Նոյեմբերի 4-ին «Ազգ»ում «Մեղա՛…Գուրգե՛ն Մարգարյան» վերնագրով մեր հոդվածի եզրափակիչ մասում ներկայացրել էինք ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի՝ նոյեմբերի 3-ին ԱԺ մշտական հանձնաժողովի համատեղ նիստում հնչեցրած խոսքը՝ «Հունգարիայի քայլերը տեսնում ենք եւ զգուշավոր լավատեսության տեղ կա՝ անցյալ տարի Հունգարիայի միջնորդությամբ 5 գերի վերադարձվեց, Գուրգեն Մարգարյանի անունը հավերժացնող դպրոցին օգնություն է տրամադրվել, Քովիդի դեմ՝ որպես օգնություն պատվաստանյութ, վերջերս Բուդապեշտում բացվեց հայ կաթոլիկ վերանորոգված եկեղեցին: Ինչպես նախկինում ենք ասել, պատրաստ ենք իրավիճակին լուծում տալ, բայց լրացուցիչ քայլեր են պետք»:
Այդ օրվա մեր հրապարակման ընթերցողը կհիշի, որ հայ կաթոլիկները Հունգարիայի վարչապետին Սուրբ Խաչ շքանշանով էին պարգեւատրել «աշխարհի հալածյալ քրիստոնյաներին սատարելու» ձեւակերպմամբ, ինչն այնքան տխուր դատողությունների դուռ էր բացել, որ փոխարտգործնախարարի «լրացուցիչ քայլերի» մասին ակնարկը մի բարակ հույս կամ ենթադրություն էր ուրվագծում, թե գուցե վարչապետ Վիկտոր Օրբանի քրիստոնյային վայել մեղայականը դեռ լսելու ենք, թե բարոյականության ընդգծված ազդանշան ենք տեսնելու Հունգարիայից եւ Հայաստանի հետ գործարքն ու առեւտուրը, քաղաքականություն, դիվանագիտություն կառուցելու բարի կամքը բարոյականության շաղախով է ամրանալու: Հայաստանը հենց ա՛յդ պահանջն է ակնարկում:
Ավա՜ղ, նման ազդանշան չեղավ, իսկ մոտավորապես մեկ ամիս անց, առանց «լրացուցիչ որեւէ քայլի մասին» ազդարարելու, Հայաստանի եւ Հունգարիայի արտգործնախարարները «ավետեցին», թե լիարժեք վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները:
Նախ դրա մասին իրազեկ դարձանք դեկտեմբերի 2-ին «Հունգարիան այսօր» տեղական գերմանալեզու լրատուն ընթերցելով: ԵԱՀԿ համաժողովի ժամանակ Պետեր Սիյարտոն եւ Արարատ Միրզոյանը միակամ են եղել Հունգարիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները լիակատար վերահաստատելու վերաբերյալ, գրել էր վերոհիշյալ աղբյուրը: Լրատուն մանրամասնել էր երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների խզման պատճառը՝ 2012 թվականի օգոստոսի 31-ին, երբ Բուդապեշտը Բաքվին արտահանձնեց Սաֆարովին, Հայաստանը նույն օրը կասեցրեց հարաբերությունները:
Այնուհետ շարադրել էր, թե 2004-ի փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնով սպանել էր նույն դասընթացին մասնակցող, նույն կեցավայրի իր սենյակում քնած հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին:
Դեպքի ահասարսուռ դրվագների մասին միայն հայկական մամուլը չէ, որ գրեց: Հիշողությանս մեջ է գերմանալեզու մամուլի, հունգարական թերթերի փաստական հարուստ նյութը: 2006 թվականի ապրիլին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման, հիշատակում է «Հունգարիան այսօր»-ը եւ շարունակում՝ «2020 թվականին ՄԻԵԴ-ը քննադատեց Ադրբեջանի վարքագիծը, որ Հունգարիայում դատապարտված Ռամիլ Սաֆարովին չի բանտարկել, սակայն չպարտավորեցրեց այդ երկրին դա կատարել: Դատարանը մեծամասնությամբ վճռեց, որ Հունգարիան Սաֆարովին արտահանձնելու հարցում չի սխալվել, քանզի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել է Բաքվին 2012 թվականին՝ միջազգային գործող կանոնակարգերի համաձայն»:
Նկատելի՞ է քրիստոնյային վայել զղջման՝ թեկուզ ուշացած որեւէ խոստովանություն: Սա՞ է «լրացուցիչ քայլը»՝ «Հունգարիան չի սխալվել» ձեւակերպու՞մը:
Շարունակենք հունգարական թերթում առկա մեկնաբանությունը ներկայացնել: «Ավելի քան 10 տարի է, որ Հունգարիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել են: Մի շարք նախապատրաստական բանակցություններից եւ փոխադարձ ժեստերից հետո այսօր Հայաստանի արտգործնախարար գործընկերոջս հետ պայմանավորվել ենք վերսկսել դիվանագիտական հարաբերությունները», Հունգարիայի արտգործնախարարի սոցցանցային գրառումն է ներկայացնում «Հունգարիան այսօր»-ը եւ հավելում, թե երկու քրիստոնյա երկրների համար սա ճիշտ ճանապարհն է: Հաջորդ քայլը երկու երկրների դեսպանների նշանակումն է, գրել է Հունգարիայի արտգործնախարարը Պետեր Սիյարտոն: Արտգործնախարարը հավելել է, թե Հունգարիայի եւ Հայաստանի միջեւ կարեւոր հանգույց է «երկրում բնակվող հայ ազգային համայնքը, որին Հունգարիայի կառավարության ցուցաբերած աջակցությունը վերջերս զգալի ավելացել է»:
Պետեր Սիյարտոյի մի ուշագրավ արտահայտություն՝ «փոխադարձ ժեստերից հետո»-ն դեռ որոնում ենք դեկտեմբերի 7-ին ԱԺ- ում հարցուպատասխանի ժամանակ Ռուստամ Բաքոյանի՝ «արդյոք Հայաստանը փոխե՞լ է դիրքորոշումը» հարցին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ծավալուն պատասխանի բառերի հարահոսում, որը ներկայացնում ենք առանց խմբագրման:
«Մեր գնահատականը չի փոխվել. Հունգարիան չպետք է հանձներ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին եւ հունգարական դատարանով դատապարտված հանցագործին չպետք է արտահանձնեին Ադրբեջանին, մեր ընկալումները նույնն են: Բայց միեւնույն ժամանակ այդ իրադարձությունները հիշելով նաեւ հիշում ենք անցյալ տարի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերը 5 ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ: Հունգարական իշխանությունները անձամբ հասան Բաքու եւ 5 ազատ արձակվող գերիների հետ միասին Երեւան եկան, կարելի է ասել՝ անձամբ բերեցին Երեւան ազատ արձակված գերիներին: Մենք նաեւ չենք կարող չնկատել հունգարական իշխանությունների աջակցությունը Քովիդի դեմ պայքարի շրջանակներում. 100 000 դեղաչափ տրամադրեցին, եւ սա եւս կյանքեր փրկեց, կհամաձայնեք: Կան բազմաթիվ այլ օրինակներ, օրինակ ֆինանսական աջակցությունը, որ հունգարարական իշխանությունը ցույց է տալիս հայ առաքելական եկեղեցուն, բավական շոշափելի ֆինանսական աջակցություն: Նաեւ կա դպրոցների մակարդակում համագործակցություն: Եւ այդ թվում Գուրգեն Մարգարյանի հետ կապված եւ նրա սպանության հետ կապված իրազեկման բարձրացման ուղղությամբ: Ահա այս բոլորը, երբ կշեռքի նժարի վրա ենք դնում, ապա ընտրություն պիտի կատարել ավելի շատ դրականի եւ ապագայի համար, ինչը եւ արվել է: Առաջիկայում կլսեք, պարոն Բաքոյան, մեր երկու երկրների կողմից համապատասխանաբար դեսպաններ նշանակելու մասին»:
Այն, որ հայ կաթոլիկների եկեղեցին նորոգվել է Բուդապեշտում եւ Օրբանին գովաբանելով շքանշան են հանձնել, գիտեինք, բայց որ հայ առաքելական եկեղեցին էլ ահռելի ֆինանսական օգնության դիմաց լուռ է, ծանոթ չէր: Մեղա…
Ու՞մ խոսքն ու գործը դնենք կշեռքի նժարին՝ Հունգարիայի՞, Օրբանի՞, թե՞ Արարատ Միրզոյանի: Նախ ճշտենք՝ ո՞ր կշեռքի: Արդարադատությա՞ն, բարոյականությա՞ն: Ինձ համար ընկալելի չէ, թե ինչպես են «Գուրգեն Մարգարյանի սպանության իրազեկումը բարձրացնում», մանավանդ, որ կեղծ արդարացումն արդեն սոսնձել են ՄԻԵԴ-ի վճռին, բայց որ հունգարական մամուլը բացահայտ իր համակրանքն է հայտնում 2020 թվականին Ադրբեջանի՝ ԼՂ-ին, Շուշիին վերատիրանալու հարցում, ինձ մտահոգում է: Քրիստոնեական ո՛ր սկզբունքին է այդպես հավատարիմ Հունգարիան, դեռ որոնում եմ: Իսկ ՀՀ պատմաբան արտգործնախարարն ինչո՞ւ չի հուշում, թե քրիստոնեական ո՛ր մատյանն է արտոնում այսպիսի վարքը տեղավորել «դրականի եւ ապագայի» տեսլականի ծիրում:
Սիյարտոն 2010-12 թվականներին եղել է վարչապետ Օրբանի անձնական ներկայացուցիչը, 2014-ի սեպտեմբերի 23-ից Հունգարիայի արտգործնախարարն է: Ուրեմն հրաշալի ծանոթ է Սաֆարովին արտահանձնելու Օրբանի գործարքին, քանի որ վարչապետի անձնական ներկայացուցիչ լինելը նրան լրացուցիչ տեղեկատվություն կրողի արտոնությամբ է «օժտել»: Ով անցյալը լավ չի հիշում, ոչ ներկան, ոչ էլ առավելեւս ապագան չի կարող է նախագծել: Ուստի թարմացնենք մոռացկոտների հիշողությունը՝ հունգարական Pester Lloyd թերթի 2012 թվականի սեպտեմբերի 11-ին հրապարակումից մեջբերմամբ: «Ադրբեջանցի կացնասպանին արտահանձնելու որոշումը Օրբանի անձնական վճիռն էր, քանզի դեմ գնաց արդարադատության եւ արտգործնախարարության խորհրդին եւ զգուշացմանը: Հունգարական ԶԼՄ-ների հավաստմամբ, Օրբանը գիտեր նաեւ, թե Բաքվում Սաֆարովին վաղ թե ուշ ազատ են արձակելու: Դժվարություններից խուսափելու համար կպատճառաբանեն, թե հիվանդ է ու ազատ կարձակեն: Օրբանը ֆինանսական գործարքի դիմաց Ադրբեջանին վստահության ազդանշան տվեց: Գործարքից չի խոսում, բայց երբ մամուլի ասուլիսին հարց է հնչել, պատասխանել է, թե «արտահանձնումից հետո որեւէ բան անակնկալ չի եղել իր համար»: Ասել է, թե Հայաստանի հետ վիճաբանությունը, ինչպես նաեւ Ադրբեջանի՝ Սաֆարովին ազատ արձակելը հաշվարկված է եղել», գրում է հունգարական վերոհիշյալ աղբյուրը՝ հավելելով՝ «այս կառավարությունը բարոյապես սնանկ է, պետք է հեռանա»:
Ֆեյսբուք սոց. հարթակում դեկտեմբերի 3-ին թեմային անդրադարձել էր ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Դանիելյանը: «Իհարկե ամենահրատապ հարցը եղել եւ մնում է Արցախի եւ դրանով թելադրված երկրի անվտանգության խնդիրը։ Սակայն այս խնդիրը համարժեք ընկալելու համար պակաս կարեւոր չէ նաեւ հարակից հարցերի վերլուծությունը։ Մասնավորապես, սխալ են նրանք, որ պնդում են, թե Հունգարիայի առնչությամբ ոչինչ չի փոխվել, անգամ կառավարությունը չի փոխվել, ուստի անհասկանալի է, թե ինչո՞ւ ենք վերականգնում դիվանագիտական հարաբերությունները:
Մինչդեռ՝ էապես փոխվել է. նախ՝Հունգարիան այն ժամանակ արդարանում էր, որ չէր կարող հաշվարկել, որ Ադրբեջանը անհապաղ ներում կշնորհի Սաֆարովին եւ կհերոսացնի, մինչդեռ հիմա ոչ միայն գիտի այդ մասին, ոչ միայն ՄԻԵԴ-ի 2020 թ. մայիսի 26-ի որոշմամբ հաստատվել է Հունգարիայի կողմից Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման փաստը, այլեւ վերջինս որեւէ կերպ չի արձագանքել, ներողություն չի խնդրել հակակոնվենցիոն արարքի համար եւ անգամ հարցապնդմամբ չի դիմել Ադրբեջանին։
Ի դեպ, ՄԻԵԴ-ի որոշումը եւս խնդրահարույց է. Հենց այն, որ իբր Հունգարիան չէր կարող իմանալ, որ Ադրբեջանը պատրաստվում է ներում շնորհել Սաֆարովին, մեղմ ասած, հեռու է իրականությունից։ Միայն ինքս պաշտոնապես երեք անգամ հանդիպել եմ այդ երկրի արդարադատության նախարարին, ինչպես նաեւ գլխավոր դատախազին եւ փոխանցել ծավալուն պաշտոնական տվյալներ, որոնք միանշանակ վկայում էին Ադրբեջանի իշխանությունների հենց այդպիսի ուղղակի մտադրության մասին, անգամ փոխանցել եմ Ադրբեջանի ՄԻՊ-ի՝ Սաֆարովին արդարացնելու կոչ բովանդակող պաշտոնական հաղորդագրությունը։ Այդ փաստաթղթերը հանձնելու մի դրվագը ցուցադրվել է նաեւ իրենց մեդիաալիքներով։ Տեղյակ եմ, որ իմ պաշտոնանկությունից հետո իմ գործընկերներն անհրաժեշտ պատասխանատվությամբ շարունակել են նույն գործը։ Վերջին հաշվով, Հունգարիայի վարչապետն ինքն է խոստովանել, որ դա եղել է ընդամենը մի ֆինանսական աջակցության գործարքի բաղադրիչ », գրել է Դանիելյանը:
Ո՞վ է, ո՞ր կառավարությունն է բարոյապես սնանկ…ո՞վ է որոշողը՝ հայ կաթոլիկնե՞րը, հայ առաքելական եկեղեցի՞ն…հայ ժողովու՞րդը, որ հիշողությունը կորցրած՝
Հիսուսին ամեն օր է խաչում…
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ