Դեկտեմբերի 14-ին Բրյուսելում առաջին նիստը գումարեց ԵՄ եւ ASEAN հարավարեւելաասիական երկրների (Սինգապուր, Բրունեյ, Կամբոջա, Ինդոնեզիա, Լաոս, Մալազիա, Միանմար, Ֆիլիպիններ, Թայլանդ, Վիետնամ) գագաթնաժողովը, որի գլխավոր նպատակը այդ երկրների միջեւ աշխարհաքաղաքական շահերով պայմանավորված տնտեսական սերտ համագործակցությունն է։ Գերմանական ԶԼՄ-ները ակնարկում են, որ միավորումը Չինաստանի դեմ պատվար կլինի, նաեւ փոխանցում ԵՄ-ի հույսը՝ միակամ լինել ՌԴ-ի դեմ դիրքորոշման մեջ։ ASEAN -ը չի շտապել ստորագրել ՌԴ-ի դեմ որեւէ թուղթ։ Նույն օրվա «Իսրայելն այսօր» կայքն էլ իրազեկում է, թե Բայդենի կառավարությունը ստիպում է Երուսաղեմին Իսրայելի տնտեսության մեջ սահմանափակել չինական մասնակցությունը՝ հատկապես High-Tech-ի ոլորտում։ «Չինաստանի հետ հարաբերությունները կարող են սեպ խրել Իսրայելի եւ ԱՄՆ-ի միջեւ։ Սակայն Երուսաղեմը կարծում է, որ արժե ռիսկի դիմել՝ ԱՄՆ յուրաքանչյուր նախագահություն տարբեր հայացք կունենա մերձավորարեւելյան հակամարտության հանդեպ, իսկ Չինաստանը հաստատուն է», գրում է լրատուն։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ