Ներկայում մեծ ծավալի գիտական աշխատանքներ են կատարվում ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտնականների կողմից:
«Հնագույն եւ Հին Հայաստան: Հնագիտական սկզբնաղբյուրների պեղումներ եւ ուսումնասիրություն» ենթածրագրով (ղեկավար` Ակադեմիայի թղթ. անդ. Պ.Ավետիսյան) պեղվել եւ ուսումնասիրվել է ՀՀ տարածքի 30 հուշարձան: Նորահայտ օբյեկտները, նյութերն ու տվյալները զգալի ներդրում են լեռնաշխարհի եւ տարածաշրջանի հնագույն անցյալի ուսումնասիրության աղբյուրագիտական բազայի ընդլայնման գործում:
Մեծաքանակ բրոնզե իրերով, վեց տասնյակի հասնող զարդարուն կավանոթներով եւ 30 ննջեցյալով մ.թ.ա. III հազարամյակի առաջին քառորդի դամբարան է պեղվել Շահումյան գյուղի հարեւանությամբ: Տեսականու բազմազանությամբ եւ քանակով նախադեպը չունեցող այս համալիրը տարածաշրջանի վաղ բրոնզի դարի ուսումնասիրության համար ունի բացառիկ նշանակություն (ղեկ.` պ.գ.դ. Ռ.Բադալյան):
«Դաշտադեմի միջնադարյան ամրոցը: Աղբյուրագիտական եւ պատմաճարտարապետական ուսումնասիրություն» թեմայի շրջանակում (ղեկ.՝ պ.գ.թ. Ա.Բաբաջանյան) ծավալուն պեղումներ են կատարվել ամրոցի մի շարք հատվածներում, ձեռք են բերվել ամրոցի պատմահնագիտական նկարագիրն ամբողջացնող նոր տվյալներ ու նյութեր:
«Արագածի հյուսիս-արեւմտյան լանջերի բրոնզ-երկաթեդարյան բնակչության սոցիալ-ժողովրդագրական վերլուծության խնդիրները» թեմայի շրջանակում (ղեկ.՝ պ.գ.թ. Ա.Խուդավերդյան) ծավալուն պեղումներ են կատարվել Լեռնակերտի հարեւանությամբ գտնվող ամրոցներում եւ դամբարանադաշտերում: Պեղված նյութերը հնարավորություն են ընձեռել վերլուծելու Արագածի լանջերի բրոնզ-երկաթեդարյան սոցիալ-մշակութային լանդշաֆտի հիմնական առանձնահատկությունները, նկատված փոփոխությունները շաղկապել տարածաշրջանի սոցիալ-ժողովրդա-գրական բնույթի տեղաշարժերի հետ:
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ