Վավերագրական ֆիլմերի միջազգային ընկերակցությունը (IDA) հրապարակել է այս տարվա մրցանակաբաշխության անվանակարգերը, որոնք ներառում են մի քանի հայկական փաստագրություններ:
Քրեյգ Փիլիկյանը առաջադրվել է «Լավագույն բազմամասանոց աուդիովավերագրական ֆիլմ կամ սերիալ» անվանակարգում՝ որպես «Սքամանդա»-ի գործադիր պրոդյուսեր. այն փոդքասթ է մի կնոջ մասին, որը քաղցկեղով հիվանդ է ձեւացել եւ 100,000 դոլար հավաքել մի բուժման համար, որն իրեն երբեք պետք չի եղել: Քրեյգ Փիլիկյանը «Էմմիի» մրցանակակիր պրոդյուսեր է, որը «Փիլգրամ ֆիլմզ էնդ թելեվիճընի» նախագահն է եւ գործադիր տնօրենը:
Ալեն Հյուզը, որի մայրը հայ է, երկու Հյուզ եղբայրներից մեկն է եւ հայտնի է իբրեւ այնպիսի ֆիլմերի ռեժիսոր, ինչպիսիք են «Սպառնալիք հասարակությանը», «Մահացած նախագահները» եւ «Եղիայի գիրքը»: Ալեն Հյուզը առաջադրվել է «Լավագույն բազմամասանոց վավերագրական ֆիլմ» անվանակարգում՝ լեգենդար ռեփ երգիչ Թուփաք Շաքուրի եւ նրա մոր՝ Աֆենի Շաքուրի մասին «Թանկագին մայրիկ» վավերագրական մինի-սերիալի համար:
Կարոլինա Սիրաքյանը առաջադրված է «Լավագույն մոնտաժ» անվանակարգում՝ «Հավերժ հիշատակ» չիլիական վավերագրական ֆիլմի եւ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող նվիրյալ զույգի դիմանկարի համար: Շարժանկարի առաջնախաղը կայացել է 2023 թվականին՝ «Սանդանս» կինոփառատոնում եւ արժանացել դատակազմի Գլխավոր մրցանակին: Կարոլինա Սիրաքյանի հայրական նախնիները Երուսաղեմից Չիլի են տեղափոխվել 1910 թ.:
«Սքամանդա»-ն հասանելի է բոլոր փոդքասթ հարթակներում: «Թանկագին մայրիկը» հեռարձակվում է Hulu-ով, «Հավերժ հիշատակ»-ը՝ «Փարամաունթ+»-ով:
IDA-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թվականի դեկտեմբերի 12-ին՝ IDA-ի YouTube, Facebook եւ Instagram ալիքների հեռարձակմամբ:
Անգլերենից թարգմանեց ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ