Յաջողութեամբ աւարտուեց Վենետիկի հայոց լեզուի եւ մշակոյթի 37-րդ ամառային խտացեալ դասընթացը (օգոստոսի 1-18, 2023)

126

Օգոստոսի 1-ից 18-ը կայացաւ Հայոց լեզուի եւ մշակոյթի ամառային խտացեալ դասընթացի 37-րդ տարեշրջանը, որը կազմակերպել էր Վենետիկում գործող «Պո-Արաքս» մշակութային ընկերակցութիւնը՝ Վենետիկի «Studium Generale Marcianum» հիմնարկի հետ համատեղ: Այս տարի 40 ուսանող, ութ ուսուցիչ եւ մէկ արտադասարանական դասախօս 14 տարբեր երկրներից միացել էին վենետիկեան դասընթացին, որը հիմնել եւ ղեկավարում է Գերաշնորհ Տէր Պօղոս Լեւոն արք. Զէքիեանը՝ «Պո-Արաքս» ընկերակցութեան նախագահը. նրան օգնում է «Պո-Արաքսի» փոխնախագահ եւ դասընթացի փոխտնօրէն դոկտոր Բենեդետտա Կոնտինը՝ հինգ համագործակիցներից բաղկացած քարտուղարութեան աջակցութեամբ՝ գլխաւորութեամբ Դարիա Պաուլունի:

Դասերը տեղի ունեցան Վենետիկի Պատրիարքական Ճեմարանի՝ Լա Սալուտէի պատմական պալատում, իսկ ուսանողների եւ ուսուցիչների կեցութիւնը տրամադրուեց Սալուտէի մօտ երկու հանրակացարաններում: Դասախօսական կազմի անդամներն են` Արծուի Բախչինեան (Հայաստան), Տորք Դալալեան (Հայաստան), Ռոզին Թաշճեան (Ֆրանսիա), Արամ Իփեքճեան (Իտալիա-Ավստրիա), Բենեդետտա Կոնտին (Իտալիա-Ավստրիա), Թամար Մանգասարեան (Թուրքիա), Րաֆֆի Սէթեան (ԱՄՆ), Սոսի Սուսանեան (Հունգարիա):

«Պո-Արաքս» մշակութային ընկերակցութիւնը նպատակ ունի թէ՛ դասաւանդել հայոց լեզուն՝ յատուկ շեշտադրելով նրա արեւմտեան տարբերակը, թէ՛ մեծ ներդրում ունենալ հայ մշակոյթի ժառանգութեան պահպանման գործում: Ընկերակցութեան նպատակն է նաեւ խթանել հայկական եզակի ինքնութեան որոշակի փորձը` համախմբելով ինչպէս հայերի, այնպէս էլ հայոց լեզուի եւ մշակոյթի վերաբերեալ իրենց գիտելիքները խորացնել փափագող ոչ հայերի, որ ժամանում են ամբողջ աշխարհից Վենետիկ՝ Հայ Սփիւռքի ամենակարեւոր եւ խորհրդանշական վայրերից մէկը:

Ծրագիրը բաղկացած է չորս մակարդակից, որոնցից առաջինը նախատեսուած է բացարձակ սկսնակների, իսկ չորրորդ՝ բարձրագոյն մակարդակը, հայերէնը որպէս մայրենի լեզու ունեցողների եւ լեզուին վարժ տիրապետողների, այդ թվում՝ հայոց լեզուի ուսուցիչների համար: Ծրագիրը յաջողութեամբ շարունակւում է արդէն 36 տարի, որի ընթացքում դասընթացին մասնակցել է շուրջ հազար հինգ հարիւր հոգի 36 երկրներից:

Ուսումնական ծրագիրը բաղկացած է շաբաթական երեսուն ժամ դասերից, որոնք բաժանուած են օրական հինգ ժամի՝ երկուշաբթիից շաբաթ, ուսուցման ամբողջ տասներեք օրերի համար: Շաբաթական վեց ժամ յատկացուած է առաջին երեք մակարդակներին հայոց պատմութիւնն անգլերէնով ծանօթացնելուն (դասախօս՝ Րաֆֆի Սէթեան): Բացի հայոց պատմութեան դասերից, ամբողջ ծրագիրը, ներառեալ լեզուի սկսնակների համար, իրականացւում է հայերէն: Բարձրագոյն մակարդակի ծրագիրը ներառում է ժամանակակից սփիւռքահայ գրականութեան, հայ արուեստի, հայոց լեզուի պատմութեան եւ մեթոդաբանութեան, արեւմտահայերէնի եւ արեւելահայերէնի հնչիւնաբանութեան եւ գրաբարի դասեր: Այսպիսով, դասընթացի բարձրագույն մակարդակը միտում ունի լայն պատկերացում տալ ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից հայ մշակոյթի եւ պատմութեան վերաբերեալ: Այս մակարդակն արդէն մշակում է եռամեայ ընդհանուր ծրագիր՝ Հայ մշակութային ժառանգութեան վերաբերեալ ամբողջական գիտելիքների պաշար ընձեռելու նրանց, որոնք երեք տարուայ տեւողութեամբ հետեւում են նրան: Ուստի այս բարձրագոյն մակարդակը ծառայում է նաեւ ապագայ ուսուցիչներ պատրաստելու եւ արդէն գործող ուսուցիչներին իրենց գիտելիքներն ու հմտութիւնը բարելաւելու նուիրական եւ հարկադրիչ նպատակին:

Ծրագիրն այս տարի ընդունել է 40 մասնակից ուսանողների 14 երկրներից (ԱՄՆ, Ավստրիա, Բուլղարիա, Գերմանիա, Թուրքիա, Իտալիա, Կանադա, Մեծ Բրիտանիա, Մեքսիկա, Շվեյցարիա, Ռումինիա, Ֆրանսիա): Մասնակիցների մէջ զգալի թուով մագիստրոսներ եւ ասպիրանտներ էին, միւս մասը՝ տարբեր տարիքի մարդիկ, որոնց մէջ նաեւ՝ տարբեր մասնագէտներ, ուսուցիչներ եւ գիտաշխատողներ:

Այս տարի եւս որոշ մասնակիցներ կրթաթոշակների եւ դրամաշնորհների արժանացան «Գալուստ Կիւլպենկեան» հիմնարկութիւնից (որն ամէն տարի կրթաթոշակներ է տրամադրում դասընթացի մասնակիցներին՝ ապահովելով մեր ծրագրի շարունակականութիւնը) եւ Ստամբուլի Հայ Կաթողիկէ համայնքի Սուրբ Յակոբ հիմնադրամից:

Այս տարի Ֆորդհեմի համալսարանի դոկտոր Ջեսի Սիրական Առլենը ներկայացրեց հինգ յատուկ դասախօսութիւնների շարք, որ վերաբերում է հայոց հոգեւորութեանը՝ սկսած հայ քրիստոնէութեան առաջին դարերից մինչեւ Սուրբ Ներսէս Շնորհալի: Դասընթացի մասնակիցների մեծ մասը ներկայ էր այս դասախօսութիւններին: Դասընթացի համար աւանդոյթ են դարձել հայկական շարժանկարների ցուցադրութիւնները, որն ամէն տարի կազմակերպում է Արծուի Բախչինեանը՝ ներկայացնելով հայաստանեան եւ սփիւռքեան վերջին ֆիլմերից, որին յաջորդում է հանդիսատեսների քննարկումը: Այս տարի ներկայացուեցին Յակոբ Մելքոնեանի «Պատերազմի օրագիրը» (Հայաստան-Ֆրանսիա, 2023) լիամետրաժ վաւերագրութիւնը, Տեսիլ Մխտիկեանի «Սատանայի գործերից» (Եգիպտոս, 2022) եւ Տատեանա Բուդակեանի «ՏԵՂԱՑԻ. Ես ուրիշ վայր էի» (Բրազիլիա, 2022) կարճամետրաժ խաղարկային շարժանկարները:

Օգոստոսի 12-ին մեր վարչութիւնը կազմակերպեց յատուկ միջոցառում Վենետիկի ամենահռչակաւոր հիւրանոցում՝ «Դանիէլի փալասում»: Այն նախկինում ունեցել է նաեւ որոշակի հայկական առնչութիւն. վենետահայ նշանաւոր Սուրեան եւ Շեհրիմանեան ընտանիքները որոշ ժամանակաշրջան գործածել են այս շէնքը: Այնտեղ տեղի ունեցավ դուդուկի համերգ՝ ճանաչուած մաեստրո Արամ Իփեքճեանի կատարումով, հայ դաշնակահարուհի Զոյա Թուխմանովա Կարապետեանի նուագակցութեամբ: Համերգին ներկայ էին ինչպես դասընթացի ուսանողները, այնպէս էլ վենետիկեան ու իտալական երաժշտութեան, յատկապէս դուդուկի սիրահարները: Դասընթացի ղեկավարութիւնն իր երախտագիտութիւնն է յայտնում պարոն Գրեգորի Մամասեանին՝ համերգի կազմակերպման գործում ներդրած աւանդի համար:

Տիրամօր Վերափոխման կիրակի օրը բոլոր մասնակիցները ներկայ եղան Մխիթարեան միաբանութեան կենտրոն Սուրբ Ղազար կղզում մատուցուած Սուրբ Պատարագին, իսկ կիրակի, օգոստոսի 6-ին, Գերաշնորհ Տէր Լեւոն արք. Զեքիեանը պատարագ մատուցեց Սուրբ Խաչում՝ Վենետիկի հին հայկական եկեղեցում: Երկու պատարագներին էլ մասնակցեցին դասընթացի ուսանողները եւ ուսուցիչները՝ ոմանք մաս կազմելով դպրաց դասի երգչախմբի:

Դասընթացի մասնակիցները նաեւ հնարաւորութիւն ունեցան այցելել Սուրբ Ղազարի Մխիթարեան մայրավանք եւ թանգարան՝ առաջնորդութեամբ Տ. Լեւոն Զեքիեանի: Նրանք նաեւ հնարաւորութիւն ունեցան մասնակցել հայկական աւանդական պարերի եւ դուդուկի արտադասարանական պարապմունքներին՝ Արծուի Բախչինեանի եւ Արամ Իփեքճեանի ղեկավարութեամբ: Շաբաթական երեք անգամ տեղի ունեցող այս դասերը մեծ հետաքրքրութիւն առաջացրին, քանի որ մասնակիցներն իրենց ձեռք բերած կարողութիւնները ցուցադրեցին դասընթացի անձնակազմի կողմից շաբաթը մէկ անգամ կազմակերպուող երեկոյեան հաւաքոյթների ժամանակ:

2023 թուականի դեկտեմբերից «Պո-Արաքս» ընկերակցութեան քարտուղարութիւնը վկայականներ կտրամադրի բոլոր այն մասնակիցներին, որոնք յաջողութեամբ յանձնել են իրենց քննութիւնները, իսկ ովքեր չեն մասնակցել քննութիւններին, կստանան մասնակցութեան վկայականներ: Յաջորդ տարուայ դասընթացի յայտերը կընդունուեն 2023 թուականի աշնանից սկսած:

«ՊՈ-ԱՐԱՔՍ» ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԻՒՆՎենետիկ, 25 օգոստոսի, 2023 թ.