Դավանաբանական ու կրոնական հարցերում Իրանի ու Իրաքի հարաբերությունների առանձնահատկություններից ելնելով, դժվար է մտաբերել Թեհրանի ուշադրությունից վրիպած Իրաքի ներքաղաքական կյանքին կամ արտաքին քաղաքականությանը վերաբերող որեւէ շոշափելի իրադարձություն:
Օրերս Իրաքի Սադր շարժման ղեկավար, երկրում մեծ հեղինակություն վայելող Մուղտադա Սադրը հայտարարել է քաղաքականությունից ընդմիշտ հեռանալու իր որոշման մասին: Սադրը նաեւ տեղեկացրել է իր ղեկավարած շարժմանն առընթեր Իրաքում գործող բոլոր գրասենյակների լուծարման մասին:
Իրաքի ազդեցիկ հոգեւորականի քաղաքականությունից հեռանալու իմիտացիան ցնցում է առաջացրել Իրաքի ներքաղաքական կյանքում: Կառավարական շենքի վրա վերջինիս կողմնակիցների կազմակերպած գրոհի հետեւանքով, ըստ «Ռոյթըրզ» գործակալության, Բաղդադում շուրջ 20 մարդ է սպանվել: Իրաքի քաղաքական անցուդարձերին հետեւող վերլուծաբանները նույնիսկ երկրի շիաների տարբեր ուղղությունների միջեւ ավելի լուրջ բախումների կանխատեսումնեով են հանդես գալիս:
Անշուշտ, Իրաքում տիրող քաղաքական փակուղին ու կենտրոնացված իշխանության բացակայությունն իր բացասական ազդեցությունն է թողնում նաեւ Իրանի վրա: Սակայն այս անգամ Իրանին հասանելիք ազդեցության բաժինը ուղղակիորեն կապված է լինելու սեպտեմբերի 17-ին Իրաքի Քյարբալա քաղաքում նախատեսված շիաների ամենամեծ սգո արարողության՝ ԱՌԲԱԻՆԻ կապակցությամբ միլիոնավոր իրանցի ուխտավորների մասնակցության հետ:
Նշենք, որ Առբաինը 680 թվականին տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ Մուհամմադ մարգարեի թոռան՝ իմամ Հուսեյնի ու վերջինիս 71 զինակիցների մահվան քառասունքն է, որն անցկացվում է Իրաքի Քյարբալա քաղաքում: Սգո արարողություններին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից՝ հիմնականում Իրանից ժամանած շիա հավատացյալները: Ուխտավորների մի զգալի մասը գերադասում է ոտքով հասնել սգո արարողությունների անցկացման վայրը: Նշենք, որ Քյարբալայում անցկացվող շիա ուխտավորների առավելագույն թվաքանակը հատել է նույնիսկ 45 միլիոնի սահմանը:
Քաղաքականությունից հեռանալու Սադրի որոշման պատճառով, Իրանը անվտանգույունից ելնելով փակել է Իրաքի հետ իր բոլոր սահմանային անցակետերը, որի պատճառով վտանգված է Իրանից ամենամյա ուխտագնացությունը դեպի Քյարբալա: Վտանգված է նաեւ ուխտագնացությունից ակնկալվող Իրաքի եկամուտի աղբյուրը:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Դիվանագետ