Առանց Արցախի ի՞նչ նոյեմբերիննյան փաստաթուղթ
Այն ազգերը, հանրույթները կամ խմբերը, որոնք չեն կարողանում սովորել իրենց սխալներից, դատապարտված են: Հանրահայտ ճշմարտությանը նայենք մեր իրողություններով:
Նոյեմբեր 9-ին լրացավ Արցախյան երկրորդ պատերազմի զինադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության երրորդ տարեթիվը: Այդ հայտարարությամբ դրվեց հաջորդող անվերջ զիջողականության սկիզբը միայն: Նախ 44-օրյա պատերազմի ժամանակ պարզվեց, որ տարիներով արվող երկդիմի հայտարարություններից հետո բոլոր մեծ խաղացողները թույլ տվեցին, ավելին՝ պատերազմի ողջ ընթացքում իրենց լռությամբ խրախուսեցին հայկական պարտությունը եւ հող նախապատրաստեցին Արցախի հանձնմանն Արբեջանին: Եւ ապա պարզ դարձավ (գոնե ժողովրդի համար, քանի որ հայկական իշխանական բոլոր էլիտաներն ի սկզբանե իմացել են դա), որ Մինսկի խումբ կոչված ակումբը, իր անդամ Ֆրանսիայով, Ռուսաստանով եւ ԱՄՆ-ով տարիներ շարունակ ոչ թե Արցախի հարցի լուծման խնդիր է դրած եղել բանակցություններում, այլ ակումբի անդամ պետությունների տնտեսաքաղաքական շահերի համատեքստում Արցախն Ադրբեջանին հանձնելու, որի եզրափակիչ ակորդը եղավ տվյալ պահի մի քանի օրական նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրով Արցախի Հանրապետության լուծարումն ու հանձնումը Ադրբեջանին:
Նոյեմբերիննյան հայտարարությունից երեք տարի հետո այդ հայտարարարության բովանդակությունից բան չի մնացել, որովհետեւ չի մնացել բուն Արցախը: Չկան Արցախը, Լաչինի միջանցքը, ուրեմն գոյություն չունի նաեւ նոյեմբերիննյան հայտարարությունը: Այդ դեպքում չեղած փաստաթղթի ինչ-որ կետերով Հայաստանով անցնող հաղորդուղիների բացման մասին եւս խոսելը աբսուրդ է այս պահին, չնայած տարածաշրջանի մեծ խաղացողները այդ կետը սահուն տեղափոխել են Հայաստանին պարտադրվող այսպես կոչված խաղաղության պայմանագիր, Խաղաղության խաչմերուկ անվանյալ, որի տրամաբանությունը մեկն է՝ նույն մեթոդներով, քաղցրաբլիթով եւ մահակով միաժամանակ, Հայաստանի հետ վարվել այնպես, ինչպես Արցախի հետ վարվեցին: Ու դու հա ասա՝ հաղորդուղիները Հայաստանի ինքնիշխանության եւ մեր վերահսկողության ներքո են, Զախարովան էլ հա ասելու է. «Կցանկանայի ուշադրություն հրավիրել, որ եռակողմ պայմանավորվածությունների համապատասխան՝ տրանսպորտային հաղորդակցության վերահսկումը Ադրբեջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ իրականացնելու են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:Ռուսական յոթ երգ, յոթն էլ մեղրի մասին: Որովհետեւ բռունցքներս սեղանին խփել չսովորեցինք, որովհետեւ չասացինք՝ Արցախը չեք պահել որպես խաղաղապահ, ու այդ եռակողմ թուղթն ու եռակողմ վերահսկումն արդեն գոյություն չունեն, ուղիղ չենք նայել երեսներին ու ասել:
Արցախի կորուստն անհնար է մարսել, ներել դրա մեղավորներին, հաշտվել այն վերադարձնելու անհնարինության հետ: Եթե որեւէ մեկը հույս ունի, որ կմոռացվեն կատարվածի մեղավորների անունները, կներվեն, խոսքը նաեւ Արցախն Ադրբեջանին հանձնած ներկա իշխանության մասին է, որի ղեկավարած պետությունն իր սահմանադրությամբ Արցախի անվտանգության երաշխավորն էր, ապա խորապես սխալվում են: Պատասխանատվության պահը վրա է հասնելու բոլորի՛ համար:
Ո՞ւր ենք հասել նոյեմբերիննյան հայտարարությունից ուղիղ երեք տարի, եւ նոր իշխանության կառավարումից հինգ տարի հետո, նկարագրենք այս օրերի մեր վիճակը: Նախ՝ որ ձեւ ենք անում, թե սովորական կյանքով ապրում ենք, բյուջե ենք ձեւավորում, ճանապարհներ ենք կառուցում, տեղահանված արցախցիների խնդիրներն ենք փորձում լուծել, իսկ կյանքը աստիճանաբար հուն է մտնում. դա պատրանք է: Խաղաղության խաչմերուկ ենք գծում՝ տարածաշրջանում առկա պատերազմի ֆոնին. աբսուրդի բարձրագույն աստիճան:
Իրականում մեր հասարակության ներքին խառնարանն այնքան էլ հանգիստ չէ, կան տարբեր գործընթացներ, որոնք արժե նկարագրել, որպեսզի պատկերացնենք հեռանկարը:
ա/ Ունենք հինգ տարի բոլորած մի իշխանություն, որի վարկանիշը հավասար է քաղաքային ավագանու վերջին ընտրությամբ ստացված քվեին, այսինքն հանրության մի քսան տոկոսի լոյալ վերբերմունք, ու հիմա նրա ընդունած ուզած որոշում, կարելի է ասել, հանրության մեկ հինգերորդի աջակցությունը հազիվ էլ ունենա: Այնպես որ խաղաղության պայմանագիր ասվածը, Խորհրդային Հայաստանի սահմաններով, անկլավների հանձնումով, այդպիսի քվե ունեցող իշխանությամբ ընդունելը հավասարազոր կլինի հանրության ներսում դրված ականի, որն ամեն պահի կարող է պայթել: Չնայած որեւէ խաղաղության պայմանագիր չի զսպելու արդեն իսկ Հայաստանից ութ գյուղ ուզող անկուշտ հարեւանին, ու խաղաղության պայմանագիրն այդ պահանջի կատարմամբ՝ ամրոցի բանալիներն ուղղակի թշնամուն փոխանցելու երեւույթն է ունենալու, որից հետո ավելի վատ բաներ կսկսվեն:
բ/ Ունենք ընդդիմություն, որը չի վայելում լայն հանրության համակրանքը, ավելին՝ նրան հանրության տարբեր շրջանակներ մեղադրում են իշխանության հետ պասերով խաղալու եւ հայ հանրության իրոք գործունակ հատվածի կոնսոլիդացիայի ճանապարհը միասնաբար փակելու մեջ: Գիտակցո՞ւմ է դա ընդդիմությունը, թե ոչ՝ այլ հարց է, բայց որ ներկա ընդդիմությունն այս կոնֆիգուրացիայով այլեւս ի վիճակի չէ հանրության տրամադրություն գեներացնել, դա ակնհայտ է:
գ/ Զարմանալիորեն գոնե պարտությունից հետո առաջ չեկան այն շրջանակներն ու առաջնորդները, որոնց կվստահեր հանրությունը, եւ որոնց մեր հանրությանը չէին պարտադրի ո՛չ մեծ խաղացողները, ո՛չ փողատեր շրջանակները: Այսինքն՝ իրոք հայության ճակատագիր փոխելու պատրաստ, մեծ տերությունններ ազդեցությունից գոնե մասամբ ազատ մարդիկ չեղան, որոնք կփոխեն ուրիշների սցենարները, կամ գոնե այդ սցենարին հայկական բովանդակություն կհաղորդեն: Աշխարհում ամեն ինչ է փոխվում՝ նոր կոնտուրներ են գծագրվում փոքր պետությունների հաշվին, կառավարման ձեւերն ու միջոցները, քաղաքական տեխնոլոգիաներն են արդիականացվում՝ նոր աշխարհակարգին ընդառաջ, մինչդեռ մերոնք անցած դարի տեխնոլոգիաներ են կիրառում, որոնք սպառել են իրենց, բոլորի արգահատանքին արժանացել: Մեր գավառամիտ էլիտային դեռ չի հասել աշխարհի կառավարման մոդելն արդիականացնելու մեծ մտադրությունը (անկախ նրանից, որ դա փոքր ժողովուրդների համար կյանքեր է արժենում, բայց որը կասեցնել հնարավոր չէ), մերոնց մոտ ամեն ինչ դեռ հանգում է, ասենք, փեսային կամ որդուն իշխանության փոխանցման ներկայումս խոտանված տեխնոլոգիաներին: Ընդսմին՝ իշխանությունն ու ընդդիմությունը միասնաբար, ձեռք-ձեռքի տված են դա անում սովորաբար, այլապես Լեւոն Քոչարյանին ոչ նրան ձերբակալելով ու քաշքշելով իշխանությունը հերոս չէր սարքի ու հետո խորհրդարան ուղարկի՝ ԿԸՀ-ն ձերը, դատավորները՝ ձերը, ոստիկանությունը՝ ձերը:
Նույնիսկ անզեն աչքի համար է ակնհայտ, թե ընդդիմադիր եւ իշխանական դաշտերում տարածաշրջանային շահեր ունեցող ո՞ր գերտերություններն են խաղում Հայաստանի քաղաքական դաշտում, ի՞նչ նպատակներ են հետապնդում, պարզ է նաեւ, որ նրանց նպատակներն 99 տոկոսով չեն կարող համընկնել հայկական նպատակների հետ, անկախ այն բանից՝ նրանք սպառնում ե՞ն, թե ժպտում, քաղցրաբլիթ ե՞ն տալիս (օրինակ՝ վարկեր ու դրամաշնորհներ), թե՞ ԱՊՀ նիստին չմասնակցելու համար Հայաստանի ապակառուցողականության մասին խոսքով թաքուն սպառնալիք փոխանցում:
Ակնհայտ է, այդպիսով, որ Հայաստանում այդպես էլ ներհայկական նոր սերուցքի չձեւավորման, ավելի ստույգ՝ նրա քաղաքական չդրսեւորման պարագայում, դաշտում խաղացող արտաքին ուժերը հասկանում են, որ ներկա էլիտաները սպառել են իրենց, ու նրանք որոնում են նոր ժառանգորդներ, նոր էլիտաների ձեւավորման քայլեր են անում, բնականաբար՝ իրենց ազդեցության գոտում գտնվող էլիտաներ: Այս պահին Լեւոն Քոչարյանի խորհրդարան ուղարկելն այդ համատեքստում է, չնայած դա հաջող նախագիծ անվանել հազիվ թե հնարավոր լինի: Ակնհայտ է, որ Արեւմուտքն էլ իր թեկնածուներին է որոնում եւ հավանաբար ունի էլ, նրանք բոլորը հասկանում են, որ ինչ-որ պահի, երբ գլխավոր որոշումները պարտադրվեն, Հայաստանում չի կարող իշխանություն չփոխվել, ահա՛ եւ նրանք պատրաստվում են դրան:
Իսկ մե՞նք, ի՞նչ պետք է անեն երկրի բախտով իրոք մտահոգվածներն այս աստիճան բարդ ժամանակաշրջանում, այս աստիճան խառնակ տարածաշրջանում, այս աստիճան արժեզրկված բարքերի գործընթացների առկայությամբ, մի՞թե պետք է այսպես բթացած ընդունենք Արցախի կորուստը, մեր գլխին սարքված քաղաքական խաղերը, մեզ պարտադրվող վեկտորալ խաղերը, որպես անտարբեր ականատես պիտի հետեւենք կատարվողին եւ չհասկանանք, որ Հայաստանը կարող է գործոն դառնալ իր սեփական քաղաքականությունն ու հայկական օրակարգը պնդելով, չխեղճանալով, դատապարտվածի կերպար չորդեգրելով: Վերջին թեզերի շուրջ նոր հայկական էլիտա պիտի շարունակե՞նք չձեւավորել:
Հիմա, իհարկե, անկայուն վիճակ է ողջ աշխարհում, հատկապես մեզ մերձ տարածքում Իսրայել -Գազա բախումը կարող է մեծ կրակի վերածվել՝ մեզ համար անկանխատեսելի հետեւանքներով, Աստված չանի՝ Իրանը դառնա ռազմադաշտ: Այսինքն՝ մեզանից չկախված պատճառներ են ավելանում մեր ընդհանուր բարդ վիճակին, որ մեծ վտանգ կկախի նաեւ Հայաստանի գլխին: Ամերիկասիրիական բախումներ են անգամ Դեր էզ Զորում, Միջերկրականում ամերիկյան ավիակիրներ են կանգնած, անգամ ԱՄՆ-Իրան շփումներ կան՝ արդյունքը դեռ պարզ չէ: Իրանի նախագահը կարող է Սաուդյան Արաբիայի հետ պայմանավորվել՝ ընդդեմ Իսրայելի, Թուրքիայի սպասողական արտաքին քաղաքականությունն էլ այդ բոլորի հետ է կապվում: Այնպես որ՝ ոչ ոք չգիտե, վաղն ինչպիսի դասավորություն կլինի այստեղ, ինչ հետեւանք կունենա դա Հայաստանի, անգամ Արցախի համար: Հնարավոր է ե՛ւ վատթարը տեղի ունենա, ե՛ւ հնարավորությւնների պատուհան բացվի, ու մեզանից հիմա ամենամեծ զգոնությունն է պահանջվում. թե բա՝ վեկտոր փոխենք, գետնանցումի ժամանակ ձի փոխելու նման, ֆլան-ֆստան:
Մենք շարունակում ենք ներքին կարծրատիպային ցուցք-դիմակայությունները, առաջ չենք մղում մեր ներքին ռեսուրսի նոր դերակատարների, եւ ինչպես միշտ՝ սպասում ենք, որ մեծ տերությունները մեր մեջքին կանգնեն, մեր փոխարեն որոշումներ կայացնեն, անվերջ մեզ տեղավորում ենք Արեւմուտք-Ռուսաստան հակադիր ընտրության կարծրատիպի մեջ, չկարողանալով դուրս գալ ավանդական պատկերացումներից, այդպես շարունակելով մեր մոլորությունների շրջապտույտը:
Արցախի վերաբերյալ մոտեցումներ հստակեցնող ծրագրեր չենք առաջարկում: Պատասխան չենք պահանջում Արցախը հանձնելու մեղավորներից ու հանգիստ, անտարբեր նայում ենք, թե ինչպես է Ստեփանակերտում հոխորտում մեր հակառակորդը, զինվորական շքերթ անում՝ նորմալ հայ մարդկանց սիրտն արյունելով, ինչպես է սպառնում հայերիս ու անպատիժ մնում, ինչպես է շարունակում նստած մնալ մեր Սեւ լճերի տարածքում, ու մենք նրան դուրս չենք շպրտում, կամ էլ գերի վերցնում՝ գոնե մեր գերիների հետ փոխանակելու հնար ստեղծելով: Որովհետեւ մեր արժանապատվությունը գետնաքարշ է եղել Արցախի կորստով:
«Մեջդ վրեժ չունես, տղաս», կասեր Հրանտ Մաթեւոսյանը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ