(Առանց գործողությունների սահմանափակման, սովորաբար եւ այս շաբաթ էլ ժողովուրդը նայում է պոպ-կորն ուտելով)
Ֆոնը. տարածաշրջանային քաոս, հալեպահայերը` ներքնահարկերում, թուրքամետները գրավում են Սիրիան, Իրան-Ադրբեջան, Թուրքիա-Ադրբեջան զորավարժություններ` Հայաստանի քթի տակ, վրացական քաոս, ռուսական ջղաձգումներ` Զախարովայի դեմքի մկանախաղերով, արեւմտյան թրոլինգ, Արցախը` հանձնված-մոռացված, գերիներն իրենց ապարտամենտներում` Բաքվի բանտից ուրախ եւ բախտավոր հետեւում են ներկայացմանը, իսկ ահա ՆԱՏՕ-ի ԽՎ թուրքական պատվիրակության ղեկավար Մեվլութը, հայերիս խաղաղասիրական կոչերն ապերախտաբար անտեսելով, հենց այս օրերին սպառնում է Հայաստանին, թե բա պետք եղավ` Թուրքիան ու Ադրբեջանն իրենց որպես միասնական պետություն կպահեն Հայաստանի հանդեպ: Այս ֆոնին ընթացող հայկական բազմասերիանոց դրամայի բուն գործողությունների վայրը` Հայոց խորհրդարան, մասնակիցներն`անվրդով վերը թվարկվածի հանդեպ: Լրագրողների առատ ներկայությամբ, որոնք նույնպես անվրդով` ներքոնկարագրյալ եւ դրանց նման բոլոր գործողությունների թեժացման գլխավոր մասնակիցն են: Թրամփամանիայից, Հայաստանի հանդեպ ենթադրյալ աննպաստ լարվածություններից, Հայաստանի վրա սպասվելիք ճնշումներից հինգ րոպե պակաս:
Արար առաջին. Անսանձ տղամարդկանց սանձահարումը
Դահլիճի աջ եւ ձախ մասերում երկու խումբ (ենթադրաբար իշխանական եւ ընդդիմադիր) ողջ ուժով` բռունցքներով, քացով, ջրի շշերով ծեծում են` ամեն խմբում մեկին, խմբերն աստիճանաբար մեծանում են, մոտենում են անգամ կանայք եւ իրենց բաժին հարվածը հասցնում ընկածին: Հետո խմբերը, կարծես հրահանգով, հանգստանում են, ամեն մեկը կարգի է բերում իրեն եւ մոտենում իրեն ամրագրված բաղձանք-աթոռին` ուսի վրայով նետելով տարբեր արտահայտություններ.
-Քի՛չ է քեզ, մեր հանգիստ կյանքը հարամեցիր:
-Դեռ արտահոսքեր էիր կազմակերպում` կուսակցական եւ անվտանգային, դավաճա՛ն:
-Քեզ կինոյի տղի տեղն էիր դրել, հա՞, ստացա՞ր:
Ընկածներին մոտենում են ԱԺ քարտուղարության աշխատակիցները, ընկած տեղից վեր կացող երկու տղամարդկանց շորերը թափ տալիս, մի բաժակ ջուր մոտեցնում ամեն մեկին, ապա տանում են դահլիճի պատժական մաս եւ նստեցնում բոլորից նվազագույնը քառասուն մետր շառավղով հեռավորությամբ: Նախագահությունում նստածն անցնում է իր առօրյա գործին` նետելով.
-Այ տե՛նց, հանկարծ մտքներովդ այլեւս չանցնի`արդարությունից խոսել օբշչակի պանյատկեքից դուրս (ինքն իրեն կիսաձայն` բեյ սվոիխ, չտոբի դռուգիե բայալիս):
Արար երկրորդ` շարունակական.
(Այս արարն անսկիզբ ու անվերջ է, այնպես որ կընդգրկենք մի քանի հատկանշական հատված, մնացածն` ըստ դերակատարների իմպրովիզի:Հատվածը 2025-ի բյուջեի վերջնական տարբերակի եւ հարկային օրենսգրքի փոփոխությունների քվեարկությունների վարման կարգերի ժամանակ եղած ելույթներից է, խաղարկված դեկտեմբերի 4-ին, շարունակվող դեկտեմբերի 5-ին եւ շարունակվելիք ընդմիշտ).
Գեղամ Մանուկյան.– Հենց նոր ՔՊ-ն կողմ քվեարկեց մի փաստաթղթի, որով հաջորդ տարի բոլորիս վզին ավելանալու է պետական պարտքը, ավելանալու են տուրքերը, ավելանալու են հարկերը…
Վահագն Ալեքսանյան.– Քիչ առաջ «Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց բյուջեի նախագծին, որով պետք է զինծառայողներն աշխատավարձ ստանան, ծերերը`թոշակ, Հայաստանի բանակի համար զենք պիտի գնվի, ամրաշինական աշխատանքներ պիտի կատարվեն: Սա այն ամենն է, որ պետք է իմանալ «Հայաստան» խմբակցության մասին: Պարոն Մանուկյան, էդ բանը երկսայր ա:
Բաբկեն Թունյան.- Պարոն Մանուկյան, հիշեցնեմ, որ մի փոքր առաջ Գեղամ Մանուկյանը եւ «Հայաստան» խմբակցությունը կողմ չքվեարկեցին այն նախագծին, որով նախատեսվում էր նվազեցնել ՀԴՄ կանոնների աննշան խախտումների համար տուգանքների չափը, տնտեսվարողների շահերին ձեռնպահ եք քվեարկում:
Արթուր Խաչատրյան.- «Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց բյուջեին, քանի որ բանակի համար անհրաժեշտ գումար չեք հատկացնում, կրթությանը, առոջապահությանն անհրաժեշտ գումար չեք հատկացնում, ձեր անվտանգության համար եք գումար հատկացնում ոստիկանական հատուկ ստորաբաժանումներին: Որովհետեւ պարտք եք սպասարկում, որի արդյուվետությունը ոչ ոք չի տեսել: Սիրելի հայրենակիցնե՛ր, հուսով եմ հասկանում եք` ինչի՞ ենք մենք դեմ քվեարկել, որովհետեւ դա պարտքով ապրելու բյուջե է, դա որեւէ տնտեսական արժեք ստեծելու բյուջե չէ, դա մեր անվտանգային մարտահրավերները չլուծող բյուջե է, մեր դիվանագիտական ճգնաժամը չկարգավորող բյուջե է:
Ալեն Սիմոնյան.-Ես էլ տեղեկացնեմ, որ քիչ առաջ մեր ընդդիմությունը դեմ քվեարկեց Սյունիքի մարզում Քաջարանի թունելի շինարարության համար վարկի տրամադրման նախագծին, տիկին Գրիգորյանը (պատգամավոր Աննա Գրիգորյանը- Մ.Խ.), որը սյունեցի է, ձեռնպահ քվեարկեց, որովհետեւ գիտակցում է, որ Սյունիքի համար Քաջարանի թունելի շինարարությունը շատ կարեւոր է:
(Զանգվածային տեսարաններ`նախ ընդդիմության ռեպլիկներով, թե իշխանությունն է հիմա ամենակոռումպացվածը, տենդերները նայեք, ի պատասխան ռեպլիկներով, թե` կոռումպացված խմբակցությունը իրավունք չունի խոսի կոռուպցիայից, ում օրոք է ավելի մեծ եղել արտագաղթը եւ այլն):
Ինտերմեդիա` վարչապետից, պատառիկներ.
ՀԱՊԿ-ից հեռանալու հարցը կարելի է փակված համարել, անդառնալիության կետն անցել ենք (Հա՞):
Ազգ- նահատակ-ազգ-բանակ, ո՞վ է մեր թշնամին, եթե մենք կրակեինք` էսկալացիա կլիներ, եւ այլ նորասացություններ:
ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանում պետք է լիներ, բայց Սանկտ Պետերբուրգ է տեղափոխվել, քանի որ որոշ անձանց ներկայությունն անցանկալի էր (ենթադրաբար` Լուկաշենկոյի):
ԱԱԾ զեկույցի մասին խոստովանություն` Հովիկ Աղազարյանի հեռախոսի վերաբերյալ,. պահ-պահ, թե բա` Հովիկը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը:
(Ներկայացման գոծողությունները շարունակվեցին դեկտեմբերի 5-ին, նույն ոգով, ավելի թունդ բառապաշարով, անգամ լուրջ վերլուծություն գրելու հավես չկա):
Դրամայի էսքիզը կազմեց ականատեսը` ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Հեղինակի յութուբյան հրապարակումները` այս հղմամբ. https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ