Արդեն մեկ ամիս է, ինչ դեղատներում առանց էլեկտրոնային դեղատոմսի անհնար է ձեռք բերել հակաբիոտիկ, հակահորմոնային, հակասնկային եւ մի շարք այլ դեղեր: Մարտի 1-ից Հայաստանում 470 անուն դեղ վաճառվում է միայն էլեկտրոնային դեղատոմսով:
Ըստ ՀՀ Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումանյանի, այս կարգով դեղ գնելը կհանգեցնի ինքնաբուժության նվազմանը եւ կնպաստի որակյալ, արդյունավետ ու նպատակային բժշկական օգնության տրամադրմանը:
Հայաստանում դեղ ներկրող խոշոր ընկերություն հանդիսացող «Վագա-Ֆարմ» ընկերության ներկայացուցիչ Վահան Գրիգորյանը հարցազրույցներից մեկում նշել է, որ չորս շաբաթում իրենց ցանցի յոթ տասնյակ դեղատներից ընդամենը 292 մարդ է էլեկտրոնային դեղատոմսով փորձել դեղ գնել, որից 30 տոկոսի մոտ դեղատոմսը սխալ է լրացված եղել:
«Եթե 67 դեղատուն ընդամենը 9 դեղատոմս է ստանում օրական, ապա դրանից կարելի է ենթադրել, որ ծրագիրը չի աշխատում»,- ասում է Գրիգորյանը եւ ավելացնում, որ մեծ ցանկություն ունի, որ ծրագիրը աշխատի, սակայն ներկա պահի դրությամբ այն չի աշխատում:
Օրենքը խառնաշփոթ է առաջացրել հասարակության շրջանում, հատկապես մեծահասակների, որոնք արդեն խուճապի են մատնվել:
«Սա անելու բա՞ն էր, որ անում են: Հիմա ի՞նչ. ես կամ ամուսինս, որ գիշերը վատանանք ու դեղն էլ վերջացած լինի, ի՞նչ պիտի անենք, սպասենք լուսանա՞, տեսնենք ապրում ենք, թե՞ մեռնում, որ գնանք պոլիկլինիկա հերթ կանգնենք դեղատոմս դուրս գրեն, հետո էլ հասնենք դեղատուն: Մինչեւ էդքանի միջով անցնենք՝ կմեռնենք»,- մեզ հետ զրույցում ասում է տիկին Ջուլիետան:
Ըստ օրենքի, ակնկալվում է, որ հիվանդը պետք է նախ հաղթահարի պոլիկլինիկայի հերթը՝ հասնելով բժշկին, հետո գնա դեղատուն եւ այդ ժամանակ էլ միայն Աստված գիտի դեղատոմսը ճիշտ կլինի, թե՞ ոչ:
64-ամյա տիկին Սուսաննան նաեւ նշում է. «Այսպես, թե այնպես, մինչ այս նորամուծությունն էլ պոլիկլինիկայում թերապեւտի սենյակի դռանը հասնելու համար հերթերի միջով պետք է անցնեինք, նախարարության ցուցումները ավելի մեծ հերթերի պատճառ եղան: Սկզբում առցանց բժշկի մոտ հերթագրումն էր, դրանից մի կերպ գլուխ հանեցին, հիմա էլ սա»:
«Տարեց մարդիկ հաճախ չեն կարողանում անձամբ ներկայանալ պոլիկլինիկա, կանչ են ձևակերպում ու տնայցի դեպքում դժվարություն է առաջանում էլեկտրոնային դեղատոմի դուրսգրման հետ կապված»,- մեզ հետ զրույցում իր դժգոհությունն է հայտնում թիվ X բուժմիավորման բժշկուհի տիկին Բաբայանը (բուժմիավորման համարը բժշկուհի խնդրանքով չի նշվում):
Չնայած այս խնդիրներին, կառավարությունը վստահեցնում է, թե արդեն հաջորդ տարվանից գրանցված դեղերի 75 տոկոսի վաճառքը լինելու է բացառապես էլեկտրոնային դեղատոմսով, իսկ 2025 թվականից բացառապես էլեկտրոնային դեղատոմսով վաճառվելու են մոտ 3 հզր անուն դեղ, որոնք դեռ վաղուց պետք է այդպես էլ վաճառվեին: Ցանկում չեն ներառվի ցավազրկողների ու ջերմիջեցնողների որոշ խմբեր, վիտամիններ՝ մոտ 900 դեղ:
Դե ինչ, սպասենք կյանքը ավելի «հեշտացնող» բարեփոխումների, ինչպես ասում են՝ «comming soon»…
ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ