Մայիսի 3-ին Հայաստանի նկարիչների միությունում կայացավ Վիկտոր Հովհաննիսյանի «Հայք» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացումը: «Նախնիներիս երկիրը Կարնո աշխարհն է: Ես Էրզրումցի Հովհաննեսի շարունակությունն եմ՝ Վիկտոր Հովհաննիսյան ազգանունով»,- իր բրոշյուրը այսպես է սկսում արվեստագետը: Վիկտոր Հովհաննիսյանն իր այս ցուցադրությամբ անդրադառնում է Հայաստան-Հայքի ողջ պատմությանը՝ ներառելով ուրարտական շրջանը, հայկական դիցաբանությունն իր լեգենդներով ու առասպելներով, «Սասնա ծռեր» էպոսը, քրիստոնեությունն ու հայոց ոսկեդարը: Այդ ամենին զուգահեռ՝ արվեստագետն անդրադառնում է նաեւ մերօրյա իրականությանը, տարբեր բնանկարների, որոնց թվում իր ուրույն տեղն է զբաղեցնում Քարահունջը:
Նկարչի աշխատանքները ներծծված են հայկական ոգով, խորհրդաբանությունն էլ իր հերթին այդ ամենին հավելում է արիական տարրը: Աշխատանքները կատարված են հիմնականում պասիվ գույներով, գծանկարային են՝ մարմնական հստակ պատկերումներով, որոշ դեպքերում՝ դինամիկ հեռանկարներով, երբեմն՝ պարզապես աղոտ ֆոնով:
Նկարչի գործերում մեծ, եթե ոչ առաջնային դեր է կատարում նաեւ քրիստոնեական թեմատիկան: Իր գործերում նա պատկերում է հին վանքեր եւ տարրեր հայկական միջնադարյան մանրանկարներից: Այսպիսով, արվեստագետը մի գծով իրար է կապում Հայաստանի՝ ՀԱՅՔի անցյալը, ներկան, նաեւ ապագան:
ՀՐԱՉՅԱ ԳԱԼՍՏՅԱՆ
Լուսանկարում՝ Վիկտոր Հովհաննիսյան, «Վահագն»