ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում իրականացվում են ուսումնասիրություններ՝ նվիրված Մեր Գալակտիկայում եւ այլ գալակտիկաներում մագնիսական դաշտերի զրոյից առաջացմանը:
Մինչ այժմ դինամո մեխանիզմների միջոցով ուսումնասիրվել է արդեն եղած թույլ մագնիսական դաշտերի ուժեղացումը գալակտիկաների կյանքի ընթացքում: Ինչպիսի կոնֆիգուրացիաներ կարող են առաջանալ տարբեր գալակտիկաներում՝ կախված նրանցում առկա խիստ նոսր պլազմայի քանակությունից եւ այդ պլազմայի շարժումից: Սկզբնական թույլ մագնիսական դաշտերի առաջացման մեխանիզմների մասին կա՛մ լռում են, կա՛մ ասվում է, որ այդ դաշտերն առաջացել են տիեզերքի առաջացման սկզբնական փուլերում:
Ուսումնասիրությունների ընթացքում փորձ է արվում սկզբնական մագնիսական դաշտերի առաջացումը բացատրել գալակտիկաներում տեղի ունեցող ակտիվ գործընթացների առկայությամբ: Այն է՝ գալակտիկաների կենտրոնական տիրույթներից իոնացված նյութի ուժեղ արտահոսք կամ այդ տիրույթների վրա նյութի ներհոսք: Գալակտիկաների ընդհանուր պտույտի եւ նշված պայմանների առկայության դեպքում գործում է Բիրմանի մեխանիզմը («մարտկոցային էֆեկտ»): Այն ի վիճակի է զրոյից առաջացնել մագնիսական դաշտեր: Նրանց փոխազդեցությունը գալակտիկաներում առկա պտտվող գազային միջավայրի մասնիկների հետ խիստ տարբեր է: Դրա շնորհիվ գալակտիկայի որեւէ կետում, էլեկտրաչեզոքության պայմանի պահպանությամբ հանդերձ, էլեկտրոնների արագության պտտական բաղադրիչը տարբերվում է պրոտոնների արագության պտտական բաղադրիչից:
Մեր Գալակտիկայի համար կատարվել է ուսումնասիրություն՝ հաշվի առնելով միջաստղային գազի դինամիկայի վերաբերյալ դիտումները: Օգտագործելով պլանար մոտավորությունները, երբ գազի շերտի հաստությունն անհամեմատ ավելի փոքր է, քան նրա ռադիալ չափերը, կատարվել է Գալակտիկայի մագնիսական դաշտի ինվերսիայի մոդելավորում: Հիմնավորվել է, որ տեսականորեն հնարավոր է այնպիսի մագնիսական դաշտերի գեներացիա, որոնցում Գալակտիկայի կենտրոնից հեռանալիս կարող են դիտվել շրջանային մագնիսական դաշտի ուղղության ինչպես մեկանգամյա, այնպես էլ երկուանգամյա փոփոխություններ: Օգտագործելով Ֆարադեյի պտույտի մեծ արժեքով օժտված բաբախիչների տվյալները՝ ցույց է տրվել, որ Գալակտիկայի հարթության մեջ Գալակտիկայի կենտրոնից 5 եւ 7 կիլոպարսեկներով սահմանափակված օղակում մագնիսական դաշտի ուղղությունը հակառակ է ուղղված մնացած տիրույթի դաշտի ուղղությանը: Անտարակույս, այս աշխատանքն ունի կարեւոր նշանակություն:
Գիտական աշխատանքներն իրականացվել են «Գալակտիկաների մագնիսական դաշտերի ուսումնասիրություն» ծրագրի շրջանակներում:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ
Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր