Կիպրացի հույն գրող եւ թարգմանիչ Յորղոս Մոլեսկիսը ծնվել է 1946 թվականին, Կիպրոսի Լիսի գյուղում։ Սովորել է Նիկոսիայի անգլիական քոլեջում եւ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում։ Ունի ռուսաց լեզվի եւ գրականության մագիստրոսի կոչում եւ գրականության դոկտորի աստիճան։ Աշխատել է Կիպրոսի կրթության եւ մշակույթի նախարարության մշակութային ծառայությունների վարչությունում, եղել Կիպրոսի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրամի գործադիր խորհրդական, գրականության պետական մրցանակների հանձնախմբի, Եվրոպական գրականության մրցանակի Կիպրոսի ազգային ժյուրիի եւ Կիպրոսի գրողների միության նախագահ։ Յորղոս Մոլեսկիսը պարգեւատրվել է Կիպրոսի պետական պատվավոր դիպլոմով եւ պոեզիայի՝ Կիպրոսի պետական մրցանակով, ինչպես նաեւ Ռուս գրողների միության Պուշկինի մեդալով։ Նա նաեւ Ռուսաստանի Դաշնության Սլավոնական մշակույթի պետական ակադեմիայի, Կիպրոսի գրողների միության եւ Հունաստան-Կիպրոս մշակութային ընկերակցության պատվավոր անդամ է: 1967 թվականից մինչ օրս հրատարակել է իր բանաստեղծական 15 եւ չափածո թարգմանությունների հինգ հատոր, որոնց թվում են՝ «20-րդ դարի ռուս բանաստեղծներ» անթոլոգիան (2004), Վլադիմիր Մայակովսկու «Վարտիքավոր ամպը» (1995), «Անձրեւի սպասում» (2008), «Ժամանակակից կիպրացի թուրք բանաստեղծներ. հաղորդակցվելու փորձ» (2010), «Անավարտ բանաստեղծություն» (2014), «Երբ արեւը մտնում է սենյակ» (2017), «Ռուսական պոեզիա. 20-րդ դար» (2019), «Ամեն հուլիս ես վերադառնում եմ» (2019) եւ այլն։ Յորղոս Մոլեսկիսի բանաստեղծական գրքերից ինը թարգմանվել եւ առանձին հատորներով հրատարակվել են Ֆրանսիայում, Իտալիայում, Սերբիայում, Ռումինիայում, Բուլղարիայում եւ Ալբանիայում: Նրա բանաստեղծությունները թարգմանվել եւ տպագրվել են Հայաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Իսպանիայի, Չիլիի եւ այլ երկրների գրական ամսագրերում եւ անթոլոգիաներում։ Մոլեսկիսն ապրում է Նիկոսիայում իր հայ կնոջ հետ. ունեն երկու դուստր եւ մեկ որդի։
–Հարգելի՛ Յորղոս, դեռեւս 1970-ականների սկզբին գրել եք. «Ինչպե՞ս կարելի է ապրել առանց երազանքի, առանց հերոսների: Միտքը բեռնված է բազում կոտրված սյուներով, կոտրված ոսկորներ… »։ Իմ պատկերացմամբ՝ 2020-ականներին երազանքները կործանվում են, եւ մարդկությունը մնում է առանց հերոսների. ես տեսնում եմ միայն հակահերոսների։ Ի՞նչ եք մտածում այդ մասին։
–Այդ տողերն իմ «Ճաղավանդակը լուսինն էր» բանաստեղծությունից են, որը գրվել է 1974 թվականի Կիպրոսի պատերազմից անմիջապես հետո։ Այդ տարի իմ ծննդավայր Լիսի գյուղը գրավեց թուրքական բանակը, ու մենք ստիպված եղանք թողնել մեր տներն ու փախստական դառնալ։ Թողնել այն տունը, որտեղ ծնվել ու մեծացել ես՝ այնտեղ ապրած բոլոր մարդկանց պատկերներով, պատմություններով, հիշողություններով, զգացմունքներով ու երազանքներով, ողբերգական է։ Այս զգացմունքներն ու մտքերը ես փորձել եմ արտահայտել այդ բանաստեղծության մեջ։ Որքան գիտեմ, այս թեման տարածված է նաեւ հայ պոեզիայում՝ որպես արդյունք ժողովրդի պատմական փորձառության, այնքան նման հույների եւ կիպրացիների փորձառությանը։ Այդ թեմայով Գեւորգ Էմինը գրել է մի շարք տպավորիչ բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1980 թվականին ես թարգմանեցի ու հրատարակեցի Կիպրոսի գրական ամսագրում։
Ճիշտ է, այսօրվա աշխարհում ստեղծված իրավիճակը հույսի եւ երազանքների համար առանձնապես տեղ չի թողնում: Պատերազմներ, փախստականներ, աղքատություն, ամբողջատիրական պահվածքով առաջնորդներ, կլիմայի փոփոխություն։ Ինչ-որ կերպ մենք ապրում ենք գաղափարախոսությունների մահը։ Երազների եւ հերոսների համար շատ տեղ չկա, բայց մենք չունենք այլ ճանապարհ, քան երազել եւ հուսալ, որ կունենա նք մի ավելի լավ աշխարհ:
–Երբ ես դեռահաս էի, Խորհրդային Հայաստանում բանաստեղծներն առանձնահատուկ կարգավիճակ ունեին։ Նրանց ճանաչում եւ ողջունում էին փողոցներում։ Վստահ եմ, որ հիշում եք սա, երբ ուսանում էիք Խորհրդային Միությունում։ Իսկ ինչպե՞ս էր այս առումով Կիպրոսում եւ ինչպե՞ս է այժմ:
–Կարծում եմ, որ հայ ժողովուրդը պատմականորեն հարգում էր իր բանաստեղծներին, գրողներին, կոմպոզիտորներին, նկարիչներին, մեզ՝ մշակույթ ստեղծողներիս, որոնք կարողանում են արտահայտել ազգի ինքնությունն ընդդեմ ամեն տեսակի միջամտությունների։ Դրա օրինակն է հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը, որը սրբացվել է։ Խորհրդային տարիներին Ռուսաստանում, կարծում եմ, այլ իրավիճակ էր։ Որոշ բանաստեղծներ լայնորեն հրատարակվում եւ գովազդվում էին ԶԼՄ-ների միջոցով, ուստի նրանք հատուկ կարգավիճակ էին վայելում, նրանց ճանաչում էին փողոցներում, մինչդեռ մյուսները չէին կարողանում իրենց ստեղծագործությունները տպագրել: Բայց սա վերլուծության կարիք ունեցող երկար պատմություն է: Կիպրոսում իրավիճակը երբեք այդպիսին չի եղել. բանաստեղծները հանրային դեմքեր չէին։ Միայն երկար տարիներ իրենց ստեղծագործությունները գրելուց եւ հրապարակելուց հետո են նրանք մի տեսակ հանրային ճանաչում ստանում։
–Հայ բանաստեղծ Պարույր Սեւակն իր «Պահ կասկածի» բանաստեղծության մեջ ասում է. «Թե իսկապես հավատացած ես լինեի, / Որ իմ երգը ձեզ կարող է օգուտ բերել, / Ձեզ երգերով բանակի՜ պես կզինեի, / Բայց ի՞նչ օգուտ՝ նստել ինչ-որ երգեր գրել: / Իսկ թե երգը մինչեւ անգամ զենք է դառնում, / Ո՞ւր է ձեռքը, որ ինքնակամ զենք է բռնում… »։ Դուք նո՞ւյնպես ունեցել եք նման կասկածի պահեր։ Ի՞նչ եք կարծում, բանաստեղծությունը պե՞տք է դիտարկենք որպես զենք կամ մի բան, որը կարող է օգուտ տալ մարդկանց։
–Երիտասարդ ժամանակ ես նույնպես ձգտում էի պոեզիան համարել զենք, հավատում էի, որ բառը կարող է նպաստել աշխարհի փոփոխությանը: Հիմա ես այն ավելի շատ համարում եմ շփվելու միջոց այն մարդկանց հետ, որոնց հետ ունենք նույն տեսակետներն ու գաղափարները: Միեւնույն ժամանակ, կարծում եմ, պոեզիան նոր ուղիներ է բացում՝ արտահայտելու մեր զգացմունքներն ու պատկերացումները մեր ապրած աշխարհի, կյանքի մասին եւ դրանք հաղորդելու մարդկանց՝ հուսալով, որ սա մի ժեստ է, որը որոշակի ազդեցություն կգործի:
–Ձեր պոեզիան նաեւ ընթերցողին տեղեկացնում է կիպրացիների խնդիրների ու հոգսերի մասին 20-21-րդ դարերում։ Ինձ շատ դուր եկավ «Մեր մեռյալ գոտին» բանաստեղծությունը, որը ներկայացնում է մասնատված Կիպրոսի տխուր իրականությունը։ Այսօր Հարավային Կովկասում մեծ տերությունները փորձում են Արցախը դարձնել նոր Կիպրոս…
–Այս մեռյալ գոտին մի խորը վերք է Կիպրոս կղզում, որն ազդում է ինչպես հույների, այնպես էլ թուրքերի վրա: Դա ծանր իրականություն է, որի արյունոտ պատմությունը դրված է մակերեսին: Այն նաեւ մի տեսակ խորհրդանշական իմաստ ունի, որը ես փորձել եմ արտահայտել նշածդ բանաստեղծության մեջ։ Ցավոք սրտի, մենք այսօր տեսնում ենք, որ դա տեղի է ունենում Արցախում եւ աշխարհի այլ վայրերում, երբ մեր ժամանակների մեծ տերությունները միշտ մտածում են իրենց շահերի մասին, թե ինչպես ավելի շատ զենք վաճառեն՝ ի շահ իրենց ռազմական արդյունաբերության:
–Դուք փորձում եք երկխոսություն ստեղծել Կիպրոսի հույն եւ թուրք բանաստեղծների միջեւ։ Ստացվո՞ւմ է:
–Կարծում եմ, որ նման երկխոսությունը շատ կարեւոր է մեր իրավիճակում։ Պոեզիան՝ որպես ներքին զգացմունքների եւ գաղափարների արտահայտման միջոց, կարող է մեծապես նպաստել այդ երկխոսությանը։ Այս գաղափարը խթանելու համար ես թարգմանեցի ու հրատարակեցի տասնյոթ կիպրացի թուրք բանաստեղծների գործերից՝ ամփոփելով «Ժամանակակից կիպրացի թուրք բանաստեղծներ. հաղորդակցվելու փորձ» ժողովածուում։ Գիրքը լույս է տեսել 2010 թվականին, Աթենքում, երկու կողմերի գրական գործիչներն էլ ջերմորեն են ընդունել այն։ Նաեւ իմ մի քանի բանաստեղծություններում փորձում եմ երկխոսություն ստեղծել կիպրացի թուրք բանաստեղծների հետ, խոսել խաղաղության եւ բարեկամության մասին։ Դրանցից մի քանիսը թարգմանվել են թուրքերեն, լույս տեսել Կիպրոսի եւ Թուրքիայի մամուլում։ Ելնելով դրանից՝ կարող եմ ասել, որ այդ երկխոսությունը գործում է նույն գաղափարները կրող մարդկանց միջեւ։
–Այո՛, կիպրացի թուրք բանաստեղծին հղած ձեր «Նամակ Ֆիքրեթ Դեմիրաղին» քերթվածում գրել եք. «Մենք աղքատանում ենք, մեր երգերը աղքատանում են, / Մենք այլեւս չենք գրում այնպես, ինչպես գրել ենք, / Մենք չունենք ոչինչ ասելու»։ Իսկ հիմա՞։
–Ֆիքրեթ Դեմիրաղը, հավանաբար, լավագույն կիպրացի թուրք բանաստեղծն է։ Մենք լավ ընկերներ էինք եւ մի քանի անգամ մեկնել ենք Թուրքիա եւ այլ երկրներ՝ մասնակցելու պոեզիայի փառատոների եւ այլ հանդիպումների։ Ցավոք, նա մահացավ տասնմեկ տարի առաջ՝ յոթանասուն տարեկանում։ Իր պոեզիայում նա խոսում է պատերազմի ՝ որպես ողջ Կիպրոսի ողբերգության մասին, խոսում է խաղաղության եւ բարեկամության մասին։ Թուրքական ներխուժմանը եւ կղզու մասնատմանը հաջորդած տարիները խնդրի լուծման հույսի ժամանակաշրջան եղան։ Այդ հույսը, սակայն, ժամանակի հետ գնալով նվազում է։
–Հայ ընթերցողը ժամանակին ձեզ ճանաչել է ձեր «Իմ քարե սեր (Հայաստան) » բանաստեղծական շարքի շնորհիվ՝ Գեւորգ Էմինի թարգմանությամբ։ Այն սկսվում է այսպիսի խոսքերով. «Հարազա՜տ է ինձ սերն այս, որ քարից հա՜ց է ստեղծում… Արվե՜ստ է քամում, Գույներ, հնչյուններ եւ հավերժություն… »։ Ինչպե՞ս սկսվեց ձեր հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ:
–Երկիրը ճանաչելու լավագույն միջոցը նրա մարդիկ են: Դեռեւս 1974 թվականին Մոսկվայում հանդիպեցի ապագա կնոջս՝ Լոմոնոսովի անվան համալսարանում դասական բանասիրություն սովորող հայ աղջկան։ Մենք ամուսնացանք 1979 թվականին, եւ այդ ժամանակվանից բազմիցս եղանք Երեւանում, հանդիպեցի նրա հարազատներին, ընտանիքի ընկերներին, լսեցի նրանց պատմությունները։ Պատմություններ այն մարդկանցից, ովքեր բախվել են պատերազմին, աքսորվել մանկության տարիներին, պատմություններ՝ գոյատեւելու նրանց պայքարի եւ կորած մարդկանց ու վայրերի հիշատակը վառ պահելու մասին: Այսպիսով, իմ հետաքրքրությունը երկրի, նրա պատմության, մշակույթի եւ գրականության նկատմամբ մեծացավ։ Վերջապես, նմանություններ տեսա Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի պատմական ճակատագրերի մեջ։ Այսպես ծնունդ առավ «Իմ քարե սերը» բանաստեղծական շարքս, որի առաջին մասը գրեցի Երեւան կատարած այցիս ժամանակ, մնացածը՝ 1978 թվականին, Մոսկվայում։
–Դուք նաեւ գրել եք «Նամակ հայ բանաստեղծ Գեւորգ Էմինին» բանաստեղծությունը։ Խնդրում եմ պատմել դրա ստեղծման պատմությունը եւ, եթե ստացել եք, ձեր նամակի պատասխանի մասին:
–Գեւորգ Էմինին առաջին անգամ հանդիպեցի Մոսկվայում, կնոջս ընտանիքի հայ ընկերների հետ հանդիպման ժամանակ, եւ ընկերացանք։ Միշտ հանդիպում էինք, երբ նա գալիս էր Մոսկվա, կամ երբ ես էի գնում Երեւան։ Ես մասնակցել եմ Մոսկվայի առաջին հեռուստաալիքի ուղիղ եթերում Էմինի պոեզիային նվիրված երեք ժամ տեւողությամբ հաղորդմանը։ Իսկ երբ հայ համայնքի հրավերով նա այցելեց Կիպրոս, նրա հետ մի հանդիպմանը ես ներկայացրի նրա պոեզիան։ Գեւորգ Էմինը «Իմ քարե սերը» թարգմանեց հայերեն եւ հրատարակեց «Սովետական գրականություն» ամսագրում 1981 թվականի նոյեմբերին։ Ժամանակ առ ժամանակ նամակներ էինք գրում միմյանց։ Ուստի, երբ 1988 թ. դեկտեմբերի 7-ին լսեցի Սպիտակի սարսափելի երկրաշարժի մասին լուրը, խորապես տարվեցի տխուր զգացումներով, ժողովրդի ցավով ու ողբերգությամբ։ Մի քանի օր անց՝ դեկտեմբերի 15-ին գրեցի չորս մասից բաղկացած բավական ծավալուն բանաստեղծություն, որտեղ խոսում եմ Հայաստանի, նրա մշակույթի եւ ողբերգական պատմության մասին։ Բանաստեղծությունը գրվել է նամակի տեսքով՝ ուղղված Գեւորգ Էմինին եւ լույս է տեսել Կիպրոսի «Նեա էպոխի» (Նոր դարաշրջան) գրական ամսագրում, 1988 թվականի դեկտեմբերին: Հետագայում Գեւորգ Էմինն այն հայերեն թարգմանելով հրատարակեց «Հնչակ» թերթում՝ 1994 թվականի հունվարի 15-ին։
–Շփվու՞մ եք Կիպրոսի եւ Հունաստանի հայ համայնքների հետ։
–Մի քանի ընկերներ ունեմ Կիպրոսի հայ համայնքից։ Ինչ վերաբերում է Հունաստանին, որոշ մարդկանց հանդիպեցի Դիմագրքում՝ Աթենքի հրատարակչությամբ իմ վերջին գրքի՝ «Սասունցի Դավիթ» գրքի տպագրությունից հետո։
–Ի դեպ, ո՞ր լեզվից է կատարվել այս թարգմանությունը։
–«Սասունցի Դավիթը» ռուսերեն կարդացել էի դեռ Մոսկվայում սովորելու տարիներին։ Հետո կարդացի երկու տարբեր անգլերեն թարգմանությունները։ Այն հունարեն թարգմանելու միտքն ինձ տվեց զոքանչս՝ Բելլա Գուլակյանը, որը հայ նշանավոր թատերական բեմադրիչ Արմեն Գուլակյանի դուստրն է։ Այս թարգմանությունն անելու նրա ցանկությունը մեծ էր, եւ նա հաճախ էր ինձ հարցնում այդ մասին։ Հետո մենք շատ ժամեր ծախսեցինք այն կարդալու վրա։ Բելլան կարդում էր հայերեն տեքստը, այնպես որ ես կարող էի լսել ստեղծագործության տոնայնությունը, իսկ ես կարդում էի ռուսերեն տարբերակը՝ գրքի լուսանցքներին գրառումներ կատարելով: Թարգմանությունը կատարելիս ինձ օգնեց նաեւ կինս՝ Նոնա Գուլակյան-Մոլեսկին, որին հաճախ էի անհանգստացնում իմ հարցերով եւ թարգմանության ընթերցումներով։ Այնուհետեւ ինձ օգնեց ընկերուհիս՝ նկարչուհի Մարիամ Սուխանովա-Ֆուկարան, հայ մեծանուն նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի թոռնուհին, նկարիչներ Ալեքսանդր Սուխանովի եւ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի դուստրը, որը նաեւ կատարեց գեղեցիկ եւ շատ արտահայտիչ գծանկարներ, որոնք ընդգրկվեցին հատորում։ Գիրքը լույս ընծայեց Աթենքի «Վախիկոն» հրատարակչությունը, 2021 թվականի հուլիսին…