2022 թ. ապրիլի 19-20-ին ՌԴ ԱԳՆ Մոսկվայի պետական ինստիտուտի միջազգային հարաբերությունների ինստիտուտի համաժողովների դահլիճում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված կոնֆերանս, որին մասնակցում էին հայ եւ ռուս հայտնի քաղաքագետներ, միջազգայնագետներ, հրապարակախոսներ: Ռուս-հայկական հարաբերությունների քաղաքական օրակարգի արդիական հարցերի թվում միջոցառման մասնակիցները քննարկեցին նաեւ մասնագետների հնարավորինս լայն շրջանակի ներգրավմամբ քաղաքագիտական երկխոսության մշտապես գործող հարթակի ստեղծման հարցը: Այս հոդվածում մենք կաշխատենք ամփոփել տվյալ հարցի բազմաթիվ քննարկումների արդյունքները եւ ներկայացնել ընթերցողների լայն շրջանակին մեր համատեղ մտորումները ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանն ուղղված այս քայլի վերաբերյալ:
Նախաձեռնության քաղաքական նպատակահարմարությունը եւ հասարակական պահանջարկը
Ակնհայտ է, որ վերջին տարիներին ռուս-հայկական քաղաքական, ռազմական, տնտեսական եւ մշակութային-հումանիտար հարաբերությունները զարգացման եւ խորացման միտում ունեն: Այսուհանդերձ առկա են գործընթացներ, որոնք ստիպում են մտածել մեր երկկողմ համագործակցության եւ փոխգործակցության որակի մասին: Կոլեկտիվ Արեւմուտքի կողմից Ռուսաստանին հայտարարված տնտեսական պատերազմը պարտադրում է ռուսաստանյան քաղաքական եւ հասարակական վերնախավին լրջորեն մտածել հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների ակտիվացման եւ Ռուսաստանի շուրջ հետխորհրդային մի շարք պետությունների հնարավորինս լայն համախմբման հնարավորության մասին: Մյուս կողմից, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 44-օրյա պատերազմից հետո բազմաթիվ քաղաքական գործիչներ, հասարական ակտիվիստներ եւ փորձագետներ հանդես են գալիս ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու օգտին: Ակնհայտ է նաեւ, որ օգտվելով ստեղծված գերլարված միջազգային իրավիճակից, Հայաստանում ակտիվացել են հակառուսական քաղաքական ուժերն ու խմբերը, որոնք քարոզում են Հայաստանը Ռուսաստանից հեռացնելու եւ կոլեկտիվ Արեւմուտքին մերձենալու մասին: Ակնհայտ է, որ Հայաստանի հանրային կարծիքում Ռուսաստանի հետ դաշինքի համակիրների թիվը կրճատվում է: Դրա հետ մեկտեղ բոլոր սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ հայ հանրության էական մեծամասնությունը հասկանում է հայ-ռուսական դաշինքի կարեւորությունը հայ ժողովրդի պատմական ճակատագրում եւ համոզված հանդես է գալիս այդ դաշինքի ամրապնդման եւ Մոսկվայի ու Երեւանի միջեւ անկեղծ երկխոսության զարգացման օգտին:
Ճիշտ է, որ վերջերս բարձր մակարդակում ռուս-հայկական քաղաքական երկխոսությունը հետագա զարգացման կայուն միտում է դրսեւորում, սակայն հիմա կարեւոր է, որ երկու երկրների հասարակական-քաղաքական վերնախավերը տրամադրություն ձեւավորեն իրենց հասարակության մեջ ըմբռնելու դաշնակցային հարաբերությունների որակական զարգացման կարեւորությունը: Մոսկվայում ՄՀՄՊԻ Միջազգային հետազոտությունների ինստիտուտը պատրաստ է դառնալու այն ռուսաստանյան գիտա-փորձագիտական հարթակը, որը կկատարի այդ ուղղությամբ համակարգված աշխատանք: Հայաստանում նույն դերը պատրաստ է ստանձնել ՀՀ կառավարության կազմում գործող «Օրբելի» կենտրոնը: Արդյունավետ քննարկումները, նշված մոսկովյան կոնֆերանսի նախապատրաստումն ու ընթացքը եւ դրա դրական արդյունքները վկայում են երկու կազմակերպությունների միջեւ համագործակցության զարգացման հնարավորության մասին: Արժէ նշել որ ԵՊՀ Միազգային հարաբերությունների ֆակուլտետում ստեղծվել է Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն: Այսպիսի գիտա-փորձագիտական կառույցի ստեղծման անհրաժեշտույունը քննարկվում էր մի քանի տարի եւ այսօր դա արդեն իրողություն է: Կենտրոնը համախմբում է ԵՊՀ եւ ՀՀ Գիտությունների Ակադեմիայի գիտնականներին եւ դասախոսներին, ինչպես նաեւ հայ-ռուսական բազմակողմանի կապերի ոլորտում ակտիվորեն աշխատող Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներին: Հետազոտական եւ վերլուծական աշխատանքի մեծ ներուժ ունի նաեւ Ռուս-հայկական համալսարանը, որի առաջատար մասնագետները միջազագային համագործակցության լավ փորձ ունեն: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ «Օրբելի» կենտրոնը, ԵՊՀ Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնը եւ ՌՀՀ-ը կարող են միասնաբար մասնակցել ռուսաստանյան գործընկերների հետ համագործակցության հայկական հարթակի ստեղծմանը:
Վստահություն ներշնչող որակյալ համատեղ քաղաքագիտական հետազոտություններ
Հարավային Կովկասի տարածքում տեղի են ունենում բուռն զարգացումներ: Սկսվել է Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հանձնաժողովի աշխատանքը հարաբերությունների կարգավորման եւ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման ուղղությամբ: Հայ հանրությունը բուռն քննարկում է Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունների հաստատման հնարավորությունը: Սկսվել է հայ-թուրքական քաղաքական երկխոսություն դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ տրանսպորտային հաղորդակցության վերագործարկման նպատակով: Ռուսաստանը հայտարարել է այդ խաղաղ գործընթացին աջակցելու պատրաստակամության մասին: Շարունակվում են «3+3» ձեւաչափում երկխոսություն զարգացնելու ջանքերը, թեեւ Վրաստանը ինքնամեկուսացել է դրանից: Մյուս կողմից, թե՛ քաղաքական, թե՛ գիտա-փորձագիտական (քաղաքագիտական, տնտեսագիտական եւ այլ) ոլորտներում էլ ավելի մեծ արդիականություն է ստանում եվրասիական ինտեգրման գործընթացի արագացման հնարավորության խնդիրը: Ակնհայտ է, որ հասել է Ռուսաստանի եւ Հայաստանի, հնարավոր է նաեւ այլ դաշնակից-երկրների մասնագետների համատեղ խոր հետազոտությունների ժամանակը: 2025 թ. ԵԱՏՄ-ն կունենա էներգետիկայի, գազի եւ նավթի ընդհանուր շուկա, կզարգանան կոոպերացիոն գործընթացները: Իսկ ի՞նչ է լինելու հետո: Ի՞նչ ուղղությամբ կզարգանա ինտեգրման գործընթացը: Հնարավո՞ր է արդյոք քաղաքական ինտեգրում Եվրամիության օրինակով: Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը գնալ Ռուսաստանի հետ ինտեգրման խորացման ուղիով: Ի՞նչ է պետք անել, որ հայ հասարակությունը ընդհանուր առմամբ հանդես գա ինտեգրացիոն զարգացման օգտին, որտեղ շարժիչ ուժի դերը, բնականաբար, պատկանում է Ռուսաստանին: Ինչպե՞ս է կազմակերպվելու երկու երկրների երիտասարդության հետ աշխատանքը ռուս-հայկական դաշինքի իրավահաջորդությունն ապահովելու համար: Կոնկրետ ի՞նչ է կարելի անել, որ հաջորդ սերունդը չխաթարի ամուր հայ-ռուսական կապերը եւ հասկանա դրանց բազմապատկման կարեւորությունը: ՄՀՄՊԻ-ում անցկացված կոնֆերանսի ընթացքում ելույթ ունեցող փորձագետները շոշափեցին այս հարցերը, սակայն պարզ դարձավ, որ հարցերը պատասխաններից շատ են եւ հետազոտության եւ վերլուծության հսկայական դաշտ կա: Առաջատար գիտնականների, փորձագետների եւ հրապարակախոսների համատեղ հետազոտությունների արդյունքում մշակված միասնական դիրքորոշումը կարող է ծանրակշիռ կռվան դառնալ Ռուսաստանում եւ Հայաստանում հանրային քննարկումների եւ տրամադրությունների ձեւավավորման ժամանակ:
Օգնել քաղաքական եւ պետական գործիչներին երկկողմ համագործակցության վրա հիմնված դիրքորոշումներ ձեւակերպելու գործում
Մոսկովյան կոնֆերանսի մասնակիցները եկան նաեւ այն եզրահանգման, որ երկու երկրների քաղաքագետների կարեւոր խնդիր կարող է լինել քաղաքական որոշումների ընդունմանը նախորդող որակյալ փորձաքննությունը: Ընդհանուր օրակարգի ձեւավորման համար անհրաժեշտ է, որ լինի ոչ միայն տեղեկատվական, այլեւ փորձագիտական ապահովում: Շատ կարեւոր է, որ երկու երկրների մեդիատարածքում պարզ եւ հստակ հնչեն ինտեգրման եւ դաշինքի կողմնակիցների գիտականորեն հիմնավորված կարծիքները: Ակնհայտ է, որ թե ռուսաստանյան, թե հայկական քաղաքական գործիչներին, մեղմ ասած, շատ օգտակար կլինեն քաղաքական մակարդակով համաձայնեցված դիրքորոշումներն ու մոտեցումները: Չի կարելի չընդունել, որ հայ-ռուսական դաշինքի հակառակորդները գերազանց համախմբված են եւ ունեն ամուր կառույցներ: Այնպիսի կարեւոր հարցը, ինչպիսին է հայ-ռուսական համագործակցությունը եւ փոխգործակցությունը, չի կարող թողնվել ինֆորմացիոն տարածքի տարերքի հույսին: Ռուս եւ հայ քաղաքական գործիչները պետք է պատասխանատվություն զգան երկկողմ օրակարգի մակարդակի եւ որակի համար: Դրա համար անհրաժեշտ է որակյալ փորձագիտական աջակցություն:
Այս տողերի հեղինակները համաձայն են նաեւ, որ փորձագիտական ապահովման ողջ ներուժի գործարկման նպատակով ծավալվող երկխոսության մեջ ներգրավված գիտնականների ու փորձագետների մի մասը պետք է մշտապես փոփոխվի (թարմացվի):
Այս հոդվածը գրելիս հեղինակները նպատակ ունեին խթանել քննարկում հայ եւ ռուս հասարակություններում եւ ստանալ այն շրձանակների աջակցությունը, որոնց համար կարեւոր է Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների դաշնակցային բովանդակության ներկան եւ ապագան:
Ի վերջո կարեւոր է նաեւ նշել, որ մոսկովյան կոնֆերանսի ընթացքում հայ եւ ռուս քաղաքագետները պայմանավորվեցին, որ հաջորդ կոնֆերանսը կանցկացվի Երեւանում, իսկ մինչ այդ անցնել ռուսական եւ հայկական ԶԼՄներում եւ գիտական ամսագրերում համատեղ քննարկումներին եւ հրապարակումների գործելակերպին: Այս հոդվածը, փաստորեն, կարելի է համարել մեր առաջին միացյալ ելույթը մամուլում եւ մենք կցանկանայինք, որ այն դառնար նոր ավանդույթի հիմք:
ՆԻԿՈԼԱՅ ՍԻԼԱՅԵՎ
ՌԴ ԱԳՆ ՄՀՄՊԻ Միջազգային հետազոտությունների ինստիտուտի
քաղաքական գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն, պ.գ.թ.
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի
Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, բ.գ.թ., դոցենտ