Բարերար Հրաչյա Պողոսյանը ճանաչվեց ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին հուշարձան կանգնեցնողը
Սանկտ Պետերբուրգում բնակվող եւ գործունեություն ծավալող ճանաչված հասարակական գործիչ եւ բարերար Հրաչյա Պողոսյանը համընդհանուր հարգանքի եւ մեծագույն գնահատանքի արժանի սիրելի անձնավորություն է, որն այսօր հայտնի է Հայաստանում, Ռուսաստանում եւ աշխարհի բազմաթիվ անկյուններում։
Հանրության ջերմ սերն ու հարգանքը վայելող բարերարի եւ իր անունը կրող բարեգործական հիմնադրամի կողմից երկար տարիների ընթացքում իրականություն դարձած գործերը վերաբերում են մեր կյանքի բոլոր ոլորտներին։ Հրաչյա Պողոսյանի անչափ ուշադիր եւ զննող հայացքից երբեք չի վրիպում մեր կյանքի եւ ոչ մի կարեւոր մանրամասն, որի արդյունքը բազմաթիվ ֆանտաստիկ ու աներեւակայելի բարեգործական մտահղացումներն են, որոնք նա կյանքի է կոչել։
Հրաչյա Պողոսյանի եւ նրա բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ամբողջ աշխարհում ստեղծվել եւ վերականգնվել են ավելի քան 350 հոգեւոր, մշակութային եւ պատմական նշանակություն ունեցող հուշարձաններ։ Մեր հայրենակցի բարեգործության շրջանակն ընդգրկում է այսօր արդեն 14 երկիր։ Աշխարհի որ անկյունում էլ իրականացրել է իր հերթական մտահղացումը՝ արել է սիրով ու նվիրումով եւ հայ ժողովրդի արժանի զավակի բոլոր ձեռնարկումները արդյունք են տարիների նրա տքնաջան աշխատանքի։
Մեր հայրենակցի պրպտուն մտահղացումների արդյունքում իրականացվել եւ կյանքի են կոչվել նաեւ Հայրենական մեծ պատերազմի հերոսներին եւ իրադարձություններին նվիրված 170-ից ավելի հուշարձաններ եւ նախագծեր, իսկ մի մասն էլ իրականացման փուլում են։ Հրաչյա Պողոսյանի մտահղացմամբ ու աջակցությամբ հրապարակվել են տասնյակ գրքեր եւ ամսագրեր, նկարահանվել են մի շարք մեծարժեք եւ ուսուցողական վավերագրական ֆիլմեր։
– Հայրենական մեծ պատերազմի տարեգրությանը նվիրված իմ բոլոր ձեռնարկումների առանցքը մեծագույն հարգանքի տուրքն է բոլոր նրանց հիշատակին, ովքեր պաշտպանում էին հայրենիքը, ովքեր հաղթանակ էին կերտում մարտական ընկերների՝ տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների հետ ուս-ուսի տված, ովքեր պահպանում էին խաղաղությունն ապագա սերունդների համար,- ասում է Հրաչյա Պողոսյանը։ Բարեգործական գործունեության բոլոր տարիների ընթացքում Պողոսյանի նախագծերի կեսից ավելին այս կամ այն կերպ նվիրվում է Հայրենական մեծ պատերազմի հերոսների եւ իրադարձությունների մասին պատմական հիշողության պահպանմանը։ Նախկին զինվորական, պահեստի մայոր Հրաչյա Պողոսյանի գերդաստանը եւս անմասն չի մնացել պատերազմի թողած դառնություններից ու դաժանություններից. նրա պապերից մեկը Մեծ հայրենականից վերադարձել է հաշմանդամ, իսկ մյուսը մահացել է Ուկրաինայի ազատագրման համար մղվող կատաղի մարտերից մեկի ժամանակ։
Փետրվարի 21-ին Լենինգրադի պաշտպանության եւ պաշարման թանգարանում տեղի ունեցավ «Հայերը Լենինգրադի պաշտպանությունում» մշակութային եւ կրթական միջոցառումը՝ «ԽՍՀՄ ժողովուրդները Լենինգրադի ազատագրման ժամանակ» ծրագրի շրջանակներում, որը համընկավ այդ լեգենդար քաղաքի շրջափակման օղակի ճեղքման 80-րդ տարեդարձի հետ։
Այս հանդիպումը շարունակեց թեմատիկ միջոցառումների այն շարքը, որը պատմում էր Մեծ Հաղթանակում Խորհրդային Միության ժողովուրդների նշանակալի ավանդի մասին։ Ի դեպ, նախորդ միջոցառումը նվիրված էր ղազախ ժողովրդի եւ նրա նշանավոր ներկայացուցիչների սխրանքին։
Լենինգրադի շրջափակումը վերացվել է 1944 թվականի հունվարի 27-ին։ Այդ հերոս քաղաքի փրկության եւ ազատագրության համար մղվող պայքարը դարձավ պատվի եւ արժանապատվության պահպանման սուրբ գործ բոլորի համար։ ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների մոտ մեկ միլիոն ներկայացուցիչներ ընկան այդ մարտերում։ Լենինգրադի ազատագրմանը մասնակցել է 100 հազար հայ, որոնցից 4 հազարը եղել են կամավորներ եւ պարզապես քաղաքի պաշտպաններ։ Նրանք միայն զինվորականներ չեն, նրանք բանաստեղծներ եւ կոմպոզիտորներ են, արվեստագետներ, ուսուցիչներ, երաժիշտներ, սովորական մարդիկ։
Միջոցառմանը ներկա էին Օրենսդիր ժողովի պատգամավորներ, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսության, հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, վետերաններ, գիտնականներ, մշակույթի եւ արվեստի գործիչներ, գործարարներ եւ կամավորներ։
Երեկոն վարում էր Սանկտ Պետերբուրգի Հայ ազգային-մշակութային խորհրդի նախագահի օգնական Վահան Բաբախանյանը։
Հանդիպման սկզբում հյուրերին ողջունեց Լենինգրադի պաշտպանության եւ պաշարման պետական հուշահամալիրի թանգարանի տնօրեն Ելենա Լեզիկը, ով նշեց, թե որքան կարեւոր է պահպանել իրադարձությունների, մարդկանց եւ երկրի հիշողությունը։
– Մեր թանգարանը Ռուսաստանում ամենաբարձր տեխնոլոգիական թանգարաններից է,- ասաց Ելենա Վիտալիեւնան։ -Սա անհրաժեշտ է մատաղ սերնդին տեղեկացնելու, այդ ողբերգական իրադարձությունների հիշողությունը պահպանելու եւ նրանց փոխանցելու համար։
Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահի անունից երեկոյի հյուրերին ողջույններ է փոխանցել պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Պավել Կրուպնիկը։
«Հաղթանակը հնարավոր չէր լինի առանց բոլոր տասնհինգ միութենական հանրապետությունների օգնության»,- ասվում է ուղերձում։ -Մենք անսահման երախտապարտ ենք Հայաստանին ու նրա որդիներին, բոլոր այն մարդկանց, ովքեր օգնել են մեր քաղաքին՝ գոյատեւելու այդ սարսափելի տարիներին։
Սանկտ Պետերբուրգի Արտաքին հարաբերությունների կոմիտեի ներկայացուցիչ Տատյանա Մուդրովան իր ելույթում հիշեց Հայաստանի սխրանքը, որն իր հողի վրա խնամքով ընդունեց փոքրիկ լենինգրադցիներին՝ որպես սեփական զավակներ՝ նրանց տալով մայրական սիրո ջերմություն, իսկ 2015 թ. Երեւանում բացվել է պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանը։
Միջոցառմանը ուշագրավ ելույթ ունեցավ ՀՀ գլխավոր հյուպատոսի ժամանակավոր պաշտոնակատար Մարիա Բաբայանը՝ հիշելով հայերի սխրանքն ու ներդրումը ընդհանուր հաղթանակում եւ թվարկելով հիշարժան անուններ։
Սանկտ Պետերբուրգի արխիվային կոմիտեի ներկայացուցիչ Իրինա Լիսիցինան խոսեց արխիվագետների կատարած մեծ աշխատանքների մասին, թե ինչպես է բազան համալրվում եւ դառնում ավելի մատչելի ու բաց՝ տեղեկություններ փնտրելու պաշարված Լենինգրադի բոլոր պաշտպանների եւ բնակիչների մասին։
Միջոցառմանը ներկա էր Սանկտ Պետերբուրգի պատվավոր հովանավոր, «Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամի նախագահ, ԽՍՀՄ փլուզումից հետո Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող առաջին հուշարձանը կանգնեցնողը՝ Հրաչյա Միսակի Պողոսյանը։ Նա իր նախաձեռնությամբ եւ միջոցներով Հայաստանի Հանրապետության հայրենի Ագարակ գյուղում կանգնեցրեց պուրակային հուշահամալիր՝ խորհրդային զինվորների հուշարձանով։ Հուշարձանի վրա հայերեն եւ ռուսերեն գրված են Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների անունները։ Հուշարձանի նախագծումը սկսվել է 2005 թվականին, հուշարձանը բացվել է 2007 թվականին։ Հուշարձանը բացել են այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են բանակի գեներալ Վիկտոր Ֆեդորովիչ Էրմակովը, գեներալ-մայոր Ռուսլան Շամսուդինովիչ Նեխայը, Լենինգրադի մարզի Կիրովսկի շրջանի վետերանների նախագահ Լյուդմիլա Գրիգորեւնա Զիմնոխը եւ Հայրենական մեծ պատերազմի վետերանները։
«Որպես Լենինգրադի պաշտպանության եւ պաշարման թանգարանի Հանրային խորհրդի անդամ՝ ես շատ ուրախ եմ մասնակցելու նման կարեւոր միջոցառմանը եւ խոսել Լենինգրադի պաշտպանության գործում իմ ժողովրդի դերի մասին»,- ասաց բարերար Հրաչյա Պողոսյանը։ -Մանկուց իմ մեջ առանձնահատուկ վերաբերմունք է ծնվել Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունների ու հերոսների նկատմամբ՝ պապիկիցս մեկն անհայտ կորել է Հայրենական մեծ պատերազմում, մյուսը՝ վերադարձել է հաշմանդամ։
Հրաչյա Պողոսյանը նաեւ ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների դերը ընդհանուր հաղթանակի գործում։
– Ամենայն Հայոց Կաթողիկոս Գեւորգ VI-ը (Չորեքչյան) աշխարհասփյուռ հայությանը կոչ է արել գումար հավաքել,- ասաց բարերարը։ -Արդեն պատերազմի առաջին վեց ամիսներին Հայ առաքելական եկեղեցին նյութական զգալի օգնություն է փոխանցել Կարմիր բանակին, որի շնորհիվ ստեղծվել են երկու տանկային շարասյուն եւ փոխանցվել խորհրդային բանակին։ Առաջինը հայոց ազգային էպոսի հերոսի անունը կրող «Սասունցի Դավիթ» շարասյունն էր, երկրորդը՝ Իրանի եւ Եթովպիայի հայրենակիցների նվիրատվություններով ստեղծված «Գեներալ Բաղրամյան» տանկային նոր շարասյունը։ Պատերազմի տարիներին հայկական եկեղեցին նպաստել է եւս մի քանի տանկային շարասյուների եւ օդային ջոկատների ձեւավորմանը։
Սանկտ Պետերբուրգում հայտնի բարերար Հրաչյա Պողոսյանն արդեն իրականացրել է 350-ից ավելի ծրագիր, որոնց կեսը նվիրված է Հայրենական մեծ պատերազմին եւ հարյուրից ավելին պատմում է հայոց երկրի ու նրա ժողովրդի պատմության մասին։ Դրանց թվում է խորհրդային զինվորների մեկ այլ հուշարձան՝ խաչքար, առաջինը, որը տեղադրվել է Սինյավինի բարձունքում՝ «Հիշողության պուրակում»։ Միջոցառումը համընկնում էր Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի 300-ամյակի եւ Հաղթանակի 65-ամյակի հետ։ Ավելի ուշ՝ 2012թ.-ին Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսության հետ համագործակցությամբ խորհրդային զինվորների համար տեղադրվեց եւս մեկ խաչքար։
Բարերարը խոսեց այն մասին, թե որքան կարեւոր է այսօր պահպանել մեր նախնիների անունները Ռուսաստանի, Հայաստանի պատմության եւ, մասնավորապես, Սանկտ Պետերբուրգի տարեգրության մեջ։
Այսպես, Գյումրի քաղաքի 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում հավերժացել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, լեգենդար գյուտարար Միխայիլ Տիմոֆեեւիչ Կալաշնիկովի հիշատակը։ 2014 թվականին՝ իր ծննդյան 95-ամյակին, Հրաչյա Պողոսյանն այնտեղ տեղադրել է 3 մետրանոց բազալտե հուշարձան, ինչպես նաեւ օգնություն է ցուցաբերել բազայի թանգարանին. ֆինանսավորել է վերակառուցումը, վերազինվել ցուցանմուշներով եւ նվիրել Միխայիլ Տիմոֆեեւիչի կիսանդրին։
Նույն թվականին Հայաստանի Հանրապետության Ծավ գյուղում կանգնեցրեց Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի կիսանդրին։ Հայազգի հերոսը 1943 թվականին Կուբանի ազատագրման ժամանակ իր մարմնով փակել է թշնամու մարտական կրակակետը եւ զոհվել։ Կիսանդրիի երկու օրինակ էլ նվիրաբերվել է հանրակրթական դպրոցներին։
Մոսկվայի համանուն հրապարակում անմահացել է զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, իսկ Մոսկվայի N 1560 լիցեյի շինություններից մեկի վրա՝ հրամանատարի անունով, տեղադրվել է հուշատախտակ՝ մարշալի բրոնզե հարթաքանդակով։
Կան նաեւ ծրագրեր, որոնք իրականացվում են Լենինգրադի պաշտպանության եւ պաշարման թանգարանի հետ համատեղ։ «Ժառանգություն եւ առաջընթաց» մարդասիրական հիմնադրամի հետ միասին թանգարանին է նվիրաբերվել ականավոր հրամանատար, ծագումով հայ, ծովակալ Հովհաննես Իսակովի կիսանդրին։ Այս կիսանդրու կրկնօրինակները նվիրաբերվել են Կենտրոնական ռազմածովային թանգարանին եւ նրա «Կյանքի ճանապարհ» մասնաճյուղին։ Քանդակի հեղինակը Ռուսաստանի նկարիչների միության անդամ, պրոֆեսոր Լյովա Բեյբությանն է։
Հայրենական մեծ պատերազմի հիշողությունը եւ դրանում հայ ժողովրդի դերը հավերժացել են ոչ միայն քանդակների, այլեւ գրքերի մեջ։ Հրաչյա Պողոսյանի անձնական միջոցներով տպագրվել են տասնյակ գրքեր՝ նվիրված հայազգի նշանավոր մարշալներին, գեներալներին, ծովակալներին եւ զորահրամանատարներին։
Ապրելով Սանկտ Պետերբուրգում եւ ծանոթանալով քաղաքի անցյալին եւ հերոսական պատմությանը՝ Հրաչյա Պոոսյանը չկարողացավ անտարբեր մնալ եւ պաշարված Լենինգրադի բնակիչների խնդրանքով կանգնեցրեց քաղաքը պաշտպանած լենինգրադցիների արիության հուշարձանը։ Նա նաեւ հավերժացրել է Լենինգրադի երեխաների հիշատակը Տիխվին քաղաքում, Լենինգրադի շրջափակման բեկման վայրում խաչ է տեղադրել։ Նաեւ Բալթիկա քոլեջի դպրոցի բակում տեղադրել է լեգենդար մարշալ Լեոնիդ Գովորովի կիսանդրին, կրկնօրինակը նվիրաբերվել է Լենինգրադի պաշտպանության եւ պաշարման թանգարանին եւ Կենտրոնական ռազմածովային թանգարանին։ Բազմիցս աջակցություն է ցուցաբերել Բալթյան երկրների վետերաններին եւ պաշարված Լենինգրադի բնակիչներին։
Հրաչյա Միսակովիչ Պողոսյանը թանգարանին նվիրեց նաեւ մի ծավալուն թղթապանակ, որը ամփոփում է իր գործունեությունը, ինչպես նաեւ «Հայերը Լենինգրադի ճակատամարտում», «Մարշալներ, գեներալներ, հայազգի ծովակալներ Սանկտ Պետերբուրգում» եւ «Մեծ ժողովրդի որդիները» գրքերը։
Լենինգրադի Պաշտպանության եւ պաշարման թանգարանի տնօրեն Ելենա Լեզիկը շնորհակալություն է հայտնել Հրաչյա Պողոսյանին՝ նշելով նրա մեծ ներդրումը պատմության հիշողության պահպանման եւ վերականգնման գործում եւ շնորհակալագիր է հանձնել նրա բարեգործական աշխատանքի համար՝ գնահատանքի խոսքերով։
Այսօր արդեն Սանկտ Պետերբուրգի Պատվավոր բարերարի տիտղոսակիր Հրաչյա Պողոսյանի անցած ուղին հայրենասիրության, աշխատասիրության եւ պարտաճանաչության փայլուն օրինակ կարող է ծառայել երիտասարդ սերնդին, նա ամենուր իրեն դրսեւորում է որպես բանիմաց եւ պատասխանատու մարդ, նրա բոլոր ձեռնարկումները ուղղված են մեկ նպատակի՝ հանուն մարդու եւ մարդկության։ Որպեսզի աշխարհում գիրիշխի սերը, բարությունը եւ միշտ հիշվեն լավ մարդկանց լավ գործերը։
ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ
ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից