Մարկ Հայրապետյան՝ Գերմանիայի լավագույն կինոլրագրողը

224

Գերմանական կինոլրագրող եւ դերասան Մարկ Հայրապետյանը ծնվել է 1968-ին, Մայնի Ֆրանկֆուրտում, հայ հոր եւ գերմանուհի մոր ընտանիքում: 16 տարեկանում հիմնադրել եւ մինչ օրս խմբագրում է «Spirit: Ein Laecheln Im Sturm» («Ոգի. ժպիտ փոթորիկի մեջ») կինոյի, թատրոնի, երաժշտության եւ գրականության տպագիր եւ առցանց ամսագիրը: Մարկ Հայրապետյանը հաճախ է եղել գերմանական կինոփառատոների ժյուրիի անդամ եւ աշխատակցել կարեւոր տարբեր թերթերի («Նյոյե Ցյուրխեր ցայթունգ», «Ֆրանկֆուրտեր ռունդշաու», «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգ», «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե զոթագցայթունգ», «Զյուդդոյչե ցայթունգ») եւ ամսագրերի («Դեր շփիգել», «Շփիգել օնլայն», «Սինեմա», «Մի. Մուվիզ») Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում եւ ԱՄՆ-ում: Նա բացառիկ հարցազրույցներ է վարել համաշխարհային հռչակ ունեցող կինոգործիչների՝ Էլիա Կազանի, Բիլի Ուայլդերի, Գրեգորի Փեքի, սըր Փիթեր Ուստինովի, Շառլ Ազնավուրի, Էնն Հաթաուեյի, Քիմ Նովակի, Սոֆի Լորենի, Կլաուդիա Կարդինալեի, Ռիչարդ Գիրի, Թոմ Քրուզի, Ատոմ Էգոյանի, ինչպես նաեւ Քրիստիան Քուբրիքի (Սթենլի Քուբրիքի այրու), Ֆելիքս Վեռների (Օսքար Վեռների որդու), Հենրի Քիսինջերի եւ այլոց հետ: Հայրապետյանը նաեւ «Օսքար Վեռներ. Կինոգիրք» գերմաներեն կենսագրական հատորի համահեղինակն է (Վիեննա, 2002):

1996 թվականից ի վեր նա նկարահանվել է հեռուստատեսային եւ մեծ էկրանի մոտ 25 ֆիլմերում: 2011 թվականից Հայրապետյանը Բեռլինի Կինոյի թանգարանի վարչության անդամ է:

Եվրոպայի խոշորագույն «Բիլդ» թերթը գրել է. «Մարկ Հայրապետյանը Գերմանիայի լավագույն կինոլրագրողն է»:

Մենք ընկերացանք 2013 թվականին, երբ Մարկն առաջին անգամ եկավ Հայաստան, որից հետո մեր կապը շարունակվում է մինչ օրս…

Մա՛րկ, ռուսական անիմացիոն մի ֆիլմի երգում ասվում է. «Մասնագիտությունները շատ են, բայց լավագույնը կինոն է, ով հայտնվի այդ աշխարհում՝ նա հավերժ երջանիկ կլինի»: Իսկ դու երջանի՞կ ես:

-Իմ չափազանց սիրելի դերասան Օսքար Վեռները Սթենլի Քրեյմերի «Հիմարների նավը» գլուխգործոցում նավի բժիշկ դոկտոր Շումանի դերում հարցնում է կապիտան Թիլին՝ «Ո՞վ է երջանիկ»: Երջանկությունը միայն պահերի մեջ է: Բայց մինչ այժմ ես շատ եմ վայելել դրանք իմ այս երկու՝ կինոլրագրողի եւ կինոդերասանի մասնագիտությունների շնորհիվ:

Թոմ Քրուզի հետ (լուսանկարը՝ Ֆիլիպ ֆոն Շթուդնիցի)                                     

Երբ զբաղված ես դերասանությամբ, մտքումդ նաեւ «գրո՞ւմ» ես ռեժիսուրայի եւ քեզ շրջապատող դերասանների խաղի մասին:

-Այո՛, ի՞նչ իմացար (ծիծաղում է): Բայց ես կցանկանայի մի փոքր հստակեցնել. Դա կատարվում է նկարահանումից անմիջապես առաջ, երբ ես դիտում եմ նկարահանման հրապարակը եւ մտովի «կլանում եմ» այն: Դրանից հետո նույնպես, երբ տեսարանն ավարտվում է: Այնուամենայնիվ, երբ ասում են՝ «Ձայնագրվո՛ւմ է, նկարահանումը սկսվո՛ւմ է», մի իրապես կախարդական բան է տեղի ունենում. ես «լուծվում եմ» իմ մարմնավորելիք կերպարի մեջ: Եվ այդ հորինված աշխարհը դառնում է իմ իրականությունը, թեկուզ մի քանի րոպեով: Ճիշտ այնքան ժամանակ, որքան պահանջում է ֆիլմի ձայնագրումը: Հակառակ դեպքում, գրելու իմ լավագույն մտքերն իրականում ես ստանում եմ, երբ վազում եմ Ֆելիքսի՝ սիբիրյան գայլաշան եւ հասքիի խառնուրդ իմ շան հետ: Կամ էլ ցնցուղ ընդունելիս:

Դու հանդիպել ես կինոաշխարհի բազմաթիվ լեգենդար մարդկանց հետ: Համոզված եմ, որ նրանց հետ կապված շատ հիանալի պատմություններ ունես: Կպատմե՞ս մի քանիսը:

-Նույնիսկ մի քանիսը համառոտ պատմելը մի ամբողջ գիրք կլցնի: Հրաշալին այն է, որ հարցազրույցների ընթացքում կամ նկարահանման հրապարակում բազմաթիվ հանդիպումների ժամանակ ընկերական հարաբերություններ են ձեւավորվել: Այսպիսով, եկեք սկսենք Անթյե Վայսգերբերից՝ իմ դերասանական կուռք Օսքար Վեռների մեծ սիրուց: Նա թատրոնի պատմության ամենամեծ Գրեթխենն էր («Ֆաուստ»): Ես հանդիպեցի նրան 1993 թվականին, երբ 20-ն անց էի: Վայսգերբերն ինձ հարցազրույցի հրավիրեց իր տուն՝ Ռոթթախ-Էգեռնում (Բավարիա): Դա սկիզբն էր մի այնպիսի հիանալի ընկերության, ինչպիսին տեսնում ենք «Կասաբլանկա» ֆիլմի վերջում՝ Հեմֆրի Բոգարթի եւ Կլոդ Ռեյնսի միջեւ: Անթյեն իմ հանդեպ քնքուշ էր, ջերմ, օգնող, ոչ հավակնոտ՝ ինչպես երկրորդ մայրիկ: Նա շատ էր հետաքրքրված իմ հայկական ծագմամբ եւ շատ գրքեր էր կարդացել առաջին քրիստոնյա ժողովրդի մասին, որոնցից էր Լոիզ Ֆիշեր-Ռուգեի «Իմ հայ երեխաները»: Նա մահացավ 2004 թվականին: Չկա մի օր, որ ես չմտածեմ Անթյեի մասին: Նաեւ շատ հոլիվուդյան աստղերի հետ հանդիպումներն էին հիանալի: Օրինակ, Թոմ Քրուզի, որին ես հանդիպել եմ մի քանի անգամ, եւ որը միշտ փոխում էր մեր դերերն ու ինքն էր սկսում ինձ բազմաթիվ հարցեր տալ: Երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք 2004 թվականին, ես նրան ցույց տվեցի այն ժամանակ մոտ չորսամյա դստրիկիս՝ Լետիցիա-Ռիբանա Օրսինի Սիրանուշի լուսանկարը: Թոմ Քրուզը մի քանի րոպե լուսանկարը պահեց ձեռքին ու ասաց. «Չե՜մ կարող հավատալ: Նա շա՜տ գեղեցիկ է»: Նման բանը երբեք չես մոռանա:

 Ռիչարդ Գիրի հետ (լուսանկարը՝ Փ. Քեթի)

Քո հանդիպած հայտնիների մեջ  ո՞ւմ  նկատմամբ ունեցար ամենամեծ հիացմունքը եւ ո՞ւմ հանդեպ՝ մեծագույն հիասթափությունը:

-Դժվար է բազմաթիվ դրական փորձառություններից առանձնացնել մեկը: Անթյե Վայսգերբերից եւ Թոմ Քրուզից բացի հիշեմ իմ լավագույն ընկերոջը՝ դերասան եւ աուդիո պիեսներ ստեղծող Կոնրադ Հալվերին, որը, ցավոք, մահացավ 2012-ին: Հիշեմ իմ հայրական ընկեր Մաքսիմիլիան Շելլին, կինոկոմպոզիտոր Էննիո Մորիկոնեին, նկարիչ Քրիսթիան Քուբրիքին՝ հանճարեղ Սթենլի Քուբրիքի այրուն, որն ինձ հրավիրեց անգլիական Հերթֆորդշիր կոմսությունում գտնվող իր Չայդուիքբըրի Մեյնոր կալվածքը: Պետք է առանձնացնեմ ֆրանսիացի աստղ Ալեն Դելոնին: Կոնգրեսի դահլիճում Բեռլինալեի ասուլիսի ժամանակ ես նրան հարց տվեցի. «Մի անգամ ասել եք, որ բարեկամության մեջ չկա հիասթափություն, կա միայն դավաճանություն: Երբեւէ ձեզ դավաճանված զգացե՞լ եք մասնագիտական կամ անձնական առումով»: Լեփ-լեցուն դահլիճում, հարյուրավոր լրագրողների եւ բազմաթիվ հեռուստատեսային տեսախցիկների առաջ Դելոնը պատասխանեց. «Այո, ճիշտ է: Երկու դեպքն էլ եղել է: Ավելի ուշ ես ձեզ առանձին կպատմեմ»: Եվ նա իր խոսքի տերը եղավ ու մամլո ասուլիսից հետո ինձ հրավիրեց ընթրիքի:

Բացասական փորձառությունները կարելի է հաշվել մի ձեռքի մատների վրա: Ես մի փոքր հիասթափվեցի «Երկաթե մարդը» ֆիլմի աստղ Ռոբերտ Դաունի կրտսերից: Մենք իսկապես հաջող հարցազրույց անցկացրինք «Վալդորֆ Աստորիա» հյուրանոցում, որից հետո ես նրան հարցրի՝ կարո՞ղ ենք միասին սելֆի անել: Նա հրաժարվեց տարօրինակ պատճառաբանությամբ. «Եթե ես հիմա քեզ հետ նկարվեմ, ստիպված կլինեմ դա անել բոլորի հետ, եւ պրծում չեմ ունենա»: Բայց սենյակում մեզնից բացի ոչ ոք չկար:

Դու խաղացել ես «Իսկական սիրո ուղիներ» էրոտիկ թրիլերում: Ներգրավվա՞ծ էիր էրոտիկ տեսարաններում: Եթե այո, ինչպիսի՞ն էր այդ փորձառությունը:

-Ես բախտավոր եմ՝ այս հարցին պատասխանելով: Թեեւ դա ոճային սեւ-սպիտակ էրոտիկ թրիլեր է՝ սարսափի տարրերով, ես ներգրավված չէի մերկության կամ էրոտիկ տեսարաններում: Ես հիմնականում խաղում էի ինքս ինձ՝ մի հաղորդավարի, որը թոք-շոուի եթերում քննիչի հետ խոսում է միմյանց հերթագայող սպանություններից, մինչ կիսամերկ գլխավոր դերակատարուհի Աննա Հաուսբուրգը, որը մի փոքր ուշ ընկնում է դաժան հոգեկան հիվանդ մարդասպանի ճիրանը, միացրած է լինում իր հեռուստացույցը եւ հմայված ու հուզված հետեւում է մեզ:

Մա՛րկ, քո հայրը Մայնի Ֆրանկֆուրտի Հայ մշակութային միության հիմնադիրն էր: Խնդրում եմ պատմես նրա մասին:

-Ես շատ բան եմ պարտական հորս՝ Արտավազդ (գրվում էր Արդավաս) Հայրապետյանին (որին բոլորը Վասիկ էին անվանում), հատկապես կինոյի, երաժշտության, գրականության, լուսանկարչության եւ նկարչության հանդեպ նրա սիրո համար: Թեեւ նա մասնագիտությամբ ճարտարագետ էր, շատ էր նկարում՝ էքսպրեսիոնիստական եւ իմպրեսիոնիստական ոճով: Էռնստ Լյուդվիգ Քիրխները եւ Վինսենթ վան Գոգը նրա սիրելի նկարիչներն էին: Բայց նա նաեւ գեղեցիկ սրբապատկերների հեղինակ է, որոնք զարդարում են իմ գերմանացի մայրիկի՝ Մագոյի հյուրասենյակի պատերը Հանովերում: Նա ինձ սովորեցրեց նաեւ լուսանկարել, ինձ կտակել է իր «Leica R3» լուսանկարչական խցիկը: Երբ 1960-ականների կեսերին նա Իրանից եկել է Գերմանիա, 1968-ին դարձել է Հայ մշակութային միության համահիմնադիրն իմ ծննդավայր Մայնի Ֆրանկֆուրտում: Հայրս շատ գեղեցկատես էր եւ կարող էր ինքն էլ դերասան դառնալ:

Կարծես Օմար Շարիֆի, Ջորջ Քլունիի եւ Յոախիմ Ֆուքսբերգերի խառնուրդը լիներ: Բայց նա գերադասել է շախմատ խաղալ եւ Իրանում մի շարք տիտղոսներ է նվաճել: Հայրս ավելին էր, քան իդեալիստը. նա ալտրուիստ էր: Ուրիշների բարեկեցությունը միշտ սեփականից ավելի կարեւոր էր նրա համար: Իրանի իսլամական հեղափոխության ժամանակ նա օգնեց բազմաթիվ ընկերների եւ նրանց ընկերներին հաստատվել արտասահմանում: Նա առատաձեռն էր, երբեք փող չէր վերցնում, այլ տալիս էր: Մեծ բարեկամությամբ կապված էր Արամ Խաչատրյանի հետ, որին 1970-ականներին ցույց տվեց Գերմանիան: Երբեմն նրանք միասին այցելում էին Ֆրանկֆուրտի գիշերային ակումբները: Ծխելը նրա միակ արատն էր. նա մահացավ թոքերի քաղցկեղից 2006 թվականին, 65 տարեկան հասակում:

Երբ 2013-ին Երեւանի միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ էի եւ փակման հանդիսությանը (որ տեղի ունեցավ օպերայի եւ բալետի թատրոնի ամբողջովին լեցուն դահլիճում, ներկա էր Շառլ Ազնավուրը) ՖԻՊՐԵՍՍԻ-ի մրցանակը շնորհեցի իրանական մի ֆիլմի, բեմից պատմեցի հորս եւ Արամ Խաչատրյանի բարեկամության մասին: Հնչեցին ծափեր ու հոտնկայս օվացիաներ: Դա իմ կյանքի ամենահրաշալի պահն էր՝ նվիրված իմ սիրելի հոր հիշատակին:

Մենք հանդիպել ենք 2013 եւ 2018 թվականներին Հայաստան կատարած քո այցելությունների ժամանակ: Ակնհայտ էր, որ անգամ առանց լեզվի իմացության՝ դու քեզ զգում ես քո երկրում: Թեեւ դու հոդված ես գրել առաջին այցելությանդ մասին, հիանալի կլինի, եթե եւս մեկ անգամ պատմես քո հայաստանյան փորձառությունների մասին:

-Արդեն հիշեցի «Ոսկե ծիրանի» տասնամյակի հրաշալի մրցանակաբաշխությունը, որն ուղիղ եթերով հեռարձակվեց նաեւ հայկական հեռուստատեսությամբ: Այո՛, երբ առաջին անգամ Երեւան եկա 2013 թվականի շոգ ամռանը, ես ինձ զգում էի՝ ինչպես տանը: «Գրանդ հյուրանոցում», որն այն ժամանակ «Գրանդ թյուլիփ» էր, ես զարմացած էի, որ սպասասրահում աշխատող երիտասարդ կանանց հետ կարող էի խոսել 1960-1970-ականների ֆիլմերի եւ դերասանների մասին: Հայաստանում հանրակրթական եւ մշակութային գիտելիքները շատ բարձր են: Եվ դա ինձ հպարտությամբ է լցնում: Նաեւ երբեք չեմ մոռանա, որ առաջին իսկ օրն անձամբ ճանաչեցի մեր բոլորի մեծագույն հային՝ Շառլ Ազնավուրին: Նա ինձ հետ նույն հյուրանոցում էր, եւ նրա հետ ինձ ծանոթացրեց իմ լավ բարեկամ Ատոմ Էգոյանը: Մեկ օր անց ես Շառլի հետ հարցազրույց ունեցա «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» եւ իմ սեփական մշակութային ամսագրի՝ «Սպիրիտի» համար՝ իր իսկ թանգարանում կայացած ընդունելությունից հետո: Մեր ծանոթությունն այնքան խորացավ, որ գրեթե մեկ տարի անց նա հրավիրեց ինձ եւ իմ վիետնամցի ընկերուհուն նշելու իր 90-ամյակը Բեռլինում՝ իր համերգից հետո:

Երբ Երեւանում Խաչատրյանի անվան համերգասրահում ներկա գտնվեցի համերգի, արտասվում էի: Դրանք նաեւ ուրախության արցունքներ էին: «Երեւանյան գիշերներ» ռեստորանի բանկետը հրաշալի էր, երբ մենք բոլորս՝ կինոգործիչներ, լրագրողներ, կազմակերպիչներ, զբոսաշրջիկներ եւ գեղեցիկ հայ աղջիկներ, միասին նշեցինք փառատոնի բացումը եւ պարեցինք կենդանի երաժշտության ներքո: Հինգ տարի անց ինձ հրավիրեցին Երեւան՝ որպես պատվավոր հյուր մասնակցելու «Մարկ Քեյն» նորաձեւության շոուին, որտեղ կրկին հանդիպեցինք, սիրելի՛ Արծվի, եւ կրկին միասին ժամանակ անցկացրինք ակումբում, որտեղ մեզ ասացին՝ պարե՛ք, պարե՛ք, պարե՛ք մինչեւ լուսաբաց: Հայկական հյուրասիրությունն ու ուտեստները (մենք նաեւ եղանք հայտնի «Դոլմամա» ռեստորանում) իսկապես յուրահատուկ են: Իսկ հայուհիները, վիետնամուհիների հետ միասին, ամենագեղեցի՛կն են աշխարհում: «Ոսկե ծիրանի» հարգելի՛ կազմակերպիչներ, եթե կարդում եք սա, ապա իմացե՛ք, որ ձեր միջազգային կինոփառատոնը լավագույններից է, եւ ինձ համար պատիվ կլինի դարձյալ ընդգրկվել ձեր ժյուրիներից մեկում, որովհետեւ, մեջբերեմ իմ հայրենակից Վիլյամ Սարոյանին, իմ սիրտը միշտ գտնվում է Հայաստանի բարձր լեռներում:

Շնորհակալությո՛ւն, Մա՛րկ: Մաղթում եմ, որ քո հաջորդ այցելությունը Հայաստան չուշանա ու նորից կապված լինի ինչ-որ հետաքրքրական մշակութային նախագծի:

-Շնորհակալությո՛ւն, Արծվի, իմ կյանքի եւ գործունեության նկատմամբ քո հետաքրքրության համար: Հիմա, որ պսակաժահրը գրեթե հաղթահարված է, հուսով եմ՝ շուտով նորից այցելել քեզ եւ իմ մյուս հայ ընկերներին:

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Մարկ Հայրապետյանի լուսանկարը՝ Ֆրենք Զիհաուզենի