Այս շաբաթ բոլոր կարեւոր իրադարձությունները Հայաստանի խորհրդարանում էին կատարվում, քանի որ խորհրդարանական հանձնաժողովներում քննարկվում էր Հայաստանի եկող տարվա բյուջեն, եւ այդ առթիվ լրագրողաքաղաքականախառը մի այնպիսի խառնաշփոթ էր ԱԺ միջանցքներում, որ դեռ պետք էր հասկանալ` հանձնաժողովում, թե՞ միջանցքում է տվյալ պահի գլխավոր իրադարձությունը: Այո, մեր լրագրողներին հաջողվել է այնպես փոխել խորհրդարանի դրվածքը, որ կարեւորը ոչ թե հարցերի քննարկումներն են դահլիճում կամ հանձնաժողովներում, այլ` նույն կամ հարակից այլ թեմաներով ուղիղ եթեր գնացող հարցազրույցներն ու ճեպազրույցները, ընդ որում` դրանք հաճախ վերածվում են անձերի խնդիրների, ինտրիգների բացահայտումների, եւ ասենք բյուջետային, այսինքն` բոլորիս վերաբերող շատ մութ հարցերի լուսաբանումը այդպես էլ մնում է ինտրիգների եւ խարդավանքների լուսաբանման հետեւում: Բայց դե`ոչինչ, ողջ վերջին տասնամյակն է համարյա այդպիսին` լուսաբանման առումով, ուղղակի հիմա դա ահռելի չափերի է հասել, եւ օրինակ, Արգիշտի Քյարամյան-Հովիկ Աղազարյան վեճը, կամ Անդրանիկ Քոչարյանին պաշտոնազրկելու մասին կեղծ կամ իրական լուրը ավելի մեծ լուսաբանման արժանացավ, քան Հայաստանի տասներկու միլիարդ դոլարանոց պարտքը կամ բյուջեի դեֆիցիտը ծածկելուն ուղղված նոր՝ ահռելի վարկերի ներգրավման փաստը:
Ընդ որում` Աստված գիտե, թե միջանցքային իրադարձություններից որո՞նք են լրագրողների ձեռքի գործ, որո՞նք` աննկատ ուղղորդվում հենց իշխանության կողմից: Նկատի ունենք, որ գլխավոր խնդիրներից լրագրողներին եւ նրանց լուսաբանման միջոցով հանրությանը կենսական խնդիրներից շեղելու տեխնոլոգիան չնայած հին է, բայց մեր իրականության մեջ հիանալի աշխատում է դեռ: Մենակ ի՜նչ արժե շաբաթվա առաջին օրն սկսված բյուջետային քննարկումների երեկոյան ողջ լրահոսը ծածկած ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հակասական հարցազրույցը`առավել նրա անձի շուրջ պտտվող թեմաներով, իսկ ահա նույն առավոտյան ԱԺ հանձնաժողների նիստի փակ մասում (որտեղ լրագրողներին չեն թողել) հնչած վարչապետ Փաշինյանի` նույնքան հակասական ելույթի դրվագներն այդպես էլ լայն լուսաբանման չարժանացան: Հա, երեւի Վահե Հովհաննիսյանն ինքն իր գլխին էր կես ժամից ավելի քթի տակ խնդմնդալով, համառորեն եւ հերոսաբար ստենդափ անում լրագրողների առաջ եւ հաճույքով պատասխանում նրանց`իրեն կպնող, իր կողմից ինչ-որ ընկերության հովանավորչության հարցերին, էդ աստիճան միամիտ էր, ի հակադրություն Անդրանիկ Քոչարյանի, որն ի պատասխան մեր հարցի` գիտեր որտեղից է փչում իր պաշտոնանկության մասին լուրի քամին, ասաց. «Միամիտ չեմ» : Շնորհավորում եմ իշխանությանը`եւ Վահե Հովհաննիսյանի, եւ Անդրանիկ Քոչարյանի դեպքում տեխնոլոգիան հարյուր տոկոսով աշխատեց, իսկ որոշումները, այդ թվում Սրբուհի Գալյանին արդարադատության նախարար դարձնելու, պետք է ընդունվեին արդեն հինգշաբթի երեկոյան, Փաշինյան-իշխանական խմբակցություն փակ հանդիպման ընթացքում:
Այնուամենայնիվ` կուզենք այդ բոլորից դուրս անդրադառնալ բյուջետային քննարկումների օրը արտգործնախարար Արարատ Միրզոյանի` Հայաստանի ներկա օրակարգի մի քանի ակտուալ հարցերի մասին կարեւոր հայտարարություններին:
200 քկմ-ից ավելի օկուպացված տարածքը հետ վերցնելու հարցը իշխանությունը մտադիր է լուծել սահմանազատման գործընթացի շրջանակներում:Միրզոյանի խոսքով՝ եղել են ադրբեջանական տարածքներ, որոնք գտնվել են Հայաստանի վերահսկողության ներքո, եւ եղել են հայկական տարածքներ, որոնք գտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո: Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղ հարաբերություններ չեն եղել, հիմա փորձ է արվում հաստատել:Հայաստանի ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը Հայաստանի շուրջ խաղաղության եւ կայունության ապահովումն է («Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին` Արցախյան հակամարտության կարգավորման հարց ԱԳՆ օրակարգում գոյություն ունի՞, թե՞ ոչ, ի պատասխան): Ասել է թե` Արցախի հարց չկա: Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը եւ ԱԳՆ օրակարգը չեն:
Իսկ թե ի՞նչ է գրված կառավարության ծրագրում (այնտեղ եւ Արցախի անվտանգության երաշխավոր լինելու եւ Ցեղասպանության հարցի հետապնդման հարցերն առկա են), թե բա` գրվածը գրված է, բայց աշխարհն է սրընթաց փոխվում, ամեն օր ու ամեն պահ նոր աշխարհ է, ո՞նց կարող են այդպիսի սրընթաց փոփոխություններից առաջ գրված բառերը նույն ուժն ու կիրառությունն ունենան: COP-29-ին Հայաստանի հնարավոր մասնակցության հարցը դեռ չի որոշվել, գերիների վերադարձի հետ դա կապ ունի:
ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները շատ թափանցիկ են, մենք ամուր տնտեսական կապերով ենք կապված: Տարակարծություններ էլ կան, օրինակ` ՀԱՊԿ եւ այլ մեկ-երկու հարթակներում, իսկ օրինակ մի շարք այլ հարթակներում, ինչպես օրինակ ԵԱՏՄ-ում, լավ էլ համագործակցություն կա:
Թուրքիայի հետ էլ շատ դինամիկ երկխոսում ենք այն մասին, որ դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատվեն, բացվեն սահմանները, տրանսպորտային հաղորդակցությունները, աշխատանք սկսվի Կարս-Գյումրի անցման վրա, բայց թարսի պես Թուրքիան գործընթացը որոշակիորեն կապում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ, որն, ըստ Միրզոյանի, կառուցողական մոտեցում չէ, քանի որ Հայաստանն առանց նախապայմանների հարաբերությունների մասին է խոսում:
Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկի» վերաբերյալ տարբեր երկրների վերաբերմունքին, Միրզոյանը վերահաստատեց, թե անընդունելի է տրանսպորտային ուղիների երկայնքով որեւէ երրորդ ուժի տեղակայումը, մասնակցությունը, ու այս պայմանով միայն կարելի է ձեռնամուխ լինել այդ ուղիների ապաշրջափակմանը:
Դե իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ հայկական կողմից վերջին առաջարկը վերաբերել է գործընթացն արագացնելուն եւ համաձայնեցված կետերով ստորագրելուն: Այս առթիվ, սակայն, Միրզոյանը կրկին օգտագործեց «զգուշավոր լավատեսություն» բառերը` անհիմն համարելով ադրբեջանական կողմի պնդումը, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային որոշակի պահանջ Ադրբեջանի տարածքի նկատմամբ. Ալմաաթիի հռչակագրով դա փարատվում է, ՀՀ-ն էլ տարածքային պահանջ չունի Ադրբեջանից:
Շարադրելով այս ամենը` անհնար է չարձանագրել, որ Հայաստանի մոտեցումների փոխակերպումների ողջ բացվածքը միատեղ տեսնելը արտգործնախարարի բյուջետային ելույթում ուղղակի սառը ցնցուղի է նման եւ անգամ ամենաանտարբեր մարդու մոտ կարող է շոկ առաջացնել` նկատել տալով, թե ինչ աստիճան ենք հեռանում հայկական երազանքից, վերջնականապես խաչ քաշում Արցախի հարցի վրա, անգամ Ցեղասպանության ուրացման դուռը բաց թողնում` էն, որ, ըստ Միրզոյանի, զգացական մասն է ու կապ չունի պետական քաղաքականության հետ:
Հարկ է նաեւ անդրադառնալ ընդդիմության նոր նախաձեռնությանը, որի մասին լրագրողներին տեղեկացրել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը. «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները նախաձեռնելու են ԱԺ հրատապ նիստ, որի նպատակն է առաջարկել ԱԺ-ին` ընդունել հայտարարություն, ուղղված ՀՀ-ի կառավարիչներին, միջազգային հանրությանը եւ Ադրբեջանին՝ կապված հայ գերիների վերադարձի հետ: Ճիշտն ասած` այս նախաձեռնության իմաստը չենք հասկանում: Եթե կլիմայական գագաթնաժողովը Բաքվում տեղի է ունենում միայն այն պատճառով, որ հայկական կողմն է դրան նպաստել` ավելի վաղ գերիների մի ստվար խումբ արձակելու դիմաց, ապա այս դեպքում եւս ինչ-որ դիվանագիտական մեղմություն է պետք հավանաբար` մյուսների ազատ արձակմանը նպաստելու համար: Թող գերիները գան, այ, դրանից հետո ինչ կուզեք հայտարարեք:
Դե իսկ այս ամենը դեռ դիտարկման նոր լույս է ստանալու ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո, երբ աշխարհը հարմարվի ԱՄՆ-ի նոր ընտրությանը: Չնայած ասում են`ԱՄՆ-ի խորքային պետությունն ուզած նախագահի դեպքում շարունակում է քաղաքական հիմնական գիծը, սակայն մի քսան տոկոս սրբագրումներ, նախագահի անձից կախված, կլինեն, այդ թվում՝ փոքր երկրների նկատմամբ: Իմ կարծիքով ԱՄՆ-ը կրկին թրամփելու է, ինչպես տարիներ առաջ էի գրել:
Դե իսկ Վրաստանի ընտրություններում Իվանիշվիլու «Վրացական երազանքի» առումով մեծ անսպասելիություններ չեղան`«Վրացական երազանքը» լավ էլ եվրոպամետ հայտարարություններ է անում`բոլորից շատ քվե տանելուց հետո, ու հազիվ թե մեզ համար աննպաստ ինչ-որ բան կատարվի Վրաստանում, մանր-մունր էքսցեսներից բացի:
Տեսնենք, թե ինչ կբերի եկող շաբաթն աշխարհին ու մեզ:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք այս հասցեով. https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ