Ցուցահանդես՝ Էդուարդ Իսաբեկյանի գրաֆիկական աշխատանքների
Էդուարդ Իսաբեկյանի արվեստը մի ամբողջ էպոխայի գեղարվեստական արտահայտություն է՝ անցած դարաշրջանի 30֊40-ականներից մինչեւ իր կյանքի ավարտը (2007թ.)` ժամանակի մի լայն սպեկտր ընդգրկող, որտեղ պատերազմներ եղան, անհատի պաշտամունքի տարիներ ու ռեպրեսիաներ, ազատ մտքի դաժանագույն հալածանքներ, տոտալիտար մտածողության պարտադրանք. նա ապրեց դա ու տեսավ այդ սիստեմի փլուզումը, Հայաստանի անկախացումն ու հետանկախական տարիների դժվարությունները: Նրա բազմաժանր, բազմաբովանդակ, բազմաշերտ կտավները վերաբերմունք են իր ապրած ժամանակին: Լինելով լայն աշխարհայացքի ու մտքի տեր արվեստագետ, ոչ միայն նկարիչ, նաեւ գրող՝ էսսեիստ, վիպագիր, մարդկային կյանքի իմաստը որոնող եւ այն փիլիսոփայորեն ընկալող մարդ, նրա հայացքը իր ժամանակի մեջ ու նաեւ դուրս էր դրանից, այնպես որ կարողանում էր պատմական անցյալի ու ներկայի միջեւ կարեւոր զուգահեռներ տեսնել եւ դա վարպետությամբ հանձնել կտավին: Բնավ պատահական չէին, այլ հատուկ իմաստավորված էին այդ անցումները պատմական անցյալին:
Նրա նկարչությունը շատ զգայուն է նաեւ պարզ մարդկային խնդիրներին, մարդու ներքին վիճակներին, նրա հոգսերին եւ առհասարակ կյանքի տարբեր շերտերին, փոփոխություններին, բնության ու մարդու փոխհարաբերություններին: Ստեղծագործական բազմազանությամբ հանդերձ՝ ժանրային, ոճային, թեմատիկայի, նրա բոլոր կտավներում իշխում է ազգային, հայկական ոգին: Եվ երբ փորձում ես դրանք տեղավորել մեկ ընդհանուր հարթության մեջ, առաջին ամենաբնորոշ հատկանիշը, որ գալիս է մտքիդ, Իսաբեկյանի վրձնի հաստատությունն է. շատ ամուր են թվում կտավին այդ վրձնահարվածները՝ կամային մարդու, ուժի արտահայտություններ: Եվ հաջորդը՝ կտավների ներքին դինամիկան է, ընդգծված շարժումը, առանց որի կյանք պարզապես չկա:
«Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահի, որտեղ Վարպետի աշխատանքների մշտական ցուցադրությունն է, նկարների այն մեծ հավաքածուի, որ տարիներ առաջ որդին՝ Գեղարվեստի պետակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը նվիրեց Երեւան քաղաքին, առաջին հարկի մշտական ցուցադրությունը օրերս փոխարինվեց Վարպետի գրաֆիկական աշխատանքներով: Հիմնականում 1995 ֊ 98 թվականի եւ դրանից հետո արված գրաֆիկական գունավոր գործերն են` բնորոշվող խարակտերային ընդգծված վիճակներով` կազմվածքի, դիրքի, դիմարտահայտության: Չնայած կերպարները հիմնականում կանայք են եւ մեծ մասը մերկ ֆիգուրներ, աչքի են զարնում հատկապես ուժի, ներքին էներգիայի, կրքի հզոր կուտակումներով, տեղ – տեղ շիկացումներով, երբեմն` ագրեսիվությամբ, եւ այդ լիցքերը ակամա հաղորդվում են նաեւ դիտողին: Աչքի է զարնում ջրային թեման: Հատկապես ծովն իր տարբեր բռնկումներով` մերթ հանդարտությամբ, մերթ պոռթկումով եւ իհարկե կանայք, որոնց մերկության, մարմնի ամեն դետալի մեջ էներգիա, շարժում կա, այն նույն փոփոխությունները տրամադրության, ինչ կատարվում է ծովի հետ: Կինը կարծես ասոցացվում է բնության այս ամենախորհրդավոր, բազմանշանակ երեւույթի հետ: Ձիերի խրխինջը անսանձ ու կատաղի, սլացքը գեղեցիկ ամազոնուհիների, ազատ վարքը ջրերի, սրանք նկարչի ներքին ապրումները, մտածումներն են, դրանց շարունակությունը` շատ գեղեցիկ, վարակիչ:
Ցուցահանդեսի նկատմամբ արվեստագետների, արվեստասերների հետաքրքրությունը իսկապես մեծ էր. սրահը լեցուն էր: Արամ Իսաբեկյանը ողջունելով ներկաներին, շնորհակալությամբ` այցելության համար ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, հակիրճ ներկայացրեց Վարպետի նոր ցուցադրությունը, առանձնացնելով կարեւոր այն հատկանիշը, որը հարուստ փորձի, մեծ վարպետության արդյունք է. ասաց, որ Վարպետի յուրաքանչյուր նկար, անգամ զուտ աշխատանքային նպատակով արված գործ կարելի է շրջանակել ու ցուցադրել, մի բան, որ շատ քիչ նկարիչների դեպքում է հնարավոր: Որպես ազգային հարստություն այսպիսի մեծությունների ժառանգությանը վերաբերվել է պետք ակնածանքով ու հոգածությամբ, եւ նրա մաղթանքն էր. «Որ մեր երկիրը հասնի այն վիճակի, այդ ճանապարհով էլ գնում է, որ իր հարստությունները կարողանա ներկայացնել նաեւ աշխարհին»:
Ցուցահանդեսի համակարգող Օվսաննա Քարամյանը եւս շեշտադրեց այս հանգամանքը՝ մեր ազգային մշակույթը, մեծ վարպետների ժառանգությունը ճանաչելի դարձնել, արժեւորել, գնահատել ու փոխանցել եկող սերունդներին: Հետաքրքրական դիտարկում արեց գեղանկարիչ Կարեն Աղամյանը՝ թանգարանին տրամադրելով գծանկարչական֊ արվեստաբանական աշխատանքներ՝ Էդուարդ Իսաբեկյանի նկարչության ուսումնասիրությունների հիման վրա: «Նա հայ նկարիչների մեջ այն շատ քչերից է, որ կարողանում էր իր կոմպոզիցիան կառուցել տիեզերական ճշմարտության՝ Ոսկե հատման օրենքով, ինչը հատուկ էր միջնադարի մեծերին: Իսաբեկյանի գործերի մեջ այդ հիմունքները կիրառված են, որն արվում է ենթագիտակցորեն իհարկե, եւ հենց դա վարպետություն ու մեծ տաղանդ է: Այն վերլուծվում է մաթեմատիկական ճշգրտությամբ: Մենք իր աշխատանքների վրա արվեստաբանական այդպիսի վերլուծություն ենք կատարել, միաժամանակ հրավիրում ենք արվեստաբանների ուշադրությունն այս հարցին», խոսքը եզրափակեց Կ. Աղամյանը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ