Օրեր առաջ արդեն Երեւանում շշուկներ կային, իսկ հինգշաբթի Մոսկվան հաստատեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի՝ ՌԴ հավատարմագրումը՝ այսպես կոչված Agre՛ment-ը։ Ինչպես «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգն» է փոխանցում, երեկ՝ սեպտեմբերի 22-ին, նախագահ Բայդենի թեկնածու Թրեյսիի՝ ՌԴ-ում պաշտոնավարման մասին լուրը հաստատել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, ըստ ՏԱՍՍ գործակալության ծանուցման։
Բայդենը վերջերս էր առաջադրել Թրեյսիի թեկնածությունը, գրում է գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնեն» եւ իրազեկում, որ նախքան դեսպանի պաշտոնապես նշանակումն ու տվյալ պետություն գործուղվելը, նախագահի առաջադրելուց հետո Սենատը դեռ պիտի քվեարկի։
Լին Թրեյսին տիրապետում է ռուսերենին։ 2019-ին Հայաստանում պաշտոնավարելուց առաջ նա աշխատել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի գրասենյակում՝ որպես Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդական, այնուհետ 2014-17 թվականներին՝ Մոսկվայում, ապա Աշխաբադում եւ Աստանայում ԱՄՆ դեսպանությունում՝ որպես դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ։ Ռուսաստանում դիվանագիտական աշխատանքի համար 2017-ին պարգեւատրվել է «Պատվո մրցանակով»։ Ավելի վաղ Պակիստանի Փեշավար քաղաքի ԱՄՆ հյուպատոսությունում աշխատած տարիներին, նրա խիզախ վարքը գնահատվել էր եւ 2009-ին արժանացել պետքարտուղարության «Հերոսության պարգեւին»։
«Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» իրազեկում է, որ Մոսկվայում ԱՄՆ նախկին դեսպանը՝ Ջոն Սալիվանը սեպտեմբերի սկզբին լքել է Ռուսաստանը եւ թոշակի անցել։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա