Քաղաքական դաշտում համաշխարհային դերակատարները հաճախ են թիրախակալում փոքր ազգերին եւ օգտագործում նրանց դժբախտությունը քաղաքական որոշակի շահեր ձեռք բերելու համար: Կոսովոյի պարագայում արեւմուտքը էապես շահագրգռված էր մասնատելու նախկին Հարավսլավիան եւ ստեղծելու մահմեդական մի պետություն Եվրոպայի կենտրոնում` օգտագործելով ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը:
Ղարաբաղի պարագայում կողմերից ոչ մեկը կարծես չի հետաքրքրվում անկլավում դարանակալված հայերի ճակատագրով: Ավելին, թվում է, թե ոչ մեկը բավականաչափ խիզախություն չի դրսեւորում, թեկուզ ցինիկաբար, քաղաքական որոշակի դիվիդենտներ ձեռք բերելու եւ օգնություն ցուցաբերելու նրանց` ներկայի դժվարին ժամանակներում: Հետեւանքում Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ կենսական նշանակություն ունեցող ճանապարհը` միջանցքը, դեռեւս շրջափակված է մնում` առաջացնելով մարդկային աղետ:
Ադրբեջանը կարծես ժամանցային մի ձեռնարկ է մշակել, որի խաղերով առաջ է տանում իր գործողությունները եւ հիբրիդային պատերազմն ընդդեմ Հայաստանի: Երբ անցյալ սեպտեմբերի 13-ին ներխուժեց Հայաստանի ինքնավար տարածք, Բաքուն չէր ակնկալում, որ աշխարհը կարձագանքի այդ կարճատեւ պատերազմին: Այժմ նա ավելի հաշվարկված քայլերով է փորձում խեղդամահ անել ղարաբաղահայությանը, նրանց իրենց բնակավայրից տեղահանելու եւ միաժամանակ Զանգեզուրի միջանցքի ձեւով Հայաստանից մեկ այլ հողակտոր պոկելու վերջնական նպատակով:
Աշխարհի ուժային գլխավոր կենտրոններից հնչում են դատապարտման խոսքեր, որոնք սակայն առայժմ նախագահ Իլհամ Ալիեւին հետ չեն պահում իրականացնելու էթնիկական զտումների իր քաղաքականությունը: Դրանք պարզապես կոչ են անում իրագործել Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի միջեւ 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրի դրույթները: Այդ կոչերում, սակայն, նկատվում է նաեւ որոշակիություն, կամ անլուրջ վերաբերմունք, որն էլ անարդյունավետ է դարձնում դրանք: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն, օրինակ, մտահոգություն հայտնեց միջանցքի շրջափակման երկարաձգման առիթով այն բանից հետո, երբ հանդիպեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Սակայն նրա մտահոգությունը հնչեց խոսնակ Ստեֆանի Դյուրարիչի շուրթերից: Նույնը կատարվեց Մ. Նահանգների պետքարտուղարության հետ, որն այս անգամ իր մտահոգությունը արտահայտեց գլխավոր փոխխոսնակ Վեդան Պատելի շուրթերով: Դիվանագիտական բառապաշարում բոլոր այս մանրամասնությունները նշանակություն ունեն: Զեկուցողը կամ խոսքերն արտահայտողն է կշիռ հաղորդում հայտարարությանը: Ալիեւը այդ կշռի համեմատ է ձեւավորում իր հետագա գործողությունները:
Ժամանակ առ ժամանակ մենք նաեւ Թուրքիայից ենք լսում ուղերձներ, որոնք արտահայտում են Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը: Այսպես կոչված ադրբեջանցի բնապահպանների եւ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի միջեւ բախման այս օրերին, Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն միջամտելով իրադարձությանը հայտարարեց, որ շրջափակումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ չփակվեն Ղարաբաղի բոլոր հանքերը:
Ադրբեջանն անշուշտ լավ չէր հաշվարկել` բեմականացնելով ինքնակոչ բնամարտիկների այս շոուն: Արցախի հանքերի աշխատանքներն ստուգելու եկած ցուցարարները փորձում էին ամեն ինչ մաքուր ու անաղարտ ձեւացնել: Նրանք բաց թողեցին 44 աղավնիներ` խորհրդանշելով 44-օրյա պատերազմը, որ ջարդեց Արցախի մեջքը, եւ մուշտակե վերարկու հագած մի կին-խոսնակ (ոչ մի իսկական բնապահպան իրեն թույլ չի տա նման մի բան) պահանջները ներկայացնելուց իր ձեռքին պահած աղավնուն խեղդամահ արեց: Խեղճ կենդանու գետին ընկնելու տեսարանով էլ ավարտվեց ողբերգաթատերգական գործողությունը:
Հանքարդյունաբերությունը Ղարաբաղի տնտեսության գլխավոր բաղադրամասն է, եւ որեւէ միջամտություն դրա գործունեության մեջ կաթվածահար կանի Ղարաբաղի՝ առանց այն էլ թույլ տնտեսությունը:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ պաշտպանում է Հայաստանից մի կտոր պոկելու Ալիեւի պահանջը, կեղծ հավասարության նշան դնելով Լաչինի եւ Զանգեզուրի միջացնքների միջեւ: Վերջինս անքակտելի մաս է կազմում պանթուրանական ծրագրի, որը վերջերս քննարկվեց Թուրքմենստանում, որտեղ Ալիեւն իր գործընկերներին հավաստիացրեց, որ այդ գործն արդեն իրագործված կարելի է համարել:
Քանի որ թյուրքական պետությունների այդ ծրագիրը հակասում է Իրանի շահերին, Թեհրանը Հայաստանի տարածքային ամբողջականության հարցը դարձրել է առաջնահերթություն եւ կարմիր գիծ իր արտաքին քաղաքականության մեջ: Այլ հարց է, թե Իրանը կմասնակցի՞ պատերազմին, եթե Թուրքիան եւ Ադրբեջանը որոշեն Սյունիքի միջով ճանապարհ հարթել եւ ձեռք բերել «Զանգեզուրի միջանցքը»: Սյունիքի մարզը, որտեղ Իրանը վերջերս հյուպատոսարան բացեց, կարեւոր շրջան է Հայաստանի հանքարդյունաբերության համար, սակայն արդեն համաշխարհային նշանակության մարտավարական տարածք է դարձել Իրանի եւ թյուրքական աշխարհի մրցակցության պայմաններում: Ռուսաստանն էլ, բացի Իրանից, իր շահերն ունի այդ տարածքում:
Անցյալ շաբաթ բրիտանական MI-6 հետախուզական գործակալության ղեկավար Ռիչարդ Մուրը Հայաստան այցելեց, բանակցություններ վարեց հայկական իշխանությունների հետ: Շատ քիչ տեղեկություն թողարկվեց այդ մասին: Մեկնաբանություններ հնչեցին, որ քննարկումները վերաբերել են Հայաստանում արտաքին հետախուզական գործակալություն հիմնելու ծրագրին, սակայն առավել լայն առումով եթե դիտարկենք, կարելի է ենթադրել, որ դրանք հավանաբար առնչվել են Իրանի նկատմամբ արեւմուտքի եւ Իսրայելի ծրագրերին: Չմոռանանք, որ անցյալ գարնանը ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզության վարչության ղեկավար Ուիլյամ Բըռնզն էր այցելել Հայաստան, որին հետեւել էր Ռուսաստանի իր գործընկերոջ` Սերգեյ Նարիշկինի այցելությունը: Պատկերը կամբողջանա, եթե ավելացնենք, որ այդ երկու այցելությունների արանքում Իսրայելի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներն էին այցելել Բաքու եւ հանդիպել այնտեղ նաեւ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ:
Իրանում տեղի ունեցող ներքին խռովությունները համընկնում են այդ երկրի դեմ համաշխարհային դերակատարների ուժային կուլիսներում մշակվող գաղտնի ծրագրերի հետ: Հայաստանը անվտանգ չի կարող մնալ, եթե Թեհրանի կառավարությունը փլուզվի:
Հայերս ոգեւորվել էինք լսելով, որ Հնդկաստանը 250 միլիոն դոլարի արժողությամբ արդիական զենքեր է վաճառելու Հայաստանին, որպեսզի վերջինս վերահանդերձավորի իր բանակի խեղճացած զինանոցը: Ոգեւորությունն ավելի էր ուժեղացել, երբ Ջեյմսթաուն հիմնադրամի (Jamestown Foundation) «Eurasia Daily Monitor-ի» էջերում հայտնվել էր մի հոդված, համաձայն որի «Իրանը կարող է Հայաստանին մատակարարել մարտական ԱԹՍ-եր եւ թափառող զինամթերք, որպեսզի հայկական բանակը կարողանա պատշաճ դիմադրություն ցուցաբերել հակառակորդ պետությունների (իմա` Ադրբեջանի) հարձակումներին»:
Հոդվածի հեղինակ Ֆուադ Շահբազի կարծիքով, այդ զինատեսակների ձեռք բերումը խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար ռազմական հավասարակշռություն ստեղծելու փոխարեն, է՛լ ավելի է հետաձգելու խաղաղության հեռանկարը: Նրա այդ տեսակետը հիմնված է այն փաստի վրա, որ Բաքուն այժմ կարող է խաղաղության պայմանագիրը ստորագրել իր պայմաններով, քանի որ Հայաստանը նվազ մարտունակ է, մինչդեռ հավասարակշիռ ռազմական կարողությունների դեպքում հարցը կարող է տեղափոխվել այլ հարթակ:
Մինչ քաղաքական եւ ռազմավարական հակամարտությունները արագորեն զարգանում են ամբողջ աշխարհում, որոշ տեղական բնույթի միջադեպեր նույնպես տեղի են ունենում: Ադրբեջանն, օրինակ, վերջերս մի քանի օրով փակեց բնական գազի հոսքը դեպի Արցախ, ստիպելով, որ հայերն այնտեղ սառչեն: Մի քանի օր անց լուր տարածվեց, որ վերականգնվել է գազի մատակարարումը: Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ ադրեջանցիների հետ փոխադարձ զիջումների գնալու ոչ մի քննարկում չի անցկացվել:
Գազի վերականգնումը Բաքվի իշխանությունների կողմից բարի կամքի դրսեւորում չէր անշուշտ, քանի որ դրանից մի քանի օր անց մեկ այլ միջադեպ արձանագրվեց` կապված Սարսանգի ջրամբարի հետ: Այդ ջրամբարը երկու նպատակի է ծառայում: Մեկը Արցախին էլեկտրականություն, իսկ մյուսը` Ադրբեջանի դաշտավայրերին ջուր է մատակարարում: Արցախի իշխանությունները, մեր տեղեկությամբ, սպառնացել էին, որ ջրի հոսքը դեպի Ադրբեջան կդադարեցվի հաջորդ սեզոնին եւ ջրամբարի ամբողջ կարողությունը կօգտագործվի ձմռանը էլեկտրականություն հայթայթելու նպատակով: Ահա թե որն էր գլխավոր պատճառը:
Լաչինի միջանցքը դեռ փակ է մնում` ստեղծելով սննդի եւ դեղորայքի անմիջական հայթայթման անհրաժեշտություն անկլավում գտնվող մարդկանց համար: Ադրբեջանի իշխանությունները հույսը դրել են Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովուրդների համբերության վրա, ակնկալելով, որ սովածության շեմին թողնվելով նրանք հուսահատ քայլերի կդիմեն եւ դրանցով կարդարացնեն նոր պատերազմի հրահրումը Ադրբեջանի կողմից:
Վարդանյանը նշել է. «Մենք սովորելու ենք ապրել նոր պայմաններում»:
Իսկ նոր պայմանների խաղի անունն է` «համբերություն» եւ «հաշվարկված քայլեր»:
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ
Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)