Աննախադեպ շոգ ամառը ճանապարհեցինք: Աշունն էլ սկսեցինք միտինգ-ցույցով: Սակայն թե՛ ամառվա շոգը եւ թե՛ շփոթը շարունակվում է: Իշխանությունները թոշակ են բարձրացնում եւ հպարտանում դրանով, իսկ ընդդիմությունը դա համարում է անթաքույց ծաղր թոշակառուների հասցեին: Քանի որ գնաճը կազմում է մոտավորապես 12-14 տակոս կամ միջին աշխատավարձի հաշվով ոչ պակաս, քան 20 հազար դրամ, իսկ թոշակները բարձրացվում են 2-3 հազար դրամով: Բավական չէ, որ դա ամենապարզ հեգնանք է թոշակառուների հասցեին, բայց թմբկահարում են ու թմբկահարում: Իսկ Երեւանի մթերային խանութներում ամսվա սկզբին եռուզեռ էր: Հայաստանցի թոշակառուները թոշակ էին ստացել, առեւտուր էին անում եւ խոսակցությունների հիմնական թեման էլ թոշակների բարձրացումն էր: Զարմանալին այն էր, որ թոշակառուները գոհ էին: Շատերն ասում էին, որ Փաշինյանի օրոք արդեն երրորդ անգամ է թոշակը բարձրացվել: Տպավորություն էր, որ բոլորը երջանիկ են: Փաստորեն, նրանց երջանկությունը 1900-3000 ՀՀ դրամի արժեք ուներ: Ի դեպ, սննդամթերքը, նախորդ օրվա համեմատ թանկացել էր: Թոշակառուները դա չէին կարող չնկատել, սակայն չնկատելու էին տալիս, որ չապաերջանկանան եւ հպարտորեն պնդեն՝ «ջՈՑՏ թոշակները 1900-3000 ՀՀ դրամով բարձրացվեցին»:
Իսկ ընդդիմությունը միտինգների ժամանակ եւ վիրտուալ հարթությունում, բարձր արժեքներից է խոսում, Արցախից, պետականությունից, Բերձորից, Տիգրանաշենից եւ Արծվաշենից: Հետո զարմանում ենք, թե ովքեր են այս վարչախմբին ընտրել: Ի՞նչ արժեք, ի՞նչ պետականություն: Բնակչությանը կարելի է երջանկացնել ընդամենը 5-7.5 ԱՄՆ դոլարով: Իսկ այն, որ Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի առնչությամբ արդեն հանգեցրել է Բաքվի աղմկահարույց հայտարարություններին, թե այդ հարցն արդեն կորցրել է միջազգային արդիականությունը, արդեն այնքան էլ կարեւոր չէ: Արդեն նույնիսկ հնարավոր է դառնում հաշտվել այն մտքի հետ, որ կատարվածն իրողություն է եւ հայկական էքսկլավի ճակատագիրը Ադրբեջանի ներքին գործն է: Որ առավել ուժեղ աշխարհաքաղաքական խաղացողների համար իրական քաղաքականության ձեւակերպումներում Հայաստանը եւ առավել եւս Լեռնային Ղարաբաղը կորցնում են իրենց քաղաքական սուբյեկտայնությունը եւ վերածվում մանիպուլյացիաների օբյեկտի: Ռազմավարական դաշնակից Ռուսաստանն էլ իր պաշտոնական դաշնակցին՝ Հայաստանին ՀԱՊԿ-ով հիմա չի կարող օգնել, ոչ միայն եւ ոչ այնքան նրա կիսամեկուսացած աշխարհագրական դիրքի եւ ընդհանուր սահմանի բացակայության պատճառով, այլ որովհետեւ, առաջին հերթին, հայկական ղեկավարությունը շարունակում է անորոշ դիրք գրավել եւ անորոշ ու անսկզբունք լողալ քաղաքական ծովում եւ հենց դրանով նպաստել, որ մեծ հարցականի տակ դրվի հայկական պետականությունը:
Հենց այդ անորոշ դիրքորոշման հետեւանքով էր, որ անգամ բրյուսելյան հանդիպումից հետո Շառլ Միշելը չարտաբերեց Ղարաբաղ կամ Լեռնային Ղարաբաղ եզրույթը: Ինչու վատ տպավորություն թողնի հայերի կամ ազերիների վրա: Իրականում, զուր հույսեր փայթայել պետք էլ չէ. այս հանդիպումից հայանպաստ որեւէ ակնկալիք պետք էլ չէր ունենալ, քանի որ ինչպես շեշտեց Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, Արեւմուտքը նույն օրակարգն է սպասարկում, ինչ Ռուսաստանը:
Այս մասին գրելով պարզապես ցանկանում ենք հորդորել մեր ժողովրդին, որ գոնե մեկ անգամ ձերբազատվի մեզ այնքան խանգարող ռոնանտիզմից եւ սին քարոզներով չինքնախաբվի այլեւս: Դարերով փորձված ճշմարտություն կա՝ այն, ինչ չի անում զենքը, անում է խելքը: Ուրեմն, վերջապես պետք է խելքներս գլուխներս հավաքենք: Թե չէ երբեմն մտածում ես, որ կյանքն անարդար է, կան ժողովուրդներ, որոնք իրենց գոյության ողջ ընթացքում վատություն են անում ուրիշներին, սակայն շատ լավ են ապրում, իսկ մենք, որ սրտներս ու հոգիներս բացում ենք աշխարհի առաջ, օգնում նրանց, այդ նույն աշխարհը աչք է փակում մեր խնդիրների վրա եւ ուղղակի օգտագործում դա ու «թքում» հոգիներիս մեջ:
Մենք էլ՝ իբրեւ հազարամյակների պատմություն ունեցող ժողովուրդ, փոխանակ պատմությունից ու թեկուզ հենց մեր սխալներից դասեր քաղելու, շնչակտուր գովում ենք մեզ ու գովում: Ի դեպ, նկատել ե՞ք, դասագրքերից սկսած, մասնագիտական ու գեղարվեստական գրականության մեջ սովորություն ենք դարձրել՝ միայն հերոսական, մեզ ձեռնտու իրադարձությունների մասին ենք գրում, այնինչ ժամանակն է, որ մեր պատմության ոչ հաճելի էջերին էլ անդրադառնանք, վերլուծենք ու համապատասխան հետեւություններ անենք: Այն, որ Հռոմի գերհզոր կայսրերից Հուլիոս Կեսարն ասել է. «Իմ պալատի սյուները ավելի շուտ հող կդառնան, քան որեւէ մեկը կկարողանա հաղթել համախմբված հայերին», շատերը գիտեն ու հաճախ են վկայակոչում, իսկ երբ անհրաժեշտ է լինում դա ըմբռնել եւ համախմբվել՝ ոչ մեկը չի հիշում:
Նույնկերպ ենք վարվում նաեւ տարեթվերի հետ: Ավագ տարիքի մեր երեխաների մեծ մասը գիտի եւ չի մոռանում օրինակ Տիգրան Մեծի կառավարման տարեթվերը, սակայն Անիի կործանման տարեթիվը՝ շատ քչերը գիտեն: Այնինչ հարկավոր է նախ՝ երկուսն էլ իմանալ, որ երկուսն էլ մերն են, հետո էլ՝ քանի որ հետաքրքրական են տարեթվերը: Մեկ օրինակ բերեմ: Գորբաչովն օրինակ՝ ծնվեց 1931-ին: Թվական, որն առանցքային էր ԽՍՀՄ-ի համար. Ստալինն այդ թվականին սկսեց ինդուստրիալիզացիան՝ հայտարարելով, որ եթե 10 տարում երկիրը չանցնի Արեւմուտքի անցած 50 տարվա ճանապարհը, ապա Խորհրդային Միությունը կկործանվի: Ինդուստրիալիզացիան փայլուն անցավ, երկիրը պատերազմ հաղթեց: Սակայն ուղիղ 60 տարի հետո այդ նույն Գորբաչովը կործանեց եւ՛ Ստալինի ինդուստրիալիզացիայի պտուղները, եւ՛ պետությունն ընդհանրապես: Հետաքրքրական է նաեւ, որ Գորբաչովը մեռավ 2022-ին՝ Ստալինի երկրի վերականգման մեկնարկից ուղիղ հարյուր տարի հետո: Ի դեպ, այս տարի մեռան ԽՍՀՄ կործանման եւս երեք հանցակիցներ՝ Կրավչուկը, Շուշկեւիչը, Բուրբուլիսը:
Ակամա հիշեցի, որ անգլիացի անվանի գրող Ջորջ Օրվելն «Անասնաֆերմա» վեպում այլաբանական-պատկերավոր խոսքի միջոցով ներկայացնում էր Մարդուն (մարդու մեջ եղող աստվածային ասպեկտը) մարդու ներսից վտարած եւ մեռցրած համակարգի անհուսալի վիճակը, երբ աստվածային «պատկերով» ու ներուժով մարդ էակն այլեւս չէր տարբերվում կենդանուց. «Դրսի անասունները նայում էին մեկ խոզին, մեկ մարդուն, ապա նորից խոզին ու նորից՝ մարդուն, սակայն անկարող էին արդեն մեկին մյուսից տարբերել»: Այս տողերով է ավարտվում վիպակը: Սա շատ է նման մեր այսօրյա իրականությանը եւ փաստորեն «մարդասատակումի» տրամաբանական հանգուցալուծումն է, քանզի Արարչից եւ աստվածայինից կտրված փակ համակարգում (ինչպիսին էր կոմունիստական ուտոպիան) սահմանված էր օրենք-պատվիրանը. «Բոլոր անասունները հավասար են, սակայն որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները»: Ավելի խոսուն եւ պատկերավոր կերպով թերեւս անհնար է ներկայացնել միանձնյա բռնատիրական եւ մարդատյաց համակարգի իրական դեմքը (որին հակված են մեր այսօրյա իշխանությունները), քան Ջորջ Օրվելի հիշյալ մեկնաբանությունը… Հետադարձ հայացքով քննելով անցյալում եղած բոլոր բռնատիրական համակարգերի անցյալն եւ նրանում մարդկության անցկացրած փորձառությունը, ապշանքով վերստին ու վերստին համոզվում ես, թե որքա՜ն դժվար է եղել զավեշտա-դրամատիկ այդ անիրավ համակարգերում պահպանելն ու չկորցնելը մարդու մեջ եղած «Մարդուն»: Այսօր էլ է դա դժվարացել…
Մարդկությունն այսօր ապրում է տարաբեւեռ, հետեւաբար՝ փոփոխական եւ անկատար աշխարհում: Երբ Բարեշրջության ցիկլերում տեղի են ունենում մի ցիկլից մյուսը կամ մի ռասայից հաջորդ ռասա հերթագայմանը նպաստող փոփոխություններ, ապա, ինքնաբերաբար, ակտիվանում են միմյանց հանդեպ գերակայելու, ինչպեսեւ՝ միմյանց միջեւ համակշռության հասնելու էներգիաները՝ դրականն ու բացասականը, արարչականն ու հակաարարչականը… Հենց այդ գործընթացի արդյունքում էլ տեղի է ունենում հայերիս համար ոչ պակաս ճակատագրական նշանակություն ունեցող ռուս-ուկրաինական բախումը, որն իրականում Արեւելք-Արեւմուտք հակադրությունն է: Այսպիսի դեպքերում է, որ Երկիր մոլորակի համաթրթռանքային կենսադաշտն անընդհատ բարձրանում է եւ, զուգահեռաբար, որպես օրինաչափություն ակտիվանում եւ ընդդիմանում է հակառակադիր կողմը՝ հակաարարչականը… Սա անկախության բոլոր տարիների ընթացքում հեշտ կառավարելի դարձնելու նպատակով մարդկանց ուղեղների լվացման ու զոմբիացման հետեւանքով մտավոր ամլացման հետեւանք է, շատերի համար բարդ ու անընկալելի: Միայն շատ քչերի համար էլ՝ պարզ եւ հասկանալի մի անխուսափելի գործընթաց է: Հետեւաբար ավելորդ խուճապային եւ վախի տրամադրություններն ու վիճակները պարզապես տգիտության, անճարակության եւ անտարբերության դրսեւորումներ են…
Այսպես եղել է անհիշելի ժամանակներում, այսպես է այժմ եւ այսպես կլինի հավիտյաններում, քանզի սա նյութական տիեզերքում ընթացող գլոբալ փոփոխությունների մասնակի (երկրային) անդրադարձումներն են… Երբ որ մարդը չափազանց լրջորեն է տրվում այս անցողիկ աշխարհի անցողիկ խաղերին, ապա նրա մեջ կորսվում է Մարդը՝ աստվածայինն ու անանցը եւ նրանում իշխում է ժամանակավորն ու անցողիկը: Հասարակության մերօրյա այս հոգեվիճակը, դրան գումարած Բերձորներ հանձնելու ցավոտ իրողությունները, բազմատեսակ հիմնախնդիրներն ու անորոշություն-տագնապները հենց դրա արդյունք-հետեւանք են:
Մեր ծերացած մոլորակի վրա շուրջ 500 միլիոն տարի է, ինչ տեղի են ունենում մարդկային ռասաների հերթագայումներ եւ քաղաքակրթային մեծաթիվ փոփոխություններ, վերելքներ եւ անկումներ: Թե ինչպիսի հոգեւոր հայեցակարգեր կամ սոցիալական համակարգեր են եղել այդ ընթացքում, ինչպիսի ազգություններ, բարքեր ու ավանդույթներ են եղել, բոլորը չգիտենք, մեզ տրված չէ դա իմանալ, թեեւ՝ այդ մասին տեղեկատվություն պահպանվում է Ակաշիի գրառումներում: Մեր մոլորակը փորձառումի եւ գիտակցական հասունացման, ինչպես նաեւ՝ մոռացությունների եւ հիշողությունների վերարթնացման վայր է, իսկ մարդկային գիտակցությունը դրանք հասկանալու, խորությամբ ըմբռնելու ճիգեր է գործադրում: Սակայն ամեն ինչից զատ նախ հարկավոր է հասկանալ, որ Ճշմարտությունը վեր է բոլոր տեսակի կրոններից ու գաղափարախոսություններից եւ դրանք հօգուտ իրենց շահերին ծառայեցնող անհատներից, քանզի դրանք գալիս են ու անցնում, բայց Ճշմարտությունը մնում է անփոփոխ: Իսկ մենք՝ մեզ խելացի ժողովուրդ համարող հայերս, պետք է կարողանանք տեսնել համաշխարհային այս «խաղի» խճապատկերը, քանի որ որքան էլ դժվարին կացության մեջ ենք այսօր, կարծում եմ, նաեւ մեզ համար բարեպատեհ հնարավորությունների «դուռ» է բացվել, եւ մեզ մնում է միայն տեսնել այդ դուռը, կատարել միակ եւ ճիշտ ընտրությունը եւ լինել: Իսկ դրա համար պետք է կանգնել համաշխարհային առկա «խճապատկերում» այն երկրների, ժողովուրդների եւ ուժերի կողքին, որոնք համընթաց են շարժվում մեր մոլորակի բարեշրջության ուղիով եւ մեր ուղիղ ու ճիշտ պահվածքով տեղ կգրավենք նրանց շահերի ծիրում:
Ստացվել է մի իրավիճակ, երբ մենք այլ ընտրություն էլ չունենք. կա՛մ միահամուռ ջանքերով կսրբենք Հայաշխարհի այս մի պատառիկ հողը ներքին սրիկաներից, դավաճաններից ու թշնամիներից եւ կկերտենք ազգային իշխանություն՝ առաջին հանրապետության իրավահաջորդումով, որպես պահաջատեր եւ իրավատեր երկիր, կա՛մ «կճզմվենք» բուռն փոփոխությունների սրընթաց «անիվների» տակ: Անչափ կարեւոր է նաեւ, որ ընդմիշտ հասկանանք՝ մեր փոխարեն ոչ ոք դա չի անելու: Մենք մեր հետեւողական պայքարով պիտի վերահաստատենք մեր լինելու իրավունքը, ծնկած տեղից վեր կենանք, շտկվենք-ոգեղենանանք եւ դառնանք «Հայահեղեղ» եւ ազգովին համախմբված պայքարենք հանուն արդարության եւ հանուն մեր ազգային արժանապատվության վերականգնման:
Ես լավատեսորեն հավատացած եմ, որ այդ օրը հեռու չէ:
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պրոֆեսոր