Իսրայելի խոշորագույն թերթերը, ներառյալ Ynet-ը, օրերս մի նորություն են հրապարակել այն մասին, թե այս երկրում Թուրքիայի դեսպանը Իսրայելի կառավարությունից պահանջել է արգելել Հայֆա քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրի տեղադրումը: Իր ֆեյսբուքյան էջում նման տեղեկություն է հաղորդել հայտնի ճանապարհորդ, բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Քաղաքային խորհուրդը, ինչպես նա տեղեկացնում է, այդ օրվա նախօրեին միաձայն քվեարկել է Ցեղասպանության պաշտոնական ճանաչման եւ հուշահամալիրի կանգնեցման օգտին: Հայֆան դառնում է Իսրայելում երկրորդ քաղաքը (Թել Ավիվին մերձ Պետահ Թիքվայից հետո), որը ճանաչում է հայ ժողովրդի ողբերգությունը եւ համապատասխան հուշահամալիր է կանգնեցնում:
Կկարողանա՞ն թուրքերն իրենց կրտսեր եղբայր Ալիեւի հետ միասին խանգարել Հայֆայում հուշահամալիրի տեղադրմանը, հարցնում է Ալեքսանդր Լապշինն ու պատասխանում. կարծում եմ՝ չեն կարողանա, հարցն արդեն վճռված է եւ հուշարձանը լինելու է: «Դրա համար հարկավոր է հասկանալ,- ասում է բլոգերը,- թե ինչպես է ժողովրդավարական պետությունում կառուցված ուղղաձիգ իշխանությունը: Հայֆան բազմազգ քաղաք է, որտեղ հաշտ ապրում են հրեաները, քրիստոնյաները եւ մահմեդականները, իսկ որեւէ հարց ընդունվում է կոլեգիալ կերպով: Հուշարձանի եւ Ցեղասպանության ճանաչման օգտին միաձայն քվեարկել են բոլոր երեք դավանանքների ներկայացուցիչները, իսկ թուրքերի նկատմամբ վերաբերմունքն այստեղ ավանդաբար զգուշավոր է դեռ այն ժամանակվանից, երբ 1918 թվականին բրիտանական զորքերը Պաղեստինն ազատագրեցին թուրքերից: Ընդսմին թուրքերի դեմ բրիտանական բանակի կազմում կռվում էին նաեւ թե՛ հրեաներ, թե՛ արաբներ»:(*)
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տեղադրման թեմայով հոդվածներն ուշադիր կարդալիս պարզ է դառնում, նկատում է Ա. Լապշինը, որ թուրք դեսպանն իր «լպիրշ պահանջով» ավելի շուտ սաստիկ զայրացրել է իսրայելցի պաշտոնյաներին, որոնք նման լպիրշությունն ընդունել են իբրեւ Իսրայելի ներքին գործերին միջամտություն: Բացի նրանից, որ Իսրայելի խոշորագույն լրատվամիջոցները երկու օր պատմում էին 1915 թ. Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունների մասին, կոչելով այդ փաստերը ցեղասպանություն եզրույթով, տարբեր քաղաքագետներ ու վերլուծաբաններ եւս իրենց մեկնաբանություններում Թուրքիային խորհուրդ էին տալիս ուրիշի գործին չխառնվել: Այնպես որ, թուրք դեսպանի քայլը սպասածին ճիշտ հակառակ արդյունք է տվել:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
*) Ի դեպ, Պաղեստինի ազատագրմանը վճռորոշ մասնակցություն ունեցան նաեւ հայերը՝ ի դեմս Հայկական լեգեոնի, մասնավորապես Արարայի ճակատամարտում: Ծ.Խ.: