Ապրիլի 24-ին Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ո՞վ կհաղթի՝ Մակրո՞նը, թե՞ Լը Պենը: Գերմանացի փորձագետների մի մասը պնդում է, թե Մակրոնի հանդեպ ընտրողների համակրանքն առավել նկատելի է, մանավանդ վերջին՝ ապրիլի 20-ին կայացած հեռուստաբանավեճից հետո: Իսկ ԵՄ-ն մեծ խնդիր կունենա, եթե կիրակի օրը կայանալիք ընտրություններում հաղթի աջ գաղափարախոսության կրող Մարին Լը Պենը: Մեկը՝ որին քննադատում են Ռուսաստանին եւ Պուտինին պաշտպանելու մեջ: Աջակողմյան քաղաքական գործիչն իհարկե արդեն խոստովանել է, թե իր համակրանքը նախկինում էր, երբ Ռուսաստանն ու Պուտինն ,ուրիշե էին, իսկ ո՞վ չի հիշում, որ Ուկրաինա Պուտինի ռազմական ներխուժումը քննադատել է սուր եւ ժամանակին, ինչպես նաեւ կողմ է արտահայտվել, որ Ֆրանսիան ընդունի ուկրաինացի փախստականներին: Մարդիկ հիշողություն ունեն, հետեւաբար հարց՝ ինչո՞ւ միգրացիոն հոսքի դեմ, Սիրիայից փախստականներին ընդունելու դեմ կտրուկ արտահայտված քաղաքական գործիչն այժմ կողմ է օտարների ներգաղթին: Սիրիացիների համեմատությամբ, ուկրաինացիները եվրոպացիներ են, հիմնավորել է Լը Պենը:
Ուկրաինացիները շիկահեր են, բայց նաեւ՝ սեւահեր, աչքերը կապույտ են եւ նաեւ մուգ, գերմաներեն մեծ մասը չգիտեն, բայց նրանց հանդեպ քաղաքական դիկտատը, մեդիա քարոզչությունը համակրանք են պարտադրում: Երիտասարդ մի գերմանուհի հեռուստալրագրողի հարցին ի պատասխան նկարագրում է, թե լրատվական թողարկումներին հետեւում է, որ տեսնի, թե Ռուսաստանի դեմ ո՛ր պատժամիջոցն են ավելացրել: Նրա ընկերուհին խոստովանում է, թե պատերազմի շարունակությունն իրեն մտահոգում է, բայց կենցաղը շեղում է եւ նախկինի նման ակտիվ չի սպառում այն լուրերը, որ իր շրջապատից հեռու վայրում են ծավալվում: Գերմանացիներից շատերը իրենց տունն են տրամադրել փախստականներին, այն փողոցում, ուր ապրում եմ, տներից մեկի վրա ծածանվում է Ուկրաինայի դրոշը: Սա եզակի պատկեր չէ. ոչ մի պատերազմի ժամանակ, որքան էլ տարբեր պետություններից փախստականների ընդունել է Գերմանիան, նրանց դրոշն ի նշան համերաշխության չի ծածանել իր երկրի տարբեր հաստատությունների ճակատներին: Գերմանացիները ընդգծված հատուկ համակրանք չունեն սլավոնների հանդեպ, եւ առ Ուկրաինա այս սերը նկատելի բեւեռացնում է հանրության տարբեր շերտերին: Երբ ապրիլի 20-ին կառավարությունը իրազեկեց, թե պատերազմի պատճառով ուկրաինացի փախստականներն իրենց երկրում զրկված են դպրոցի ավարտական քննություն հանձնելու պարտականություն-իրավունքից, եւ ԳԴՀ արտոնում է նրանց բարձրագույն ուսումնական հաստատություն դիմել՝ առանց ավարտական վկայականի, գերմանացիների սուր քննադատությունը սպասեցնել չտվեց, այն մեզ հասու դարձավ հատկապես սոցցանցային գրառումներից: Ընդհանրական այսպես ձեւակերպենք «Շաաա՛տ հեռուն չե՞ք գնում ուկրաինացիների հանդեպ ձեր սիրո մեջ: Երբ մեր փաստաթղթային տրցակում մի թուղթ պակաս է լինում, մեր երեխաներին չեք արտոնում սովորել, էս ո՞ւր հասանք»: Այս հասունացող հակասությունը, թե բոլորը հավասար են, բայց ուկրաինացիներն՝ առավել հավասար են, շատերը դեռ չեն ըմբռնել: Պուտինի, Ռուսաստանի զոհն են, ուրեմն ինչ էլ որ պատմի հեռուստատեսությունը, մեդիան ընդհանրապես, ինչպե՞ս կասկածեն, որ պատմածը իրականից հեռու կարող է լինել: Թուրքերն իհարկե գերմանական մեդիայի ազդեցությամբ չէ, որ աշխարհայացք են ձեւավորում: Նրանց մզկիթներում արդեն հասցրել են արդարացնել ուկրաինացիների՝ Ղրիմն ունենալու իրավունքը, եւ կողմնացույցն անշուշտ «զոհերի» կողմն է: Թուրքի խանութի մոտով եմ անցնում: Չեմ համարձակվում թուրք վաճառականին հարցնել՝ ինչո՞ւ է իր պտուղ-բանջարեղենի խանութի ցուցափեղկին սլավոնատառ մակագրությունն այսքան տեսանելի փակցրել՝ «Փառք Ուկրաինային, փառք հերոսներին»: Ուկրաինացի փախստականներին անվճա՞ր է սպասարկում:
Միգուցե Հայաստանում սա անհավատալի թվա, բայց շարունակվող պատերազմն Ուկրաինայում գերմանացիներին մղում է սեփական անվտանգության մասին մտահոգվելու. Ունե՞նք ապաստարաններ: Այս հարցի մասին արդեն բարձրաձայնում են: 2008-ից սկսյալ Գերմանիայում մեծ մակերես ունեցող ապաստարանները վերափոխել են՝ դարձրել հյուրանոցներ, ավտոկայանատեղիներ: 2000 ապաստարաններից այժմ Գերմանիայում կա 599 բունկեր, որ կարող է պատսպարել մոտավորպես 500 հազար մարդու, բավարա՞ր է սա 80 միլիոնից ավելի բնակիչներ ունեցող Գերմանիայի համար: Եղածի մի մասն էլ կարգին վիճակում չէ, պիտի բարեկարգվի, իսկ պետությունը, իշխանությունները գումարի վատնում են նկատել ժամանակին համաքայլ դրանք նորոգելը: Ըստ Բեռլինում գործունեություն ծավալող մի ֆիրմայի, իրենց ամեն օր հազարավոր մարդիկ դիմում են սեփական տանը բունկեր կառուցելու խնդրանքով: Տխուր իրականություն է, բայց ավելի տրտմեցնողն այն է, որ պատերազմը կանգնեցնելու, դադարեցնելու իրական ցանկություն կամ կամք դրսեւորելու փոխարեն դրդում են այն ավելի բորբոք պահել:
Եւ մամուլն էլ չարագուժում է՝ ուկրաինական պատերազմն առավել թեժանալու է: Սեփական պատմությունից դաս քաղած գերմանացիների մի մասն առավել զգույշ են, մյուս մասը համոզված, որ ռուսական գազն անջատելու դեպքում վտանգվելու է իրենց առողջությունը, եւ թույլ, հազիվ լսվում է նաեւ նրանց ձայնը, որ հարց են տալիս՝ միգուցե ատոմային էներգիային հրաժեշտ չտանք, բայց մեծաթիվ մի երգչախումբ խլացնում է այս զանգվածի երկչոտ ձայները:
Ամեն օր առավել բարձր տոնայնությամբ են քննադատում Գերմանիայի կառավարությանը, կանցլեր Շոլցին, որ թեեւ ֆինանսապես, ռազմական տեխնիկա տրամադրելով սատարում է Ուկրաինային, բայց չի հաստատում, թե պատրաստ է ծանր տեխնիկա՝ մասնավորապես հրասայլեր ուղարկել: Դժգոհ է հատկապես կոալիցիայի մաս կազմող Ազատ դեմոկրատների կուսակցությունը: Կիեւում հիասթափված, դառնացած են, Բեռլինում Ուկրաինայի դեսպան Մելնիկը բողոքում է, ռազմական փորձագետները քննադատում են պաշտոնական Բեռլինի «սառը» կեցվածքը: Եթե հրաժարվենք զինատեսակներով նեցուկ կանգնել Ուկրաինային, կարտոնենք, որ Ռուսաստանը հաղթի այս պատերազմումե, լուրջ տոնով զգուշացնում է Գիտություն եւ քաղաքականություն հիմնադրամի ներկայացուցիչ Կլաուդիա Մայորը:
Ռուսաստանի հաղթանակը չեն հանդուրժելու, Ուկրաինայի պարտությունը չեն հանդուրժելու: Բայց հաղթանակն էլ չեն ողջունելու: Ինքնիշխան Ուկրաինան հարուստ ընդերք ունի, ուրեմն դեռ պիտի որոշեն, թե այդ հարստությանը տիրանալու արտոնությունն ո՛ւմ է տրված:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա