Եղիշե Չարենցի 125-ամյակի առթիվ տպագրվել է հանճարեղ բանաստեղծին՝ ժամանակակից բանաստեղծների նվիրումներ, ինչպես նաև գրողների, գրականագետների՝ նրա անձն ու ստեղծագործությունը ներկայացնող էսսեներ ու գրախոսություններ ամփոփող ժողովածու: Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ տպագրված այս գրքի համար ընտրվել է չարենցյան պոեզիայից առնված հայտնի տողը՝ «Ես եմ հիմա…»: Գրքում կարող ենք կարդալ 27 հեղինակների 49 բանաստեղծական և արձակ նվիրումներ, 15 գրաքննադատների հոդվածներ: Գրքի շնորհանդեսը կայացավ Չարենցի ծննդյան հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, համառոտ խոսելով Չարենց գրական երևույթի դերի և նշանակության մասին ողջ հայ գրականության պատմության մեջ և հետագա գրական ընթացքի համար, նշեց, որ ներկայումս ստեղծագործող գրողների շատ ավելի նվիրումներ կան Չարենցին, սակայն նրանք, գուցե տեղեկացված չլինելու պատճառով (թեև կանխավ գրքի հրապարակման նախագծի մասին տարբեր հարթակներում հայտարարություն է արվել), իրենց գործերը չեն ներկայացրել: Այդուհանդերձ, գիրքը պարունակում է բազմաթիվ «ձեռագրեր», Չարենցի անձն ու գործը տարբեր կերպով մեկնելու հուզական շերտեր, ժամանակների մեջ նրա դերի գնահատման հետաքրքրական դիտանկյուններ: Նորատիպ գրքի էջերի մեջ գինի ցողվեց, և այդ գինեձոնային՝ ավանդույթ դարձած արարից հետո ՀԳՄ փոքր սրահում խոսք ասացին բանաստեղծներ, գրականագետներ:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ