Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո նորանոր գերեզմաններ են փորվում Եռաբլուրի զինվորական գերեզմանատանը, եւ սգավոր ընտանիքներ ողբում են 207 զինվորների եւ քաղաքացիների մահը: Այժմ մարտադաշտը տեղափոխվել է Միավորված Ազգերի կազմակերպություն, մինչ տեղում գործում է փխրուն մի հրադադար:
Հայաստանի քաղաքական շրջանակներում եւ համայն ժողովրդի շրջանում անհանգստությունն ու լարվածությունը չի մեղմանում, քանի որ ըստ լուրերի շարունակվում է Իսրայելից եւ այլ երկրներից ռազմական ինքնաթիռների հոսքը դեպի Ադրբեջան եւ թուրքական զորքերի կուտակումները Հայաստանի սահմաններում:
Սեպտեմբերի 27-ին երկրորդ տարելիցը թեւակոխող քառասունչորսօրյա պատերազմի ամբողջ ընթացքում միջազգային հանրությունը քար լռություն պահպանեց: Այս անգամ, սակայն, կարծես ահազանգն ու շահագրգռվածությունը հետագա թեժացման նկատմամբ շատ ավելի լուրջ է: Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այս շաբաթվա երկու նիստերի օրակարգում էր: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի մեկնարկով մարտադաշտը տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ ելույթներ ունեցան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը եւ ապա այլ շահագրգիռ կողմեր, ինչպիսիք են Իրանն ու Ռուսաստանը:
Փաշինյանը ներկայացրեց նորագույն ագրեսիայի ամբողջ պատկերը՝ իր մռայլ հետեւանքներով եւ կոչ արեց Ադրբեջանին ստորագրել համապարփակ խաղաղության մի պայմանագիր: Մինչ օրս Ադրբեջանը չի պատասխանել այդ կոչին: Փոխարենը Բայրամովը բարձրաձայնեց հակամարտությունների հանգուցալուծման վերաբերյալ ՄԱԿ-ի որոշումները այնպիսի վստահությամբ, կարծես համաշխարհային այդ կառույցը պաշտպանում էր Հայաստանի ինքնիշխան պետության դեմ գործված միակողմանի ագրեսիան:
Քանի որ քննարկումը ՄԱԿ-ում էր տեղի ունենում, Փաշինյանը խուսափեց նշել այդ կառույցի ստեղծած ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարության մասին: Դա կարող էր վախեցնել Բայրամովին, քանի որ Բաքուն հրաժարվում է ճանաչել ԵԱՀԿ-ի դերը հակամարտությունում, դրանով իսկ մարտահրավեր նետելով ՄԱԿ-ին, որի ծնունդն է ԵԱՀԿ-ը:
Բայրամովի ելույթը կառուցված էր այնպես, որ Հայաստանը ներկայացվեր որպես ագրեսոր, իսկ իր երկիրը՝ որպես «խելոք անձնավորություն»: «2022 թվի սեպտեմբերի 12-14-ի ընթացքում հայկական զինուժի գործած սադրանքներից հետո Ադրբեջանը պարտավորված է զգում իրեն վերացնելու դրանց մարդասիրական հետեւանքները եւ այդ համատեքստում հայտնում է իր պատրաստակամությունը Հայաստանին միակողմանիորեն հանձնելու զոհված զինվորների դիերը», ասաց նա: Նրա խոսքերը նշանակում են, որ այդ զինվորների սպանությունը հանցագործություն չէ: Ավելին, որ Ադրբեջանը պետք է պարգեւատրվի կամ վարձատրություն ստանա զոհվածների մարմինները վերադարձնելու համար:
Ֆորումին մասնակից դիվանագետներից առողջ դատողության տեր որեւէ ղեկավար կարող էր այն եզրակացությանը հանգել, որ Հայաստանը, որպես երկու տարի առաջ պարտված կողմ որեւէ դրդապատճառ չուներ դիմելու նոր սադրանքների: Բայց ՄԱԿ-ում ընդունված է, որ քաղաքագետները հավատում են իրենց համապատասխան երկրների շահերից բխած հաստատումների, եւ ոչ թե հասարակ ճշմարտության: Բայրամովն, օրինակ, շեշտը դրեց Եվրոպային մատակարարվելիք էներգիայի չնչին պաշարների վրա, որպեսզի կարեկցանք առաջացնի: Նա, իմիջիայլոց, ասաց. «միեւնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է մնալ միջազգային շուկաներում էներգիայի պաշարների հուսալի մատակարարը»:
Իհարկե, էներգիայի այդ պաշարներից օգտվող կողմերը, օրինակ՝ Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պարտավորված են լինելու հավատալու Բայրամովի խոսքերին: Վերջինս, ի դեպ, նաեւ քողարկված սպառնալիք հնչեցրեց ասելով. «Ամեն անգամ, որ Հայաստանը վճռորոշ փուլերում խուսափելով անհրաժեշտ որոշումներ կայացնելուց փորձի դիմել լրջագույն սադրանքների, Ադրբեջանը վճռականորեն հակահարված է տալու պատշպանելու համար իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ քաղաքացիների անվտանգությունը», եւ պահանջեց Հայաստանից զերծ մնալ իրադրության հետագա թեժացումից: «Հայաստանը պետք է գործնական քայլերով մասնակցի գործընթացի կարգավորմանը, որպեսզի բարեկամական, բարիդրացիական հարաբերություններ հաստատելու միջոցով հնարավոր լինի տարածաշրջանում ստեղծել կայուն իրավիճակ», նշեց նա:
Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն վերահաստատեց իր գործընկերոջ պահանջը Հայաստանից, շեշտելով, որ Հայաստանը համապարփակ խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ: Անկարայի եւ Բաքվի համար ադ պայմանագիրը կնքվելու է ի հաշիվ Հայաստանի ինքնիշխան տարածքների մի շերտի, որ որպես պատերազմական ավար մատուցվելու է Ադրբեջանին:
Անվտանգության խորհրդում հավատարմագրված ներկայացուցիչների մեծամասնությունը փորձեց պահպանել խստագույն չեզոքություն: Չինաստանի ներկայացուցիչը երկու կողմերին մեղադրեց հրադադարը խախտելու համար, չնայած ավելացրեց, որ հակամարտությունը չի կարող հանգուցալուծվել առանց ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը: Միայն Նորվեգիայի եւ մասնավորապես Ֆրանսիայի ներկայացուցիչները միանշանակ բարձրաձայնեցին, որ Ադրբեջանն է ագրեսորը: Ռուսաստանի ներկայացուցիչ՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հպարտությամբ նշեց, որ Մոսկվան էր հրադադար հաստատել, չնայած Ռուսաստանը որպես Հայաստանի ռազմավարական դաշնակիցը ՀԱՊԿ-ում առաջին հերթին չպետք է թույլ տար Ադրբեջանին, որ սանձազերծի նման պատերազմ:
Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն ու ուղեղների կառավարամետ շտեմարանները հատկապես դժգոհ են Մ. Նահանգների դիրքորոշումից, որովհետեւ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Լին Թրեյսին եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Ադրբեջանին են համարում ագրեսոր եւ նրանից պահանջում են զորքերը ետ քաշել Հայաստանի ինքնիշխան տարածքից եւ վերադարձնել բոլոր ռազմագերիներին:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդիպելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդուլլահիանն էլ իր հայ գործընկերոջ Արարատ Միրզոյանին, վերստին հավաստիացրել են, որ Իրանը սահմանային որեւէ փոփոխություն համարելու է «կարմիր գծի» խախտում:
Իրանը զորքեր է կենտրոնացրել Հայաստանի սահմաններում, որպեսզի կանխի որեւէ ներխուժում Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից: Սակայն Իրանի ղեկավարությունը քաջ գիտակցում է, որ մինչ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, երկրի տարածքը կարող է դառնալ հանկարծակի հարձակման թիրախը: Այդ պատճառով էլ չպետք է ակնկալենք, որ Հայաստանին սպառնացող որեւէ վտանգի դեպքում Իրանը կարող է ներգրավվել, որովհետեւ դա Թուրքիայի, Ադրբեջանի, Իսրայելի եւ ԱՄՆ-ի կողմից լարված ծուղակ կարող է լինել: Նման սցենար շատ ավելի իրական է թվում, եթե հիշենք, թե ինչպես սանձազերծվեցին պատերազմները Իրաքի, Սիրիայի եւ Լիբիայի դեմ: Նախ ներքին խռովությունները խրախուսվեցին, ինչպիսիք տեղի են ունենում այժմ Իրանում, իսկ հետագայում ծավալվեց օտար ներխուժումը:
Այս զարգացումների հետնապատկերում, մթնոլորտը խիստ լարված է Հայաստանում: Քաղաքական վերնախավը շփոթված է, իսկ Փաշինյանի կուսակցությունը շատ զգույշ է հայցելու «Քաղաքացիական պայմանագրից» դուրս որեւէ մեկի օժանդակությունը: Նախկին երեք նախագահները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը հանդիպեցին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, որպեսզի միավորեն երկիրը, բայց հանդիպեցին ամեն տեսակի բացասական հակազդեցության, թե իբր պետական հեղաշրջում են նախապատրաստվում կատարել:
Տեր-Պետրոսյանը Պետրոս Ղազարյանի վարած հարցազրույցի հյուրն էր եւ որոշ լույս սփռեց, թե ինչու նախկին ղեկավարները, որոնք երդվյալ թշնամիներ են, գլուխ-գլխի էին հավաքվել: Նա նշեց, որ այն, ինչ դրսում կողմերը պահանջում են Հայաստանից, միայն Փաշինյանին է հայտնի եւ նույնիսկ իր մոտիկ գործակիցներն են անտեղյակ դրանից: Ինչ փաստաթուղթ էլ ստորագրի Փաշինյանը, ասաց նա, ստորացուցիչ է լինելու Հայաստանի համար եւ նրան մեղադրելու են որպես դավաճանի: Նվազագույնը, որ նա կարող է անել, շարունակեց Տեր-Պետրոսյանը, իր ունեցած տեղեկությունը երկրի նախկին ղեկավարների հետ, խստագույն գաղտնիության պայմաններում քննարկելն է, որպեսզի նրանք կարողանան որեւէ խորհուրդ տալ եւ ընտրել չարյաց փոքրագույնը, դրանով իսկ պատասխանատվությունը կիսել կառավարության եւ ընդդիմության միջեւ, հաստատված ազգային համաձայնության միջոցով:
Իրոք որ Փաշինյանը չի կարող միայնակ իր ձեռքերում պահել Հայաստանի ճակատագիրը եւ հաշվետու լինել պատմության առաջ:ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ
Անգլ. բնագրից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)