1924 թվականին Հայաստանի էներգետիկ տնտեսությունը բաղկացած էր հետեւյալ էլեկտրակայաններից.
Երեւանում գոյություն ուներ երկու հիդրոէլեկտրակայան՝ 2206 եւ 36.6 կՎտ հզորությամբ: Հիդրոագրեգատները աշխատում էին գերծանրաբեռնված եւ չէին կարողանում բավարարել պահանջարկը: Առաջին էլեկտրակայանը տարեկան արտադրում էր 414 հազար, իսկ երկրորդը` 82 հազար ԿՎտժ էլեկտրական էներգիա: Ընդհանուր արտադրանքից լուսավորության համար օգտագործվել է 312 հազար ԿՎտժ, իսկ 184 հազար ԿՎտժ-ը՝ տեխնիկական նպատակների համար:
Լենինական քաղաքում (Գյումրի) աշխատում էին երկու դիզել գեներատորներ օրգանական վառելիքով: Նրանցից յուրաքանչյուրի հզորությունը կազմում էր 55.2 ԿՎտ: Ներկայի Վանաձոր քաղաքում 1924 թվականի մայիսի 1-ին շահագործման է հանձնվել հիդրոէլեկտրակայան 294.2 ԿՎտ հզորությամբ:Այն հիմնականում օգտագործվել է լուսավորության համար:
Գորիս քաղաքում գոյություն ուներ մեկ հիդրոէլեկտրակայան 55.2ԿՎտ հզորությամբ: Հիդրոագրեգատները հին էին: Դիլիջան քաղաքում կար 22.1ԿՎտ հորությամբ ֆիզիկապես մաշված հիդրոագրեգատ: Ստեփանավանում աշխատում էր 18.3 Կվտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան: Կողբում կար 18.3 կՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան: Այն շահագործման էր հանձնվել 1921թվականին եւ համարվում է առաջին գյուղական ՀԷԿ-ը: Կարելի է ենթադրել,որ այն կառուցվել է Կողբ գետի վրա:
Ալավերդիում պղնձաձուլական եւ էլեկտրոլիզի գործարանների համար աշխատում էին երեք հիդրոագրեգատներ 1103.3 ԿՎտ հզորությամբ: Այստեղ չեն նշվում 294.2 ԿՎտ հզորությամբ երկու դիզելային վառելիքով աշխատող գեներատորները, որոնք չեն աշխատել: Շահալիում սղոցարանի եւ լուսավորության համար աշխատում էր հիդրոէլեկտրակայան 55.2 ԿՎտ հզորությամբ: Կարելի է ենթադրել, որ այն կառուցվել է Փամբակ գետի վրա:
Կապանի հանքերի եւ պղնձաձուլման համար գոյություն ունեին 735.5 ԿՎտ գումարային հզորությամբ ագրեգատներ: Այդ թվում 110.3ԿՎտ հզորությամբ երկու հիդրոագրեգատ,147.1 ԿՎտ հզորությամբ երկու դիզել գեներատոր եւ հանքից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող 220.6 ԿՎտ հզորությամբ չաշխատող ՀԷԿ: Վերականգնումից հետո այն կունենար 588.4 ԿՎտ հզորություն:
Կարելի է եզրակացնել, որ 1924թ. վերջում Հայաստանում գոյություն ուներ 12 էլեկտրակայան 3556.1 ԿՎտ ընդհանուր հզորությամբ:
Հարկ է նշել,որ Հայաստանում 20-րդ դարի սկզբին շահագործվում էին 13 փոքր էլեկտրակայաններ՝ 3165 կՎտ գումարային հզորությամբ: 13 կայաններից 9-ը ջրային էին, աշխատում էին ջրի էներգիայի հաշվին, 4-ը՝ ջերմային (աշխատում էին ներքին այրման շարժիչներով): Տարեկան արտադրվում էր 5.1 միլիոն կՎտժ էլեկտրական էներգիա: Համեմատության համար նշեմ, որ 20-րդ դարի սկզբին աշխարհում տարեկան արտադրվել է մոտ 15 միլիարդ կՎտժ էլեկտրական էներգիա: Էլեկտրակայաններ են շահագործվել նաեւ Կարս քաղաքում: Հայաստանում առաջին էլեկտրական լապտերը վառվել է 1903 թվականին Դիլիջանում:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ
Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր