Մինչ Չավուշօղլուն Ուրուգվայում «գորշ գայլերի» նշանն էր ցույց տալիս հայերին, Անկարայում պատգամավոր Օզդաղը պատրաստվում է Կարսի սահմանադուռը կոչել Թալեաթ փաշայի անունով

114

Այս տարի Ապրիլի 24-ին, երբ համայն հայությունը նշում էր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը, Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով եղել  է Ուրուգվայում։ Նույն օրը նա մայրաքաղաք Մոնտեվիդեոյում երկրի արտգործնախարար Ֆրանցիսկո Բուստիլյոնի ուղեկցությամբ մասնակցել է Թուրքիայի դեսպանատան նոր շենքի բացմանը։ Տեսնելով դեսպանատան դիմաց Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով Թուրքիայի դեմ բողոքի ցույց կազմակերպած հայերին, Չավուշօղլուն, թուրքական լրատվամիջոցների հավաստմամբ, վազել նստել է մեքենա եւ մեքենայի միջից նրանց մատներով ցույց է տվել թուրքական ազգայնամոլությունը խորհրդանշող «գորշ գայլերի» հայտնի նշանը։

Անփառունակ այս պահվածքը, ինչ խոսք, միանգամայն անհամատեղելի է Չավուշօղլուի զբաղեցրած արտգործնախարարի պաշտոնի հետ։ Ըստ երեւույթին նա, չունենալով որեւէ ասելիք, շփոթվել եւ ապշահար դիմել է նման արարքի։ Ի դեպ՝ «գորշ գայլերի» մարդասպան հրոսակները, ազգայնամոլությունը խորհրդանշելուց զատ, Թուրքիայում համարվում են երկրի ազգային փոքրամասնությունների, առավել եւս Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ ատելության մարմնացում։ Կնշանակի Չավուշօղլուն իր պահվածքով ամենայն ամբարտավանությամբ սպառնացել է հայությանը։ Այն էլ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացի ծավալման ներկա փուլում։

Չավուշօղլուի այս արարքը չի նպաստի գործընթացին, ոչ էլ թուրքական պետության Էրդողանի սանձարձակ հոխորտանքներով առանց այդ էլ խարխլված միջազգային հեղինակությանը։ Համենայն դեպս, արտգործնախարար Բուստիլյոնը դատապարտել է Չավուշօղլուին եւ այդ մասին նշել Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը, աելով. «Մերժում եւ դատապարտում եմ վիրավորական ամեն մի վարքագիծ կամ ժեստ, որը ենթադրում է ֆիզիկական կամ բարոյական բռնություն»։ Ավելին՝ Ուրուգվայի արտգործնախարարություն է կանչվել նաեւ այդ երկրում Թուրքիայի դեսպան Հուսեյին Մուֆթուօղլուն։

Ինչ վերաբերում է վերոհիշյալ գործընթացի հարցում թուրքական կողմի անկեղծությանը, ապա հիշեցման կարգով նշենք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 44-օրյա պատերազմի ընթացքում արած հայտարարությունը. «Թուրքիան այս պատերազմին մասնակցում է երիտթուրքերի 1915-ին կիսատ թողած գործը վերջնական ավարտին հասցնելու համար»։ Ի դեպ՝ Թուրքիան սոսկ չի մասնակցել, այլ Էրդողանը, համագործակցելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, պատերազմում ներգրավել է նաեւ վարձկան ահաբեկիչներին։ Հատկանշական է, որ այս հայտարարությունից հետո Պուտինն Էրդողանին հռչակեց իր լավագույն ընկերը։

Հայկական լրատվամիջոցները, ինչպես նաեւ մեր թերթը, արձագանքել են Չավուշօղլուի հայությանը սպառնալու արարքին, համապատասխանաբար նաեւ թուրքականները, որոնցից «GazeteGuncel»-ն իր կայքէջում, համարելով արարքը պատահար, գրում է, որ դա լայն արձագանք է գտել սոցցանցում։

Ինչպես երեւում է, հարցի էությունը սոսկ Չավուշօղլուի սանձարձակությամբ չի սահմանափակվել։ Ապրիլի 25-ին Անկարայում անպատկառությամբ հանդես է եկել նաեւ «Հաղթանակ» կուսակցության գլխավոր նախագահ պրոֆ. Ումիթ Օզդաղը։ Թուրքական լրատվամիջոցների, մասնավորապես ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի, «aykiri.com.tr» եւ «birgun.net» կայքերի տվյալներով նա կուսակցության կենտրոնական վարչության շենքում կազմակերպած մամուլի ասուլիսում խոսել է  Աքյաքայի երկաթուղային սահմանադուռը անվանափոխելու եւ դա Թալեաթ փաշայի անունով կոչելու առաջարկի մասին։ Պրոֆ. Օզդաղը Թալեաթին անվանել է «թուրք ազգին ամենայն անկեղծությամբ ծառայած վարչապետ» (ըստ երեւույթին պետք էր «մեծ վեզիր» անվաներ, որովհետեւ օսմանյան իրականության մեջ վարչապետի պաշտոն չի եղել), միաժամանակ նշել է, որ Թալեաթը նաեւ «Անատոլիայում ու Թրակիայում թուրքական գոյության, ինչպես նաեւ թուրքերի բնաջնջմանը նպատակամղված իմպերիալիստական ծրագրերի դեմ պայքարի խորհրդանիշն է», ավելացնելով. «Եթե այսօր Անատոլիայում չի ընդհատվել թուրքերի հազարամյա պատմությունը, ապա դա տեղի է ունեցել շնորհիվ տեղահանության քաղաքականության»։

Շա՜տ անվանի այս «գիտնականը», իր իսկ խոսքերով, սահմանադուռի հարցը անվանափոխելու առաջարկը պատրաստվում է բարձրացնել Մեջլիսում, առաջարկը հասցեագրված է Էրդողանի իշխանություններին, որքան էլ թերահավատ լինի նրանց նկատմամբ։ Ինչպես երեւում է, Օզդաղն առաջարկի համար հիմք է ընդունել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանի Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ թուրքական Մեջլիսին ներկայացրած դիմում-պահանջը։ Մեր հայրենակիցը, առաջարկի առնչությամբ  դատապարտել է Օզդաղին, որին, ինչպես ապրիլի 27-ի համարում նշում է «birgun.net»-ը, լկտիաբար պատասխանել է վերջինը։ Նախքան պատասխանին անդրադառնալը նշենք, որ Փայլանը Հայոց ցեղասպանության տարելիցին ասել է. «106 տարի է անցել ցեղասպանությունից, իսկ մենք առայսօր քայլում ենք ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անունը կրող փողոցներով։ Մեր երեխաները սովորում են նրա անունով կոչված դպրոցներում»։

Փայլանի այս խոսքերը հավասարակշռությունից հանել են թուրք գիտնական Օզդաղին, որ ապրիլի 27-ին սոցցանցերով տարածել է հետեւյալ սպառնալից գրությունը. «Անդաստիարակ, սադրիչ արարած։ Եթե դժգոհ ես՝ թող եւ գրողի ծոցը գնա այս երկրից։ Թալեաթ փաշան արտաքսել է ոչ թե հայրենասեր հայերին, այլ՝ քո նման թիկունքից հարվածող դավաճաններին։ Կգա ժամանակը, դու էլ կենթարկվես Թալեաթ փաշայի փորձությանը եւ  ենթարկվելո՛ւ ես»։ Նույն օրը Օզդաղին արձագանքել է Փայլանը. «Իմ ժողովրդին բնաջնջողի մտայնությամբ ասում է, որ նորից կանենք։ Ձեր հարվածներից մենք մահացանք, սակայն մնացածները երբեք չհրաժարվեցին հանուն արդարության պայքարելու մտադրությունից, ոչ էլ այս երկրի պարկեշտ մեծամասնությունն ասպարեզը զիջեց քո նման ֆաշիստներին»։ Այդ ընթացքում Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղը, ի դեմս համանախագահ տիկ. Էրեն Քեսքինի, հայտարարել է, որ դատական հայց է ներկայացնելու Օզդաղի դեմ։

Պրոֆ. Ումիթ Օզդաղի անպատկառությունը մեկնաբանության կարիք չունի։ Պարզապես ասենք, որ նա երկար տարիներ եղել է «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպության՝ Ազգայնական շարժում կուսակցության պատգամավորն ու աչքի ընկնող գործիչը։ Վերջին տարիներին կուսակցության գլխավոր նախագահի պաշտոնին հավակնելու պատճառով գործող նախագահ Դեւլեթ Բահչելին նրան վտարել է կուսակցության շարքերից, որից հոտո նա որպես անկախ պատգամավոր շարունակել է իր գործունեությունը Մեջլիսում, ապա ստեղծել իր կուսակցությունը, որ «Հաղթանակ» է կոչվում։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ