Օրերս ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը լույս է ընծայել ինստիտուտի Հայ գաղթավայրերի եւ Սփյուռքի պատմության բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, «Ազգ»ի աշխատակից Կարեն Մկրտչյանի «Հայ-իրանական հարաբերությունները 1991-2005 թթ.» աշխատությունը: Այն հեղինակի՝ 2014 թվականին պաշտպանած ատենախոսության լրամշակված տարբերակն է:
Աշխատությունը բաղկացած է ներածությունից, երեք գլուխներից, եզրակացությունից, անգլերեն եւ պարսկերեն ամփոփումներից, օգտագործված աղբյուրների եւ գրականության, անձնանունների եւ տեղանունների ցանկերից եւ երկու աղյուսակից, որոնք ներկայացնում են ՀՀ-Իրան առեւտրի ծավալները 1993-2005 թթ.: Աշխատության մեջ քննարկվում են հայ-իրանական քաղաքական, տնտեսական եւ գիտակրթական ու մշակութային հարաբերությունները, ինչպես նաեւ այդ գործընթացին իր որոշակի մասնակցությունն ունեցած Իրանի հայ համայնքի դերը 1991-2005 թվականներին: Ուսումնասիրության մեջ փորձ է արվել նաեւ անդրադառնալ երկկողմ հարաբերություններում տեղ գտած ձեռքբերումներին ու խնդիրներին:
Կարեն Մկրտչյանը (ծնված 1986-ին, Երեւանում) 2007-ին ավարտել է ԵՊՀ պատմության բաժանմունքի բակալավրիատը, 2009-ին՝ ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի մագիստրատուրան: 2012-2019 թթ. աշխատել է ՀՀ Սփյուռքի նախարարությունում, 2020 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում, նաեւ դասավանդում է «Ս. Գրիգոր Լուսավորիչ» պետական բժշկական քոլեջում: Հեղինակ է 25 գիտական հոդվածների:
«Ազգ»ը շնորհավորում է իր երիտասարդ աշխատակցին՝ մաղթելով նրան նորանոր աշխատություններ, նաեւ որ «Հայ-իրանական հարաբերությունները 1991-2005 թթ.» հրատարակվի նաեւ պարսկերեն թարգմանությամբ:
Ա. Բ.