Մենագրություններ Էդվին Ջերարի եւ Մառի Պեյլերյանի մասին

45

«Ազգը» պարբերաբար ներկայացնում է Կահիրեի «Ջահակիր» շաբաթաթերթի հավելված գրքերի նոր հրատարակությունները: Վերջերս լույս տեսավ «Ջահակրի» 49-րդ եւ 50-րդ հավելված գրքերը: Առաջինը Հայկ Ավագյանի «Էտուին Ժերար Համամճեան. գաղափարապէս համակուած արուեստագէտը» մենագրությունն է (179 էջ), որ ներկայացնում է ամերիկահայ-ֆրանսահայ բեղուն դերասան, բեմադրիչ, թատերագիր եւ մանկավարժ Էդվին Ջերար Համամճյանի (ծն. 1948, Լոս Անճելըս) կենսագրությունը (նրա հետ հարցազրույց «Ազգ»ը հրատարակել է 2018-ին): Էդվին Ջերարը թոռն է 1920-ականներին եգիպտահայ համայնքում հայտնի երգչուհի-դերասանուհի Վալանթին Ամիրայանի (Էմի Ռայան): Այժմ Էդվինը բնակվում է Կահիրում, զբաղվում նկարչությամբ: Գիրքը գրվել է արվեստագետի հետ սերտ համագործակցությամբ, Էդվին Ջերարը պատմում է իր կյանքի եւ փորձառությունների մասին, իր հարաբերությունների մասին զանազան նշանավոր արվեստագետների հետ (Ռեզա Աբդո, Աննի Քորդի, Ֆիլիպ Օնորե, Ալեխանդրո Խոդորովսկի, Ժաք Շարոն, Ժան Յան, Մայա Պլիսեցկայա), ներկայացնում է իր սեփական գաղափարների կազմավորումը եւ զարգացումը, ինչպես նաեւ որդեգրած ու բեմադրութիւնների մեջ կիրառած փիլիսոփայական տարբեր համոզումները: Գիրքը կարելի է կարդալ https://issuu.com/home/published/tchahagir–supplement–no.–49, իսկ ներբեռնել՝ https://archive.org/details/tchahagir-supplement-no.-49 կայքէջներից:

Թիվ 50 հավելվածն է դարձյալ Հայկ Ավագյանի «Մառի Պէյլէրեանի Եգիպտոսի տարիները (1896-1909) եւ ընկերվարական ֆեմինիզմը» (318 էջ): Հատորի առաջին մասը բովանդակում է գրող, հրապարակախոս, հանրային գործիչ, մանկավարժ, Մեծ Եղեռնի զոհ Մառի Պեյլերյանի (1877-1915) կենսագրությունը Եգիպտոսում: Առաջին անգամ օգտագործված են Հնչակյան կուսակցության Կահիրեի մասնաճյուղի անտիպ նյութերը: Ապա ներկայացված են գրողի գաղափարները՝ կապված ֆեմինիզմի, կրթության, հեղափոխության, սոցիալիզմի, կապիտալիզմի, մամուլի, արվեստի եւ այլ թեմաների շուրջ: Հատորի երկրորդ մասն ամփոփում է եգիպտահայ մամուլում լույս տեսած Պեյլերյանի արձակ ու չափածո գործերն ու հոդվածները: Գիրքը կարելի է կարդալ եւ ներբեռնել https://archive.org/details/tchahagir-supplement-no.-50/mode/2up կայքէջից:

Ա. Բ.