Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, ըստ շրջանառվող տեղեկությունների, նրան մի քանի առաջարկ է արել, որոնք համաձայնեցված չեն Փարիզի մյուս գործընկերների հետ: Այս մասին գրում է ռուսական lenta.ru-ն՝ հղում անելով Daily Mail-ին: Ստորեւ` այդ հոդվածի առավել կարեւոր հատվածները.
«Ֆրանսիայի առաջնորդը, փորձելով իրեն որպես խաղաղարար դիրքավորել Արեւելյան Եվրոպայում, մասնավորապես՝ Ուկրաինայում իրավիճակի դեէսկալացիայի հարցերում, ՌԴ նախագահի հետ զրույցում հայտարարել է մի քանի նախաձեռնությունների մասին: Այսպիսով, նա առաջարկել է Ուկրաինայի համար չեզոք կարգավիճակ ապահովել՝ դրանով իսկ բացառելով նրա՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը: Ընդ որում, Մակրոնի այդ առաջարկները նախկինում հավանություն չեն ստացել Հյուսիսատլանտյան դաշինքում Փարիզի դաշնակիցների կողմից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, Ֆրանսիայի նախագահը Պուտինի հետ բանակցություններից առաջ նույնիսկ չի փորձել խորհրդակցել ՆԱՏՕ-ի գործընկերների հետ, ինչը փաստացի անիմաստ է դարձնում բոլոր հնարավոր պայմանավորվածությունները:
Ավելի ուշ Financial Times-ը հայտնեց, որ բանակցությունների ընթացքում Պուտինն ու Մակրոնն իբր գործարք են կնքել միմյանց հետ: Մասնավորապես, նշվել է, որ ՌԴ նախագահը խոստացել է զորավարժությունների ավարտից հետո դուրս բերել Բելառուսից ավելի քան 30 հազար զինծառայող, ինչպես նաեւ նոր ռազմական նախաձեռնություններ չձեռնարկել եւ երկխոսություն վարել ռուսական զորքերի տեղակայման շուրջը: Կրեմլը հերքել է այս տեղեկությունը»:
Գ. Գ.
Daily Mail