Ոչ ոք չի կասկածում, որ հունվարի 19-ի գիշերը Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի իրական պատճառները, հանգամանքները, իրական մեղավորը կամ մեղավորները չեն բացահայտվելու:
Մինչեւ հիմա ո՞ր հանցանքն ու ոճրագործությունն է բացահայտվել, որ այս մեկն էլ բացառություն լինի:
Պատերազմից մեկ տարի անց, տղաների մասունքները ցելոֆանե տոպրակների մեջ ամառվա շոգին Կոտայքի դիահերձարանի հատակին հայտնաբերվեցին: Այդ անողոք, հակատիեզերեկան ու հակաաստվածային ոճրագործության համար ոչ ոք պատասխանատվություն չկրեց ու չպատժվեց: Նույնը՝ Պարոնյան-Լեո խաչմերուկի վրա հղի կնոջը վրաերթի ենթարկելու դեպքը:
5000 երիտասարդ հայ տղա սպանվեց 44-օրյա պատերազի ժամանակ, 300-ից ավելի գերեվարված ու անհետ կորած ունենք: 2022-ի սեպտեմբերի 13-ից մինչ օրս Ջերմուկի, Վարդենիսի, Սյունիքի հարակից տարածքներում անթաղ մարմինները մնացել են բաց երկնքի տակ: Մոտ 300 զոհ ունեցենք նաև սեպտեմբերյան եռօրյա պատերազմի ժամանակ:
Հունվարի 19-ի դեպքը չհաշված, ըստ վիճակագրության՝ միայն վերջին 10 ամսում բանակում, «խաղաղ» պայմաններում այնքան զինվոր է սպանվել, որքան նախագահ Քոչարյանի պաշտոնավարման 10 տարվա ընթացքում:
Եթե 15 տղայի ողջակիզման դեպքից ժամեր անց վարչապետ Փաշինյանը մեղքը գցեց բենզինի ու բենզինն օգտագործող զինվորականի վրա, ապա երկու օր անց նա ավելի փիլիսոփայորեն, միստիկաբար մոտեցավ խնդրին՝ մեղավորը մեր ԴՆԹ-ն է:
«Տեղի ունեցած դեպքերի արձագանքներից որոշներն ի ցույց են դնում, որ մենք կարիք ունենք, բացի մակերեսին գտնվող փաստերից, խորանալ և հասկանալ պրոբլեմներն իրենց խորության մեջ: Իսկ պրոբլեմներն իրականում ոչ թե մակերեսին երևացողներն են, այլ նրանք, որոնք արտահայտվում են ամենատարբեր ոլորտներում, դրանք, եթե կարելի է ասել, ԴՆԹ մակարդակի պրոբլեմներ են»,- հայտարարեց «իմաստասեր» Փաշինյանը հունվարի 21-ին, մարզերում պարեկային ծառայության ստորաբաժանումների բացման առիթով արտասանած իր ելույթի ժամանակ:
Մոտավորապես շամանիզմի տեղայնացման հետ գործ ունենք, երբ ցեղախմբի հետ տեղի ունեցող դժբախտությունների, հանցանքների, սխալ ղեկավարման մեջ ցեղախմբի առաջնորդին «մաքուր հանելու» համար շամանը մեղքը գցում է չար ոգիների վրա, բանդագուշանքություններ անում, ցեղի աչքերին թող փչում, ցեղապետին էլ սրբացնում ու առեղծվածային կերպով դժբախտ ցեղակիցներին ուղարկում իրենց քարայրները:
Հաջորդ րոպեին ցեղի գլխին նոր պատուհաս էր գալիս, բայց էլի չար ոգիներն էին մեղավոր, ոչ թե ցեղապետը:
Հրդեհից փրկված ժամկետային զինծառայող Գարուշը պատմում է, որ իրենց կացարանի պատուհանները վանադակաճաղերով փակված են եղել, դուռը դրսից կողպված, հակահրդեհային սարք չեն ունեցել, ավտոբենզին չեն օգտագործել, տղաները հուսահատ այսուայնտեղ են ցատկոտել, որ հրդեհի ճիրաններից ազատվեն, իսկ Փրկարար ծառայության գնդապետը հայտարարում է, թե 14 զինվորների ծխահարված մարմինները հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած:
Փաշինյանն էլ դեպքից ժամեր անց՝ Կառավարության նիստի ժամանակ, մեղքն արդեն գցել էր զինվորների վրա, թե իբր նրանք բենզինով վառարան են վառել ու հրդեհի պատճառ դարձել, ու հատկապես նրանցից մեկն է «գլխավոր մեղավորը»՝ բենզինի 5 լիտրանոց տարան հատակին նետող կապիտանը, որը շնչուղիներն այրված՝ Այրվածքաբանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում պառկած է:
Պետության ղեկավարի հնչեցրած խոսք՝ «ԴՆԹ մակարդակի պրոբլեմներ են»:
5000 տարի ապրեցինք, քաղաքակրթություն, այբուբեն, Մատենադարան, «Մշո ճառընտիր», «Դատաստանագիրք», աստղադիտարան, հայկական արբանյակ, գունավոր հեռուստատեսություն, խաչքար, թոնիր, օպերա ստեղծեցինք, որ 21-րդ դարում հետ գնանք չար ու անտեսանելի ոգիների ժամանակներ:
Մեր շամանի ասածն ասած է կամ էլ մեր շամանը դպրոցական տարիներին տպավորվել է Շիրվանզադեի «Չար ոգի», Նար-Դոսի «Ինչպես բժշկեցին» ստեղծագործություններով: Կամ էլ նոր մանիպուլյացիայի, այս գործն էլ պատերազմի, գերիների, ադրբեջանական ներխուժումների պես «ջրելու», պարտակելու, մեղքնի իր ու իր խմբակի վրայից գցելու նոր ձև է գտել՝ ԴՆԹ:
Շամանը երկար խորհել է՝ 5000 զոհ, չդադարող պատերազմ, քովիդի՝ անփութության հետեւանք հավելյալ զոհեր, բանակում հազար ու մի սպանություն, բանակից դուրս՝ ամենօրյա մահեր, դատավարություններ, շրջափակված-ցեղասպանվող արցախահայություն, գնաճ, 4 տարում նախորդ 20 տարվան կրկնակի գերազանցած արտաքին պարտք, վրանների մեջ՝ անզեն, անջուր, առանց վառելիքի զինվորներ, ողնաշարը ջարդած բանակ, որդեկորույս ծնողներ, 300 անհետ կորած ու գերեվարված, անթաղ դիակներ, ահագնացող Եռաբլուր, 3000 դրամով ավելացած թոշակից գոհ տատիկ-պապիկներ…տեսնես ո՞վ է մեղավոր: Նախկիննե՞րը, ընդդիմությո՞ւնը, չէ… արդեն ինքն էլ է հոգնել «միշտ նույն մեղավորներից»:
Լավ, ո՞վ է մեղավոր… եթե նախկինները չեն, ընդդիմությունն էլ չէ, դե պարզ է, ինքն ու իր խմբակն էլ չեն մեղավոր: Բայց մեկը պիտի՞ մեղավոր լինի:
Էվրիկա՜… հայկական ԴՆԹ-ն է մեղավոր. Պատասխանը գտավ մեր շամանն ու սիրտը տեղն ընկավ:
Եթե մեզ պատուհասած դժբախտությունների մեջ հայկական ԴՆԹ-ն է մեղավոր, հապա ինչո՞ւ այդ նույն ԴՆԹ-ն չի գործում շամանի ու նրա իշխանության մյուս ներկայացուցիչների դեպքում:
Նրանցից ոչ ոք բանակում՝ բզկտված վրաններում, գոմ հիշեցնող կացարաններում ծառայող չունի՞, ոչ մեկի թեկուզ հեռավոր բարեկամը «բենզինով վառարան չի՞ վառում», հղի չի՞, փողոց չի՞ անցնում, Սուրմալուի պայթյունի ժամանակ այդ տարածքով չի՞ անցել:
Սրանք չարամիտ, չարակամ հարցեր չեն, բնավ:
Եթե շամանն ու շամանականները ձերբազատված են դժբախտություններից, ուրեմն կամ նրանց դեպքում ԴՆԹ-ն «փչացել է», կամ նրանց ԴՆԹ-ն ուրիշ է, համենայն դեպս, հայկական չէ՛:
ՆԱԻՐ ՅԱՆ