Նոյեմբերի 14-ին, Միլանի Ամբրոսիանա գրադարանում տեղի ունեցավ դասական արեւելագիտական համաժողով՝ նվիրված իտալացի ականավոր լեզվաբան, նաեւ հայերենագետ Մորենո Մորանիի (1947-2021) հիշատակին (նրան մահվան առթիվ «Ազգն» անդրադարձել էր 2021 թվականի օգոստոսի 26-ի համարում): Մորանին եղել է Իտալիայում հայագիտության զարգացումը խթանողներից մեկը: Վերջինիս մասին զեկուցումով հանդես է եկել լեզվաբան, նաեւ հայոց լեզվին առնչվող հոդվածների հեղինակ Անդրեա Սկալան: Համաժողովը թեմատիկ բաժանումով ընդգրկում էր արաբագիտության, հայագիտության, ասորագիտության ու եբրայագիտության բնագավառները: Հայագիտական թեմաներով հանդես են եկել Պաոլա Պոնտանին, որը զեկուցել է միջնադարյան բժիշկ Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարութիւն» երկում առկա մասնագիտական բառապաշարի եւ փոխաբերությունների մասին, նաեւ Ալեսանդրո Օրենգոն, որն էլ հանդես է եկել «Հայերը եւ աստղագուշակությունը» թեմայով զեկուցմամբ:
Ա. Բ.