Հերքողականությունը եւ դրան հակազդեցությունը անգլիական մամուլում 19-րդ դարավերջին
ՄԱՍ II
1994 թվականի՝ Սասունում հայերի կոտորածների առնչությամբ Եվրոպայում, մասնավորապես՝ Անգլիայում, դիվանագիտական պաշտոնյաների մշուշոտ դարձվածքներից զատ գործի դրվեցին մի քանի, այսպես կոչված, «ճշմարտասեր» մարդկանց կեղծ վկայություններ, որոնք հասարակությանը զգուշացնում էին եւ կեղծ վկայություններով բացասական կարծիք ձեւավորում հայկական շարժման հանդեպ: Այս մարդիկ զուրկ չէին նաեւ այլ «հրապուրիչ» միջոցներից, ուստի բնական է, որ սուտ վկայությունների հեղինակները՝ սենյոր Հիմենեսը, Վութս փաշան եւ Աշմեդ Պարդլեդն ու սրանց նմաններն ունեին մի շարք «արբանյակներ»: Դրանք խմբագիրներ էին, որոնք հայոց հետ դրամական վեճ ունեին, քաղաքագետներ, որոնք հրեա գործատերերի շահակիցներ էին, զբոսաշրջիկներ, որոնց սիրաշահել էին, միսիոներներ, որոնք երկու տարի պարսկահայոց մեջ էին ապրել: Նրանք բոլորը խոսում էին իրենց տեսածների ու չտեսածների մասին, թե իբր լավ են ճանաչում հայերին, կասկածի տակ էին դնում նրանց բարոյականությունը, հավատարմությունը, մեղադրում հայերին շահախնդրության մեջ եւ այլն:
Հրապարակվեցին հակահայկական բնույթի մի շարք գրքեր: Դրանցից մեկում, օրինակ, որ կրում էր «Հայկական եւ ուրիշ խժդժություններ եւ հակաբրիտանական միություն» վերնագիրը, նկարագրվում էին «հայ սոցիալիստների խռովությունները», եւ իբրեւ հաստատում իրենց պնդումների՝ վկայակոչում էին ամերիկացի դոկտոր Համլինի (Պոլսի «Ռոբերտ» քոլեջի հիմնադիր) հոդվածները: Գրքում պատմվում էր Սասունի ապստամբների մղած պատերազմի, նրանց կողմից երեք հարյուր սպանվածների մասին, հերքվում էին թուրքական զորքերի անգթությունները, հիշատակվում էին բուլղարների ու ռուսների խժդժությունները՝ ընդդեմ, իրենց բնորոշմամբ, «խաղաղասեր» մահմեդականների: Հակահայկական բնույթի այս աշխատությունում, իհարկե, չէր շրջանցվում նաեւ թուրքական քաղաքականության քննադատությունը հնչեցնող, Թուրքիայի հպատակության տակ ապրող հայերի եւ քրիստոնյաների կոտորածները դատապարտող եւ ճշմարտության բացահայտմանը հետամուտ Գլադստոնի անձը: Գրքում նշավակվում էին Գլադստոնի «փառամոլությունն ու կրոնական նախապաշարումները»: Գիրքը, ընդհակառակը, ջատագովում էր անգլո-թրքական դաշնակցության երջանիկ առավելությունները:
Մեջբերենք մի քանի հատվածներ այդ գրքից՝ պարզորոշ պատկերացում տալու համար աշխարհաքաղաքական այն խաղերի մասին, որոնք ծավալվում էին Անգլիայում հայկական խնդրի շուրջ 19-րդ դարավերջին: Հայոց խնդրի արծարծումները գրքի հեղինակներն անմիջականորեն կապում էին ռուսական ազդեցության ընդլայնման հետ՝ դրանում գտնելով մեծ վտանգներ՝ ուղղված Անգլիայի աշխարհաքաղաքական շահերի: Հայոց կոտորածների մասին տեղեկատվությունը ներկայացնելով՝ իբրեւ մտացածին եւ բերելով դրանք հերքող ստահոդ հոդվածներ ու վկայություններ՝ Թուրքիան ներկայացվում էր՝ իբրեւ Անգլիայի լավագույն դաշնակից, եւ երկուսի շահերը հակադրվում էին հայոց խնդիրն արծարծող եւս մի քաղաքական դերակատարի՝ Ռուսական կայսրության աշխարհաքաղաքական շահերին: Այս հրապարակումները բացահայտորեն ցույց էին տալիս, որ հայկական խնդիրը մեկ անգամ եւս վերածվում է քաղաքական խաղաթղթի:
«Այս ամենը պատրաստվում է Թուրքիայի վրա մի մեծ հարձակում գործելու համար,- կարդում ենք թուրքամետ հրապարակման մեջ,- եւ Թուրքիայի անկումը՝ Միջերկրականի մեջ բրիտանական հզորության կործանում եւ մեր Հնդկական կայսրության կորուստ կնշանակի: Այս են ահա այս երկրի համար նախապատրաստում պարոն Գլադստոնը եւ Հայկական մասնախմբի կույր մոլեռանդները:
… Ռուս կառավարության հետ բարեկամական հարաբերության եւ դաշնակցության բոլոր զրույցները ցնորք են: Այժմ հարկ չկա պատերազմելու Ռուսիո դեմ: Այս երկու պետությունների միջեւ պատերազմը պետք է արգելել եւ հետաձգել ՝որչափ որ հնարավոր է: Բայց որքան որ անհավատալի է, թե ջուրն ու կրակը կարող են միանալ, նույնչափ էլ անհուսալի է, որ Մեծ Բրիտանիան ու Ռուսիան իրապես դաշնակցեն: Սրանց շահերը իրարու են բախվում ամբողջ աշխարհում, եւ այդպես պիտի շարունակվի, մինչեւ որ ռուս կառավարությունը հիմնավորապես փոխի իր հարձակողական եւ դավադրական համառ քաղաքականությունը»:
Ժխտողական բնույթի հրապարակումներում առանձնակի շեշտադրվում էին հայկական խնդրի վերհանման հարցում ռուսական ազդեցության հետքերն ու դրանց վնասակարությունը, ինչը սպառնում էր Արեւելքում հատկապես բրիտանական շահերին: Ահա այդպիսի վերլուծություններից մեկը. «… Եվ ամենից ավելի Կ. Պոլսում ռուսական մեքենայությունները եւ ռուսական ձեռնմխությունը միշտ ուղղվում են այս երկրի շահերի դեմ: Այն կույր ու տխմար խռովությունները (հոդվածագիրը նկատի ունի հայոց խնդրի շուրջ քննարկումներն ու հասարակական կարծիքի ձեւավորումը – Հ. Ս.), որոնք հիմա ջանում են Անգլիայում արծարծել հայ հեղափոխականների բոցը, իրենց հայրենակիցների դեմ ամենամեծ թշնամությունն են գործում: Ասենք, եթե հաջողության հասնեն իրենց ապուշ եւ չարագործ հիմարությունների մեջ, պիտի առաջ բերեն բրիտանական կայսրության խոնարհումն ու անգլիական փառքի անկումը»:
Բայց հայոց կրած հալածանքներն ու բռնություններն արդարացնելու համար այս տիպի «փաստաբանությունների» ժամանակն անցել էր: Ինքը՝ դոկտոր Համլին, հրապարակավ բողոքեց, որ հեղափոխականների դեմ գրած իր հոդվածը գործածվել է օսմանյան հյուպատոսների կողմից, եւ հայտարարեց, որ թուրքական կառավարության գործը «ավազակություն եւ մարդախոշոշություն է»: Թուրքիայի տիրապետության տակ ապրող հայերի կացության եւ Սասունի կոտորածի վերաբերյալ այլ եւ այլ աղբյուրներից հասած տեղեկություններն այնքան ջախջախիչ էին, որ թրքասերների պաշտպանողական ձայնը կորչում էր այդ տեղեկատվության հորձանուտում: «Դեյլի նյուզի» առաջնորդողներից մեկը (խմբագիր՝ Ջոն Ռոբինզոն), հերքելով ստահոդ հրապարակումները, ծաղրանքով է խոսում նրանց մասին, ովքեր ապատեղեկատվություն են տարածում եւ հերքում են ակնհայտ ճշմարտությունը: Այդ առաջնորդողում կարդում ենք. «… Պալատի պաշտոնավորներից մի անգլիացի ծովակալ համոզված է, թե թուրք զինվորները խստաբարո չեն կամ անպատշաճ գործեր չեն հանդուրժում: Պարապ ժամանակ ունեցող կիսաթոշակ պաշտոնյաները եւ գործ փնտրող թափառաշրջիկ փաշաները զարմանում են, թե խաղաղասեր քրդերը եւ ներողամիտ թուրքերը այսչափ ժամանակ ինչպե՞ս են դիմացել կռվասեր հայերի վարմունքին…»: Թերթերում հերքվում էին նաեւ իսպանացի ճանապարհորդ Հիմենեսի վկայությունները, որոնցով վերջինս հերքում էր Սասունում հայկական ջարդերի իրողությունը: Փաստեր էին բերվում, որ նա հայտնի է իր առասպելախոսությամբ, եւ որ Հայաստանի խժդժությունները հերքող նրա վկայությունները խիստ կասկածելի են: Ինչպես որ ժամանակին կեղծ ճանապարհորդը ստել էր, թե եղել է Պամիրում, նույնկերպ անվստահելի էին նրա պնդումները, թե եղել է Սասունում:
Այսպիսով, Անգլիայում հասարակական կարծիքը մոլորեցնելու ջանքերը չհաջողեցին: Ավելին, ազատ եւ անկախ քննություն տանելու գործում այդ ապատեղեկատվության պատճառած վնասները, սուտ վկայությունների հարուցած դժվարությունները ընդհանուր զայրույթի տեղիք տվեցին: Խոսուն է «Ստանդարտի»՝ Պոլսո թղթակցի այս հեռագիրը. «Զորավոր պատճառ ունենք հավատալու, որ Բարձր Դռան (Թուրքիայի իշխանությունների- Հ. Ս.) բոլոր ջանքերն այժմ կենտրոնացած են մի նպատակի վրա՝ հերքողական վճռագիր ձեռք բերել Սասունի քննության մեջ: Ամենավստահելի աղբյուրներից տեղեկություն ունենք, որ այդ նպատակին է ծառայում Հայ կաթոլիկների պատրիարք Գերապատիվ Ազարյանը, որ Թուրքիայի մայրաքաղաքում ամեն ինչ վայելում է, բացի բարի համբավից: Նա հրահանգ պիտի տա իր Մշո փոխանորդին, որ իրենց հետեւորդներին հանձնարարի Քննիչ հանձնաժողովին՝ թուրք իշխանավորների համար նպաստավոր վկայություններ տալու: Նրանք նույն ցեղից են եւ արտաքուստ նման են ուղղադավան հայերին,- այն հայերին, որոնք կոտորածների ենթարկվեցին: Կարծիք կա, թե օտարազգի պատվիրակներն այս վկայություններից կխաբվեն: Կաթոլիկ հայերի այսպիսի պահվածքը տարօրինակ է թվում բրիտանական ժողովրդին, բայց Արեւելքում դա բնական է, եւ հայտնի է այն անջրպետը, որ բաժանում է հայ ընտանիքի երկու ճյուղերը: Եվ պատվիրակները պետք է հրահանգավորվեն, որ խնամքով քննեն կաթոլիկ հայերի վկայությունները: Արդեն Հանձնախմբի այցելությունից առաջ պատրաստություն են տեսել, եւ սոսկալի անգթությունների ականատես ուղղափառ քրիստոնյաները նենգ իշխանությունների ձեռքով այդ երկրից փոխադրվել են պետության այլ վայրեր»:
Հայոց կաթոլիկ պատրիարքի այս նշավակելի ծառայությունը պայմանավորված էր նաեւ Սուլթանի՝ Հռոմի Պապին ուղղված դիմումով, որով խնդրում էր մեղմել պետությունների՝ Թուրքիային ուղղված պահանջները: Հայ կաթոլիկների պահվածքն այս հարցում կտրուկ փոխվեց հայոց նորընտիր պատրիարքի՝ Իզմիրլյան Սրբազանի շնորհիվ: Նա բողոքի ձայն բարձրացրեց ազգային իրավունքների բռնաբարման եւ հայերի հարստահարման դեմ: Իզմիրլյանը, ի տարբերություն իր նախորդի, բարոյական մի հենարան ընծայեց եվրոպական դիվանագիտությանը ՝ Թուրքիայում բարենորոգումների անհրաժեշտությունը պնդելու համար: Իզմիրլյանին իր անձնվեր ու անվեհեր նկարագրի համար «երկաթյա պատրիարք» էին կոչում: Նա հիանալի տպավորություն էր գործել Արեւմտյան աշխարհի վրա: Այդ օրերի հրապարակումներից մեկում նրա մասին այսպիսի դատողություններ են արվում. «Հույս ունենք, որ «քաղաքակիրթ Եվրոպան» իր գնահատականը կտա հայոց նորընտիր Պատրիարք Ամեն. Իզմիրլյանի աներկյուղ գործունեությանը: Մեր հիշողության մեջ առաջին անգամն է, որ Հայ եկեղեցու պետը, հանձին Ամեն. Իզմիրլյանի, իր պարտականությունը լրջորեն ստանձնել է: Նրա ընտրությունից առաջ՝ դեռ երեկ, Պոլսի պատրիարքն ավելի շուտ մի արձանագլուխ էր, քան թե պատասխանատու պետական այր: Այդ Աթոռի նախորդ պաշտոնակալների կողմից մատուցված ուղերձներն ու խնդրագրերը հաճախ այն ոճն ունեին, ինչ որ պիտի ունենային հլու փաշաների խմբագրածները: Շատ բան կարելի է ասել՝ պատրիարքներին արդարացնելու համար: Նրանք Պոլսում Սուլթանի ձեռքերին մոտ էին, եւ համարձակ խոսելու համար հարկ էր, որ ունենային շատ ավելի բարոյական քաջություն… Բայց Իզմիրլյան պատրիարքը փոխեց քաղաքավարության հին ձեւակերպումները: Այժմ նա մի նոր քայլ է արել՝ ծանուցելով Հայաստանում իր կողմից քննություն կատարելու մտադրության մասին: Դա համարձակ քայլ է: Բայց ինչպե՞ս դա պիտի կատարվի: Հիանում ենք այդ ոգով, բայց չենք պատկերացնում, թե այդ մտադրությունն ինչպես պիտի գործադրվի: Եթե պետությունները չերաշխավորեն Պատրիարքի քննիչների ապահովությունը, նրանք թուրք պաշտոնյաների կողմից կհալածվեն: Մինչդեռ նրանց ապահովությունը պետք է երաշխավորվի եւ կազմվի Միացյալ հանձնաժողով, ինչն առաջին հերթին պիտի արվեր: Սուլթանի հանձնաժողովը ոչինչ չի արել: Ամեն հնարավոր միջոց ձեռք է առնվել՝ աքսորով, բանտարկությամբ կամ սպանությամբ, կոտորածների մասին ճշմարտությունը պատմող հայ վկաներին ի չիք անելու համար»:
Սակայն քննություն կատարելու մասին Պատրիարք Իզմիրլյանի դիմումն ապարդյուն էր: Ապարդյուն էին նաեւ անգլիական պարբերականների թղթակիցների դիմումները: Պատրվակ բերելով անսպասելի սկսված խոլերան եւ թրքական Հանձնախմբի՝ իբր «անկախությունն» ապահովելու կեղծ պատճառաբանությամբ՝ Թուրքիան արգելեց օտարազգի թղթակիցների մուտքը Հայաստան:
Անգլիացի թղթակիցների մուտքի արգելքը բավական էր հիմնովին շրջելու այն մտայնությունը, թե օտարերկրյա պարբերականներում չեզոքություն պետք է պահպանել այս խնդրում: «Թայմսը», որ հույս ուներ՝ գոնե իր համար Սուլթանի բացառիկ թույլտվությունն ունենալու, վերջնականապես հուսահատված՝ մի հուժկու հարված է տալիս թուրքասերների ստահոդ հրապարակումներին. «Թուրքական կառավարությունը, տակավին կույր մնալով, չի տեսնում այն անկախ քննության կարեւորությունը, որով միայն գոհացում պիտի ստանա Եվրոպայի հանրային կարծիքը… Ճշմարտությունն իմանալու համար մեր ջանքերի դեմ թուրք կառավարության քողարկիչ ընթացքը Հանձնախմբի ներկայացրած արդյունքները եւ կարեւորությունն այլ ոչինչ են անում»:
Հայաստանի աղետները պարզվում էին իրական գույներով, եւ հավաքներում խորին ուշադրությամբ քննվում էին դրանից դեռեւս վեց տարի առաջ պարոն Ջ. Փրայսի արտասանած հետեւյալ բառերը. «Թուրքական կառավարության ամբողջ քաղաքականությունը վկայում է, որ իրո՛ք գործադրում է այն սկզբունքը, որ մի քանի տարի առաջ արտահայտել էր մի օսմանյան նախարարապետ (Սայիդ փաշան)՝ ասելով, թե՝ «Հայկական խնդիրը վերացնելու միջոցը հայերին վերացնելն է»:
Անգլիայի պահպանողական կուսակցության եւ ողջ Բրիտանիայի առաջնակարգ թերթի վերոհիշյալ հրապարակումները շեշտադրված կերպով վերատպվեցին բազմաթիվ պարբերականներում: Թերահավատներն էլ համոզվեցին, որ Սասունի կոտորածը ոչ միայն ստույգ է, այլեւ կազմակերպված բնույթ է կրել:
Նյութը պատրաստեց՝ ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ
(Վերջը՝ հաջորդիվ)
Նկարում՝ Ջոն Ռոբինզոն.,«Դեյլի նյուզ» լրագրի խմբագիր, 1894 թ.