Շփման գծում իրավիճակը լարվո՞ւմ է

211

Արդեն երկու շաբաթից ավելի տեւող, բազմաթիվ կյանքեր խլած, Ուկրաինայի ենթակառուցվածքները ոչնչացնող, Ռուսաստանի եւ աշիարհի շատ այլ երկրների տնտեսություններին մեծ վնաս հասցնող ռուս -ուկրաինական պատերազմի պատճառների եւ հետեւանքների վերաբերյալ վերլուծաբաններն ամենատարբեր վարկածներ են առաջ քաշում։ Աշխարհի վերաբաժանման համար գլոբալ առճակատման սցենարից սկսած՝ մինչեւ զուտ ռուսական մարող տնտեսության վերբեռնում։ Վերջին վարկածը շատ ավելի պարզունակ է, հումանիտար առումով՝ հրեշավոր, սակայն սովորաբար կառավարողների հումանիզմի բացակայության առումով՝ հնարավոր։

Ասենք՝ Ռուսաստանում կա տեսակետ, որ ռուսական էներգետիկ ընկերությունների մեծ մասի բաժնետերերը Արեւմուտքի մեծահարուստներն էին, ըստ այդմ՝ ռուսական նավթից ու գազից ստացվող օգուտների մեծ մասը երկրում չէին մնում։ Պատերազմի հետեւանքով արժերկված ռուբլով արեւմտյաններն արագորեն շատ էժան վաճառում են ընկերությունները ռուսական գնորդներին եւ լքում երկիրը, այդպիսով այդ ընկերությունները, բավական էժան գնով վերադառնում են Ռուսաստանին, պատերազմից հետո ՌԴ բյուջեն կտրուկ ավելացնելու հնարավորությամբ։

Ինչ պատժամիջոցներ էլ կիրառեն՝ արեւմտյան պետությունները չեն կարող դեռեւս հրաժարվել ռուսական գազ ու նավթից, սա է հաշվարկի հիմքը, վկան՝ ռուսական գազը հիմա էլ ողջ ծավալով ուկրաինական տրանզիտով Եվրոպա է մատակարարվում։ Պրիմիտիվ կարող է թվալ այս վարկածը, բայց մեջը նյութ կա, մնում է պատերազմի անմարդկային դեմքը մարսվի։ Մանավանդ՝ ռուսական մամուլում պտտվում է վաթսունից ավելի ձեռնարկության եւ ընկերության ցուցակ, որոնք, ըստ ենթադրությունների, ՌԴ կառավարությունը պատրաստվում է ազգայնացնել, նայած, թե ինչպես կարձագանքեն այդ ձեռնարկությունների արտերկրյա տերերը։ Այս պարագայում Ռուսաստանի ծանրաքարշ ու տեխնոլոգիաներով հետ մնացող տնտեսության վերբեռնման մի տարբերակ կարող է լինել որոշ ձեռնարկությունների ցուցադրական ազգայնացումը, իսկ դրա համար պատերազմն ու դրա հետեւանոքով ստեղծված նոր իրավիճակը ամենահարմար առիթն են։

Սակայն մի՞թե կարելի էր համեմատել առանց մարդկային ողբերգության ու տառապանքի ելքեր գտնելու, ողջ աշխարհում իրավիճակը սոդոմ-գոմոր դարձնելով պատերազմելու մոլությունը այլընտրանքային միջոցներով ելքեր գտնելու հնարավորության հետ, եւ, ի վերջո, մի՞թե որեւէ մարդ, պետություն կարող է այդքան տառապանք պատճառելու իրավասություն վերագրել իրեն՝ այլ մարդկանց եւ այլ պետությունների, բոլորի կյանքն աշխարհում այս կամ այն չափով դժոխք դարձնելով։

Ռուսաստանցի (ռուս չենք ասում, քանի որ հայտնի է նրա վրացական ծագումը) գրող եւ պատմաբան Բորիս Ակունինը, նույն տնտեսական իրավիճակով պայմանավորված պատերազմի պատճառների մասին խոսելիս՝ գերադաս նշում է նաեւ կառավարող անձի առանձնակի դերը պատերազմի որոշման կայացման համար։ Ռուսական պատմության հերթական զիգզագը նա նաեւ բացատրում է Պուտինի գործոնով։

Մարդը, որ երկար մնում է իր աթոռին, ըստ Ակունինի, կտրվում է իրականությունից, իր շուրջը ստեղծում արհեստական աշխարհ, առաջնորդվում այն մարդկանց պատկերացումներով, որոնք նրան տեղեկատվություն են փոխանցում ու դառնում է նրանց գծած իլյուզիաների պատանդը։

Եւ, իհարկե, կա նաեւ մշտական՝ աշխարհի բեւեռների միջեւ պատերազմի վարկածը, որի կողմնակիցներն ավելի ստվար են եւ ըստ որոնց ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Ուկրաինան ընկել են արեւմուտքի հրահրած պատերազմի եւ գծած սցենարի թակարդը, երկուսն էլ սարսափելի տուժելով պատերազմից եւ տարիներով կքելով՝ առաջինը պատժամիջոցների ստեղծելիք ավերից, երկրորդն իրական պատերազմական ավերներից իզգոյանալով։ Անկախ՝ ԱՄՆ կոնգրեսի՝ Ուկրաինային միլիարդավոր դոլարներ հատկացնելու կամ եվրոպական երկրների՝ Ուկրաինային աջակցող (բայց՝ ոչ էական աջակցությամբ), իսկ ավելի շուտ՝ պատերազմը տաք պահող որոշումներից։

Այսպես, թե այնպես՝ երկու շաբաթից ավելի ձգվող պատերազմի ավարտը դեռ չի երեւում, դեռ չեն հանդիպել Պուտինն ու Զելենսկին, վերջինս ակնարկում է Դոնբասն ու Լուգանսկը ճանաչելու հնարավորության մասին անգամ, միայն թե դադարի պատերազմը, իսկ Ռուսաստանի նախագահը, չնայած մարդուժի եւ զինտեխնիկայի ահռելի կորուստներին, դեռ կանգ առնելու ցանկություն չունի, խորացնելով զույգ երկրներում եւ աշխարհում պատերազմով պայմանավորված ճգնաժամը։

Հավանաբար երբ ռուսական եւ ուկրաինական խանութներում սպառվեն ձեթը, մակարոնը, առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ, այդ ժամանակ միայն ռուսները կանգ կառնեն, իսկ մարդկային կորուստները պատերազմողների համար կանգ առնելու հիմք չեն։ Ու արեւմտյան ֆինանսական եւ սպառազինական ներարկումներն Ուկրաինա՝ այստեղ կապ չունեն, քանի որ պատերազմն ընդհատում է բարիքների ստեղծումը, եղած նյութական բարիքները հատնեցնում։

Ինձ ուրիշ բան է սարսափեցնում. այն՝ որ երկու կողմից էլ, ռուսական եւ ուկրաինական բանակներում կռվում են հայեր, անգամ նրանց հերոսությունների մասին պաշտոնական հաղորդագրություններ կան, օրինակ Խերսոնի շրջանում փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանի մասին, որը հերոսաբար կազմակերպել է կամրջի պաշտպանությունը, այն վերահսկողության տակ առնելուց հետո։ Նրա ղեկավարությամբ իննը գրոհ է հետ մղվել, ու այդ գրոհողների մեջ , անշուշտ, ուրիշ հայեր էլ եղած կլինեն, ու միգուցե՝ զոհված։ Ինչ ողբերգություն, աշխարհում ցրված հայերիս ողբերգությունը, ուրիշների հայրենիքների համար կռվող հայերիս ողբերգությունը։ Ո՞նց, ախր ո՞նց կարող են հայերը միմյանց դեմ պատերազմել։

Պատերազմի մյուս երեսը

Հայաստանում, սակայն, հետեւելով եւ սպասելով պատերազմի ելքին, մարդիկ շարունակում են առօրյան, իրենց օգուտ-վնասից խոսում, բիզնես նոր հնարավորություններ գույքագրում՝ դավից անտեղյակ, ցավին անտարբեր, չնայած անգամ հայ -ադրբեջանական հերթական սահմանային լարումներին։

Վերջին շրջանում ադրբեջանական կողմը խախտում է հրադադարը, զոհ ու վիրավոր ունենք, Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ, Կարմիր Շուկա գյուղերի հարակից տարածքներն է գնդակոծվել, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի ուղղությամբ է անընդհատ հրետակոծվում, գյուղը լքելու կոչերով հոգեբանական տրյուկներ են գործադրվում ադրբեջանական կողմից։ Խաղաղ բնակիչ է իր բակում վիրավորվել։ Նույնիսկ Հայաստանի արեւմտյան սահմանում են ադրբեջանցիք իրենց վատ պահել։

Բայց առավել վտանգավոըը գազի մատակարարման ընդհատումն է Արցախում արդեն երկու օր, ըստ որոշ տեղեկությունների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող գազատարի հատվածի պայթեցման հետեւանքով։ Բանակցությունները ռուս խաղապահների միջնորդությամբ դեռ արդյունք չեն տալիս, գազամուղի վթարը վերացնել չի հաջողվում։

Որ Արցախի հանրապետությունից հումանիտար օգնություն էիք ուղարկում Դոնբաս, բա չէի՞ք մտածում, որ Ուկրաինայի բարեկամ Ադրբեջանից ամեն բան սպասելի է։ Հո միայն չխոսելով չէ՞, ինչպես վարչապետն էր զգուշանում գնահատականներ տալուց կառավարության նիստին Արցախի շուրջ տեղի ունեցողին, հո մախաթը պարկում չե՞ս պահի՝ Ադրբեջանն արդեն տանկեր է ցուցադրական կանգնեցնում Խրամորթի մոտ։

Հարյուր հազար մարդ Արցախում զրկված է գազից, մարդիկ չեն կարողանում շփման գծի սահմանային գյուղերում հողը մշակելու աշխատանքներ կատարել։ Եւ ինչպես Արցախի «Արդարության» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանն է ասում՝ Հայաստանի վարչապետը Մակրոնի հետ հանդիպմանը կարծիք է հայտնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «միջնորդական ջանքերը թույլ կտան խաղաղություն հաստատել տարածաշրջանում եւ կնպաստեն հաղորդակցության ուղիների բացմանն ու տնտեսական համագործակցության խթանմանը», իսկ Արցախում առկա հումանիտար աղետը եւ ազերիների կողմից մարդկության դեմ իրականացվող հանցագործությունը որակում «սահմանին սադրանքներ»։ Ու ոչ մի խոսք Արցախի անկախության միջազգային ճանաչման մասին, թուրք-ադրբեջանական սպառնալիքի եւ ադրբեջանական ժխտողականության դեմ պայքարի մասին։

Չնայած՝ մերոնք մեծ հաշվով այս վերջին երկու շաբաթն ընդհանրապես լուռ ու վախեցած են, Հայաստանում պաշտոնապես աշխատում են տեսակետ չհայտնել ռուս-ուկրաինական պատերազմի կողմերի հետ կապված, Արցախի շուրջ հերթական լարումը պաշտոնապես փորձում են մեղմ գնահատել, այս պահին դամ պահել՝ մինչեւ….

Անգամ ԵԽ նախագահ Շառլ Միշելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնի հետ հանդիպումներում Արցախի խնդրի վերաբերյալ ընդհանուր եւ զգուշավոր ձեւակերպումներ են հնչել, այդ թվում՝ վերջին սադրանքների առիթով։ Չնայած՝ այս տեսակետն էլ հնչեցրեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը. «Ինչո՞ւ չպետք է գնահատվի, ինչո՞ւ չպետք է ահազանգ հնչեցվի, ինչո՞ւ չպետք է ասվի, թե դրա դեմն առնելու ծրագրերը որոնք են։ Այս կրավորական պահվածքը, հանուն խաղաղության ամեն ինչ զիջելու այս մոտեցումը  բերելու է նրան, որ մենք լինել- չլինելու հարցի առջեւ ենք կանգնելու եւ կորցնելու ենք նաեւ այն, ինչ ունենք։ Դրա դեմը պետք է առնել»։

Պատերազմ տեսած Հայաստանում մերոնք շփում են ձեռքերը՝ մտածելով ո՞նց օգուտ քաղեն ռուսական ռուբլու արժեզրկումից, Երեւանը լցրած ռուսներին բնակարան վարձով տալուց, ժամանակավոր Հայաստան տեղափոխված ռուսական բիզնեսներից։ Մերոնք դեռ տաք են, նրանք ուշքի կգան, երբ ռուսական արտահանումների արգելքի, Ուկրաինայից ներմուծվող առաջին անհրաժեշտության սննդի բացակայության պայմաններում մեր խանութներում եւս դեֆիցիտ կլինի, ու անգամ վաստակած փողն արդեն չի օգնի։ Մերոնք կարծես մոռացած լինեն անցած դարի իննսունական թվականները՝ Աստված բոլորին հիշողություն տա։ Արդեն կարծես վերջին արցախյան պատերազմն են ուզում մոռանալ ու Խրամորթի մոտ կանգնած ադրբեջանական տանկերը ցուցադրական են անվանում (նորաթուխ ՄԻՊ)՝ դե հա, ոչ բանակ ենք ամրացնում, ոչ Արցախին տեր կանգնում, Ալիեւն էլ քնած է ու չի օգտվի այս երկսայրի իրավիճակից…

Մերոնք, կարծես ոչինչ էլ չի եղել, խորհրդարանում հակածխախոտային օրենքում հրատա՜պ ու արտահե՜րթ մեկ բառ են փոխում, որ հատկապես դդումի համ ունեցող սիգարետը դուրս չմնա հանրային վայրերում ծխելն արգելող օրենքից ու արտոնյալ վիճակում չհայտնվի, թե չէ բոլոր հայերը կանցնեն դդումի համ ունեցող ծխախոտի, ու խեղճ իշխանությունը վերահսկելու պահը բաց կթողնի։

Կամ խորհրդարանում նոր վարկի հաստատմամբ Հայաստանի պարտքն են մոտեցնում տասն միլիարդ դոլարի նշաձողին, որպեսի յուրաքանչյուր ՀՀ նոր ծնվող քաղաքացի միանգամից հսկա պարտքի տակ ծնվի ու էն գլխից իմանա՝ ի՞նչ բան է տոկոսի տակ ընկած պետությունում ծնվելը։ Բա բյուջեի դեֆիցիտն ինչո՞վ են փակելու, չնայած պարտք տվողի պարտադրանքներին, թե բա՝ համակարգային փոփոխություններ, հարկային բարելավումներ, կոռուպցիայի դեմ պայքար։ Հաա՜, այդ պարտավորությունների համա՞ր եք մի երկու հազար դոլարանոց կաշառակերներ բռնում մեկումեջ, միլիոնավոր դոլարները մեջ-մեջ արածներին ու հիմա անողներին դունչը չհասցնելով, բա պիտի թուղթ-մուղթ ցույց տաք եվրոպացի դոնորներին՝ համակարգային փոփոխությունների մասով։

Ամենակարեւորը մոռացա՝ Տիգրան Արզաքանցյանը նոր, ազգային կուսակցություն է ստեղծում՝ Ուժը հայրենյաց, թե Հայրենյաց ուժը, սրտացունց անունով. էլ ո՞վ դիմանա էս դարակազմիկ իրադարձությանը, անցյալի փողահեն կուսակցություններից դեռ չազատված՝ սույն նորագույն Օստապ Բենդերի հույսին ենք մնացել։

Ինչքան կուզի թող ՀՅԴ-ն ժողով անի, խոսի արտաքին եւ ներքին մարտահրավերներից ու դրան դիմակայելու անհրաժեշտությունից, խորհրդարանական ընդդիմությունը կենտրոնանա պատերազմը քննող հավասարակշիռ հանձնաժողով ստեղծելու վրա՝ նոր պատերազմը դռանը, մեզ Տիգրան Արզաքանցյանն է փրկելու, բա՜։

Ու էդպես էլ ապրում ենք՝ մեր առողջությամբ մտահոգ ու անգամ դդմի համ ունեցող սիգարետին արտոնյալ ձեռք մեկնել չթույլատրող իշխանության օգնությամբ. աղը տասը գրամի փոխարեն օրական հինգ գրամ կուտենք, վարկով ժամանակին աշխատավարձ ու թոշակ կստանանք՝ հերն էլ անիծած, որ մեր երեխեքն ու թոռները տոկոսի տակ են ընկնում, ու էս կարգ չախչախային որոշումներով ու օրենքներով օր կմթնեցնենք։ Ու որ ջրաղացը չի աշխատում, դա բոլորովին կարեւոր չէ, կարեւոր է չախչախը փայլեցնելն ու փայփայելը։ Տո ասա՝ անաղուհացները ի՞նչ են հասկանում սեղանին դրված աղամանից, որը խորհրդանշանական բան է հայերի հացի սեղանին, սեղանի զարդը, ու աղի վերաբերյալ էլ որոշում են կայացնում։ Դե ամեն օր մի որոշում կայացրեք՝ մի օր սեւ պղպեղը սեղանից արգելեք, մի օր՝ կարմիր պղպեղը, ու արգելքը խախտողին մի գոմփ տուգանեք, դե մի գործով պիտի զբաղվեք, թե չԷ՞։ Գոնե հայկական ավանդական աղաման տեսած կա՞ք, գիտե՞ք, որ աղն ու աղամանը մի ամբողջ կենսափիլիսոփայություն են ներառում, գոնե գիտեք, որ լավ մարդկանց Հայաստանում միշտ երկրի աղն են կոչել։ Հա դե՝ պատերազմից հետո ծագած հազար ու մի հարց, գերիների վերադարձ լուծել չկարողացողների համար պատերազմական վտանգին դիմակա մեր կյանքի աղը օրենքով հինգ գրամ պակասեցնելն էլ մեծ գործ է, հենց ապրեք…

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ