Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական գործողությունները, ինչպես նաեւ Թեհրանի կողմից Պարսից ծոցի տարածաշրջանում ձեռնարկված պատասխան հարվածները ցնցել են համաշխարհային ֆինանսական եւ էներգետիկ շուկաները՝ առաջացնելով մտահոգություններ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ու հնարավոր ընդհանուր անկման վերաբերյալ: Այս մասին մարտի 18-ին ծավալուն վերլուծական հոդվածով է հանդես եկել Քաթարի «Ալ Ջազիրա» միջազգային հեռուստաալիքը: Պատերազմի համաշխարհային տնտեսական ազդեցության բերվող հիմնական ցուցանիշները բավական խոսուն են:
Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները եւ Իսրայելը սկսեցին խոշոր ռազմական գործողություն Իրանի դեմ: Թեհրանը պատասխանեց բալիստիկ հրթիռային հարվածների շարքով: Դրանք ուղղված էին Իսրայելին, ԱՄՆ-ի ռազմական բազաներին, նավթի պահեստներին եւ Պարսից ծոցի տարածաշրջանի այլ կարեւոր ենթակառուցվածքներին: Իրանի հարձակումները լրջորեն խաթարեցին Հորմուզի նեղուցով երթեւեկությունը, որով տեղափոխվում է աշխարհի նավթի ու գազի մատակարարումների ավելի քան 20%-ը: Անցյալ հինգշաբթի Թեհրանը Իրաքի տարածքային ջրերում հարձակվեց նավթատար նավերի վրա: Այս ամենը միասին, նշվում է հրապարակման մեջ, հանգեցրել է նավթի գների կտրուկ աճի: Մարտի 16-ի առավոտյան Brent տեսակի նավթի գինը հասել է մեկ բարելի համար 106 դոլարի, ինչն ավելի քան 40%-ով ավելի է, քան փետրվարի 27-ին գրանցված 72 դոլարի մակարդակը: «Քփլեր» ընկերության նավթի ավագ վերլուծաբան Մույու Սյույի խոսքով՝ պատերազմի սկսվելուց ի վեր հեղուկացված բնական գազի (LNG) գները ավելի կտրուկ են աճել՝ գրեթե 60%-ով: «Քաթար էներջի» ընկերությունը մարտի 2-ին դադարեցրել է գործունեությունը իրանական անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո՝ լարվածություն ստեղծելով համաշխարհային շուկայում: Քաթարը մատակարարում է աշխարհի LNG-ի մոտ 20%-ը:
Նավթամթերքների գները ՝ բենզինից եւ դիզելային վառելիքից մինչեւ ավիացիոն վառելիք ու մազութ, նույնպես զգալիորեն աճել են: Մույուն նշել է, որ այս միտումը հավանաբար, կշարունակվի, եթե Հորմուզի նեղուցով երթեւեկությունը սահմանափակվի:
Էներգիայի ներմուծման ծախսերի աճի հետ մեկտեղ, ասվում է հոդվածում, էներգատար տնտեսությունների արտադրողականությունը սկսում է նվազել: «Գլոբալ փեթրոլ փրայսիզ» սակարանային հարթակի տվյալներով, փետրվարի 28-ից ի վեր առնվազն 85 երկրներում բենզինի գների աճ է գրանցվել: Ապրիլին գների աճ է սպասվում նաեւ աշխարհի այլ տարածաշրջաններում: Տնտեսագետների կարծիքով, սա ազդում է արտադրության եւ ծառայությունների ծավալի վրա՝ սրելով ճգնաժամը: Մույու Սյույը նշել է, որ նավատերերը նույնպես տատանվում են նոր պատվերներ ընդունելու հարցում, բունկերային վառելիքի ռեկորդային գների պատճառով:
«Բլումբերգ նյուզ»-ի տվյալներով, պատերազմի սկսվելուց ի վեր համաշխարհային ֆոնդային շուկաները 5.5%-ով անկում են ապրել, ընդսմին ամենաշատը տուժել է Ասիան: Խոշորագույններից փետրվարի 28-ի համեմատ ամենամեծ անկումը գրանցվել է Տոկիոյի՝ 11%, Սաուդյան՝ 9,6%, հնդկական՝ 7% բորսաներում: Գլոբալ հարցերի մերձավորարեւելյան խորհրդի փորձագետ Ֆրեդերիկ Շնայդերը պարզաբանել է, որ ասիական շուկաներն էներգետիկ ցնցման հարցում ավելի խոցելի են: Այդ նույն ժամանակ ռուսական բաժնետոմսերի գներն աճում են, քանի որ երկիրը կարող է օգտվել Պարսից ծոցում ածխաջրածնային պակասուրդից:
Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան զգուշացրել է, որ երկարատեւ հակամարտությունը կստեղծի գնաճային ռիսկեր: Շնայդերն իր հերթին նշել է, թե Չինաստանն ավելի լավ է պաշտպանված՝ էներգիայի բազմազանեցման (դիվերսիֆիկացում) եւ վերականգնվող էներգիայի ու միջուկային էներգիայի ոլորտում ներդրումների շնորհիվ: Եվրոպան ամենաշատն է զգում հետեւանքները, քանի որ կորցրել է ռուսական գազին հասանելիությունը «Հյուսիսային հոսք» խողովակաշարի դիվերսիայի պատճառով: ԱՄՆ-ում, չնայած էներգետիկ ինքնավարությանը, բենզինի գների աճը հարվածում է ֆերմերներին եւ բնակչության խոցելի խմբերին, ինչը հատկապես ուժեղանում է միջանկյալ ընտրությունների տարում:
«Քեփիթըլ Էքոնոմիքս»-ը, ըստ հրապարակման, կանխատեսում է, որ եթե հակամարտությունը շարունակվի, Եվրոգոտու ՀՆԱ-ի աճը կդանդաղի մինչև 0.5%, իսկ Չինաստանինը 3%-ից ցածր կլինի: ԱՄՆ տնտեսությունը, կանխատեսումների համաձայն, 2026 թվականին կգերազանցի մյուս երկրների տնտեսությանը՝ աճելով 2.25%-ով: Եվրոգոտում գնաճը կարող է գերազանցել 4%-ը, ինչը Եվրոբանկին եւ Ճապոնիայի բանկին կստիպի խստացնել դրամավարկային քաղաքականությունը:
Պատերազմը, հավելել է լրատվամիջոցը, հանգեցրել է եւ ավիատոմսերի գների կտրուկ աճի: Տարածաշրջանի օդային տարածքը փակ է կամ սահմանափակված: Qantas Airways-ը, SAS-ը, Air New Zealand-ը, IndiGo-ն և Air India-ն արդեն հայտարարել են տոմսերի գների թանկացման մասին: Ինքնաթիռային վառելիքի գները մեկ բարելի համար 85-90 դոլարից աճել են մինչեւ 150-200 դոլար: Որոշ ավիափոխադրողներ (Lufthansa, Ryanair) ապահովագրվում են՝ ամրակայելով գինը ապագայի համար, ինչը մասամբ մեղմում է հարվածը: Սակայն Պարսից ծոցը շրջանցելու անհրաժեշտությունը Ասիայից դեպի Եվրոպա թռիչքները դարձնում է ավելի երկար եւ թանկ:
Գ. Մ.





