Հենց առաջին վայրկյաններից Վենետիկն ալեկոծում է մարդկանց՝ նրանց սահմանափակ տեսախցիկների առջեւ բացելով անծայրածիր շքեղութեամբ պալատները, որոնք կարծես պոկուած լինեն երկնային արքայութիւնից, եւ խեղճ զբոսաշրջիկները երկու-երեք անյաջող նկար անելուց յետոյ, բերանները բաց, գրպանները պինդ փակած, հիանում են մարդակերտ ամենաչքնաղ քաղաքով, դիմադրելով անդադար հրմշտոցին եւ կիզիչ արեւին: Բազում հեղինակներ են յիշատակել այս փառահեղ քաղաքը. հազարաւոր ճարտարապետներ, նկարիչներ, բանաստեղծներ անմահացրել են այն իրենց ստեղծագործութիւններում, միլիոնաւոր մարդիկ ոգեշնչուել եւ ոգեշնչուելու են Վենետիկով: Իսկ ես կուզէի կիսուել ինձ համար աւելի կարեւոր իրադարձութեամբ՝ իմ տպաւորութիւններով հայոց լեզուի եւ մշակոյթի ինքնատիպ դասընթացքից…
Ասում են հրաշքը մէկ անգամ է դուռը թակում, բայց ինձ համար այն իրականացել է առնուազն երկու անգամ. առաջինն՝ անցեալ, երկրորդն՝ այս տարի, վենետիկեան հայոց լեզուի եւ մշակոյթի ամառային խտացեալ դասընթացքի տեսքով, որն իրականանում է «Պո-Արաքս» մշակութային միութեան ջանքերի շնորհիւ՝ հոգեւոր եւ գիտական երախտաւոր գործիչ Լեւոն արքեպիսկոպոս Զէքիեանի ղեկավարութեամբ: Ռոմանիոյ հայոց միութիւնն ինձ եւ այլ ռոմանահայերի՝ Արաքսիին, Արթուրին, Անա Մարիային իր հովանաւորութեամբ հնարաւորութիւն տուեց լիարժէք մասնակցելու դասընթացքին:
Ամառնային մեր դպրոցը տեւեց 20 օր, որից 13-ը մենք ունեցանք դասընթացներ, երկուսին մասնակցեցինք Սուրբ Պատարագին Սուրբ Խաչ եւ Սուրբ Ղազարի հայ կաթողիկէ եկեղեցիներում, մէկ օրն ազատ էր, քանզի Իտալիան նշում էր Աստուածամոր վերափոխման տօնը (այդ օրը բաց էին Վենետիկի բոլոր եկեղեցիների դռները): Եղան նաեւ երկու անհասկանալի օրեր. առաջինը՝ երբ չհաւատացինք, որ ժամանել ենք, երկրորդը՝ երբ դժուարութեամբ հաշտուեցինք հրաժեշտի պահի հետ…
Անցեալ տարի ինձ համար խորթ էին դասական ուղղագրութիւնը, մեր մշակոյթի մէջ թատրոնի դերը, գրաբարի հիմնական կանոնները, արեւմտահայ հետեղեռնեան գրականութիւնը եւ լրագրողութեան հիմնական սահմանումները: Շատ ուրախ եմ, որ այս բոլորի մասին գաղափար չունէի եւ կարողացայ լուսաւոր այդ գիտելիքներն առաջին անգամ զգալ Վենետիկում: Ամուր դրուած հիմքն այս անգամ ինձ օգնեց աւելի խորը հայեացք նետելու բառերի ստուգաբանութեան վրայ, մանրամասնօրէն հետեւել հայ կատարողական արուեստի զարգացմանը, աշխարհաբար թարգմանել գրաբար նախադասութիւններ, լայնօրէն ուսումնասիրել արեւմտահայերէնի նրբութիւնները: Այս ամէնը 20 օրում սովորելը դիւրին բան չէր, սակայն շատ հետաքրքրական ու հաճելի գործընթաց էր՝ շնորհիւ մեր ուսուցիչների, որոնց գիտական պաշարը համեմատելի է անսպառ շտեմարանների հետ: Նրանք բարձրակարգ հմտութեամբ էին մատուցում դասանիւթը եւ նոյնիսկ ամենաբարդ ուղեգծերը մեզ բացատրում էին մատչելի կերպով:
Հայերէնի բանաւոր եւ գրաւոր զարգացման պատմութիւնը, բառերի ստուգաբանութիւնը, դասական ուղղագրութեան օրէնքները մենք սովորեցինք բանագէտ եւ լեզուաբան Տորք Դալալեանի հետ: Նա մեզ բացատրում էր, թէ ի՜նչ խորը արմատներով են կապուած միմեանց հետ լեզուները: Մեր դասարանը ստուգաբանման ձեւերն այնքան հաւանեց, որ հայերէնի ուսուցչուհի պոլսահայ Սարինը վճռեց կես-կատակ ստուգաբանական փորձեր կատարել: Նրա հետ փորձում էինք նաեւ արդիականացնել դասական հայերէնը՝ դասամիջոցներին զրուցելով գրաբար: Յուսամ, Բենեդետտա Կոնտինը, որ մեզ գրաբար էր ուսուցանում, չի զայրանայ իմ ու Սարինի վրայ՝ մեր հայերէն երկխօսութիւնները «գրաբարացնելու» համար: Թեկուզեւ մեր ուսուցչուհին իտալուհի է, գրաբարը նրա համար ասես մայրենի լեզու լինի, որը նա գիտի ամենայն մանրամասներով: Նրա հետ մենք ընթերցեցինք մի հատուած Եղիշէի՝ Վարդանանց պատերազմի մասին երկից եւ մի քանի առակ Մխիթար Գոշից, որոնք յետոյ թարգմանեցինք աշխարհաբար: Եւ է՛լ աւելի ոգեւորուեցի՝ տեսնելով Մխիթար Գոշի ձեռագիր մատեանը Մխիթարեան մատենադարանում, Սուրբ Ղազար կղզի մեր այցի ժամանակ..
Արեւմտահայ եւ սփիւռքահայ գրականութեան նշանաւոր դէմքերից մի քանիսին մեզ ծանօթացրեց պարոն Րաֆֆի Սէթեանը: Կարդալով Վահան Թէքէեանի քերթուածները՝ պարոն Սէթեանը մեզ բացատրում էր գրեթէ ամէն մի բառը եւ նրա արտայայտած ուժը նշուած տողում, ըստ այդմ մեզ զգացնել տալով բանաստեղծի ողջ ապրումները:
Գրական այս չոր, սեւ-սպիտակ թերթերից յետոյ տարբեր գոյներով էին շնչում Արծուի Բախչինեանի դասախօսութիւնները, որոնք նա պատկերազարդում է հայ կատարողական արուեստի գործիչների, ներկայացումների եւ շարժանկարների լուսանկարներով: Նրա հետ մենք նախ մտովի տեղափոխուեցինք հայոց լեռնաշխարհ՝ դիտելով քարայրին խզբզած եարխուշտայի թուացեալ պատկերը: Ասես ներկա եղանք առաջին հայ ֆիլմի՝ «Նամուսի» բացմանը, հիացանք «Տժվժիկի» հերոսներով, Փելեշեանի հետ զգացինք՝ ինչպէս է ծնունդ առնում կեանքը: Բոլոր արուեստներն էլ ազդեցիկ են, բայց երբ պարոն Արծուին պատմում էր հայ թատրոնի մասին, նրա շուրջը կարծես հաւաքւում էին բոլոր դերասանները՝ ասես ետնաբեմում խմբուած իրենց մուտքին սպասելիս: Կհաւատայի, որ մեր ուսուցիչն անձամբ ներկայ է եղել բոլոր հետաքրքրաշարժ պատմութիւններին՝ Պետրոս Ադամեանի՝ ներկայացումներից յետոյ սարքած խնջոյքներին, Սիրանոյշի բեմական կախարդանքին, Վահրամ Փափազեանի արկածներին, եթէ նա մեզ չասէր դրանց իրական թուականները: Զարմացայ՝ իմանալով, որ Համլետը հայկական անուն չէ, պարզապէս Շեքսպիրի այդ ողբերգութիւնն այնքա՜ն են սիրել հայերը, որ Հայաստանում աւելի շատ Համլետ անունով տղաներ կան, քան դանիացի թագաժառանգի հայրենիքում:
«Համլետը» միակ անգլերէնից հայերէն թարգմանութիւնը չէ, որին ես սիրահարուեցի: Թէ՛ անցեալ տարի եւ թէ՛ այս, մեծ ուրախութեամբ ունկնդրեցինք «Բիթլզի» «Let it be» երգը հայերէն՝ «Եղիցի» վերնագրով, պարոն Արծուիի թարգմանութեամբ եւ նախաձեռնութեամբ: Ուսանողներն այն կատարեցին մեր քաղցր «ուրախ երեկոներից» մէկի ընթացքում: Թէ ինչպէս էին անցնում մեր ուրախ երեկոները եւ արտադասարանային զբոսանքները՝ մէկ այլ հեքիաթային պատմութիւն է…
Վենետիկի հայ լեզուի ու մշակոյթի ամառային խտացեալ դասընթացքից բոլորս վերադառնում ենք մի քիչ ուրախ, մի քիչ տխուր՝ լցուած հարստագոյն տպաւորութիւններով, հետաքրքրական եւ օգտակար գիտելիքներով, նոր, սիրելի ծանօթութիւններով… եւ ամէն օր յիշում ու մտովի ասում ենք՝
-Շնորհակալութի՛ւն քեզ, «Պո՛-Արաքս»…
ՀԵՆՐԻԿ ԹՈՒՄԱՍԵԱՆՑ
Բուխարեստ