Միմյանց այդչափ ատելու ուժը հայրենիքն իսկապես սիրելու վրա գեներացրեք

68
Protesters of the ‘Resistance’ movement blocked RA Presidential Palace and demand the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

Եթե իսկապես սիրում եք Հայաստանը, մի կողմ դրեք ամբիցիաները

Հայաստանի համար իրապես պատմական այս օրերին, մենք, անշուտ, դամոկլյան սրի պես մեր գլխին կախված վտանգը կա՛մ չենք տեսնում, չենք հասկանում, չենք զգում, կա՛մ էլ ամեն ինչ լավ էլ տեսնում ու զգում ենք, բայց մեր երկիրը չենք սիրում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցից հետո, երբ առանց դիվանագիտական գիտելիքների կամ հոտառության էլ հստակ է՝ ինչ է սպասվում Արցախին ու ի՞նչ կարող է լինել Հայաստանի սահմանների, ինչու ոչ՝ նաեւ բանակի ու տնտեսության հետ, բոլորս մեկ մարդու նման պետք է խելք խելքի տայինք հասկանալու համար՝ ի՞նչ անել:

Աշխարհաքաղաքական այս բարդ ժամանակահատվածում, երբ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը խառնել է աշխարհի խաղացողների խաղաքարտերը, Ադրբեջանն ու Թուրքիան, առիթից օգտվելով, իրենց հարցերն են ուզում լուծել, մենք ազգովին դեռ նախկին ու ներկա ենք անում: Եվ, վստահեցնում եմ, ոչ թե մարդիկ են մեղավոր միմյանց սեւ ու սպիտակ պիտակները կպցնելու հարցում, այլ բոլոր այն առաջնորդները, ում բառիս ամենաուղիղ իմաստով երկրպագում են նրանց համախոհներն ու Հայաստանի քաղաքացիները: Իսկ այդ առաջնորդները՝ թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանն այս օրերին անելու մեկ բան պետք է ունենան. Ամենայն հայոց հայրապետի ու Կիլիկիո կաթողիկոսի գլխավորությամբ նստեն մի սեղանի շուրջն ու հասկանան՝ ի՞նչ անել, ինչպե՞ս դիմակայել ամեն րոպե փոփոխվող աշխարհաքաղաքական այս հրաբխի մեջ, որ ամենակուլ լավան մեզ էլ չսրբի-տանի:

Ըստ իս՝ երեւանյան փողոցներում այս օրերին մարդիկ ոչ թե մի քանի հազարի հասնող երթեր ու հանրահավաքներ պետք է իրականացնեն, այլ հորդորեն ու պահանջեն, որ Հայաստանի բոլոր 4 ղեկավարները, քաղաքագետներն ու միջազգային հարաբերությունների մասնագետները, համաշխարհային ընկալում ունեցող հայերը գլուխ գլխի հավաքվեն, հասկանան՝ ի՞նչ պետք է անել, ապա ըստ անհրաժեշտության (եթե վիճակը սոսկալի է ու բանակցությամբ ոչինչ փոխել հնարավոր չէ) բոլորիս դիմեն, թե դուրս եկեք ու տե՛ր կանգնեք ձեր հայրենիքին:

Թե չէ ի՞նչ է ստացվում. «Դիմադրության» անդամները մի քանի հազարանոց երթ անելուց հետո գնում նստում են վրաններում ու սկսում Facebook-յան գրառումների մեկնաբանություններին պատասխանել կամ լուսանկարներով հիանալ, Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցները բառիս բուն իամաստով հարձակվում են ՔՊ-ական նախկին պատգամավորների վրա ու հրամայում նրանց (եւ առհասարակ բոլորին) աստվածացնել «հաղթանակած նախագահին», «Հայաստան» խմբակցության պատգամավորները ջանում են առավել քան գեղեցիկ ժպիտով կանգնել Ռոբերտ ու Լեւոն Քոչարյանների կողքին, Սերժ Սարգսյանի թիմակիցները մարմնամարզություն են անում Ֆրանսիայի հրապարակում, ՔՊ-ական պատգամավորներն էլ, ասես ցավին ու դավին անտեղյակ, անձրեւի, թռչունների ու բնության մասին գրառումներ են անում Facebook-ում: Բայց այդ ամենից հետո, ցավոք, Հայաստանի գլխին ուր որ է պայթող որոտը չի ցրվում: Վաղը գուցե Արցախը «Ղարաբաղ» մարզի կարգավիճակով հայտնվի վայ-հարեւանի կազմում, Հայաստանի հանրապետությունն էլ Հայաստանի ինքնավար ինչ-որ մի բան կոչվի, ինչից հետո բոլորով միասին «նախկին ու ներկա» անդուլ, անմիտ ու անհեթեթ դիսկուրսը կսկսեն արդեն գուցե Հայաստանի սահմաններից դուրս՝ սփյուռքի տարբեր գաղթօջախներում:

Օրհասական այս պահին խնդրանք-հորդորով դիմում եմ Հայաստանի չորս ղեկավարներին ու զույգ կաթողիկոսներին. եթե իսկապես սիրում եք հայրենիքը, մտահոգ եք Հայաստանի ու Արցախի ճակատագրով, մի կողմ դրեք բոլոր տեսակի ամբիցիաները, խելք խելքի տվեք, փրկեք մեզ ու հայկական երկու պետությունը: Ամոթի ու պարսավանքի բեռը մի՛ թողեք մեզ ու սերունդների վրա: Հետո, երբ հաղթանակած դուրս կգանք օրհասական այս պայքարից, ապա հասարակությունն ինքը կտեսենի բոլորի դատաստանը: Միմյանց այդչափ ատելու ուժը հայրենիքը սիրելու վրա գեներացրեք:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ