«Հայաստանը գոյություն ուներ այն ժամանակ, 2,5 հազարամյակ առաջ, երբ նոր էր ծնվում Հռոմը:
Նա գոյություն ուներ եւ այն ժամանակ, երբ դրանից 150 տարի առաջ Հռոմը դադարել էր գոյություն ունենալուց: Հայերը աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկն են, նրանք ունեին մանրակերտ պալատներ, երբ Աստերիքսը դեռ գոյություն չուներ: Բաբելոն, փարավոններ, քրիստոնեության սկզբնավորում, 3.000 տարվա ընթացքում նրանք գործնականում առընչվել են արեւելքի եւ արեւմուտքի ամբողջ պատմությանը, նրանք հաղորդակցվել են Դարեհի եւ Քսերքսեսի, Ալեքսանդր Մեծի, Կեսարի եւ Հիսուս Քրիստոսի, Նապոլեոնի եւ Կլեմանսոյի հետ»:
Ժան-Պիեռ Ռիշարդոն. «Հայեր, ինչ գնով էլ լինի»
Դեռ վաղ տարիքում էի լսել, որ աշխարհը կառավարվում է մարդկանց փոքրաթիվ խմբի կողմից եւ որ այդ խմբի ձեռքում է կենտրոնացած Երկիր մոլորակի նյութական ու ֆինանսական ռեսուրսների գերակշիռ մասը:
Այսպես, տարբեր աղբյուրներից քաղված տեղեկությունները հուշում են, օրինակ, որ աշխարհն ուղղորդող այդ կենտրոնի 2020-2030-ական թվականներին մեր համար նախանշած ծրագիրն սկսվեց քովիդով ու 44-օրյա պատերազմով: Իսկ օրըստօրե անհնազանդ դարձող մարդկությանը մինչեւ 2030-ական թթ. անցկացնելու են ահավոր դաժան փուլերի միջով՝ ավելի դաժան լոկդաուններով ու սահմանափակումներով եւ շատ ավելի հզոր քովիդ-երկու օպերացիա է լինելու: Իսկ ուկրաինական մարդատյաց պատերազմն իրենց մոտ արձանագրված է որպես թեթեւ միջադեպ եւ ավելի հզոր ու ավերիչ պատերազմներ են կանխատեսված: Միայն կարելի է պատկերացնել, թե ի՞ նչ ահավոր պատերազմներ են լինելու, եթե ուկրաինականը իրենց համար թեթեւ միջադեպ է համարվում:
Տնտեսագետների կանխատեսմամբ էլ մոտակա մի քանի տարում արհեստականորեն ստեղծված համաշխարհային ճգնաժամերի միջոցով ամբողջությամբ կվերացվեն կանխիկ եւ կրիպտո արժույթները: Դրան կհաջորդեն սարսափելի սովը, իսկ ինտերնետը կդառնա անձնագրով, որի արդյունքում Չինաստանը լրիվ վերահսկելի կդառնա: Պատերազմների միջոցով այդ հզորները կլուծեն նաեւ ուժեղ, ազգայնական, պայքարող տեսակին ոչնչացնելու խնդիրը: Կլիմայական անվտանգության պատրվակով մարդկանց կստիպեն հրաժարվել անձնական ավտոմեքենաներից, առողջ ապրելակերպի հանգամանքով՝ նորմալ սնունդից: Կվերացվեն ֆերմաները եւ մսի փոխարեն կհրամցվեն միջատներից պատրաստված կիսաֆաբրիկատներ: Կկառուցվեն տասնհինգրոպեանոց քաղաքներ եւ 2030-40-ական թթ. ամենայն հավանականությամբ աշխարհը կդառնա այդ կենտրոնի էլիտայի կողմից 100 տոկոսանոց վերահսկվող ստրկատիրական մի թվայնացված ճամբար: Պատահական չէ նաեւ այն, որ եթե հինգ-տասը տարի առաջ թմրանյութերի մասին խոսվում էր գրամների չափով, ապա այսօր միայն Հայաստան ներկրվել կամ փորձ է արվել ներկրելու միանգամից մի քանի տոնա ուժեղ թմրանյութեր: Միանգամայն օրինական հարց է առաջանում՝ ինչո՞ւ եւ ո՞րն է դրա պատճառը: Պատասխանը մեկն է եւ շատ պարզ. Ժամանակակից ինֆորմացիայի դարաշրջանում մարդկությունն աստիճանաբար դժվար կառավարելի է դառնում, իսկ թմրանյութերով հնարավոր է ոչ միայն բթացնել մարդկանց ուղեղները, նրանց հեռու պահել սոցիալական եւ տարաբնույթ այլ շարժումներից ու ինքնակազմակերպվելուց, այլեւ աննախադեպ հեշտ կառավարելի դարձնել նրան, ինչպես նաեւ հեռու պահել սերնդատվությունից: Այնպես որ, Պուտինը, Զելենսկին, Մակրոնը, Բայդենը, Էրդողանը, Փաշինյանը եւ դրանց հաջորդող ու փոխարինող բոլոր ալիեւ-մալիեւներն ընդամենն այդ հզորների խաղի դերակատար-գործիքներն են: Իսկ տարբեր վայրերում տարբեր միջնորդների մասնակցությամբ մեր իշխանությունների հաշտության բանակցությունները՝ խաղաղության հասնելու անհաջող բեմադրված արարներ:
2020 թվականին մեր անմիասնականության, անփորձ ու անհեռատես ղեկավարության, կարճատեսության, հիմարության եւ տկարության պատճառով Արցախի 75%-ը դավադրաբար ու դավաճանաբար հայտնվեց թուրքերի, իսկ 25%-ն էլ՝ ռուսների վերահսկողության տակ: Բայց արի ու տես, որ մեր հայրենակիցներն այս օրերին դեռ անհասկանալիորեն ստորագրահավաքներ կամ հանրաքվեներ են անում, որ «Արցախը Ադրբեջանի կազմում երբեք չի լինի»: Մի բան, որն այս վիճակում ինձ մի քիչ ուշացած է ու ոչ այնքան իրատեսական է թվում: Հետո էլ բավականին մեծ թվով ընդդիմադիր պատգամավորներ ունենք, թող նրանք հանդես գային օրենսդրական նախաձեռնությամբ եւ եթե մերժվեին, այս ստորագրահավաքն է՛լ ավելի ըմբռնելի կդառնար: Երեսուն տարի առաջ քրտինքով ու արյունով ազատագրեցինք Արցախը, բայց այդ հաղթանակը չիրացրինք: Թշնամին երեք տարի առաջ կազմակերպված դավադրություններով եւ օտարների օգնությամբ Արցախի մեծ մասը վերցրեց մեզանից եւ ամեն ինչ անում է այն վերջնականապես յուրացնելու, իսկ մենք հիմա ուզում ենք գրչի հարվածներով ու հանրաքվեով նորից ազատագրենք մեր հողերը: Այնինչ, կարծում ենք, որ ավելի ճիշտ ու էֆեկտիվ կլինի ստորագրահավաքներ կազմակերպելուն զուգընթաց մեր ողջ էներգիան ավելի շատ օգտագործենք մահապարտների նվիրյալ սերունդ մեծացնելու եւ դաստիարակելու վրա, որը կկարողանա մեր լեռնաշխարհում նորից արդարություն հաստատել:
Վաղուց ժամանակն է ըմբռնել, հատկապես պատերազմից հետո, որ մեր հասարակության ու քաղաքակրթության հիվանդություններն ու թերությունները ո՛չ ստորագրահավաքներով ու հանրաքվեներով, ո՛չ ընտրություններով ու անբովանդակ ցույցերով եւ ո՛չ էլ նույնիսկ բարեփոխումներով չենք կարող բուժել եւ ոչ էլ խնդիրները լուծել: Այդտեսակ հեշտ լուծումների ժամանակներն անցել են եւ հիմա դրանցով զբաղվելը իրականում ավելի շատ վախկոտության եւ երկչոտության նշան է ու ջուր ծեծելով մեր թանկ ժամանակի ու առանց այն էլ սակավ ռեսուրսների անիմաստ վատնում: Քանզի, ինչպես դեռ տարիներ առաջ կանխատեսել էր Վանո Սիրադեղյանը, իսկապես հայտնվել ենք մի հանգրվանում, «Երբ իրենց խելոք կարծող հիմարների թիվը շատանում է, ժողովրդի ստվար մի զանգված իսկական խելոքներին հիմարի տեղ է դնում: Եվ այսպես գալիս է հիմարների դարաշրջանը, որի ավարտն անհնար է առանց ողբերգության»:
Հայաստանում այսօր կա իշխանության հավակնող երկու քաղաքական գաղափարախոսություն՝ հայաստանակենտրոն, որը ազգային շահ ասելով հասկանում է նախեւառաջ Հայաստանի պետական շահը, եւ երկրորդը՝ անպետություն, անհայրենիք ժամանակների ծնունդ ավանդական կոչվածը, որը ազգային շահ ասելով՝ նկատի ունի ուղիղ հակառակը: Հետեւաբար ժամանակն է մերժել բոլոր տեսակի երկվությունները, արիական ու ազգային գաղափարների հիման վրա վերափոխվել եւ վերականգնել մեր Հայրենիքի երբեմնի փառքն ու պատիվը: Իսկ դա կարող է անել այն հաստատակամ քաղաքական շարժումը, որը թքած կունենա կեղծ ու ազգավեր «ժողովրդավարության» եւ արեւմտյան բազմագույն այլ միջոցների վրա: Քանի որ մեզանում ժողովրդավարության շրջանակն այսօր ներառում է տեղական եւ ազգային ժողովի ընտրությունները, իսկ նախագահի համաժողովրդական ընտրության իրավունքը հմտորեն խլվեց ժողովրդից: Այսինքն, դրանով ժողովրդավարությունն էլ սահմանափակվեց, որը Հայաստանի Հանրապետության եւ Արցախի համար կործանարար հետեւանքներ ունեցավ:
Ասվածը գուցե «ռադիկալ» ու «ծայրահեղական» համարվի, սակայն իրականում մեր ներկա վիճակն է ծայրահեղական եւ այդ խայտառակ վիճակից դուրս գալու միակ ճանապարհն ու հեռատես լուծումներն այլ ելք չեն թողել: Հետո էլ հայության հոգեբանությունը լավ ճանաչելով՝ ցավով պիտի արձանագրենք, որ եթե յուրքանչուր հայ իր հայրենիքը սիրի այնպես ինչպես սիրում է իր եսին ու անասունին, բերքին ու բարիքին, իր ապրանքին, իր կահ կարասին, այսինքն՝ իր նյութականը եւ եսամոլությունը, ապա ընդամենը ժամեր անհրաժեշտ կլինի բոլոր օտարամոլներից ու բազմագույններից ազատվելու համար: Ուղղակի հարկավոր է համախմբվել եւ վերջ դնել արհեստականորեն ստեղծված այս անկայուն վիճակին, որտեղ անգրագիտությունն ու համատարած միջակությունը, չկամեցողությունն ու նախանձը, անկամք լինելն ու անտարբերությունը դարձել են ավելի վեհ առժեքներ, քան բարոյականությունը եւ հայրենիքն իր ողջ արժեհամակարգով: Հարկավոր է կրկին ու կրկին վերհիշել Խրիմյան Հայրիկին ու նրա թղթե շերեփի քարոզը եւ մեր համար մեկընդմիշտ անվերապահ ճշմարտություն համարել այն, որ իրավունքը սրի ծայրին է, որ բոլոր ժամանակներում էլ ուժն է ծնում իրավունքը:
ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին հռչակագիրը ընդունվել է Գլխավոր անսամբլեայի 2007 թ. սեպտեմբերի 13-ի 61/295 որոշմամբ: Դրա թիվ երեք հոդվածում ասված է՝ բնիկ ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այս իրավունքի ուժով նրանք ազատորեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը եւ ազատորեն հետամուտ են լինում իրենց տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացմանը: Իսկ բոլոր պատմական փաստերը, տարածաշրջանին վերաբերող հայրենի եւ համաշխարհային բոլոր աղբյուրներն ու ազգագրական-մշակութային արժեքները վկայում են հայ ժողովրդի բնիկ լինելու անհերքելի իրողությունը: Հետեւապես նրանք ազատ ինքնորոշվելու լիակատար իրավունք ունեն: Եվ եթե փորձենք համադրել մերօրյա հիմնական գլոբալ գործընթացները եւ Հայաստանի առկա ռեսուրսները, ապա առաջիկա տասնամյակում տարածաշրջանում առաջատար դերակատարություն ստանձնելու տեսակետից՝ հետեւյալ հնարավորություններն են տեսանելի Հայաստանի համար՝
ա) բոլոր ջանքերը ներդնել եւ երկիրը դարձնել բարձր տեխնոլոգիական ծառայությունների կենտրոն,
բ) արհեստական բանականությամբ լուծումների մշակման եւ մասշտաբայնացման հենքով, աննախադեպ զարգացնել մասնագիտացած ֆինանսական եւ մյուս պրոֆեսիոնալ ոլորտները,
գ) մասնագիտացած արհեստական բանականության մարտական կիրառման եւ արդի մարտադաշտի կառավարման համակարգային լուծումների հիման վրա ստեղծել գերզարգացած տեխնոլոգիական ռազմարդյունաբերություն եւ դառնալ ռազմական գործի հզոր կենտրոն,
դ) հետեւողականորեն աշխատել այն ուղղությամբ, որպեսզի դառնանք Եվրոպայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրանի եւ մասամբ նաեւ Չինաստանի միջեւ տեղի ունեցող տարանցիկ ֆինանսական, տեխնոլոգիական եւ հումանիտար հոսքերի կառավարման, կյանքի եւ բիզնեսի ժամանակակից ենթակառուցվածքով հանգույց,
ե) կանաչ էներգետիկայի վրա հիմնված, ձգտել դառնալ էկոլոգիապես մաքուր կենսամիջավայրով երկիր՝ սնունդը, ջուրը եւ օդը, անվտանգ ու գրավիչ հայ եւ օտարերկրյա զբոսաշրջիկների, վերադարձող տարեցների, ինչպես նաեւ գործարարների համար,
զ) դառնալ այնպիսի գիտա-մշակույթային կենտրոն, որն օրգանապես սինթեզում է մեր հոգեւոր ու մշակութային ժառանգությունը ժամանակից մշակույթի եւ հումանիտար գիտության հետ եւ դառնալ տարածաշրջանի թարգմանչական եւ արվեստների կենտրոն:
Հասկանում եմ, որ ներկա դժվարին պայմաններում, երբ թիվ մեկ խնդիրը մեր երկրի անվտանգությունն ապահովելն է, վերը թվարկած միջոցներն ուտոպիկ են հնչում, սակայն համոզված եմ, որ մինչեւ մեր կանխատեսած ցանկալի լուսավոր ապագային հասնելը հարկավոր է հենց այս օր, հենց այս պահից սկսած աշխատենք այդ ուղղությամբ, քանի որ գերարագ զարգացող մեր օրերում մեկ ակնթարթ ուշացումը եւս կարող է ճակատագրական հետեւանքներ ունենալ:
10.07.2023
ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
պատմաբան, պրոֆեսոր