումը, հաջող արդյունք ցույց տվեց Ռիտա Խաչատրյանը: Նման ռեկորդ աշխարհում կատարող չի եղել. Գինեսի հանձնաժողովը նվազագույն սանդղակը մեկ րոպեում սահմանել է 10 անգամ: Ռիտան փորձեց եւ հաջողեց: Պտտաձողից ամեն ձեռքի մի մատով կախ պահելով սեփական մարմնի ծանրությունը 1 ր 15 վրկ-ից ավելի՝ Արտակ Սարոյանը եւս գերազանցեց գինեսյան սահմանված սանդղակը: Համազասպ Հլոյանը ձողից կախ դրությունից ձեռքերն անընդմեջ փոխելով՝ կատարեց «ձգում դեպի վեր» վարժությունը՝ ձգտելով գերազանցել հույն մարզիկ Օրեսիսի ռեկորդը: Մինչեւ 14 տարեկանների մեջ առաջինը Նարեկ Գեւորգյանը երկու ձեռքով կախ դրությունից 1 րոպեում անընդմեջ պտտաձողին ոտնաթաթերի հպումներ կատարեց: Գոռ Մանասյանը պտտաձողից մեկ ձեռքով կախ դրությունից մինչեւ չորս րոպե պահեց մարմնի ծանրությունը:

Դյուցազնագրքում սահմանված ժամկետները գերազանցելով կամ առաջին անգամ իրենց տարիքային խմբերում տարաբնույթ վարժություններով ելույթ ունեցան Գալուստ Գալստյանը, Վազգեն Սաֆարյանը, Մանվել Սահրադյանը, Սուրեն Մադաթյանը, Գրիգոր Մանուկյանը, Արտակ Սարոյանը: Մեկ ձեռքով, հետո էլ՝ բութ մատով 3 լիտրանոց ջրով լի տարաները, անգամ հավելյալ 15 կգ-անոց ծանրաքարերով բարձրացրեցին Հովհաննես եւ Մանուկ Եղիազարյան եղբայրները: 17-ամյա Դավիթ Ալեյանը մի ձեռքով գետնից բարձրացրեց եւ գլխավերեւում մեկ րոպե պահեց 36,8 կգ-անոց ծանրաձողը: Իսկ Սասուն Ավետիսյանը գետնին հորիզոնական դիրքից մի րոպեում 75 անգամ բարձրացրեց եւ մինչեւ ուսագոտին պահեց 8 կգ-անոց կցագունդը: Եղան նաեւ այլ ցուցադրական ելույթներ՝ մեկը մեկից դիտարժան եւ անհավանական թվացող:

Սպորտային այս յուրահատուկ միջոցառմանն իրենց հունարն ի ցույց դրած բոլոր մասնակիցներին հուշամեդալներ եւ պատվոգրեր հանձնեցին «Hi-Am» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Նշան Աճեմյանը, «Դյուցազնագրքի» հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանը, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սապեյանը, Իջեւանի գինու, կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Գեւորգ Ասլանյանը:

Նախագծումներ կան առավել բարելավելու «Դյուցազնատուն» մարզասրահի աշխատանքային պայմանները, բարենորոգել սրահին հատկացված շինության կից հատվածները եւս: Հեռահար ծրագրերում դյուցազնատների հիմնումն է Հայաստանի այլ մարզերում եւս: Իսկ թալինյան «Դյուցազնատան» կարգախոսը հետայսու կլինի՝ «Պայքարիր եւ կհասնես»:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ