Մեծ իրադարձություն էր Գյումրիում: Գյումրու երաժշտասեր եւ թատերասեր հասարակությունը գեղեցիկ նվեր ստացավ. նոյեմբերի 13-ին եւ 15-ին «Օլիմպիկ» մարզահամերգային կենտրոնի դահլիճում ներկայացվեց անգլիացի կոմպոզիտոր Հենրի Պյորսելի «Դիդոնե եւ Էնեաս» օպերան: Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի բեմադրությունից հետո, որը տեղի է ունեցել 1912թ.-ին Գյումրիում, սա տեղում իրականացված երկրորդ բեմադրությունն էր:
Ներկայացմանն ընդգրկված էին ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ երգիչներ, որոնցից շատերն առաջին անգամ էին հանդես գալից օպերային դերերգով: Կարթագենի թագուհի Դիդոնեի դերում հանդես եկավ երիտասարդ երգչուհի Մարի Մյուլլերը (Ֆրանսիա), իսկ Էնեասի դերակատարն էր բազմաթիվ միջազգային եւ հանրապետական մրցույթների դափնեկիր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի առաջնակարգ մենակատար Հովհաննես Անդրեասյանը : Ինչպես այս երկու գլխավոր դերակատարները, այնպես էլ Նունե Գրիգորյանը ՙ Բելինդայի դերում, Վարդուհի Թորոյանը ՙ երկրորդ տիկնոջ եւ նավաստու դերում, Նելլի Սաղաթելյանը ՙ առաջին վհուկ, Մարիամ Հովհաննիսյանը ՙ երկրորդ վհուկ, Աննա Խաչատրյանը ՙ հոգի, փայլեցին իրենց գեղեցիկ ձայներով, անկաշկանդ վոկալով, բեմական արտաքինով եւ բնական խաղով, որը բխում էր դերերգի բովանդակությունից եւ օրգանական միասնություն կազմում երաժշտության հետ: Կախարդուհու դերում հանդես եկավ Լիանա Վարդանյանը, որն իր ձայնի թավությամբ եւ արտահայտիչ խաղով ստեղծեց իրական կերպար:
Դիրիժորն էր Իտալիայից հրավիրված Ստեֆանո Ինտրիերին , որը եվրոպական տարբեր թատրոններում երեք տասնյակից ավել անգամ արդեն ղեկավարել է Հ. Պյորսելի «Դիդոնե եւ Էնեաս» օպերան: Նրա հսկայական աշխատանքի շնորհիվ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի կամերային նվագախումբը, «Ռադիո Մարիամ»-ի երգչախումբը (գեղարվեստական ղեկավարՙ Արփինե Մանուկյան ) եւ մենակատարները ցուցադրեցին համաձույլ երաժշտական կատարում:
Ներկայացման հաջողությանը մեծապես նպաստեց Տաթեւ Հարթենյանի ՙ բեմական հագուստների բարձրաճաշակ ձեւավորումը:
Արժանին պետք է մատուցել այս նախաձեռնության հեղինակինՙ մեր հայրենակից, փարիզաբնակ Նարինե Սիմոնյանին , որի հսկայական ջանքերի շնորհիվ իրականացավ այս բեմադրությունը: Պետք է նշել նաեւ, որ Նարինե Սիմոնյանը միջազգային ճանաչում ունեցող երգեհոնահարուհի է, բարոկկո երաժշտության մասնագետ, որն իր մասնակցությունը բերեց նաեւ որպես կլավեսինահարուհիՙ նվագախմբի կազմում:
Ներկայացումն արժանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը, հանդիսատես, որը ծարավի է գեղեցիկ ներկայացումների եւ որը դահլիճից հեռացավ հետագայում նման նոր ներկայացումների ակնկալիքով:
ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏՉՅԱՆ, Երգիչ, խմբավար