Ուրսուլա ֆոն դեր Լայենը դիտմա՞մբ է Հայաստանը հեռացնում Եվրոպայից

250

Առայժմ միայն հպանցիկ եթե արձանագրենք, թե մեկ շաբաթվա մեջ գերմանական մեդիան ինչպես արձագանքեց Բերձորի (Լաչինի) միջանցքը փակելու ադրբեջանցի կեղծ բնապահպանների գործողություններին, մեր թերթի տպագիր սուղ տարածքում այլ հոդվածներ գերմանական ԶԼՄ-ների «իմ ձեռնարկած» շրջափակման մեջ կհայտնվեն …հայցելով գործընկերներիս ներողամտությունը, կարեւորը սակայն փոխանցենք՝ այն հիմնավորմամբ, որ Հայաստանում եւ Արցախում նաեւ դա են որոնում, աշխարհի այլ վայրերում իրենց ձայնի արձագանքը:

Դեկտեմբերի 16-ին Բեռլինում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հարցազրույց տվեց գերմանական RND -ին:  «Այս շրջափակումը 120000 մարդու պաշարում է, եւ այն պետք է դիտարկել ԼՂ-ի ժողովրդին իր պատմական հայրենիքից լիակատար վտարելու ադրբեջանական համակարգված քաղաքականության մաս», նկատել էր տվել ԳԴՀ-ում ՀՀ դեսպանը: Ենգիբարյանին կոշտ հակադարձել էր Բեռլինում Ադրբեջանի դեսպանությունը՝« Հայաստանը եւ նրա խամաճիկային հանցավոր ռեժիմը Ղարաբաղում 2 տարի ի վեր Լաչինի միջանցքն օգտագործել են ականներ տեղափոխելու եւ տեղադրելու, զենք, զինվոր եւ սադրիչներ փոխադրելու համար»:

Հումանիտար հնարավոր աղետի մասին զգուշացրեց ԳԴՀ մարդու իրավունքների հանձնակատար Լուիզե Ամթսբերգը: Դեկտեմբերի 17-ին սակայն Եվրոպան ի դեմս ԵՄ հանձնաժողովի նախագահ ազնվական ծագմամբ գերմանուհի քաղաքական գործիչ, 7 երեխաների մայր, մասնագիտությամբ բժիշկ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, պաշարված արցախցիներին եւ համայն հայերին նորից ապտակեց… Սեւ ծովով դեպի ԵՄ անդամ Ռումինիա ծրագրված ստորջրյա էլեկտրահաղորդման մալուխը, որ ավելի է ամրապնդում Ալիեւի դիրքը, կունենա ավելի քան 1100 կիլոմետր երկարություն: Ադրբեջանի,Վրաստանի, Ռումինիայի եւ Հունգարիայի ղեկավարները շաբաթ օրը համապատասխան համաձայնագիր ստորագրեցին՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գոհունակ ժպիտի ներքո: Եվրոպառլամենտի պատգամավոր Մարտին Զոննեբորնի գրասենյակի ղեկավար Դասթին Հոֆմաննի թվիթն առավել քան խոսուն է՝ Երբ Ադրբեջանը կտրում է ԼՂ ժողովրդին մնացած աշխարհից, ֆոն դեր Լայենը նշում է նոր գործընկերությունը Բաքվի բռնապետության հետ. Ֆոն դեր Լայենը եղել եւ մնում է բարոյական այլասերվածը, գրել էր իրավաբան Հոֆմաննը: Ինձ տանջում է հետեւյալը՝ դիտմա՞մբ են հայ մարդուն հեռացնում Եվրոպայից, բացահայտ ընտրում Օրբանի Հունգարիան, Ալիեւի Ադրբեջանը…

Դեկտեմբերի 18-ին գերմանական RND -ն հրապարակեց՝ «Բունդեսթագի ՔԴՄ-ՔՍՄ խմբակցության արտաքին քաղաքական հարցերի խոսնակ Յուրգեն Հարդտի եւ «Կանաչների» խմբակցության արտաքին քաղաքական հարցերի խոսնակ Յուրգեն Տրիրինի պահանջը՝ «դադարեցնել Ադրբեջանի կողմից ԼՂ շրջափակումը»: Ըստ Հարդտի «Շրջափակողներին սատարում են Բաքվից, տեղի կառավարությունը շրջափակումը պիտի դադարեցնի, այլապես հումանիտար աղետի սպառնալիք կա»: Տրիտինը հավելել էր նաեւ՝ « Ալիեւին Եվրոպայից Լաչինի միջանցքն ազատելու հստակ ազդանշան է պետք տալ: Ադրբեջանի նոր դերակատարումը՝ որպես Եվրոպայի համար էներգակիրների կարեւոր մատակարարի, չպետք է հանգեցնի նրան, որ Բրյուսելում ձայն չբարձրացնեն»: Բայց հիշյալ երկու քաղաքական գործիչներն էլ մի երկրի են դիմում՝ «խաղաղության երաշխավորի ինքնահռչակ առաքելություն ստանձնած Ռուսաստանն իր դերակատարման մեջ թերանում է: Հայաստանը պիտի ընդունի, որ Ռուսաստանը որպես պաշտպան երկիր հարմար չէ, ՀՀ-ն ու Ադրբեջանը ԵՄ-ին պիտի դիմեն որպես միջնորդի: Թուրքիան էլ իր դաշնակից Ադրբեջանի վրա պիտի ազդի՝ կյանքի կոչելու տեւական խաղաղ լուծումը: Ադրբեջանի մշտական սադրանքները տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության թուլացման արտահայտություն են, իսկ Պուտինի՝ ՌԴ-ի գերտերության երեւակայությունը ավելի կնպաստի կովկասյան տարածաշրջանի ապակայունացմանը»:

Դեկտեմբերի 18-ին գերմանական ntv -ին հարցազրույց էր տվել «Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի» հարավկովկասյան մասնաճյուղի ղեկավար Շտեֆան Մալերիուսը: «Հայաստա՛նը պետք է ԵՄ-ի գործընկեր լինի, ո՛չ Ադրբեջանը» վերնագրով ծավալուն հրապարակման մեջ ուշագրավ փաստեր կան, այն՝ որ Ադրբեջանն ի վիճակի չէ ԵՄ-ին խոստացած գազի ծավալները կրկնապատկել, այն՝ որ Եվրոպայի համար շահադիտական է թուրքմենական գազը Ադրբեջանի միջոցով ստանալը, այն՝ որ եվրոպացիները տեղյակ են Ադրբեջանի «Գազպրոմի» հետ կնքած պայմանագրից, ուստի ռուսական գազը Ադրբեջանի միջոցով հասնելու է իրենց: Խիստ ուշագրավ է մի բացահայտում. Այն, որ Ադրբեջանի՝ ԵՄ-ի վստահելի առեւտրային գործընկեր լինելու մասին կասկածը փարատված չէ: «Ադրբեջանը Եվրոպայի համար պրագմատիկ գործընկեր է, բայց ստրատեգիական (ռազմավարական) գործընկեր չի կարող լինել», ասում է Մալերիուսը: Ավտորիտար երկիր է, Հայաստանի հանդեպ խիստ ագրեսիվ, սեպտեմբերյան հարձակումից հետո գրավված է պահում ՀՀ տարածքի մի մասը: Հայաստանը ի հակադրություն Ադրբեջանի, ժողովրդավար երկիր է: Հայաստանը հետաքրքրություն ունի Եվրոպային մերձենալու, իսկ Ադրբեջանն ուզում է էներգակիրներ վաճառել Եվրոպային, բայց եվրոպական դեմոկրատական ստանդարտներին մերձենալու ցանկություն չունի»:

«Ադենաուեր հիմնադրամի» հարավկովկասյան գրասենյակի ներկայացուցիչը մեկ այլ լրատվամիջոցի՝ RND-ի հետ հարցազրույցում խոսելով Լաչինի միջանցքը շրջափակելու մասին, կարծիք է հայտնում, որ դրանով Ադրբեջանը ցանկանում է ուժեղացնել Հայաստանի վրա ճնշումը, որ վերջինս մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքի: Մալերիուսը հիշատակում է, որ աշնանը Հայաստանը շատ կարեւոր զիջում արձանագրեց՝ հայտարարելով, որ պատրաստակամ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդու նաեւ այն փաստը, որ ԼՂ պատկանում է Ադրբեջանին»: «Սակայն խաղաղության համաձայնագիրը կարող է գործել միայն այն պարագայում, երբ երկու կողմերն էլ պատրաստ լինեն վստահություն կառուցել: Ամեն մի սրում, ինչպես Լաչինի միջանցքի ներկա շրջափակումն է, խաթարում է համաձայնագրի կնքումը, հետեւաբար՝ անարդյունավետ է», կարծիք է հայտնում Մալերիուսը:

Կաթոլիկական «Դի թագեսփոստը» ակնարկում է, որ «Եվրոպայի դռանը կատարվող աղետների» մի մասը ուկրաինականի ստվերում են, հանիրավի չեն նկատվում՝ աչքից, մտքից հեռու են, ինչպես Արցախի, Լիբանանի տառապյալ ժողովրդի զրկանքները, եւ դեկտեմբերի 21-ին հրապարակված հոդվածին կից տպագրել է Եռաբլուրից մի լուսանկար: Նույն օրվա «Ցայթն» անդրադրաձել է «ՄԻԵԴ-ի պահանջին՝ հիվանդների համար բացել ԼՂ-ին կապող միջանցքը»:

Շվեյցարական SRF-ը դեկտեմբերի 20-ին արդիականացրել է իր ավելի վաղ ներկայացրած վավերագրությունը, որ պատրաստել է լրատվամիջոցի Ռուսաստանի նախկին թղթակից Քրիստոֆ Ֆրանցենը՝ Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան ուղեւորության ընթացքում: Փշալարով արգելափակված սահմաններ, չլուծված հակամարտություններ, եւ ամենուրեք Ռուսաստանի մատն է խառը, հասկացնել է տալիս Ֆրանցենը: Գերմաներեն չիմացողի համար էլ նրա պատրաստած վավերագրությունը հատկապես Շուշիում, Ադրբեջանի գրավյալ տարածքներում հետաքրքրական կարող է լինել, երբեմն ռուսերենը լսելի է, իսկ պատկերը կռահել է տալիս բովանդակությունը: 

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Լուսանկարը հրապարակել է «Ցայթը»՝ հետեւյալ գրությամբ՝ ադրբեջանցի զինվորը Լաչինի միջանցքին մերձակա Աղողլան (Ծիծեռնավանք) վանքի մոտ