«Հրեաներ, պահպանե՛ք հայերին»

217

Իսրայելական «Դետալի» («Детали») ռուսալեզու կայքի հարցազրույցը Հայաստանի հրեական կրոնական համայնքի ռաբբունապետի հետ

— Ըստ հայկական աղբյուրների, հրեաները Հայաստանում հայտնվել են առնվազն 2,5 հազար տարի առաջ: Ըստ հրեական աղբյուրների, Դատավորների դարաշրջանում Բենիամինի ցեղը փախել է հյուսիս-արեւմուտք՝ հենց այստեղ: Դա եղել է առաջին ալիքը,- «Դետալի»-ին պատմում է Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Բուրշտեյնը:- Երկրորդ ալիքը եկել է Բաբելոնից՝ Առաջին տաճարի ավերումից հետո: Միդրաշ ռաբայի (Հնգամատյանի եւ Հինգ մագաղաթների հրեական մեկնաբանությունների  անթոլոգիա — Գ. Մ.) առաջին գլխում Բարձրյալն ասում է. «Այլևս չեմ քշի նրանց անապատը, որտեղ նրանք կկործանվեն, այլ կուղարկեմ Հայաստան երկիր, որտեղ հաց ու ջուր կգտնեն»:

Իսկ արդեն Երկրորդ տաճարից հետո Տիգրան Մեծ արքան Հայաստան է բերել,  տարբեր տվյալներով, 30 հազարից 300 հազար հրեա: Նրանց լավ էին վերաբերվում, Արտաշիսյանների օրոք հնարավորություն էին տալիս ապրել մեծ քաղաքներում, զարգացնել առեւտուրը: Հրեաների ազդեցությունն այնքան մեծ էր, որ ե՛ւ Փոքր Հայքում, ե՛ւ Մեծ Հայքում հրեական ծագմամբ թագավորներ էլ են եղել: Հովսեփ Փլավիոսը, լինելով Հայաստանում, գրել է, թե այս երկիրը լավն է հրեաների համար:

Իսկ ահա այս գեղեցիկ ազգանունները՝ Իսահակյան, Իսրայելյան, հրեակա՞ն են:

— Կարծում եմ՝ ոչ: Դրանք ծագում են այն անուններից, որոնք վերցված են քրիստոնյաների կոչած Հին Կտակարանից: Բայց կա, օրինակ, Դայան հայկական ազգանուն, այն արդեն ածանցյալ է ոչ թե անունից, այլ մասնագիտությունից: Այդ մարդու նախնին դատավոր է եղել: Իսկ ընդհանուր առմամբ՝ տեղի է ունեցել ուժեղ միախառնում: Առաջին ալիքը հազվագյուտ բացառություններով (Իզմիր քաղաքից ոչ հեռու կա ոչ մեծ համայնք, որը պահպանվել է հին դարերից) ձուլվել է հայությանը: Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ հայերի ու հրեաների միջեւ այնքան ընդհանուր բան կա:      

Ի՞նչ, օրինակ:

— Հակվածությունը վերացարկված մտածողությանը: Դառը հումորի զգացումը: «Շին» տառը հայոց այբուբենում: Բնածին ժողովրդավարությունը: Հայկական մտածելակերպը այնքան էլ կովկասյան չէ, ավելի շուտ մերձավորարեւելյան է, դա ասում են իրենք՝ հայերը: Ավելին, մենք նաեւ արտաքինով ենք նման: Ո՛չ բոլորն, իհարկե, բայց կա այնպիսի հայկական առանձնատիպ, որը դժվար է տարբերել հրեականից:

Եվ վերջապես, ինչպես եւ հրեաները, հայերը համաշխարհային ազգ են: Ժողովրդի մեծ մասն ապրում է իր պատմական հայրենիքի սահմաններից դուրս: Չկա երկիր, որտեղ չլինեն հրեաներ, չկա երկիր, որտեղ չլինեն հայեր: Դրանք երկու վտարակ ժողովուրդներ են, որոնք հազարամյակներով ապացուցում են պատմական հայրենիքում ապրելու իրենց իրավունքը, ինչը շատերի կողմից ժխտվում է: Կա անգամ հրեասիրական մի զվարճապատում. «Հայեր, պահպանեք հրեաներին. որ նրանց վերջացնեն՝ ձեզ կդառնան»: Բարոյական խրատը պարզ է՝ հարկավոր է պահպանել միմյանց:

Որտեղի՞ց է այդ դեպքում Հայաստանի մասին պատկերացումը իբրեւ հակասեմիտական երկրի: Հայտնի է  Pew Research Center-ի վարկանիշային հետազոտությունը, որի համաձայն այն հրեաների հանդեպ ամենաանհանդուրժող երկիրն է: Ավելի շատ, քան Ռուսաստանն ու Լեհաստանը: «Հայաստանի բնակչության 32 տոկոսը չէր ցանկանա տեսնել հրեաներին իր երկրի քաղաքացիների թվում»:

— Դուք բախվե՞լ եք հակահրեականության՝ ապրելով Հայաստանում:

Երբեք:

— Ես եւս: Մինչխորհրդային ժամանակներում Երեւանի գավառում հրեաները կազմել են քաղաքի բնակչության մոտ 17տոկոսը. Դա շատ մեծ թիվ է: Դուք չեք գտնի հրեաների կոտորածի կամ այստեղից վտարման ոչ մի հիշատակություն: Ավելին, Հայաստանը ժամանակին կոչել են ազատ հրեաների երկիր. այստեղ երբեք չի եղել բնակության սահմանագիծ, հրեաներն ազատ ապրել են բոլոր մեծ քաղաքներում: Անգամ հրեական հանրագիտարանում չկան Հայաստանում հակասեմիտիզմի փաստեր: Սա այն քիչ երկրներից մեկն է, որտեղից հրեաները գնում են Իսրայել գաղափարական նկատառումներով, բայց ոչ մեկը չի հեռացել ազգային անհանդուրժողականության պատճառով:

Որտեղի՞ց է այդ դեպքում հայտնվել նման առասպելը:

— Ես բացատրություն չունեմ: Եկեք լրիվ անաչառ լինելու համար ասենք, որ Հայաստանից դուրս հրեաների և հայերի տարանջատումը շատ ավելի կոշտ է, քան երկրի ներսում: Այսպես օրինակ, Հայաստանի ամենահին ազգայնական կուսակցություն «Դաշնակցությունը» այնքան էլ բարեհաճ չէ հրեաների նկատմամբ: Երկրի ներսում ես նման խնդիրներ չգիտեմ, իսկ ահա, ասենք, Ամերիկայում տարաձայնություններ իրոք կան:
Հրեաների եւ հայերի միջև ատելություն հրահրելու բազմաթիվ փորձեր են եղել: Կա, օրինակ, մեջտեղ նետված մի պնդում, թե ցեղասպանության գաղափարախոսները հրեաներ են եղել: Իբր թե երիտթուրքերի մեջ եղել են 17-րդ դարի կեղծ մարգարե, հրեականությունից հրաժարված եւ իսլամ ընդունած Շաբթայ Զվիի ժառանգները: Թերևս գենետիկական կապեր կան, բայց այդ ամենը կարծես մատից ծծած ենթադրություն լինի:

Սակայն եթե հակահրեականություն Հայաստանում ես իրոք չեմ տեսնում, ապա Իսրայել պետությանը հայերը մեծ հարցեր ունեն. Իսրայելը չի ճանաչել (Հայոց) ցեղասպանությունը, զենք է վաճառում Ադրբեջանին, բարեկամություն է անում Թուրքիայի հետ:

— Բայց դրանք հարցեր են Իսրայելի ղեկավարությանը, եւ ոչ իսրայելական հասարակությանը: Հասարակությունը պարբերաբար երթեր է անցկացնում եւ  ստորագրահավաք անում՝ պահանջելով փոխել Ադրբեջանի հետ ռազմական շփման դիրքորոշումը: Քաղաքական կապերը իրավիճակային են, դրանց հիման վրա չի կարելի մասշտաբային եզրակացություններ անել: Օրինակ, Իրանը, որն այժմ Իսրայելի ամենավտանգավոր թշնամին է, ժամանակին, պատմական առումով բոլորովին վերջերս նրա դաշնակիցն էր: Իսրայելն օգնեց Իրանին Իրաքի դեմ պատերազմում: Իսրայելին բարեկա՞մ է արդյոք Թուրքիան: Վստահ չեմ. Նկատեք, որ Էրդողանը Իսրայելն Իսրայել չի կոչում, նա ասում է, որ դրանք ժամանակավորապես գրավված պաղեստինյան տարածքներ են: Մահմեդական երկրներն Իսրայելի համար  երբեք լուրջ գործընկերներ չեն լինի, սա ժամանակավոր է, սա քաղաքական շահ է: Բայց ժողովուրդների բարեկամությունը քաղաքական շահով չէ պայմանավորված:  

Վերջերս Հայֆայում բացեցին հուշահամալիր եւ հրապարակ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Բացումից անմիջապես հետո թուրք դեսպանը հայտարարեց, թե այդ արարքը վիրավորական է իր երկրի համար: Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստ են խոշոր փողեր վճարել, որ նման բան տեղի չունենա:

Հայֆայում հուշահամալիրը խոշոր իրադարձություն է, բայց կնեսետը չի ճանաչել ցեղասպանությունը:

— Ինչը նրան պատիվ չի բերում: Ճանաչել է երկու քաղաք՝ Պետահ Տիկվան եւ Հայֆան: Ու սա նույնպես վկայում է պետության ու ժողովրդի տարբերության մասին: Պետությունը ղեկավարվում է քաղաքական դրդապատճառներով, մարդիկ՝ մարդկայնության նկատառումներով: Համենայն դեպս հիշեցնեմ, որ հրեաները՝ մասնավոր անձինք, շատ ջանքեր են գործադրել Ցեղասպանությունը Ֆրանսիայում եւ այլ երկրներում ճանաչել տալու համար:  

Վիրավորվածություն, այնուամենայնիվ, կա: Հայերն ասում են, որ Հոլոքոստի մասին գիտե ողջ աշխարհը, իսկ Ցեղասպանությունը հաճախ լռության է մատնվում: Սա նման է նրան, որ աշխարհի ողջ ուշադրությունն այժմ ուղղված է ուկրաինական պատերազմին, իսկ արդեն կես տարի շրջափակման մեջ գտնվող ու ոչնչացման եզրին հայտված Արցախի աղետալի վիճակը շատ քչերին է մտահոգում: «Մեզ մոռացել են»,- ասում են մարդիկ:

— Նրանք միանգամայն ճիշտ են, դա անարդարացի է: 2000 թվականին ես նամակ գրեցի Իսրայելի այն ժամանակվա նախագահ Մոշե Կացավին. «Պարոն նախագահ, որպես Հայաստանի հրեա՝ ես հպարտ կլինեմ Իսրայելով և մեր ժողովուրդով, եթե մենք ճանաչենք այն, ինչի պատճառով է վերջին հաշվով տեղի ունեցել Հոլոքոստը»:

Իսկ ի՞նչ կապ կա Ցեղասպանության եւ Հոլոքոստի միջեւ:

— Ինչ-որ առումով Ցեղասպանությունը Հոլոքոստի փորձն էր: Ցեղասպանությանը միջազգային լուրջ արձագանքի բացակայությունը նացիստների ձեռքերն արձակեց: Որքան գիտեմ, Գեբելսը հրեական հարցի վերջնական լուծումը պատճառաբանել է այսպես. «Ո՞վ է հիմա հիշում հայերին»: Եթե   հաջողվել է մեկը, մյուսն էլ կհաջողվի:(*)

Ինչքա՞ն հրեա կա այժմ Հայաստանում:

— Ոչ ոք չի հաշվել, հրեաներին հաշվելն ընդհանրապես շատ ընդունված չէ: Կարող եմ ասել, որ վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանից Իսրայել է մեկնել մոտ 20 հազար ընտանիք: Ի՞նչ կարող ենք ասել հրեաների մասին, եթե 90-ականներին այստեղից հեռացել է հայ բնակչության մոտ 50 տոկոսը: Եթե   երկու պատերազմ ու շրջափակում չլիներ, կարծում եմ՝ հիմա այստեղ 15-20 հազար հրեա կապրեր: Համայնքը փոքր է, շատ տարիների ընթացքում առաջին լուրջ համալրումը տեղի է ունենում հենց հիմա, մեր աչքի առաջ. Ուկրաինայի պատերազմի սկսվելուց հետո շատ ռուս հրեաներ են եկել այստեղ:

Իշխանություններն օգնո՞մ են ձեզ:

— Հայաստանի իշխանությունները ազգային որեւէ խումբ չեն առանձնացնում:  Հայաստանի բյուջեն ներառում է գումար էթնիկ խմբերի մշակութային զարգացման համար, դրանք տասնմեկն են՝ եզդիներ, հույներ, ասորիներ, ռուսներ, բելառուսներ, վրացիներ, գերմանացիներ, հրեաներ, լեհեր, քրդեր, ուկրաինացիներ:

Ինչ-որ մի Նոյյան տապան:

— Այդպես էլ կա: Բոլոր խմբերը միասին կազմում են ընդհանուր բնակչության լոկ 6 տոկոսը: Ավելի ճիշտ՝ կազմում էին: Ռուսաստանից զանգվածային արտագաղթը խախտել է համամասնությունները:

Ժողովուրդների զանգվածային գաղթ, պատերազմ, որը պատրաստվում է դառնալ համաշխարհային. աշխարհը դարձել է վտանգավոր վայր, չկա լիարժեք վստահություն, որ այն ընդհանրապես կփրկվի: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է այս ամենի իմաստը, եթե կա:

— Կա: Աշխարհի օրենքները ներդաշնակության օրենքներ են: Իսկ պատերազմը կործանարար գործընթաց է, դա այն բանի ցուցիչն է, որ մենք ճանապարհից շեղվել ենք, մոլորվել: Ես կրթությամբ կենսաբան եմ և գիտեմ, թե ինչպես է տեղի ունենում բեղմնավորումը: Միլիոնավոր սերմնաբջիջներ արշավում են լիակատար քաոսի մեջ, բայց լինում է մեկը, որն անշեղորեն առաջ է շարժվում, եւ հենց նա է, որ հասնում է նպատակին:

Իսկ ո՞րն է նպատակը:

— Ցեղի շարունակումը, համախմբումն ու սերը: Զուր չեն ասում, որ գալիք Տաճարը կլինի բոլոր ժողովուրդների տաճարը: Մարդկությունը նման է մեկ մեծ մարդու: Եթե   միլիարդավոր բջիջները չեն կարողանում պայմանավորվել միմյանց միջև, հիվանդություն է սկսվում, կարելի է մահանալ: Պետք է համաձայնության գալ, մենք բոլորս այստեղ մարդիկ ենք, մեր մեջ դեռ այլմոլորակայիններ չկան:

*) Այդ խոսքերը Ադոլֆ Հիտլերինն են: Ծ.Խ.:

ՅԱՆ ՇԵՆԿՄԱՆ

Թարգմանեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ