Քաղաքի բազմաթիվ բնակելի (եւ ոչ միայն) շենքերում 24 ժամ 7 օր եռում է կյանքը: Պատուհանների հետեւում միլիոնավոր տարբեր աշխարհներ են ապրում, ընտանիքը մի աշխարհ է, անձը՝ այլ: Ուրախության, վեճերի, լացի ու ծիծաղի մթնշաղին միշտ կա վաղվա օրը, լուսաբացը, երբ ոչ թե արհեստական լուսավորությունն է լուսավորելու քաղաքը, այլ արեւի շողը ներս թափանցելով պատուհանից` արթնացնելու է այդ շենքն ու այդ շենքում ապրող բազում այլ աշխարհները: Պատուհաններն ասես թթվածնատար անոթներ լինեն, որոնք շնչում են քաղաքի օդը՝ արտաշնչելով այն, ինչ կատարվում է իրենց ներսում…
Փետրվարի 18-ին ՆՓԱԿ-ի հարկի տակ Լիլիթ Մնացականյանը ներկայացրեց իր աշխարհը՝ «Շնչող Քաղաք» խորագրով:
Լիլիթն ասում է. «Երբ երեկոյան տուն եմ վերադառնում, երեւում են միայն վառված լույսերով լուսամուտները գիշերվա սեւերի մեջ: Ես հիշում եմ այն զգացողությունը, երբ այդ հինավուրց շենքերը մի ամբողջ աշխարհ էին իմ մանկահասակ աչքերում իրենց հսկայական, տպավորիչ տեսքով»:
Մտնելով սրահ՝ դիտողը շրջապատվում է բազմաթիվ շենքերով ու պատուհաններով՝ նյութական եւ անիմացիոն լուծումներով: Սրահի կենտրոնում պատկերազարդ մի խորանարդ է դրված, որի մեջտեղի մասն ունի որոշակի շեղություն: Սրահի կամրջակը զարդարված է՝ առաստաղից կախված պատուհանային արտացոլք հիշեցնող կտորներով: Պատկերված խորհրդային շենքերը տարիների փորձով վեր են խոյանում՝ նորակառույցները, որոնք դեռեւս անկառույց են, օժանդակվում են վերամբարձ կռունկով: Պատուհանները տարբեր են, հիմնականում՝ փակ կամ կիսաբաց: Իսկ առանձին սենյակում դրված են հեռուստացույցներ, էկրաններին պատուհաններ են, ուղղորդված ձայնային հավելումներով:
Հաջողություն ենք մաղթում Լիլիթ Մնացականյանին իր հետագա փորձարարական գործունեության մեջ:
ՀՐԱՉՅԱ ԳԱԼՍՏՅԱՆ