Կարարա: Երբեմն երեւակայությունը գերազանցում է իրականությանը: Ավելի ճշգրիտ՝ այս է աշխարհում ճանաչված քանդակագործ, Կարարայի համար շատ թանկագին Վիգեն Ավետիսի մոտեցումը: Մինչեւ ներկա պատերազմի սկսվելը իր ստեղծած դիցաբանական վերաիմաստավորմամբ քանդակներից մեկը այս օրերին նա նվիրեց Ուկրաինային՝ որպես խաղաղության ուղերձ: Արվեստագետի մեկնաբանությամբ՝ այն ներկայացնում է Պերսեւսի եւ Մեդուզայի հանդիպումը, երբ վերջինս, Պոսեյդոնի կողմից բռնաբարվելուց հետո հղիանալով, ինքնակամ զոհաբերում է իրեն Պերսեւսին՝ ոտնատակ տալով զենքերը: «Սա գործողություն է՝ ընդդեմ բռնության,- ասում է Վիգենը,- այն հիշեցնում է զոհի եւ խղճի՝ չարիքը կանգնեցնելու ունակ միակ զենքի մասին: Այսպիսով, հղի կինն իրեն զոհաբերում է հանուն խաղաղության: Եվ այն ես նվիրում եմ Ուկրաինային: Արձանը կձուլվի բրոնզից եւ կուղարկվի ԱՄՆ, Գերմանիա ու, հույս ունեմ, նաեւ՝ Ռուսաստան՝ հասկանալ տալու համար մի շարք բաներ»:

Վիգեն Ավետիսը ծնվել է Երեւանում: Սովորել է Հայաստանի Գեղարվեստի ակադեմիայում, ապա քանդակագործության դիպլոմ է ստացել Լեհաստանում: Գեղարվեստի ակադեմիայում կատարելագործվելու նպատակով եկել է Ֆլորենցիա, որտեղ էլ ապրում է այժմ՝ առավելապես ստեղծելով մոնումենտալ բրոնզե եւ մարմարե կարեւոր աշխատանքներ: Լինելով քանդակագործության մի քանի հանրապետական մրցույթների հաղթող, քանդակի միջազգային տարբեր սիմպոզիումների հիմնադիր եւ տնօրեն Շուշիում (Ղարաբաղ) եւ այլուր՝ նա շատ լավ ճանաչում է Կարարան: Ավետիսը ստեղծագործել է Կառլո Նիկոլիի, Բարատինիի «Միքելանջելոյի հանք» եւ Կարարայի քանդակագործների ընկերության արվեստանոցներում, որտեղ իրականացրել է մի շարք աշխատանքներ. վերջինը՝ «Աստվածային կատակերգությունը», այժմ ցուցադրվում է Բրյուսելում, շուտով նաեւ՝ Ֆլորենցիայում ու Հռոմում: Ներկայումս Վիգենը Նեապոլում է՝ համագործակցելու մի կարեւոր պատկերասրահի հետ՝ կերտելու հունական դիցաբանության թեմաներով ստեղծագործություններ՝ յուրովի մեկնաբանությամբ, նաեւ ծրագրում է աշնանը վերջնական բնակություն հաստատել Կարարայում: «Կարարան իդեալական քաղաք է քանդակագործության համար, եւ այնտեղի քանդակի արվեստանոցներում ես ինձ զգում եմ իմ տանը: Ես կուզեի այնտեղ տուն գնել եւ հետագայում դասավանդել տեղի ակադեմիայում»: Բացի այդ, նրա հայրենի Երեւանը 1962 թվականից քույր քաղաք է Կարարայի հետ, եւ ի նշանավորումն դրա՝ երկու քաղաքները փոխանակել են արվեստի գործեր: Կարարան Երեւանին է նվիրել «Բարեկամության ձեռքեր» քանդակը՝ որպես խաղաղության խորհրդանիշ, որը ներկայումս զարդարում է քաղաքի մի զբոսայգին: Այն Հավանայի Քրիստոսի ձեռքերի կրկնօրինակն է, 20 մետրանոց բարձրությամբ հսկա մի արձանի, որը 600 տոննա մարմարից կերտել են կուբացի արվեստագետ Խիլմա Մադերան եւ Ալդո Բուտինին Կարարայից: Փոխարենը Երեւանը Կարարային նվիրաբերել է մի քանդակ, որը ներկայացնում է «Կենաց ծառը»: Այժմ այն գտնվում է Մարինա դի Կարարայում: Այն հայկական կարմիր տուֆից ստեղծել է Ավետիսի վարպետը՝ Արա Հարությունյանը: Կողք կողքի են «Ծառը» եւ «Երկու խոյը»՝ հզորության հայկական խորհրդանիշները: (*)
Թեեւ Վիգեն Ավետիսը նաեւ մի քանի գեղանկարներ է ստեղծել եկեղեցու համար, նա ավելի շատ իրեն քանդակագործ է համարում: Նա արդեն Հռոմի պապին նվիրել է մի քանդակ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության, որը բացվելու է ապրիլի 24-ին, Հռոմում, իսկ պատճենը տեղադրված է Մարսելում (Ֆրանսիա):
«Իմ երկիրը՝ Հայաստանը,- հիշում է Վիգեն Ավետիսը,- ավելի քան 70 տարի եղել է բոլշեւիկների իշխանության ներքո, որի ժամանակաընթացքում աղետալի իրադարձություններ են տեղի ունեցել: Իմ հարազատներից ոմանք աքսորվել են Սիբիր, մյուսներին էլ անխղճաբար գնդակահարել են՝ ընդամենը իրենց ազատատենչության համար: Այդուհանդերձ, ես երբեք ատելություն չունեմ իմ մեջ»:
Իտալերենից թարգմանեց ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ
(*) Ի դեպ, Կարարայում ստեղծվել է նաեւ մի քանդակ՝ «Թերթ ընթերցելիս», որտեղ քանդակված է «Ազգ»ի լոգոն: Քանդակը զետեղված է քաղաքի զբոսայգում, հեղինակն է քանդակագործ Նորայր Կարկանյանը` Մարշալ Բաղրամյանի արձանի հեղինակը:
ԴԱՆԻԵԼԱ ՄԱՐՑԱՆՈ
«Իլ տիռենո», Լիվոռնո
13.03.2022