Ուկրաինայի Օդեսա քաղաքում վերջերս տեղի ունեցած պատանեկան միջազգային երաժշտական մրցույթում («Odesa music olymp-2023») հաջող են հանդես եկել հայ պատանիներն ու աղջիկները:
Օդեսայի այս ավանդական դարձող մրցույթը թվով չորրորդն էր եւ արդեն երրորդ անգամ անցկացվում էր հեռավար կարգով: Ուկրաինայի, Լիտվայի, Լեհաստանի հետ մեկտեղ դրա մշտական մասնակից է նաեւ Հայաստանը: Ինչպես հաղորդում է «Մուզիկա» ուկրաինական համացանցային հանդեսը, այս տարի նրանց միացել էին նաեւ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Խորվաթիան:
Մրցույթում փողային գործիքներով կատարման անվանակարգում հաղթող է ճանաչվել եւ առաջին տեղ գրավել հայ պատանի ֆլեյտահար Էդուարդ Սարգսյանը: Նույն անվանակարգում երրորդ մրցանակի է արժանացել Քնարիկ Ստեփանյանը: Իր մրցակիցների մեջ երկրորդ տեղ է գրավել պատանի դաշնակահար Սամվել Կիրակոսյանը: Նշված երեքն էլ Գյումրու «Օյունջյան» կրթահամալիրի «Վարդուհի» արվեստի դպրոցի սաներ են:
Հայաստանից հաղթողների թվում էին ջութակահար Ալեքսանդրա Գյուլզադյանը, ժողգործիքների անվանակարգից՝ փոքրիկ քանոնահարներ Նանե Խաչատրյանը եւ Էմմա Բալասյանը: Երկրորդ մրցանակակիրներ են դարձել հայկական դուդուկը ներկայացրած Նարեկ Ավետիսյանը, վոկալի մրցույթում՝ աշտարակցի Նարեկ Խաչատրյանը: «Կոմպոզիցիա» անվանակարգում երկրորդ տեղ գրաված մեր հայրենակից Դարյա Հովհաննիսյանը ներկայացրել է Լեհաստանը (Վարշավա):
Օդեսյան այս մրցույթին նախորդել է համաուկրաինական երաժշտական-տեսական մրցույթը, որոնց երկուսի էլ նախաձեռնողն ու կազմակերպիչը, դրանց «գլխավոր հերոսը», ինչպես նշվում է «Մուզիկա» հանդեսի հրապարակման մեջ, մեր մեկ այլ հայրենակիցն է՝ Հասմիկ Խաչատրյանը:
Իսկ մրցույթն ըստ էության շարունակվելու է ամբողջ տարվա ընթացքում: Մասնավորապես, Օդեսայի ֆիլհարմոնիայի ողջ հաջորդ համերգաշրջանի ընթացքում նախատեսված են բոլոր անվանակարգերում հաղթողների համերգներ՝ արվեստի այդ օջախի կամերային նվագախմբի մասնակցությամբ:
Միանալով արվեստի այդ փառատոնի հանձնախմբի նախագահ Լեսյա Օլիյնիկին, հետագա հաջողություն մաղթենք բոլոր մասնակիցներին եւ այդ թվում՝ մեր շնորհալի հայ պատանիներին ու աղջիկներին:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ