Մեր քաղաքական կյանքն ինձ սարքովի մի բան է թվում, ինչ-որ արհեստական բան կա տեղի ունեցող ամեն ինչի մեջ: Քաղաքականությունից հեռու սովորական մարդն անգամ, երբ հետեւում է գործընթացներին, ենթագիտակցորեն զգում է, որ ստորգետնյա գետի նման ինչ-որ բան հոսում է տակից` անհասանելի եւ անտեսանելի իր համար ու իր ոտքի տակից դանդաղ քաշում -տանւմ է հողը: Չգիտեմ քանի մարդ այս տողերն ընթերցելիս կարող է հակառակը պնդել: Եւ այս իմաստով ինձ զարմացնում են լուրջ դեմքով քաղաքական վերլուծություններ անողները, թե բա` այս կամ այն ուժը քվեների կամ համակրանքների ի՞նչ պաշարով է մտնում ընտրական տարի, քանի՞ տոկոս կհավաքի եւ այլն: Ախր ոչ մի քաղաքական կամ քաղաքագիտական կանոն չի գործում հիմա մեր ներքին կյանքում, ու իրոք զարմանք են հարուցում քաղաքական նոստրադամուսների դեր ստանձնածները մեր արհեստական քաղաքական կյանքը վերլուծելիս: Սարքովիությունը, արհեստականությունը, ապականոնությունն ինչպես տասնյակ տարիներով մեր ուղեկիցն են եղել, այնպես էլ հիմա են դերակատար:
Ընդամենը պետք է սեփական աչքերով տեսած լինել անցյալը, եւ սթափ վերլուծել ներկան, ու այս դեպքում հուսալի եզրակացությունները հիշողությունը չկորցրածներինն են, ոչ թե նրանցը, ում՞զտված, մոտիվացված տեղեկատվությամբ են կերակրում, ում պատկերացումները քարոզչական աղբի հետեւանք են:
Ընդամենն իրար կողքի դնենք փաստերը: Այնպես , ինչպես ժամանակին ՀՀՇ-ն էր արհեստականորեն սարքվում քաղաքական ուժ` նախապես գծված նպատակներով, հետագայում «Ժառանգությունը», «Բարգավաճ Հայաստանը» այսուայն մանրիկ-դրածո կուսակցությունները, նոր ժամանակում` ՔՊ-ն եւ յուր սատելիտները, այնպես էլ հիմա «Մեր ձեւովն» ու այսուայն «Թեւերն» են ինչ-որ կառույցներ սարքում- հավաքում որպես տվյալ ժամանակի քաղաքական ֆազլ` իրե՛նց ձեւով եւ իրե՛նց նպատակների համար, ժողովրդի տարբեր հատվածներին խորամանկորեն եւ հմտորեն հրելով եւ կցելով այդ բոլորին: Հայկական քաղաքականությունը կեղծ ու սարքովի, իմիտացիոն դարձնելով, ինչ-որ գրասենյակներում նախագծելով ու հետո հանրության գլխին կոտրելով:
Մի բան էր դա անցյալում, երբ օրվա իշխանավորների կամ մեր ցանկությունից անկախ` միջազգային իրավիճակները թույլ էին տալիս համեմատաբար անվտանգ մարսել այդ տնայնագործությունը (եթե չասենք` տնաքանդությունը) եւ մեր պետությունն իր ողջ ունեցվածքով ի սպաս դնել նախագծողներին, մի այլ բան է դա հիմա, երբ աշխարհն ամեն օր այնպես է փոխվում, որ չգիտես, թե արդյոք այս իմիտացիոն քաղաքական կառուցվածքներով կկարողանա՞նք դիմակայել տարածաշրջաններ կուլ տվող նախագծերին ու վտանգներին, ինչպես որ չկարողացանք դա անել 2020 թվականի պատերազմի ցավալի կորուստների ժամանակ:
Վերեւում նկարագրված մեր այսպես կոչված քաղաքական կյանքը, ազգային, հայրենասիրական, թե հեղափոխական ածականներով զարդարված լինի, թե ոչ, դանդաղ ներգործող թույնի նման աննկատ այնպես է ազդել մեր հանրության հոգեբանության վրա, այնպես է հիասթափեցրել նրա տարբեր շերտերին ամեն ինչից, այնպես է հոգնեցրել, որ հայ մարդկանց լայն շրջանակները չեն հավատում իրենք իրենց, պատասխանատվություն չեն զգում Հայաստանում տեղի ունեցողի համար, չեն հուսում, որ իրենք կարող են ընթացք փոխել, ինչ-որ բան նախաձեռնել, կամք պարտադրել…
Նրանց դիմադրողականությունն ամենօրյա դոզայով շարունակում են թուլացնել, ավանդական մեթոդներին նոր զինատեսակներ են ավելացել`սոցիալական ցանցերը, որոնք նույնպես անում են իրենց սեւ գործը: Անգամ օդն է հագեցած աներեւույթ ալգորիթմերով, որոնք մի խնդիր ունեն` քաղաքացուն դարձնել անկամ, ենթարկվող, հեշտ կառավարվող, որը չի զատի ճշմարիտն ու կեղծը, չի նույնականանա իր ինքնության հետ եւ չի դիմադրի: Մեծ նպատակը`ոնց վերարտադրվել են տարիներով, նույն կերպ իշխանության բարիքների տերը լինել առաջիկայում` մինչեւ այժմ ասպարեզում եղածներով կիսելով եւ իրենցով անելով բոլորիս ապագան:
Ամեն ինչի մեջ քարոզչություն կա` այս կողմում, մյուս կողմում, երրորդում, մենք ոչ թե ապրում ենք, այլ քարոզի տեղատարափն ենք մի կերպ մարսում ամեն օր` ամբողջովին քարոզների մատերիալ դարձած: Մեզնից խլված է կյանքի համն ինքնուրույն զգալու կարողությունը, ռեսուրս ունեցող ամեն մեկը մեզ ստիպում է այդ համն առնել ռեսուրսատիրոջ զգայարաններով եւ պատկերացումներով: Հեռանում-հեռանում ենք Սովետից, նրա պարտադրվող- ճնշող. քարոզչական-կեղծ ապրելակերպից , բայց դույզն ինչ չենք հեռանում, որովհետեւ դրան նմա՛ն, դրան հավասա՛ր այլ ամենօրյա քարոզչությունների գրոհի տակ ենք, որովհետեւ ոսկրացած համակարգն այդպես էլ չկարողացանք փոխել, որովհետեւ կոմսոմոլական-սուրուական հին ձեւով վազ ենք տալիս մեզ պարտադրվող կառուցվածքների մեջ` հուսալով, որ մի բան էլ մեզ համար կպոկենք: Որովհետեւ չհասունացանք այնքան, որ ինքներս նախաձեռնենք մեր կյանքի փոփոխությունը, ու դա չսպասենք ուրիշներից: Որովհետեւ չենք կրթվում այնքան, որ տարբերենք ատաքին ու ներքին ծուղակները:
Ու լուռ նայում ենք մեր իմիտացիոն ներքին կյանքին, համակերպվում դրան: Նայում ենք, թե ո՞նց է յոթ տարի իշխանությունն օրակարգեր թելադրում բոլորին, այդ թվում օրվա ընդդիմությանը, նայում ենք, թե ո՞նց են իրենց ընդդիմություն անվանողները սահուն վերցնում այդ օրակարգերը` ոչ մի սեփական օրակարգ չառաջադրելով, ոնց են ձախողվածներն անվերջ վերադառնում:
Նայում ենք` ո՞նց են երկրի ինստիտուտներն անդեմ ու անկամ տեղավորվում միակենտրոն, համարյա ավտորիտար կառավարման մեջ` առանց օրենսդրորեն իրենց վերապահված լիազորություններն իրացնելու: Օրինակով բառերի մերկությունը ծածկեմ: Ունենք Ազգային ժողով, որ օրենսդրորեն հակակշռեր պիտի գործադիրին, անգամ գերադաս լիներ նրանից, որովհետեւ ստատուսով ամենաբարձր կառույցն է: Ունե՞նք այդպիսի ԱԺ, իհարկե ո՛չ, ունեցա՞նք ԱԺ այնպիսի նախագահ, որ իր բարձր ստատուսին համապատասխան գործոն դառնար եւ անկախ խմբային շահերից` երկրի քաղաքական թիվ մեկ պատասխանատուն զգար իրեն, չստորադասեր իր պաշտոնեությունը կուսակցական ղեկավարի ամբիցիաներին (Սովետի կոմկուսի ականջը կանչի), իհարկե ո՛չ: Ունե՞նք երկրի այնպիսի նախագահ, որ իրոք իրացներ իրեն որպես երկրի գլուխ, իհարկե ո՛չ: Այդ պաշտոնյաները նախագահ եւ ԱԺ նախագահ են աշխատում գործադիրի ղեկավարի, իսկ ավելի ստույգ՝ իշխող կուսակցության ղեկավարի մոտ, նրանք չեն համարձակվում իրացնել իրենց բարձր պաշտոնների` պետությանը նույնական ողջ նշանակությունն ու լիազորություննեի համալիրը, երբ հարկ կա մոտեցում հակակշռելու:
Լավ, յոթ տարվա առաջին տարիներին միգուցե դա դեռ կարելի էր ընկալել` նրանք պարտավորված էին իրենց բերող ուժին ու նրա ղեկավարին, բայց պետություն ներկայացնելը, նրա համար պատասխանատու զգալը փորձով գալիս է, ախր, ինչո՞ւ դա մեր դեպքում այդպես էլ տեղի չունեցավ, ինչո՞ւ չաշխատեց զսպման եւ հավասարակշռման մեխանիզմը:
Ու այս իմիտացիոն կյանքով, որի մեջ հանգիստ կարելի է տեղավորել մեր հոգեւոր կյանքի փոխակերպումները, հոգեւորականների եւ եկեղեցու շուրջ կատարվողը` երկկողմանի մեղավորությամբ, մտնում ենք ընտրական տարի, այո:
Ի՞նչ վերլուծես, ամեն ինչ այն գլխից էլ պարզ է, օրակարգ թելադրող իշխանությունը ընդդիմափոխություն է անում, որ իրեն հարմար ընդդիմությամբ նոր խորհրդարան ձեւավորի, քանի որ արտաքին ու ներքին նախագծումներից դուրս ուժեր այդպես էլ չստեղծվեցին, երկրի խնդիրներին ձեռք զարկող եւ պատասխանատվությունը ստանձնելու պատրաստ մարդիկ, որոնք զանազան խաղերի մասնակից կամ ազդեցությունների կրող չեն` այդպես էլ առաջ չեկան: Ամեն ինչ հին է այնպես, ինչպես միշտ հայկական կյանքում է եղել` նշանակովի մարդիկ, քաղաքական թատրոն ու կրկես եւ խաբված հանդիսատես:
Չգիտենք, թե ին՞չ կփոխվի Նոր տարում:
Շնորհավոր Ամանոր, Աստված պահպանի Հայաստանը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի յութուբյան ալիքի հրապարակումներին հետեւեք հետեւյալ հղումով.




