Արցախյան 32 կազմակերպություն ձեւավորվել է Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությամբ, որն առաջնահերթորեն զբաղվելու է Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման հարցերով, հաշվի առնելով ՀՀ կառավարությունում քննարկվող ծրագիրը:
«Արցախի ժողովրդի շահերի եւ իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանի փոխանցմամբ, բռնի տեղահանվածների սոցիալական եւ բնակապահովման հարցերը Փաշինյանի կաբինետի ուշադրության կենտրոնում պահելու համար բաց նամակ են հրապարակել, պատրաստվում են նաեւ ստորագրահավաք սկսել:
«Ազգ»-ը տեղեկացավ, որ տեղահանված մեր հայրենակիցները բաց նամակով գործադրին առաջարկում են ոտքից-գլուխ խմագրել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ դեռեւս չհրապարակված աջակցության նոր փաթեթը: Դիտարկումները վերաբերում են ամսական տրվող գումարներին եւ բնակապահովման տարբերակներին:
Փոխվարչապաետ Տիգրան Խաչատրյանը օրերս հայտարարել էր, թե տունուտեղ կորցրած արցախցիներին՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի 3 մլն դրամ կտրամադրվի:
«Նախ մենք ուզում ենք՝ ծրագրի իրականացման ժամկետը սահմանվի երկու տարի, բնակելի անշարժ գույք ձեռք բերելու նպատակով յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի էլ հատկացնել 5 միլիոն, որը համապատասխանում է մարզային բնակավայրերի երկրորդային շուկայի միջին գներին: Առաջարկում ենք, որ նշված գումարը հատկացվի բոլորին անվերադարձելիության սկզբունքով՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի ծանր սոցիալական վիճակը եւ զբաղվածության հնարավորությունների՝ խիստ սահմանափակ բնույթը»,- ասում է մեր զրուցակից, արցախցի Արմեն Ասրյանը:
Ասրյանը պահանջում է, որ կառավարությունը հրաժարվի ծրագրի շահառուների համար ներկայացվող ՀՀ քաղաքացիության պարտադիր պահանջից, որը, ըստ իրեն, հակասում է ՀՀ օրենսդրության ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ