Հնարավոր է ձեւավորվի Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռանկյունին

64

Որպես զոհեր Թուրքիայի իրենց դեմ գործած ոճրագործությունների, Հայաստանը, Հունաստանը եւ Կիպրոսը ճակատագրի բերումով դարձել են բնական դաշնակիցներ, բայց զանազան պատճառներով բարեկամական այդ հարաբերությունները չեն հասել իրենց հնարավորությունների ցանկալի մակարդակին։ Սակայն կարծես թե բնապատկերը փոխվում է, դարձյալ թուրքական գործոնի միջնորդությամբ, եւ այս անգամ հնարավոր է, որ կոալիցիան ձեւավորվի վերջապես եւ սկսի գործել արդյունավետ կերպով։

Արեւելյան Միջերկրականում ածխաջրածինի նորահայտ պաշարների շուրջ մրցակցությունը, ՆԱՏՕ-ի կառույցում Հունաստանի դերի բարձրացումը եւ արաբա-մահմեդական աշխարհում Թուրքիայի մեկուսացումը դինամիկական նոր ակտիվություն են ներարկել տարածաշրջանի քաղաքականությանը։

Հայաստանը, որը 44-օրյա պատերազմի ընթացքում ամբողջովին մեկուսացված իրավիճակում էր, հնարավոր է, որ մասնակցի այդ մրցակցությանը արդիականացնելու համար իր պաշտպանողական հնարավորությունները։ Ադրբեջանը երկար ժամանակ է ինչ վերազինվում է եւ երկրի բռնապետ առաջնորդ Իլհամ Ալիեւը զգուշացրել է Հայաստանին, որ չվերազինվի եւ «ռեւանշի»՝ վրեժ լուծելու փորձեր չձեռնարկի, այսինքն՝ որպեսզի մնա մշտապես Բաքվի ողորմածության ծիրում։

Ռուսաստանը ավելի շատ Ադրբեջանի կարիքն ունի, քան Հայաստանի, եւ այդ պատճառով էլ վստահաբար զգուշանալու է Հայաստանին զենք մատակարարել։ Ուստի հաշվի առնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից պարտադրված գոյութենական սպառնալիքները, Հայաստանն իրավունք ունի իր պաշտպանողական կարիքները լրացնելու համար որոնել այլ տարբերակներ եւ հայցել որեւէ այլ երկրի աջակցությունը, թեեւ օրերս ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց, որ իր երկիրը երբեք չի թերացել ու չի թերանա դաշնակցի նկատմամբ իր պարտականությունները կատարելուց։։

Չնայած Հունաստանն ու Թուրքիան ՆԱՏՕ-ին անդամակցել էին 1952-ին, առաջինը՝ Հունաստանը միշտ էլ նվազ ուշադրության է արժանացել, քան երկրորդը՝ Թուրքիան, որն ավելի գերադասելի անդամ է նկատվել։ Այս հանգամանքը ընդգծելու համար նշենք, որ երկու երկրներին զենք մատակարարելու հարցում պահպանվել է 7/10 հարաբերակցությունը, որի պատճառով էլ տարաձայնությունների դեպքում Աթենքն է միշտ առաջինը տեղի տվել։

1974 թվին Թուրքիայի Կիպրոս ներխուժման շուրջ ծավալված միջազգային խոսկացություններն աղավաղված են եւ ներկայացված այնպես՝ իբր Հունաստանն է եղել դրդապատճառը։ Ըստ այդ խոսակցությունների Հունաստանի զինվորական խունտան է պատասխանատու պետական հեղաշրջում իրականացնելու օրինականորեն ընտրված նախագահ Մակարիոս արքեպիսկոպոսի դեմ Նիկոս Սամսոն անունով մի արկածախնդրի միջոցով, որը երդվել էր Կիպրոսը միավորել Հունաստանին (Էնոսիս)։

Իրականությունն այն է, որ այդ խունտան իշխանության էր եկել Վաշինգտոնի շնորհիվ եւ չէր համարձակվի որեւէ քայլ կատարել առանց Մ. Նահանգների համաձայնությանը։ Խունտայի գործողությունները պարզապես օրինականացնում էին Թուրքիայի ներխուժումը, որը հիմնված էր 1960 թվին Ցյուրիխում եւ Լոնդոնում կնքված պայմանագրերի վրա։ Այդ պայմանագրերը Թուրքիային էին նշանակել պաշտպան (protector) կղզու այդ ժամանակվա բնակչության 18.2 տոկոսը կազմող թուրք փոքրամասնության, չնայած այդ փոքրամասնությանը ոչ ոք չէր սպառնում։

Խնդրի էությունն այն էր, որ երբ Թուրքիան Կիպրոս ներխուժեց, Մ. Նահանգների պետքարտուղար Հենրի Քիսինջերը զգուշացրեց Հունաստանին, որ չխառնվի, այլապես ստիպված կլինի դիմակայել ամերիկյան օդուժին։ Այդ ժամանակվանից ի վեր Թուրքիան բռնազավթել է այդ կղզու տարածքի 37 տոկոսը եւ փորձում է երկրի ժողովրդագրական պատկերը փոխել Անատոլիայից թուրքեր տեղափոխելով կղզու հյուսիսային մասում ինքնահռչակված «Կիպրոսի թուրքական հանրապետություն», որին բացի Թուրքիայից ոչ մի այլ պետություն չի ճանաչում։

Գալով մեր օրերին, Հունաստանի նախկին սոցիալիստական կառավարությունը երկիրը խեղճուկրակ վիճակի էր հասցրել, բայց Կիրիակոս Միցոտակիսի կենտրոնամետ աջակողմյան «Նոր ժողովրդավարություն կուսակցությունը» (NOP) 2019-ի ընտրություններում ջախջախիչ հաղթանակ տանելով, շրջադարձային փոփոխություններ կատարեց երկրի տնտեսության եւ քաղաքականության բնագավառներում։

Չնայած Թուրքիան միշտ հոխորտում է, որ ՆԱՏՕ-ի կառույցում Մ. Նահանգներից հետո ինքն ունի ամենաուժեղ բանակը, Հունաստանն այլեւս շատ հեռու չէ նրանից, եւ մինչ իր իշխանությունը չարաշահելով Թուրքիան վարկաբեկում է իր հեղինակությունը ՆԱՏՕ-ում, Հունաստանն, ընդհակառակը, կարեկցանք եւ օժանդակություն է ձեռք բերում։

Մ. Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ մայիսին Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հանդիպումից հետո, խոսնակը կոչ արեց երկու երկրներին կարգավորել իրենց խնդիրները դիվանագիտության միջոցով եւ Հունաստանին բնութագրեց որպես «անփոխարինելի դաշնակցի եւ ՆԱՏՕ-ում որպես ԱՄՆ-ի գլխավոր դաշնակցի», մինչ Թուրքիային նա ներկայացրեց որպես «Մ. Նահանգների կարեւոր գործընկեր եւ ՆԱՏՕ-ում որպես կարեւոր դաշնակից»։ Բնութագրումները շատ նուրբ են, բայց բավականաչափ հստակ՝ պատկերացում կազմելու համար այդ երկու երկրների ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ զբաղեցրած տեղի վերաբերյալ։

Մ. Նահանգներից բացի, ՆԱՏՕ-ի այլ անդամներ եւս դիրքորոշվում են հօգուտ Հունաստանի։ Հատկանշական է մասնավորապես Գերմանիայի պարագան, որ պատմականորեն միշտ էլ, սկսած Առաջին համաշխարհային պատերազմից (որի ընթացքում մեղսակցեց իրականացնելու Հայոց ցեղասպանությունը) թուրքերի կողմն է եղել։

Դիրքորոշման փոփոխությունը կարծես առաջ եկավ այն ժամանակ, երբ Անկարան սպառնաց Էգեյան ծովի մի քանի կղզիների ինքնավարությանը։ Բեռլինում վերջերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, Գերմանիայի կառավարության խոսնակը նշեց, որ կանցլեր Օլաֆ Շոլցն այն կարծիքին է, որ ներկա իրադրությունը հաշվի առնելով, ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրներին անհրաժեշտ է միասնական լինել եւ խուսափել բոլոր տեսակի սադրանքներից միմյանց հանդեպ։ Հունաստանի օդային տարածք ներխուժելն ու հունական կղզիների վրայով թռչելը ճիշտ չենք համարում։ Մենք չենք կարող թույլ տալ, որ հարցականի տակ դրվի Եվրոմիության անդամ երկրների ինքնիշխանությունը»։ Փոփոխությունը նկատելի էր կանցլեր Շոլցի հետ Հունաստանի վարչապետի հանդիպումից հետո, որին էլ հաջորդել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կտրուկ եւ հստակ ձեւակերպված հայտարարությունը ի պաշտպանություն Հունաստանի ինքնիշխանության եւ ի հեճուկս Թուրքիայի սպառնալիքների։

Թուրքիան կանոնավորապես խախտել է Հունաստանի օդային տարածքը, իսկ վերջերս ադրբեջանական զինուժի հետ համատեղ զորավարժությունների ժամանակ կեղծ հարձակումներ էր իրականացրել այդ կղզիների վրա։ Հավանական է, որ Ադրբեջանը իր պարտքն է վճարում Թուրքիային, որն իրեն օգնել էր Հայաստանի դեմ մղած 44-օրյա պատերազմի օրերին։

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն նույնպես քանիցս սպառնացել է Հունաստանին, պահանջելով Աթենքից ապառազմականացնել Էգեյան կղզիները, կամ դիմակայել թուրքական ներխուժումը («Մարտահրավեր ինքնիշխանությանը»)։ Իր հերթին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիմանել է Հունաստանի կառավարությանը իր ուրույն ձեւով սպառնալով՝ «Դուք ձեր ինքնաթիռներով մեզ անընդհատ ցուցադրություններ եք ներկայացնում։ Ի՞նչ եք անում։ Հավաքեք ինքներդ ձեզ։ Մի՞թե պատմությունից դասեր չեք քաղում»։

Սպառնալիքի վերջին հատվածը հավանաբար ակնարկություն է Աթաթուրքի ժամանակաշրջանին, երբ հույն վարչապետ Էլեֆտերիոս Վենիզելոսի զորքերը Զմյուռնիան էին գրավել եւ նախագահ Աթաթուրքը` Ռուսաստանի Վլադիմիր Լենինի նյութական եւ ռազմական աջակցության շնորհիվ կարողացավ հետզհետե կազմալուծվող հունական բանակին քշել դեպի ծովը եւ ազատվել նրանից, ինչպես Կիլիկիայից վտարելով ազատվել էր հայերից։ Բայց Էրդողանի բարկությունը զայրույթի վերածողը վարչապետ Միցոտակիսի մայիսին Վաշինգտոն կատարած հաջող այցելությունն էր, որի ժամանակ F-35 կործանիչ ինքնաթիռներ ձեռք բերելու պայմանագիր էր կնքել եւ Կոնգրեսի համատեղ նիստի ընթացքում խոսք առնելով դեմ էր արտահայտվել, որ Թուրքիան եւս ընդգրկվի այդ ծրագրից օգտվող երկրների ցուցակում։

Թուրքիան բավական ժամանակ է փորձում է հարաբերությունները կարգավորել Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի հետ։ Էրդողանի այցը Ռիադ առանձնապես արդյունավետ չեղավ։ Նա ընդամենը արժանացավ թագաժառանգ իշխան Մոհամմադ Բին Սալմանի ջերմ գրկախառնումին։ Վերջինիս Անկարա կատարած փոխադարձ այցելությունը կառավարությունը ցնծությամբ էր ողջունել սկզբում, բայց հետո պարզել էր, որ գահաժառանգը Հունաստան եւ Կիպրոս էլ էր այցելելու, հավասարակշռելու համար իր քաղաքականությունը։ Դրանից առաջ Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները միացել էին Հունաստանի, Եգիպտոսի, Կիպրոսի եւ Իսրայելի քառյակին, որ Թուրքիային դուրս էր մղել արեւելյան Միջերկրականում էներգակիրների մրցակցությունից։ Որոշ տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ Մ. Նահանգները կարող է Ինջիրլիքից Հունաստան տեղափոխել իր ավիաբազան, եւ վերջինիս հնարավորություն ընձեռել առաջ տանելու իր քաղաքական օրակարգը Մ. Նահանգերում։ Էրդողանը երկար ժամանակ է, ինչ բողոքում է, որ Էգեյան կղզիների վրա գոյություն ունեն 12 ռազմաբազաներ։

Հունաստանը վերականգնել է իր տնտեսությունը եւ զինվորական հզորությունը եւ պատասխանելով թուրքական սպառնալիքներին ասել, որ «Անկարան չափազանց բարձր գին կվճարի, եթե դիմի ռազմական արկածախնդրության»։

Էրդողանի վատ կամ սխալ որոշումների շարքը եւ արտաքին քաղաքականության մեջ թույլ տված վրիպումներն ու սայթաքումները չէին կարող ավելի անպատեհ ժամանակ ընտրել։ Երկիրը առավելապես մեկուսացված է եւ տնտեսությունն էլ մահամերձ վիճակում է, իսկ ինքը նորանոր մարտավարություններ է մշակում 2023-ի ընտրություններում հաղթելու, հանրապետության հռչակման հարյուրամյակը նշելու եւ իրեն հռչակելու երկրորդ Սուլեյման Փառապանծը կամ Աթաթուրքը։

Թվում է, թե Հայաստանը կարող է օգուտ քաղել Հունաստան-Թուրքիա հարաբերությունների այս սառեցումից։ Արդեն քանի տարի է, որ Հայաստանը ռազմական պատրաստվածության ծրագրին է մասնակցում Հունաստանում։ Մինչ Թուրքիան նոր պատերազմ սանձազերծելու հնարավորությամբ է սպառնում Հունաստանին, վերջինս խիզախ քայլի է դիմում` Հայաստան ուղարկելով իր երկրի ռազմական պատվիրակությունը։ Հունիսի 2-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ընդունեց այդ երկրի Ազգային պաշտպանության փոխնախարար Նիկոլաս Հարդալիասի գլխավորած պատվիրակությանը։ Պապիկյանը ներկայացրեց 44-օրյա պատերազմից հետո տիրող իրավիճակը եւ ընդգծեց ռազմատեխնիկական ոլորտում գործընկերությունը զարգացնելու անհրաժեշտությունը։ Հարդալիասը պատասխան խոսքում նշեց, որ երկու երկրների միջեւ հաստատված ջերմ եւ բարեկամական հարաբերությունները պարտավորեցնում են միասնական ջանքերով դիմագրավել առկա մարտահրավերները։

Հայաստանը նման ջերմ հարաբերություններ ունի նաեւ Կիպրոսի կառավարության հետ։ Չնայած այս երկու երկրները (Հունաստանն ու Կիպրոսը) հայերին պատուհասած միեւնույն ճակատագրին են արժանացել, ներկա հանգամանքներում Թուրքիան է՛լ ավելի է սերտացրել հարաբերությունները նրանց միջեւ։ Հայաստանն, այսպիսով, այլընտրանքային նոր աղբյուր է ունենալու զարգացնելու իր պաշտպանական կարողությունները, եւ Մոսկվան պարտավոր է ըմբռնումով մոտենալ եւ հասկանալ, որ այդ այլընտրանքը ոչ մի կերպ չի հակասում Մոսկվայի հետ Հայաստանի ունեցած դաշնակցային պարտավորություններին։

Ի վերջո, Ադրբեջանն էլ միեւնույն պարտավորությունները ունենալով Մոսկվայի հանդեպ, իր զինանոցը հարստացնում է զինամթերք գնելով Բելառուսից, Ուկրաինայից եւ մասնավորապես Իսրայելից եւ ոչ ոքի հանդեպ պարտավորված չի զգում ներողություն խնդրելու։

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Դետրոյթ, ԱՄՆ

Անգլ. բնագրից թարգմանեց`ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)